Ներհանրապետական այցեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր

05.07.2018 - 06.07.2018

ևս 99 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարն օրվա առաջին կեսին հանդիպումներ է ունեցել Սիսիանի և Գորիսի բնակիչների, ինչպես նաև Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ: Վարչապետը լսել է սյունեցիների խնդիրներն ու պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ իրեն մեղավոր է զգում, որ քայլարշավի ժամանակ Սյունիքը չի ներառվել իր երթուղում, բայց դա ունի իր օբյեկտիվ հիմքերը․ «Մեր այցի նպատակը ձեր առջև արձանագրելն, է որ ձեռք բերված հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրինն է։ Մեր խնդիրն է, որ հաղթանակածի զգացողությունը պահպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ լինի մշտական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ներկաներին շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով և հավելել, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է։ «Սահմանադրությունում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ես բոլորիդ շնորհավորում եմ դրա կապակցությամբ։ Հայաստանում տեղական իշխանների և իշխանիկների ժամանակն անցել է, ՀՀ քաղաքացին ազատ է ու հպարտ։ Նա պատասխանատու է իր երկրի համար։ Սա է մեր հիմնական ուղերձը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ներկայիս Հայաստանի փոփոխությունն այն է, որ բոլոր պաշտոնյաները ծառայում են ժողովրդին, իսկ ժողովուրդը տերն է։ «Գորիսի տերը Գորիսի բնակիչն է, մյուս պաշտոնյաները ծառայում են Գորիսի ժողովրդին։ Հայաստանի Հանրապետության տերը ՀՀ քաղաքացին է, բոլոր պաշտոնյաները ծառայում են ժողովրդին։ Սա է այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել։ Սա ձեր հաղթանակն է, այն ձեր ձեռքից բաց չթողնեք։ Երբեք թույլ չտաք, որ Հայաստանում հաստատվի մի իշխանություն, որը ծառայում է կլաններին, ծառայում է թալանին ու կոռուպցիային», - նշել է երկրի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում արդար դատական համակարգ ունենալու համար գործադիր իշխանությունը պետք է զերծ մնա դատարանների վրա ճնշում գործադրելուց։ «Ես հասկանում եմ, որ դատարանների վճռի նկատմամբ վստահություն չկա, բայց պետք է ամեն ինչ անենք, որ այդ վստահությունը մեծանա։ Այն դատավորները, որոնք կաշառքով, ինչ-որ ապօրինի միջոցներով վճիռ կիրականցնեն, մենք նրանց կհայտնաբերենք ու կհեռացնենք համակարգից, բայց գործադիր իշխանությունը դատարանի նկատմամբ ճնշումներ չպետք է գործադրի ու հարկադրի»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ այլևս չկան ու չեն լինելու, իրավախախտում և հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Վարչապետը հույս է հայտնել, որ այդ հարցում ժողովուրդը կսատարի իրեն ու կառավարությանը։ «Ես ակնկալում եմ, որ ժողովուրդն ամուր կկանգնի իմ ու կառավարության կողքին, որ Հայաստանում «բեսպրեդելի» վերջը տանք ու արմատախիլ անենք: Քրեական դատավարության մեջ կա այսպիսի սկզբունք, որ մարդն ինքը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, դատախազությունը, իրավապահ մարմինները պետք է ապացուցեն անձի մեղավորությունը։ Ես չեմ ասում այսինչ անձը հանցագործ է, ես ոչ քննիչ եմ, ոչ դատախազ։ Ես ասում եմ, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան՝ սկսած ինձնից՝ վերջացրած մյուսներից».- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հավաստիացրել է, որ ինքը որևէ մեկից կախվածություն չունի, բացի ժողովրդից։ «Որքան դուք կանգնած լինեք կառավարության ու իմ կողքին, Հայաստանում կառուցման, զարգացման, օրինականության հաստատման գործընթացները շարունակվելու են։ Որ պահին զգամ, որ չունեմ ձեր աջակցությունը, մեկ րոպե ավել չեմ մնա վարչապետի աշխատասենյակում ու կարգավիճակում։ Իմ խնդիրը ձեզ ծառայելն է, ձեր խնդիրը, որ իմ ծառայությունը լինի մաքսիմալ արդյունավետ»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով քաղաքացիների բարձրացրած տարաբնույթ խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ դրանք ընդունելու է ի գիտություն, դրանք ուսումնասիրվելու են ու, եթե լինեն քաղաքացիների իրավունքների խախտումներ, դրանք շուտափույթ լուծում կստանան։
Խոսելով համայնքների խոշորացման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ համայնքների խոշորացման գործընթացն իրոք վիճահարույց է, բայց ինքը ճիշտ չի համարում «նախկին որոշումները հետ ողորմեա անելը»։ «Ըստ էության մենք մի իրավիճակ ունենք, որ բազմաթիվ համայնքներ խոշորացվել են։ Մենք պետք է մի պահ դադար առնենք ու տեսնենք ինչ արդյունքներ են գրանցվել խոշորացված համայնքներում ու գրանցվու՞մ են արդյոք։ Մեր կառավարությունը պարտավորվում է առանց համայնքների համաձայնության որևէ խոշորացման գործընթաց ՀՀ-ում չանել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ինն ամիսը բավարար ժամանակ չէ հարցի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելու համար, անհրաժեշտ է սպասել մեկ-երկու տարի։ Նրա խոսքով՝ հնարավոր է լինեն նաև համայնքներ, որոնք կցանկանան խոշորանալ և այդ դեպքում պետությունն ընդառաջ կգնա այդ ցանկությանը։
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արտերկրում ապրող սիսիանցիներին ու գորիսեցիներին գալ ու ներդրումներ կատարել հայրենի քաղաքներում՝ շեշտելով, որ խոսքն օգնության մասին չէ։ Նա վստահեցրել է, որ ինքն անձամբ երաշխավորում է այդ ներդրումների պաշտպանությունը։ «Մենք հիմա աշխատում ենք մաքսիմալ նվազեցնելու հիպոթեքային վարկերի տոկոսները, որպեսզի մարզերում սկսեն սոցիալական նշանակության բնակարանաշինություն»,- տեղեկացրել է վարչապետը։
Համայնքների ղեկավարի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը համայնքների հետ տրամադրված է կառուցողական աշխատանքի: «Գիտեմ, որ այս փոփոխությունների ընթացքում համայնքների ղեկավարների շրջանում ապագայի հետ կապված կան անորոշություններ: Ասեմ, որ մենք տրամադրված ենք կառուցողական աշխատանքի, պատրաստ ենք մեկտեղել մեր ուժերը և իրական փոփոխություններ բերել: Այդ պրոցեսն արդեն զգացվում է, այսօր խնդիր ենք դրել այդ փոփոխությունները տարածել հանրապետությունով մեկ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կան փաստեր, ըստ որոնց, որոշ համայնքներում գոյություն չունեցող աշխատողներ են գրանցվում, ինչն, ըստ վարչապետի, շատ վատ երևույթ է: Նա կոչ է արել, որ դրանք շատ արագ վերացվեն, բանը չհասնի իրավապահ մարմինների միջամտությանը: «Ես չեմ կարծում, որ արդյունավետության խնդիրը պետք է լուծենք միայն իրավապահ մարմինների միջոցով: Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա խնդիրը պետք է լինի պետական միջոցներն արդյունավետ ծախսելը: Ես, վարչապետ ընտրվելուց հետո, հանդիպեցի գործարարներին ու պաշտոնապես հայտարարեցի, որ ազատված են կոռուպցիոն պարտավորություններից: Այսօր էլ ասում եմ, և խոսքս ուղղում ձեզ՝ ազատված եք կոռուպցիոն պարտավորություններից: Պետք չէ թողնել ամեն ինչ հասնի իրավապահներին, ֆիքսենք մի բան, ինքներդ գնացեք ձեր գործունեությանը նայեք այլ աչքերով: Մենք այլ տարբերակ չունենք, մարդիկ շատ արագ պետք է զգան փոփոխությունները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծել է՝ ով ազնվորեն կծառայի այս նպատակին, կառավարությունը պատրաստ է նրա հետ աշխատել, աջակցել, համախմբել ներուժն ընդհանուր խնդրի շուրջ:
Խոսելով սուբվենցիաների մասին՝ վարչապետը նշել է, որ այդ նպատակին 2018 թվականին նախատեսված միջոցներ չեն եղել և հավելել, որ որոշում է կայացվել չարաշահումների, կոռուպցիոն բացահայտումների արդյունքում վերականգնված գումարից շուրջ 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին, այսինքն՝ համայնքների կողմից ներկայացրած այն ծրագրերին, որոնք 40 տոկոսով ֆինանսավորվում են համայնքների, 60 տոկոսով կառավարության կողմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքներում առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր:
Վարչապետի այցը Սյունիքի մարզ շարունակվում է:

* * *

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Մեղրի ազատ տնտեսական գոտում: Վարչապետը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այստեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Նշվել է, որ գոտու կառուցման առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար: Նշվել է, որ այժմ կան արտերկրյա մի քանի ընկերություններ, որոնք հայտ են ներկայացրել գոտում գործունեություն ծավալելու համար: Տեղեկացվել է նաև ԱՏԳ-ն ունի տարածքն ընդլայնելու խնդիր, ինչի հետ կապված ընթանում են համապատասխան քննարկումներ: Ակնկալվում է, որ Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։
Ապա, կառավարության ղեկավարը եղել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան «Մեղրի» մաքսային կետում: Պատասխանատուները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մաքսատան աշխատանքը ու մատուցվող ծառայությունները. զեկուցվել է, որ մաքսատունը գործում է 24-ժամյա ռեժիմով, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների անցումը մաքսակետով կազմակերպվում է սեղմ ժամկետներում: Վարչապետը մաքսատան տարածքում նկատել է մի քանի խնդիրներ և հանձնարարել սեղմ ժամկետներում վերացնել դրանք: Նիկոլ Փաշինյանը զրուցել է նաև մաքսատանը ապրանքներ մաքսազերծող քաղաքացիների հետ՝ հետաքրքրվել, թե ինչ խնդիրների են բախվում: Նրանք գոհունակություն են հայտնել մատուցվող ծառայություններից և նշել, որ մաքսազերծման աշխատանքների տևողությունը զգալիորեն կրճատվել է:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել մաքսակետում մատուցվող ծառայությունների բարելավման աշխատանքները՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար անհրաժեշտ ժամանակահատվածը կրճատելու, սահմանահատումն առավել սահուն և արագ կազմակերպելու և մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մեղրիի բժշկական կենտրոն, ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին ու մատուցվող ծառայություններին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները Սյունիքի մարզի բնակչության հետ: Օրվա երկրորդ կեսին կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Մեղրիի, Քաջարանի և Կապանի բնակիչների հետ:
Վարչապետը նշել է, որ մարզ այցն ունի երկու նպատակ՝ էմոցիոնալ և գործնական:
«Նախ ցանկանում ենք տեսնել, թե հեղափոխությունից հետո ինչ տրամադրություն է, ինչպես եք նայում ապագային, արդյոք ձեզ հաղթանակած, ուժեղ եք զգում: Այդ էմոցիան սերն է սեփական հայրենիքի նկատմամբ ու այդ էմոցիան երբեք չի անցնելու:
Այսօր քաղաքացիների ու մեր միջև փոխադարձ սիրո զգացողություն է, ես երբեք չեմ դադարելու սիրել մեր քաղաքացիներին: Մեր իշխանությունը հիմնված է բացառապես ձեր վստահության վրա, ուրիշ որևէ գործոն չկա, որ մեզ օգնել է` այս հաղթանակն արձանագրելն է: Մեր միակ քաղաքական դաշնակիցը ՀՀ քաղաքացին է և ժողովուրդը, ու գիտենք, որ քաղաքացին շարունակելու է մեր դաշնակիցը լինել, քանի դեռ տեսնում է, որ մենք ծառայում ենք իրեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ որևէ մեկը չպետք է կասկածի, որ ինքը մինչև կյանքի վերջը ծառայելու է ՀՀ քաղաքացիներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ինքը որպես ՀՀ վարչապետ ոչ մի կաշկանդվածություն, կախվածություն վատ առումով չունի, իր միակ կախվածությունը ժողովրդից է, միակ ցանկությունը՝ այնպես անել, որ ժողովուրդն իրեն հաղթանակած զգա:
«Հայաստանում քաղաքական փոփոխությունների կերտողը, սեփականատերը դուք եք, և կոչ եմ անում պինդ բռնել այդ հաղթանակը և ձեռքից բաց չթողնեք: Դուք միշտ պետք է լինեք բարձրագույն իշխանություն, իշխանությունը ձեզ պետք է ճանաչի որպես ղեկավար, վերադաս, բայց դուք էլ ձեր կողմից ձևավորված իշխանությանն օգենք, որ մենք լինենք մաքսիմալ արդյունավետ: Ես եկել եմ այստեղ էներգիա հավաքելու և ձեր կողմից պատվիրակված գործը շարունակելու»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով այցի գործնական նպատակին՝ վարչապետն ասել է, որ այցի արդյունքներով ունեն կոնկրետ որոշումներ, համայնքներում սուբվենցիաների միջոցով իրականացվելու են կապիտալ շոշափելի ծրագրեր՝ ճանապարհաշինության, ոռոգման համակարգերի կառուցման և այլ ուղղություններով: «Պայմանավորվել ենք, որ համայնքները պետք է ծրագրերը ներկայացնեն և մարդիկ պետք է այս փուլում գործնական փոփոխությունները տեսնեն իրենց միջավայրում: Մարդիկ պետք է տեսնեն փոփոխություններն իրենց բակում, ընտանիքում, կենսամակարդակում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի մասին հարցին՝ վարչապետը նշել է, որ ոլորտի հետ կապված փաստեր հավաքելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ: Մասնավորապես, Մեղրիում բնակիչներից մեկը տեղեկացրել է, որ Լիճքի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ցույցերը դադարեցրել են՝ հետևելով վարչապետի կոչին և հույս ունեն, որ այդ հարցին կտրվի արդար լուծում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում այս երկրի ընդերքը քանդվում է, արտահանվում ու համարվում է, որ տնտեսությունն աճում է՝ կախված նաև պղնձի գներից: «Կարծում եմ՝ սա խնդիր է, բայց չեմ կարծում, որ պետք է հանքարդյունաբերությունը փակենք: Հանձնարարական եմ տվել, որ բոլոր մետաղական հանքավայրերում ստուգումներ իրականացվեն, ստուգվի դրանց համապատասխանությունը բնապահպանական նորմերին: Խնդրում եմ հնարավորություն տալ, որ հավաքվեն փաստեր, որոնց հիման վրա հնարավոր կլինի կայացնել որևէ որոշում: Ես որպես վարչապետ իրավունք չունեմ հենց այնպես որոշել, որ հանքերը փակվեն: Խնդիրներին ծանոթ եմ, որոշում կայացնելու համար պետք է հավաքել փաստեր, որոնք կլինեն անառարկելի, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի կայացնել որոշումներ»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետն ընդգծել է, որ որևէ հանքի հետ կապված որևէ կոռուպցիոն պարտավորություն չունի, իր միակ պարտավորությունը ժողովրդի առաջ է:
Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կառավարությունը հետևողականորեն գնալու է ժողովրդից գողացված յուրաքանչյուր միջոցի հետևից: «Նրանք, ովքեր ժողորդից գողացել են, պետք է ձերբակալվեն: Ինձ համար կլինի խայտառակություն, որ իմ իշխանության օրոք որևէ մեկը քաղբանտարկյալ լինի, մեզ համար կարևորն արժեքներն են, օրինականությունն է, մենք չենք պատրաստվում ուրիշի թալանը մեր թալանով փոխարինել, մենաշնորհը՝ մեր մենաշնորհով փոխարինել: Ձեզնից յուրաքանչյուրի առաջ ունեմ պարտավորություններ, որ մենք հետևողականորեն թալանվածը վերադարձնելու ենք, անկախ թալանողի անուն, ազգանունից»,- ասել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարն ի պատասխան բնակիչների հարցերին՝ անդրադարձել է նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը: Նրանք հետաքրքրվել են, թե որքանով էր տրամաբանական ավտոճանապարհի կառուցման աշխատանքները սկսել Երևան-Արտաշատ հատվածից, այլ ոչ թե Մեղրի-Քաջարան: «Մեզ համար էլ այդ հարցը խնդիր է և առեղծված, թե ինչու ճանապարհի շինարարությունը սկսվեց Երևան-Արտաշատ հատվածից: Ինձ մոտ հյուսիս-հարավի հետ կապված տեղի է ունենալու խորհրդակցություն: Անկեղծ ասած ճանապարհի հետ կապված բացահայտվում են բազմաթիվ թերություններ: Նաև իրավապահ մարմիններին եմ հանձնարարել ուսումնասիրել և պարզել, արդյոք կառուցապատման ընթացքում չարաշահումներ եղել են: Հայաստանում ամենաթողության ժամանակն ավարտվել է, այսօր որևէ մեկը չի կարող մտածել, որ հանցանք կկատարի ու կմնա անպատիժ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ամփոփելով Սյունիքի մարզ այցը՝ վարչապետը նշել է, որ այն հաջողված էր ու արդյունավետ: «Երբեք թույլ չտաք, որ որևէ մեկն իշխի ձեզ, սրանից հետո դուք եք իշխանության բարձրագույն կրողը, այնպես որ հաղթանակը պինդ պահեք ձեր ձեռքերում: Ուս ուսի տված մենք պետք է Հայաստանի յուրաքանաչյուր քառակուսի մետր ծաղկեցնենք»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

* * *

Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, որի ընթացքում կոմբինատի ղեկավարները նրան են ներկայացրել ընթացիկ իրավիճակը, ցուցանիշներն ու զարգացման ծրագրերը: Մասնավորապես, տեղեկացվել է, որ իրականացված 20 մլն դոլարի ներդրումային նոր ծրագրով կոմբինատում ներդրվել են ժամանակակից նորագույն սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան շահագործել նաև ցածր պարունակությամբ հանքաքարերը:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է «Սյունիք Ֆուդ» գործարանում: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նոր ներդրողների հետ պայմանավորվածության արդյունքում արդեն իսկ լուծվել են ֆինանսական խնդիրները և առաջիկայում գործարանը կսկսի ծավալուն գործունեություն՝ զբաղվելով մրգի ու բանջարեղենի պահածոների արտադրությամբ: Նշվել է, որ ընկերությունում կստեղծվի 300 նոր աշխատատեղ, իսկ արտադրանքը նաև կարտահանվի: Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, արտադրության ընդլայնումն ու աշխատատեղերի ստեղծումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը երաշխավորում է օրենքի դաշտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը եղել է նաև Պաշտպանության նախարարության N զորամասում՝ զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական ու կենցաղային պայմաններին:

* * *

Հուլիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանից ուղևորվել է Ջերմուկ: Վարչապետն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետևել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այնուհետև Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցն ունի փաստահավաք նշանակություն: Հանդիպման ընթացքում վարչապետն առաջարկել է հանդիպում անցկացնել բողոքող ցուցարարների և հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ, լսել միմյանց դիրքորոշումներն ու հանգել որոշումների, ինչին կողմերը դրական են արձագանքել:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է Ջերմուկում: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանքի շահագործման գործընթացը սկսվել է 12 տարի առաջ, եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային գործող կառավարության օրոք՝ ինքը չէր ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկի մոտակայքում: «Ունենք իրավիճակ, երբ կատարվել է ահռելի ծավալի ներդրում, որը դե յուրե տեղի է ունեցել ՀՀ կառավարության թույլտվությամբ, համենայն դեպս, գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ կարգ է խախտվել: Հանքի շահագործման հետ կապված սկսվել են ստուգումներ, որոնք կշարունակվեն: Պետք է պատասխանենք երկու հարցի. առաջին՝ պարզել հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, երկրորդը՝ պարզել հանքի հնարավոր շահագործման ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաք զարգացման վրա»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ ի սկզբանե էլ ասել է, որ հանքի հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես փաստերի, այլ ոչ թե էմոցիաների վրա: Կառավարության ղեկավարի խոսքով՝ էմոցիոնալ որոշումները պետական կառավարման համակարգում այնքան էլ օգտակար չեն և առկա է իրավական վիճակ, որի յուրաքանչյուր հանգուցալուծում ունի իր հնարավոր զարգացումները: «Եթե մենք այս իրավիճակում որևէ ապօրինություն թույլ տանք՝ գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից կարող ենք շատ բարդ խնդիրների առաջ կանգնել:
Պետք է հասկանանք հետևյալը՝ համաձայն ենք արդյոք ի գիտություն ընդունել փորձագիտական դե յուրե պատասխանները վերը նշված հարցերի շուրջ: Ցանկացած որոշում պետք է կայացնենք փաստերի հիման վրա: Հույս ունեմ, որ ներկաները համոզված են, որ մենք, և կոնկրետ ես, այս հարցում չունենք ոչ մի այլ շահագրգռություն՝ բացի Հայաստանի հավասարակշռված շահը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն առաջարկել է վերը նշված երկու հարցերի շուրջ պետության, բնապահպանների և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել վստահելի եռակողմ մեխանիզմ, որպեսզի դրանց վերաբերյալ լինի վերջնական ու անառարկելի պատասխան: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր կարծիքը պետք է ձևավորվի այս երկու հարցերի փորձագիտական, հիմնավորված և ապացուցված պատասխանների վրա. յուրաքանչյուր որոշում ունի իր գինը և ինքը չի կարող առանց հիմքերի որևէ որոշում կայացնելու մասին մտածել:
Վարչապետի առաջարկի հետ կապված բողոքող քաղաքացիները նշել են, որ պատրաստ են նման մեխանիզմ ստեղծել, եթե «Լիդիան Արմենիա»-ն ուսումնասիրության ընթացքում դադարեցնի գործունեությունը:
Իր հերթին, «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները նշել են, որ նույնպես պատրաստ են ընդունել վարչապետի առաջարկը, սակայն իրենց համար ընդունելի չէ այդ ընթացքում գործունեությունը կասեցնելու առաջարկը: Տեղի ունեցած քննարկումներից հետո վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ պետությունը կհավաքագրի հանքի շահագործման հետ բոլոր փաստերն ու կարտահայտի իր դիրքորոշումը:
Վերադարձի ճանապարհին՝ Գնդեվազի մոտ, վարչապետը զրուցել է իր հետ հանդիպելու նպատակով ճանապարհին կանգնած գնդեվազցիների հետ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախկինում պետական պաշտոնի մեջ եղել են վայելքի էլեմենտներ, սակայն պաշտոնը պետք է ընկալվի որպես ծառայություն: «Դա պետք է սկսվի ինձնից և ես այդպես էլ վարվում եմ: Ակնհայտ է, որ պետական ծառայությունը պետք է լինի իրոք ծառայություն, ոչ թե արտոնություններ ունենալու, չարաշահումներ անելու հնարավորություն»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը տեղեկացրել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջարկների հիման վրա որոշում է կայացվել սուբվենցիաների գծով 10 մլրդ դրամ հատկացնել համայնքներին: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ներկայացնել համապատասխան ծրագրերը, որոնք նախընտրելի է, որ վերաբերվեն ենթակառուցվածքներին, խմելու, ոռոգման ջրի համակարգերի վերականգնմանը, գյուղտեխնիկային և ճանապարհներին: «Հույս ունենք գումարները ծախսել այնպես, որ դրանք բերեն շղթայական ռեակցիա, որպեսզի տնտեսությունը մարզերում տեղից շարժվի»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի շինարարության որակին:
Միաժամանակ, գործադիրի ղեկավարը նշել է, որ այլևս Հայաստանում բացառվելու են մենաշնորհները, այդ թվում՝ խոշոր և մանր եղջերավոր անասունների արտահանման ուղղությամբ: Կառավարությունը խրախուսելու է, որպեսզի անասնապահությունը զարգանա և գյուղացին արտահանումից ստանա առավելագույն եկամուտ: «Հայաստանում տեղի է ունեցել մթնոլորտի փոփոխություն, մարդիկ պետք է այդ փոփոխությունները տեսնեն իրենց համայնքներում, սկսած համայնքի ղեկավարի գործունեությունից: Մենք պետք է որևէ չարաշահում բացառենք: Նման յուրաքանչյուր դեպք կհետաքննվի և ընթացք կստանա: Այսօր որևէ մեկը որևէ մեկի առաջ չի կարող որևէ պարտավորություն ունենալ: Այն մարդիկ, ովքեր պատրաստ են այս կանոնների շրջանակում աշխատել, ունեն իրենց համայնքների ժողովրդի աջակցությունը՝ մենք պատրաստ ենք այդ համայնքների ղեկավարների հետ աշխատել, ուս ուսի տալ և շարժվել առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև վարչապետը հանդիպումներ է ունեցել Եղեգնաձոր և Արենի համայնքների բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մարզեր այցերի նպատակն է հավաստիանալ, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն իրեն հաղթանակած է զգում և իրեն համարում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների համահեղինակը: «Սա շատ կարևոր է մեզ համար: Մենք ուզում ենք, որ դուք վստահ լինեք, որ Հայաստանում ապօրինությունների, ամենաթողության, իշխանիկների, կոռուպցիայի, թալանի ժամանակն ավարտվել է: Եվ մենք միասին պետք է ստեղծենք նոր երկիր, նոր Հայաստան, որտեղ բարձրագույն սուբյեկտը ՀՀ քաղաքացին է, որն իրեն զգում է հպարտ, հաղթանակած, արժանապատիվ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ կառավարությունը քայլ առ քայլ ժողովրդի հետ միասին վերակառուցելու է երկիրը՝ յուրաքանչյուր քառակուսի մետրը: «Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը հաղթել է և ՀՀ-ում որևէ մեկը չի կարող համարձակվել ժողովրդի հաղթանակը նրա ձեռքից խլելու փորձ անգամ անել: Ովքեր նման փորձ կանեն՝ կստանան կառավարության և ժողովրդի արժանի հակահարվածը: Ժողովուրդ ջան, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և համբուրում եմ բոլորիդ, հպարտ եմ բոլորովդ և ես ուզում եմ դուք վստահ լինեք և համոզված, որ ձեր հաղթանակն այլընտրանք չունի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

← Վերադառնալ