Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Դուշանբե

27.09.2018 - 28.09.2018

ևս 42 լուսանկար

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Տաջիկստանի նախագահը ողջունելով Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում` նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և նրան մաղթել հաջողություններ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: Էմոմալի Ռահմոնը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ու դրանց նոր թափ հաղորդելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության ոլորտում կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացումը: Գործադիրի ղեկավարի խոսքով` Հայաստանը կարևորում է փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն միավորումների շրջանակում հետագա համագործակցությանը:

Երեկոյան վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին:

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Մոլդովայի նախագահները և Թուրքմենստանի փոխվարչապետը:

Նախ տեղի է ունեցել խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:

Գագաթաժողովում ամփոփվել են ԱՊՀ շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում համագործակցության արդյունքները և քննարկվել փոխգործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել 2020 թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունները համատեղ նշելու նախապատրաստական աշխատանքներին: Որոշում է կայացվել թողարկել 75-ամյակի հոբելյանական համատեղ շքանշան: Նիստի ընթացքում ստորագրվել են բազմակողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր: Որոշում է կայացվել ԱՊՀ նախագահությունը 2019 թվականին փոխանցել Թուրքմենստանին: Խորհուրդը հայտարարություն է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ, հաստատել 2021 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումները Տաջիկստանում անցկացնելու որոշումը, 2021 թվականն ԱՊՀ-ում հայտարարել ճարտարապետության և քաղաքաշինության տարի: Հաստատվել է 2019–2023 թվականների հանցավորության դեմ պայքարի համատեղ միջպետական ծրագիրը, ստորագրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համաձայնագիրը: Փոփոխություններ են կատարվել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կանոնակարգում, լրացումներ` ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի կանոնակարգում: ԱՊՀ հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում` 2019 թվականի հոկտեմբերի 11-ին: Նիստի ընթացքում ստորագրվել են ընդունված որոշումների արձանագրությունները:

Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը կարևորել է ԱՊՀ շրջանակում համագործակցության արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով կապերի խորացումը: ՀՀ վարչապետի խոսքով` ԱՊՀ-ի ներուժը տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ ամենևին էլ սպառված չէ և այն իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան քայլեր: «Դա կնպաստի ազգային տնտեսությունների մրցունակության, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, հումանիտար կապերի զարգացմանը և մարդկային կապերի ամրապնդմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով 2020 թվականին նշվող Հաղթանակի 75-ամյակին` վարչապետը նշել է, որ Մայիսի 9-ը հավերժ կմնա անկոտրում քաջության և մեր ժողովուրդների միասնականության խորհրդանիշ, ովքեր թիկունք թիկունքի տված կռվել են ռազմաճակատում և անձնազոհաբար պայքարել հանուն ընդհանուր հաղթանակի՝ բերելով որոշիչ ավանդ նացիզմից աշխարհն ազատելու գործում: «Հայ ազգն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հաղթանակի կերտման գործում: Բանակ զորակոչված հայերի կեսը չեն վերադարձել տուն այդ սարսափելի պատերազմից: Ավելի քան 70 հազար հայ զինծառայողներ պարգևատրվել են ռազմական պատվոգրերով և մեդալներով, նրանցից 100-ից ավելին արժանացել են Խորհրդային միության հերոսի կոչման: Այդ տոնը, ինչպես նաև ընկածների հիշատակը բոլորիս կոչ են անում Հաղթանակի 75-ամյակը նշել արժանվույն, համատեղ հակազդել պատմությունը վերախմբագրելու փորձերին, նացիզմի հերոսացման և նեոնացիզմի պրոպագանդացման դեմ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ ընդունված հայտարարության կարևորությունը:

«ԱՊՀ-ում զարգանում է տնտեսության և ինովացիաների, մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցությունը: Այդ համատեքստում ցանկանում եմ տեղեկացնել, որ 2019 թվականին Երևանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը, որը կդառնա կարևոր հարթակ աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների միջև գործնական և գիտական կապերի զարգացման համար: Ակնկալում ենք, որ ԱՊՀ մեր գործընկեր երկրների ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն կունենան այդ կարևոր միջոցառմանը»,- ասել է վարչապետը` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է հումանիտար կապերի գործնական զարգացմամբ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններն ունեն շարունակական զարգացում և կարևորել համագործակցությունը տնտեսության ոլորտում: ՀՀ վարչապետի խոսքով` արդեն իսկ մի քանի ղազախական ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ և նպատակ ունեն իրականացնել ներդրումային ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ բիզնես կապերի խորացումը կնպաստի առևտրատնտեսական ծավալների ավելացմանը: ՀՀ վարչապետը կարևորել է նաև համագործակցության զարգացումն ինտեգրացիոն միավորումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ-ի շրջանակում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ինտեգրացիոն միավորումների գործունեության արդյունավետության բարձրացումն ու կոնկրետ խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների իրականացումը, ինչը կօգնի գտնել համապատասխան լուծումներ:

Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ երկու երկրների միջև առևտուրը նախորդ տարվա ընթացքում աճել է շուրջ 60 տոկոսով և համոզմունք հայտնել, որ այդ միտումը կկրի շարունակական բնույթ` կառավարությունների գործունեության արդյունքում: Նրա խոսքով` Ղազախստանը բաց է հայկական բիզնեսի ու ապրանքների համար և նշել, որ կողմերը լավ հնարավորություններ ունեն կապերն ընդլայնելու ու զարգացնելու համար: Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ հայ մասնագետները մշտապես իրենց դրսևորել են լավագույն կողմերով ու կարրևորել տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` Ղազախստանի առաջնորդն ասել է, որ դրանք սովորական չեն, և Ղազախստանը կողմ է, որպեսզի հարցերը լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով:

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգին, ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

← Վերադառնալ