Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

23.01.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման առթիվ:

Ձեր հաղթանակը ևս մեկ անգամ վկայում է բարեփոխումների Ձեր ծրագրին Հայաստանի ժողովրդի լայն աջակցության մասին, որը միտված է տնտեսության կայուն զարգացմանը և երկրի բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը:

Համոզված եմ, որ հայ-ուզբեկական հարաբերությունները, հիմնված փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա, կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն», - ասված է Ուզբեկստանի նախագահի ուղերձում:

* * *

Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ Գերազանցություն,
Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ես բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև լավ հարաբերություններն ու հավատում, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներն ապագայում ևս կշարունակվեն զարգանալ:

Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ Չեխիայի Հանրապետությունը լիովին սատարում է Ձեր ջանքերին՝ Հայաստանում ժողովրդավարական սկզբունքներն ու ինստիտուտները հզորացնելու ուղղությամբ և պատրաստ է շարունակել բարեփոխումների ուղղությամբ փորձի փոխանակումը և մասնավորապես, խորացնել համագործակցությունը՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման շրջանակում:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Ձեր աշխատանքում»:

* * *

Լիտվայի Հանրապետության վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ,
Լիտվայի Հանրապետության կառավարության և իմ անունից կցանկանայի ուղղել Ձեզ իմ ջերմագույն շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ Ձեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու և Հայաստանը դեպի զարգացում և բարգավաճում առաջնորդելու հարցում։

Այս տարի Եվրոպական միության «Արևելյան գործընկերություն» ծրագիրը տոնում է իր տասնամյակը, և ես հուսով եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք խորացնել Լիտվայի և Հայաստանի միջև հարաբերությունները՝ այդպիսով նպաստելով ավելի սերտ երկխոսության և համագործակցության հաստատմանը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև»։

* * *

Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:

Մենք դիտարկում ենք Հայաստանի Հանրապետությունը որպես մեր առաջնային գործընկեր, ինչը վերահաստատվեց Սոֆիայի և Երևանի միջև ակտիվ քաղաքական երկխոսությամբ: Տնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցությունը նախապայման է երկկողմ հարաբերությունների ներուժի հետագա ընդլայնման համար: Դրական ենք գնահատում Եվրամիության հետ սերտ հարաբերություններ պահպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը: Համոզված եմ, որ բարեփոխումների գործընթացը Հայաստանի Հանրապետությունում կնպաստի երկրի և ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը, ինչպես նաև Եվրոպայի համար կարևորություն ներկայացնող Հարավկովկասյան տարածաշրջանի կայունությանը:

Մաղթում եմ առողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու գործունեության իրականացմանը»:

* * *

Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետ Յուհա Սիպիլեի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Ձեզ եմ հղում ամենաանկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս՝ ցանկանալով ամենայն հաջողություններ Ձեր աշխատանքում»։

* * *

Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ հղում եմ Ձեզ ամենաջերմ շնորհավորանքներս՝ Ձեզ և Հայաստանի բարեկամ ժողովրդին մաղթելով բարեկեցություն և հաջողություն:

Դարեր ձգվող ամուր քաղաքական, մշակութային և կրոնական կապերը մշտապես կծառայեն որպես կուռ հիմք՝ մեր երկրների միջև անընդհատ բարգավաճող/զարգացող դիվանագիտական հարաբերությունների համար։ Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր գերազանց համագործակցությունը հետագայում ևս կընդլայնվի շատ մակարդակներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների»։

* * *

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Համոզված եմ, որ Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունների խորացումը, առաջին հերթին՝ առևտրատնտեսական բնագավառում, ինչպես նաև մշակութային և հումանիտար կապերի աշխուժացումը համապատասխանում են մեր երկրների և ժողովուրդների շահերին։

Առիթից օգտվելով՝ հրավիրում եմ Ձեզ պաշտոնական այց կատարել Ուկրաինա՝ Ձեզ հարմար ժամանակ։

Պարոն վարչապետ, մաղթում եմ Ձեզ ոգեշնչում և հաջողություն Ձեր պատասխանատւ գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։

* * *

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ Գերազանցություն,
Հարգելի Նիկոլ Վովայի,

Շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դուք ստանձնել եք կառավարության ղեկավարության բարձր և պատասխանատու առաքելությունը: Հայաստանի ժողովուրդը հույսով նայում է ապագային՝ իշխանություններից ակնկալելով արդյունավետ միջոցառումների ձեռնարկում, որոնք կծառայեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, հասարակության մեջ խաղաղության և համերաշխության ամրապնդմանը:

Մեր ժողովուրդները կապված են դարավոր բարեկամական հարաբերություններով, որոնք հիմնված են քրիստոնեության հավերժական հոգևոր և բարոյական արժեքների վրա: Ռուսաստանի Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիները, որոնք համագործակցում են փոխադարձ սիրո ոգով, մեծ ավանդ ունեն մեր ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում:
Ցանկանում եմ մաղթել Ձեզ քաջառողջություն, Աստծո օգնություն և հաջողություն առաջիկա ծառայության մեջ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»։

* * *

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:
Համոզված եմ, որ մեր բարեկամ երկրների միջև ձևավորված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը կդառնա ամուր հիմք հետագա զարգացման և հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման համար ի շահ մեր ժողովուրդների շահերի:

Օգտվելով այս հնարավորությունից, սիրելի Նիկոլ Վովաևիչ, մաղթում եմ Ձեզ առողջություն և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ ի շահ բարեկամ հայ ժողովրդի խաղաղության, բարեկեցության և բարգավաճման»:

 

← Վերադառնալ