Ներհանրապետական այցեր

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Շիրակի և Լոռու մարզեր

07.12.2018 - 07.12.2018

ևս 64 լուսանկար



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի քաղաքապետարանում ՀՀ կառավարության արտագնա նիստից առաջ ներկա է գտնվել «Հայփոստ» ՓԲԸ կողմից «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը: Նամականիշը մարել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:

Նամականիշի վրա կոլաժի տեսքով պատկերված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի տեսարաններ, ավերված շենքեր, փրկարարական աշխատանքներ և Գյումրու Անկախության հրապարակի ժամացույցը, որը ցույց է տալիս երկրաշարժի ժամը:

230 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը` 30 հազար տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

* * *

Գյուրմրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Արտագնա նիստի մեկնարկից առաջ կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ գործադիրը հավանություն է տվել ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր:

«Այս որոշմամբ մենք, ըստ էության, արձանագրում ենք նաև այն անհրաժեշտությունը, որ Հայաստանում շարունակաբար պետք է բարձրացվի աղետների դիմակայության, պաշտպանվածության մակարդակը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ նպատակի համար անհրաժեշտ է ունենալ ռազմավարություն և միջոցառումների հստակ ծրագիր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ աղետի գոտու փրկարարական և վերականգնման աշխատանքներին մասնակցած երկրներից շատերը պատրաստակամություն են հայտնել այդ օրը նշել նաև իրենց երկրներում:

Այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել աղետի գոտում 2018 թ. ընթացքում կատարված և 2019 թ. ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցով: Ըստ այդմ՝ 2018 թ. մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների շրջանակում Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774,425.0 հազ. դրամ, որից 354,915.0 հազ. դրամը հատկացվել է Շիրակի մարզին, 419,510.0 հազ. դրամը՝ Լոռու մարզին: Գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրերում 54 ծրագրերի իրականացման համար: Նույն ծրագրի շրջանակում Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է, համապատասխանաբար 31,773.0 հազ. դրամ և 11,200.0 հազ. դրամ:

Շիրակի և Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222,654.7 հազ. դրամ: Աշխատանքները կշարունակվեն նաև 2019 թվականին: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով այդ մարզերում իրականացվում է 7 ծրագիր, որից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1,939,574,1 հազ. դրամ, որից 1,207,377.4 հազ. դրամը հատկացվել է Շիրակի մարզին, 732,196.7 հազ. դրամը՝ Լոռու մարզին: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակում հատկացվել է շուրջ 1,082,100.0 հազ. դրամ: ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում Շիրակի և Լոռու մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրեր:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը մանրամասներ է ներկայացրել աղետի գոտում 2018 թ. ընթացքում կատարված և 2019 թ. ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Զեկույցի համաձայն՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որից 4839-ի բնակարանային խնդիր լուծվել է 2008-2017 թթ.՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին:

ՀՀ կառավարության 2018-2022 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020 թ. տարեվերջ ավարտին հասցնել մնացած թվով 542 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը:

ՀՀ 2018 թ. պետբյուջեով հատկացված 460.0 մլն. դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ: Արդյունքում, դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, ՀՀ 2019 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված է 560.0 մլն. դրամ: Բացի այդ, համապատասխան համայնքների ղեկավարների կողմից պետք է իրականացվի բոլոր ոչ հիմնական շինությունների փաստագրում, փաստագրման արդյունքում պետք է կազմվեն գրաֆիկական և աղյուսակային նյութեր, որի վերաբերյալ ամփոփված տեղեկատվությունը մինչև տարեվերջ պետք է ներկայացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Փաստագրման արդյունքների հիման վրա մինչև 2019 թ. հունիսի վերջ պետք է մշակվեն առաջարկություններ՝ տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ: Աղետի գոտու բնակավայրերում 2018 թ. պետբյուջեով հատկացված մոտ 460.1 մլն. դրամ միջոցների հաշվին իրականացվել են կրթական, մշակութային և մարզական օբյեկտների կառուցման և վերակառուցման աշխատանքներ:

Կառավարության արտագնա նիստում քննարկվել է նաև աղետի գոտու անօթևանների հարցը, ներկայացվել են թվային տվյալներ, առաջարկություններ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշել է, որ պետությունն այս պահին պարտավորություն ունի հաշվառված 498 ընտանիքի նկատմամբ: Ըստ նրա՝ ներկայացված թվերում կարող են լինել անճշտություններ, ուստի բնակարանային կարիք ունեցող ընտանիքների իրական թիվը պարզելու, ճշտելու համար անհրաժեշտ է իրականացնել ուսումնասիրություն, փաստագրման աշխատանքներ: «Կան մարդիկ, որոնք իրոք անօթևան են, կան մարդիկ, որոնք բնակարան են ստացել, բայց պահպանել՝ տնակը: Այսինքն՝ բազմաթիվ ճշտելու, պարզելու հարցեր կան»,-ասել է Ավետիք Էլոյանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնել է, որ հաշվառված տնակների թիվն այս պահին Գյումրիում 2856 է, որոնցից 456 - ում մարդ չի բնակվում։

«Բացի այդ, կան 1014 գրանցվածներ, որոնք դուրս են մնացել հաշվառումից, որովհետև անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացրել։ Եղել են բազմանդամ ընտանիքներ, որոնց ընտանիքի մի մասը տեղափոխվել է նոր բնակարան, մի մասը մնացել է տնակում, կան մարդիկ, որոնք ներգաղթել են Գյումրի, տնակ են գնել, հաշվառվել են և բնակվում են, կան ընտանիքներ, որոնք վարձակալում են այդ տնակները»,-ասել է Սամվել Բալասանյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Այսօր՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրվա կապակցությամբ կարող ենք արձանագրել մեր ունեցած ամենամեծ պրոբլեմը. մենք չունենք գնահատական, թե ինչ ծավալների մասին է խոսքը և ինչ միջոցներ են անհրաժեշտ այդ խնդիրը լուծելու համար: Ընդ որում՝ միայն բնակարանաշինության մասին չէ խոսքը. առնվազն որոշ ենթակառուցվածքներ՝ ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ, անհրաժեշտություն են»:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի հաշվառմամբ ու աշխատանքի ավարտին կներկայացնի աղետի գոտու խնդիրների իրական պատկերն ու վիճակագրությունը։ Աշխատանքային խումբը կատարված աշխատանքների վերաբերյալ վարչապետին զեկույց կներկայացնի 2 ամիսը մեկ:

«Մենք անընդհատ ասում ենք՝ աղետի գոտի, բնակարանային խնդիր, տնակային խնդիր, բայց չգիտենք, թե ինչի մասին ենք խոսում: Հետևաբար, ձևավորում եք աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է. ձևավորել աղետի գոտի անունով փաթեթը և հստակ պարամետրերով, կոնկրետ թվերով, գումարով, հնարավոր ճանապարհային քարտեզով պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել, ինչքան գումար և ժամանակ է հարկավոր այսօրվա ընթացիկ պրոցեսների համատեքստում այդ խնդիրը լուծելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ պետք է հասկանալ աշխատանքի ծավալը, կշիռը, գնահատականը: «Մեզ պետք է հստակ ռազմավարական փաստաթուղթ գնահատման, անհրաժեշտ միջոցների և ճանապարհային քարտեզի մասին:

Ռազմավարությունը պետք է տա նաև հետևյալ հարցերի պատասխանը՝ ո՞ւմ նկատմամբ պետությունն ունի պարտավորություն: Այս հարցի պատասխանը պետք է չլինի միակողմանի՝ կառավարությանը, կամ քաղաքապետարանինը: Դա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հանրության հետ պետք է ճշտվի: Պետք է հստակ կողմնորոշվել՝ ո՞ւմ նկատմամբ ունենք, ո՞ւմ նկատմամբ չունենք պարտավորություն: Եթե բանավեճը կոնսենսուսով չի լինում լուծել, պետք է քաղաքական որոշումով, օրենքով, կառավարության որոշմամբ լուծվի, որ մենք ունենք այս պարտավորությունը, այս ծավալը, այսքան ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ դա իրականացնելու համար և գնահատենք, թե ինչ ժամկետում կարող ենք այդ ֆինանսական միջոցները հատկացնել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ մենք այսօր ոչ մի բան չգիտենք: «Մենք գիտենք, որ 1988 թ. դեկտեմբերի 7-ին եղել է երկրաշարժ, որի հետևանքները մինչ օրս վերացված չեն, և չգիտենք՝ այս պահի դրությամբ ի՞նչ ծավալի աշխատանք է մեզ անհրաժեշտ դա իրականացնելու համար: Հետևաբար, աշխատանքային խումբը հնարավորինս արագ այս հարցերի պատասխանը պետք է իմանա և դա պետք է լինի ռազմավարական փաստաթուղթ: Մենք նաև բարերարների հետ աշխատելու ռազմավարություն չունենք: Եվ հիշում ենք, որ աղետի գոտին միայն Գյումրին չէ, աղետի գոտին իր ամբողջ ծավալով: Իհարկե, Գյումրին ամենամեծ ազդեցություն կրած, ավերածություններ տեսած և աղետի գոտու վերացման աշխատանքների ամենակենտրոնական ուղղությունն է, բայց պետք է իսկապես պատկերացնել, թե ինչ ենք նկատի ունենում՝ ինչ ծավալ է աղետի գոտին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

* * *

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը ժամը 11:41-ին ծաղկեպսակ է դրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում տեղադրված հուշակոթողին, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին:

Վարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Սիրելի գյումրեցիներ,
Սիրելի սպիտակցիներ,
Սիրելի վանաձորցիներ,
Սիրելի ախուրյանցիներ,
1988 թվականի երկրաշարժից առավել տուժած Շիրակի և Լոռվա մարզերի սիրելի հայրենակիցներ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ
Կառավարության հարգելի անդամներ,
Պետական այրեր, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի հայրենակիցներ,

30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի մեծ երկրաշարժը, որի էպիկենտրոնը Նալբանդ, այժմ՝ Շիրակամուտ գյուղում էր: Երկրաշարժն ուներ 9-11 բալ ուժգնություն, աղետին զոհ գնաց ավելի քան 25 հազար քաղաքացի, անօթևան մնաց շուրջ 500 հազար մարդ, ավերվեցին հանրային նշանակության և տնտեսական նշանակության հարյուրավոր, հազարավոր շինություններ: Զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդի ներուժին: Աղետն ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանը և ընդհանրապես հոգեբանական և բարոյական հսկայական հարված էր մեր ժողովրդի համար: Բայց, այնուամենայնիվ, այս աղետը նաև ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ և աշխարհի հարյուր հազարավոր, միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սևեռեցին պատմական հայրենիքի վրա: Թերևս ամենավառ օրինակը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի օրինակն է, ով երկրաշարժից հետո անմիջապես արձագանքեց, այցելեց աղետի գոտի և այդ այցելությունից հետո կրկնակի, եռակի անգամ կապված եղավ հայրենիքին, և դա շարունակվեց մինչև նրա կյանքի վերջը:
Այս երկրաշարժը նաև մի յուրօրինակ հումանիտար, համաշխարհային համախմբման պատճառ դարձավ: Խորհրդային միության բարեկամ ժողովուրդները, աշխարհի բարեկամ ժողովուրդները իրենց օգնության ձեռքը մեկնեցին հայ ժողովրդին և Հայաստանին՝ այսպիսով համամարդկային համախմբման մի բացառիկ օրինակ ցույց տալով:

Այնուամենայնիվ, երկրաշարժից 30 տարի անց աղետի գոտի հասկացությունը վերացված չէ: Իհարկե, մինչև այժմ աղետի գոտի ասելով մենք առաջին հերթին հասկանում ենք մարդկանց բնակարանային կարիքները, դպրոցների, մանկապարտեզների շինարարությունը և բացումը: Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց Հայաստանի արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական տնտեսական սեգմենտ, և երբ ասում ենք աղետի գոտու վերականգնում, պիտի հասկանանք ոչ միայն մարդկանց բնակարանային կարիքների վերականգնումը, ոչ միայն դպրոցների ու մանկապարտեզների, հանրային նշանակության այլ օբյեկտների վերականգնումը, այլև վերականգնումը այն ողջ տնտեսական հզորության, այն ողջ տնտեսական պոտենցիալի, որ գոյություն է ունեցել Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Ախուրյանում և ընդհանրապես աղետի գոտու ողջ տարածքում:

Բայց աղետի պատճառած ամենամեծ վնասը թերևս մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին: Երկրաշարժից շատ չանցած սկսվեցին աղետի գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ շենքերին զուգընթաց վերականգնվում էին մարդկանց հույսը, վստահությունն ու լավատեսությունը, և երբ ասում ենք աղետի գոտի, առաջին հերթին հենց սա պիտի նկատի ունենանք: Երբ ասում ենք աղետի գոտի, առաջին հերթին պետք է նկատի ունենանք, թե ինչքանով է վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ինչքանով է վերականգնված լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ, ինչքանով է վերականգնված հույսը, որ զոհերի կիսատ թողնված գործերը և երազանքները կդառնան իրականություն: Հենց աղետի գոտու վերականգնման այսպիսի հայեցակարգն է առավել կարևորը և անհրաժեշտը: Եվ ես հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին հենց ծառայում են և պիտի ծառայեն այս նպատակին՝ մարդկանց հույսը, վստահությունը, լավատեսությունը վերականգնելուն: Եվ ես համոզված եմ, որ, այո՛, մենք թևակոխել ենք մի փուլ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս, ամեն շաբաթ պիտի լրջորեն վերակառուցենք մարդկանց հավատը և վստահությունը սեփական ապագայի, սեփական երկրի ապագայի և իրենց երեխաների ապագայի նկատմամբ, որ նրանք պիտի կապեն Հայաստանի Հանրապետության հետ: Եվ ահա սա է այսօրվա Հայաստանի կառավարության և ընդհանրապես, հետագա կառավարությունների ամենակարևոր առաքելությունը, որովհետև երկրաշարժի առիթով, երկրաշարժից հետո, ցավոք, հոգեբանական առումով Հայաստանը վերածվեց մի մեծ աղետի գոտու, և մեր մեծագույն խնդիրն է ահա այս հոգեբանական աղետը հաղթահարելը, այդ քաղաքացիական աղետը հաղթահարելը:

Ես համոզված եմ, որ մենք այսօր քայլում ենք, վստահ ենք քայլում այդ ճանապարհով, ընդ որում, քայլում ենք ազգովի, բոլորով, միասնականացած և նոր հույսերով, նոր ուժերով, նոր վստահությամբ: Եվ հիմա այստեղ, այս սրբազան օրը, այս սրբազան վայրից դիմելով Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և առավել ևս 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին, ուզում եմ ասել՝

Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր ցավերը իմ սրտում են, ձեր կարիքները իմ մտքում են, ձեր երազանքները իմ հոգում են և վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ իսկապես շատ լավ է լինելու:

Եվ ուրեմն, կեցցե՛ Գյումրիի հերոսական ժողովուրդը, կեցցե՛ Վանաձորի հերոսական ժողովուրդը, կեցցե՛ Սպիտակի հայ ժողովուրդը և ընդհանրապես, հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարում հաղթող է դուրս եկել և հաղթող է դուրս եկել կյանքի, ապրելու, արարելու իր առաքելության մեջ:

Թույլ տվեք, ի վերջո, մեկ րոպե լռությամբ կրկին հարգել 1988 թվականի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը՝ այդպիսով մեր հավատարմությունը հայտնելու նրանց կիսատ մնացած երազանքներին, անավարտ մնացած գործերին և մեր հաստատակամությունը հայտնելու, որ մենք պիտի շարունակենք այն ճանապարհը, որ նրանք երազում էին անցնել»:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ կառավարության անդամները, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, ԱՄՆ Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոլյերը:

* * *

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում շրջայց է կատարել Գյումրիի պատմական հատվածում, մասնավորապես՝ Ջիվանու, Ռուսթավելիի, Նիկոլայ Ղորղանյան և Վարպետաց փողոցներով: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը ծանոթացել է քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ պատմական հատվածը ներառող փողոցներում շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2019 թ. երկրորդ կեսին: Համաշխարհային բանկից և ՎԶԵԲ-ից ներգրավված 23 մլն եվրոյի շրջանակում նախատեսվում է վերանորոգել Գյումրիի շուրջ 40 կմ ճանապարհահատված: Արդեն իսկ 12 կմ աշխատանքներն ավարտվել են: Նա նշել է, որ պատմական կենտրոնում իրականացվելու է գոտիավորում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված ծրագրերի արդյունավետ իրականացումը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն քաղաքի զարգացմանը, զբոսաշրջիկների թվի ավելացմանը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարության անցկացրած ցուցադրական վարժանքին, որի պայմանական սցենարով փրկարարները երկրաշարժի փլատակների տակից դուրս են բերել բնակիչներին և հասցրել առաջին բժշկական օգնության վայր:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը Գյումրիում ծաղիկներ է դրել Շառլ Ազնավուրի արձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գյումրիի «Սաստեքս» կարի արտադրամաս, ծանոթացել իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին, մասնավորապես, շինարարական աշխատանքներին և արդեն իսկ գործող արտադրամասի գործունեությանը: Նշվել է, որ թեթև արդյունաբերության ոլորտում այս ծրագրի արդյունքում Գյումրիում մինչև 2019 թ. կիսամյակը ստեղծվելու է ընդհանուր առմամբ 350-370 աշխատատեղ: Ընդամենը 1 ամիս առաջ իր գործունեությունը սկսած արտադրամասում արդեն իսկ աշխատում է 150 մարդ: Նշվել է, որ բանվորական համազգեստի ողջ արտադրությունը արտահանվելու է եվրոպական երկրներ:

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նաև նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը: Ներդրումային ծրագիրն իրականացնողները տեղեկացրել են, որ պատրաստվում են կարի արտադրություն հիմնել նաև Սպիտակում, իսկ ևս մեկ արտադրամաս գործում է Արթիկում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ներկա է գտնվել 2 գործարանի մեկնարկի արարողության և ուրախ է, որ դրանք հիմնվել են սփյուռքահայերի ներդրմամբ: «Այս գործընթացը 100 տոկոսով համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին: Մարդիկ անում են իրենց քայլը և պահանջատեր են կառավարությունից, որ առավել նպաստավոր պայմաններ ստեղծվեն ներդրումների համար: Համոզված եմ, որ նմանատիպ ներդրումային ծրագրերը նպաստելու են մեր երկրի տնտեսական զարգացմանը և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհին անչափ կարևոր քայլեր են», -ասել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել բոլոր այն ներդրողներին, ովքեր Հայաստանի անկախության 27 տարիների ընթացքում քարը քարի վրա են դրել և ստեղծել նոր աշխատատեղեր:

«Հայաստանում գործարար մարդու կարգավիճակը պետք է լրջագույն փոփոխության ենթարկվի և լինի առանձնահատուկ: Աշխատանքով պետք է լուծենք մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները: Հարստացեք և հարստացրեք: Շնորհակալ ենք մեր կոչին արձագանքելու համար», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը Գյումրիից ուղևորվել է Լոռու մարզ: Սպիտակում Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ և կատարել մոմավառություն Սրբ. Հարություն եկեղեցում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը ծաղկեպսակ է դրել նաև Վանաձորի երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարին և ներկա գտնվել քաղաքի թիվ 11 մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզը հիմնանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում, որի համար ծախսվել է 150 մլն դրամ: Մանկապարտեզը համալրվել է ժամանակակից նոր գույքով և ենթակառուցվածքներով, բարեկարգվել է բակը: Մանկապարտեզ է հաճախում 100 երեխա: Նիկոլ Փաշինյանը շրջել է հիմնանորոգված մանկապարտեզով և ծանթացել կատարված աշխատանքներին:

← Վերադառնալ