Արտերկրյա այցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

31.01.2019 - 01.02.2019

ևս 114 լուսանկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Վարչապետի այցը մեկնարկել է Գերմանիայի Քյոլն քաղաքից. հունվարի 31-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկային:

ՀՀ վարչապետը նշել է` KfW-ն արդյունավետ գործընկեր է Հայաստանի Հանրապետության համար, որի հետ համագործակցության շրջանակում ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվում են մի շարք ծրագրեր: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է 2018թ. նոյեմբերին KfW բանկի հետ ստորագրված «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը` 23,208,483.13 եվրո ընդհանուր արժեքով, որը մեր տարածաշրջանում այս ոլորտի ամենանշանակալի ծրագրերից մեկն է:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում այդ ոլորտը բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանեցնելը կառավարության կարևոր առաջնահերթություններից է և ուրախալի է այդ գործում, ի դեմս Գերմանական զարգացման բանկի, ունենալ նման վստահելի դաշնակից:

KfW-ի տարածաշրջանային տնօրենն իր հերթին նշել է` Հայաստանը կարևոր գործընկեր է Գերմանական զարգացման բանկի համար, որի հետ համատեղ արդյունավետ ծրագրեր են կյանքի կոչվում: Գոհունակություն հայտնելով մեր երկրի տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության ընթացքից` Օ. Զիմելկան ավելացրել է, որ Հայաստան-KfW գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական կապերի զարգացմանը, և բանկը հետաքրքրված է նոր նախաձեռնությունների քննարկմամբ ու իրականացմամբ:

ՀՀ վարչապետը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ջրային տնտեսության և ջրամբարաշինության ոլորտներում ներկայիս ծրագրերի ընթացքը, ինչպես նաև մտքեր փոխանակել հեռանկարային այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ:

* * *

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան:

Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Հուշագրի համաձայն` նշված բուհերը կզարգացնեն գիտական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

ՀՀ վարչապետը հանդիպել է Քյոլնի տեխնիկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո - թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգարժան պրոֆեսոր Շտեֆան Հերցիգ,

Ակադեմիական հաստատությունների հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի ուսանողներ,
Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և ձեզ հետ կիսել թվային ու տեխնոլոգիական դարաշրջանի խոստման մասին իմ տեսլականը:
Արդեն տասնամյակներ շարունակ տեխնոլոգիական հեղափոխություն է ընթանում, և դա անդառնալի իրականություն է, որը մեզ տեղափոխում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության շեմ: Այն սկիզբ դրեց ազատության ու անկախության, համագործակցության և առանց սահմանների շփման և անսահման հնարավորությունների ուխտի:

Մենք ականատեսն ենք առաջադեմ վերափոխման այն ամենի, ինչ ասում և անում ենք: Թվային սարքերը փոխեցին հաղորդակցության եղանակները. այսօր կիրառվում են սպառողների, արտադրողների և մատակարարների, և որ առավել կարևոր է՝ քաղաքացիների ու կառավարությունների միջև հարաբերության նոր բանաձևեր:

Տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս ունենալ կապի այնպիսի միջոցներ, որոնք չեն կարող վերահսկվել: Այս մեխանիզմը մարդկանց հնարավորություն է տալիս բարձրաձայնել իրենց տեսակետը և ունենալ հաշվետու կառավարություն, ժողովրդավարությունը դարձնել ավելի գործնական ու մատչելի:

Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում. ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր: Սոցիալական ցանցերի միջոցով հայ ժողովուրդը համախմբվեց՝ ոչ ասելու նախկին վերնախավին, որը չէր վայելում ժողովրդի վստահությունը:

Նրանք մերժեցին տասնյակ տարիների խաբեության և խարդախության դարաշրջանը: Թավշյա հեղափոխությամբ հայերը վերջ դրեցին վատ կառավարման դարաշրջանին` հանուն թափանցիկության: Նրանք վերջ դրեցին անսահմանափակ իշխանության դարաշրջանին՝ կառավարությանը պատասխանատվության կանչելու համար: Հայ ժողովուրդը վերջ դրեց հիմնարար իրավունքների և ազատությունների չարաշահմանը՝ կյանքի նոր որակ ապահովելու համար:

Թափանցիկություն, հաշվետվողականություն և մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանություն. ահա ոչ լրիվ ցանկն այն դրական փոփոխությունների, որ խոստանում է թվային և տեխնոլոգիական դարաշրջանը: Հայ ժողովուրդը հաջողությամբ կատարել է այդ ամենը և հավատարիմ է իրական ժողովրդավարություն հաստատելու իր հանձնառությանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը: Այժմ մենք ունենք ոչ պակաս կարևոր խնդիր: Մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից:

Տիկնայք և պարոնայք,

Թվային և տեխնոլոգիական դարաշրջանի ուխտն էլ ավելի է կարևորվում, երբ այն վերաբերում է սպառողների, արտադրողների ու ծառայութուն մատուցողների միջև հարաբերություններին: Տաքսի կանչելու, թռիչք պատվիրելու, ապրանք գնելու, երաժշտություն լսելու, կինոնկար դիտելու կամ խաղ խաղալու համար պատվիրատուները կարող են օգտվել առցանց թվային աշխարհի հնարավորություններից:

Տեխնոլոգիական նորարարությունը շահավետ է նաև ծառայութուն մատուցողների համար. գլոբալ նյութատեխնիկական մատակարարման շղթաներն ավելի արդյունավետ են դարձել, իսկ սպասարկման գները նվազել են: Բացվել են նոր շուկաներ, խթանվել է տնտեսական աճը: Եւ որ ամենակարեւորն է, ՏՏ-ը և թվային դարաշրջանը բարձրացնում են երկրների միջազգային մրցունակությունը:

Սա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն են ունենում գլոբալ գործընթացների վրա:

ՏՏ-ը բոլոր խաղացողների համար ապահովում է հավասար պայմաններ՝ նրանց դիրքից և կարողություններից անկախ: Այդ իսկ պատճառով, Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը: Հաշվի առնելով շուրջ հարյուրամյա վաղեմութուն ունեցող ավանդույթները` մենք իրապես բռնել ենք տեխնոլոգիական և արդյունաբերական տնտեսություն կառուցելու ճանապարհը:

Մենք ցանկանում ենք պահպանել 21-րդ դարի չափանիշները, որպեսզի ընդլայնենք մեր հնարավորություններն ու հեռանկարները, որպեսզի Հայաստանը դառնա բարձրարժեք և գիտելիքահեն ապրանքներ ու ծառայություններ արտադրող և մատուցող երկիր՝ հիմքում ունենալով ստեղծագործ մարդկային կապիտալ:

Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը, որտեղ արտադրվել է Նաիրիտ-2-ը՝ խորհրդային ժամանակաշրջանի առաջին կիսահաղորդչային համակարգիչը և աշխարհում առաջիններից մեկը: ԽՍՀՄ-ի սուզանավերի ու տիեզերանավի համար հաշվարկային համակարգերի և էլեկտրոնիկային հիմնական բաղադրատարրերի մեծ մասը հղացվել ու արտադրվել է Հայաստանում: Կիսահաղորդչային տեխնիկա նախագծող, արտադրող, փորձարկող և ինտեգրող կենտրոնների մեծ մասը գործում էին Հայաստանում:

Այսօր Հայաստանի ներուժը ընդլայնվել է: ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին յոթ տարիների ընթացքում աճել է հինգ անգամ, տարեկան 25 տոկոսով: Synopsys, National Instruments, Cisco, VMWare, TeamViewer, Mentor Graphics- ը (Siemens- ին պատկանող) և շատ այլ անդրազգային ընկերություններ գիտահետազոտական գրասենյակներ ունեն Հայաստանում, որոնցում ներգրավված են հազարավոր մասնագետներ, ովքեր լուծում են 5G և մեքենայական կապին, իրերի համացանցին (Internet of Things), արհեստական ինտելեկտին, ռոբոտներին առնչվող բարդ խնդիրներ:

Հայաստանի ներկայիս ներուժը հնարավորություն է տալիս իրականացնել զանազան ծրագրեր ինչպես Սփյուռքի մեր հայրենակիցների ու միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՏՏ հսկաների հետ:

Մենք նախաձեռնել ենք հետաքրքիր մեկնարկային ծրագրեր՝ էկոհամակարգերի, ինկուբատորների, այդ թվում կայուն զարգացման լաբորատորիաների ստեղծման նպատակով:

Մեր առաջնահերթություններից են արհեստական ինտելեկտը, կիբեռանվտանգությունը, բլոկ-շղթան և կիսահաղորդչային տեխնոլոգիաները:

Կրթությունը հիմնականում բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունի: Հայաստանում ստեղծեցինք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որի կրթական ծրագիրը ճանաչվել է որպես համաշխարհային բրենդ: Այն արդեն իսկ ներկայացված է մի շարք զարգացած երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը և Գերմանիան: Միևնույն ժամանակ մենք դպրոցականներին հնարավորություն ենք տալիս սովորել ռոբոտաշինություն ARMAT լաբորատորիաներում:

Հայաստանն ունի Գիտությունների ազգային ակադեմիա, ֆիզիկայի, մաթեմատիկայի, աստղագիտության, կենսաբանության, քիմիայի եւ այլ գծով բազում հետազոտական հաստատություններ:

Եվ, իհարկե, ես չեմ կարող չնշել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որի հետ ձեր համալսարանն այսօր ստորագրեց ակադեմիական համագործակցության մասին հուշագիր: Նկատի առնելով այն պոտենցիալը, որ այս երկու բուհերն ունեն` ես կասկած չունեմ, որ առաջիկայում մենք կխոսենք հաջողված համատեղ նախաձեռնությունների մասին:

Ես բարձր եմ գնահատում Հայաստանի բուհերի, նրանց ստորաբաժանումների և մասնաճյուղերի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցությամբ ստեղծված ցանցերը նոր հորիզոններ են բացում:

Եվ վերջում նշեմ ոչ պակաս կարևոր մի հանգամանք. Հայաստանի հիմնական հարստությունն իր շնորհալի ու տաղանդաշատ քաղաքացիներն են, ովքեր ստացել և ստանում են գերազանց կրթություն: Դրա շնորհիվ հայաստանյան ստարտափներն արագորեն զարգանում են, նրանցից ոմանք առաջատար դիրքեր են զբաղեցնում աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա: Ապացուցված փաստ է. երբ հայերին հնարավորություն է ընձեռվում, նրանք միշտ հաջողում են: Սա է պատճառը, որ հայերն ավելի շատ են աչքի ընկնում Սփյուռքում: Ահա թե ինչու մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում ստեղծի համատեղելի միջավայր, որպեսզի այն դարձնի իր ժողովրդի մտավոր ներուժի կիզակետը:

Նկատի առնելով վերոհիշյալը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի 40-ամյա պատմության մեջ վեհաժողովն առաջին անգամ կանցկացվի այնպիսի փոքր, զարգացող երկրում, ինչպիսին Հայաստանն է:

Ինքնին խոսուն է այն փաստը, որ արդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային իրադարձությունը տեղի կունենա Հայաստանում: Ակնկալվում է, որ ավելի քան 2000 պատվիրակներ շուրջ 60 երկրից կմասնակցեն այդ միջոցառմանը:

Ես բոլորիդ հրավիրում եմ գալ և մասնակցել Կոնգրեսին: Այն նաև ձեզ հնարավորություն կընձեռի առաջին ձեռքից տեղեկանալ Հայաստանի տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման մակարդակի մասին, ինչպես նաև ճանաչել մեր հնագույն մշակույթը, արվեստը, վայելել մեր ժողովրդի հյուրընկալությունն ու խոհանոցը:

Տիկնայք և պարոնայք,

թվային և տեխնոլոգիական դարաշրջանի հնարավորություններն անսահման են: Միլիարդավոր մարդկանց՝ անսահմանափակ հիշողությամբ, տվյալների շտեմարանով ու գիտելիքի անսահմանափակ օգտագործմամբ միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորությունը մեր առջև բացում է անհնարինի դռները: Նոր հնարավորություններ են ստեղծվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, ռոբոտները, նանոտեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները և այլն:

Հայաստանը փորձում է օգտագործել այդ հնարավորությունը՝ իր տնտեսությունը վերափոխելու, քաղաքական հեղափոխությունը տնտեսականի վերածելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար»:

* * *

Քյոլնի տեխնիկական համալսարանը հիմնադրվել է 1388 թվականին: Կենտրոնական Եվրոպայում հիմնադրված վեցերորդ համալսարանն է: Այն իր ուսանողների թվով գերմանական համալսարանների մեջ երրորդն է (Մյունխենի և Հագենի համալսարաններից հետո):

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին:

Հենրիետե Ռեքերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաք և նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետին Քյոլնի քաղաքապետարանում: Նա պատմել է, որ Քյոլնում ուշադիր հետևել են 2018 թ. Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և մեծ ոգևորությամբ են ընդունել ժողովրդավարական շարժման հաջողությունը, այն, որ Հայաստանի քաղաքացիները կարողացան խաղաղ ճանապարհով հասնել ժողովրդավարական փոփոխությունների: «Դուք հույս եք ներշնչում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխարհում ժողովրդավարության զարգացման կողմնակից են», - դիմելով Նիկոլ Փաշինյանին` ասել է Քյոլնի քաղաքապետը:

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Ռեքերին գնահատականների համար և նշել, որ ուրախ է պաշտոնական այցի շրջանակում այցելել Քյոլնի քաղաքապետարան: «Մեզ հաջողվեց խաղաղ ճանապարհով Հայաստանում հասնել ժողովրդավարական փոփոխությունների և իրականացնել մի գործընթաց, որը համատեղեց անհամատեղելի թվացողը: Այն մենք անվանեցինք հայկական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ այս փուլում ՀՀ կառավարության օրակարգում ժողովրդական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության փոխակերպելն է, որպեսզի ազատությունը մարդկանց նաև բարեկեցություն բերի: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է օտարերկրյա, այդ թվում` Գերմանիայից ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատանքը:

Քյոլնի քաղաքապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին` նշելով, որ քաղաքն իր ներդրումն է ունեցել այդ գործում և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ տեղադրվել է խաչքար: Նա ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականության կարևորությունը և նշել, որ պետք է աշխատել համաշխարհային հիշողության քաղաքականության մշակման ուղղությամբ:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր է գնահատում 2016 թ. Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը: «Մեզ համար Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն պատմական փաստի ճանաչման անհրաժեշտություն ունի, այլև մեծ կարևորություն՝ հետագա հնարավոր ցեղասպանությունները կանխելու տեսանկյունից: Ճշմարտությունը պիտի արձանագրվի դրա դատապարտելիությունն արձանագրելու համար: Նշեմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր մաս է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գործընթացի առաջմղումը, և Հայաստանի Հանրապետությունն այդ գործընթացի ակտիվ մասնակից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ անցած տարվա դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության կանխարգելման» 3-րդ գլոբալ ֆորումը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համագործակցության հաստատման և զարգացման հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ՏՏ ոլորտում կապերի խորացումը` ողջունելով այսօր Քյոլնի և Հայաստանի համապատասխան համալսարանների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Վարչապետն անդրադարձել է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը` նշելով, որ այն արդեն համաշխարհային բրենդ է դարձել. այդպիսի կենտրոններ արդեն գործում են Երևանում, Ստեփանակերտում, Փարիզում, նախատեսվում է բացել Մոսկվայում, Բեյրութում, Տիրանայում, քննարկվել է նաև Բեռլինում բացելու հարցը: Քյոլնի քաղաքապետը հետաքրքրական է համարել ՏՏ ոլորտում Հայաստանի զարգացման փորձը` նշելով, որ կդիտարկի Հայաստան այցելելու և տեղում ՀՀ տեխնոլոգիական առաջընթացին ծանոթանալու հնարավորությունը:

Հենրիետե Ռեքերը բարձր է գնահատել Քյոլնի հայ համայնքի (Գերմանիայի տարածքում ամենամեծ) դերակատարությունը քաղաքի զարգացման գործում և կարևորել այն հանգամանքը, որ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանը գտնվում է հենց Քյոլն քաղաքում: Նա կարևորել է այսօր Քյոլնի տեխնիկական համալսարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և պատրաստակամություն հայտնել, դրանից զատ, այլ ուղղություններով ևս ընդլայնել կապերը:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Քյոլնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մշակութային ժառանգության պահպանման գործում և առաջարկել դիտարկել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի հետ գործակցության հաստատման հնարավորությունը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` երկրաշարժից տուժած Գյումրին մշակութային հարուստ ժառանգություն ունի, և այս ոլորտում Քյոլնի հետ փորձի փոխանակումը կարող է օգտակար լինել: Քյոլնի քաղաքապետը ողջունել է առաջարկությունը և պատրաստակամություն հայտնել քննարկել մանրամասները:

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է քաղաքապետարանի Պատվո հյուրերի գրքում: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Նորդրայն-Վեստֆալեն երկրամասի Եվրոպական և միջազգային հարցերի նախարար Շտեֆան Հոլթհոֆ-Փֆյորթների կողմից տրվել է պաշտոնական ճաշ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ շրջայց է կատարել Քյոլնի Մայր Տաճարում, ծանոթացել հոգևոր-մշակութային հռչակավոր կոթողի պատմությանը:

Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

* * *

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնում` Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանում հանդիպել է գերմանահայ համայնքի և տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչներին:

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է.

«Հոգեշնորհ Հայր Սուրբ,
Գերմանահայ համայնքային կառույցների հարգարժան ներկայացուցիչներ,
Հարգելի հայրենակիցներ,

Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդարանում։ Ըստ էության` կարող ենք ասել, որ Քյոլնը Գերմանիայի հայության մայրաքաղաքն է, և պատահական չէ, որ պաշտոնական այցը սկսում ենք այս քաղաքից:

Ինձ համար մեծ ուրախություն է այսօր նման հանդիպման հնարավարություն ունենալը, և ես ուզում եմ ընդգծել, թե ինչ հիմնական փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանում, Հայաստանի շուրջ և Հայաստանի ու աշխարհի հարաբերություններում:

Կարող եմ ասել հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը հայտնի փոփոխություներից հետո քաղաքակիրթ աշխարհի համար դարձել է առավել տեսանելի և առավել լսելի: Սա իսկապես իրողություն է. ինձ համար երբեմն մի փոքր անհարմար իրավիճակ է առաջանում, երբ աշխարհի տարբեր հզոր քաղաքակիրթ երկրների ներկայացուցիչները մեզ հետ քննարկումների և շփումների ընթացքում ուղիղ ասում են, որ մենք ձեզանից շատ բան ուեննք սովորելու: Սա, իհարկե, շատ տարօրինակ արտահայտություն է, և ճիշտն ասած, ես երբեմն չգիտեմ` ինձ ինչպես պահել, որովհետև իրավիճակն անհարմար է: Բայց մեծ հաշվով երբ մեկ, երկու, երեք, չորս այդպիսի արտահայտությունները կրկնվում են, կարծում եմ, որ մենք չպետք է տատանվենք արձանագրել. այո՛, մենք բազմաթիվ ոլորտներում ունենք պրոբլեմներ, բայց կա մի ոլորտ, որում մենք իսկապես այսօր աշխարհում համարվում ենք առաջատար երկիր. դա բռնությունից զերծ հասարակություն կերտելու և առանց բռնության փոփոխությունների հասնելու ոլորտն է, որտեղ կարող ենք ասել, որ աշխարհում, այո՛, առաջատար նշանակություն ունեցող երկիր ենք:

Այսօր քաղաքական փոփոխությունները և ընդհանրապես հանրային կյանքը բռնությունից զերծ պահելն ամենամեծ մարտահրավերներից մեկն է, որ գոյություն ունի աշխարհում, և այսօր աշխարհն ընդունում է, որ մենք այդ ոլորտում հասել ենք մեծ հաջողությունների: Ուզում եմ ընդգծել, որ սա ասում եմ ոչ թե որպես պարծենալու, մեծամտանալու առիթ, այլ որպեսզի կարողանանք այս իրավիճակն արձանագրել և սրանով մեր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ և մենք որպես հավաքականություն առավել մեծ վստահություն ունենանք` ինքներս մեր ապագան, մեր հայրենիքը, մեր պետությունը կերտելու ճանապարհին:

Այսօր կարող ենք արձանագրել, որ առնվազն քաղաքակիրթ ազգերի ընտանիքում գտնվելու ճանապարհին ենք կամ արդեն իսկ գտնվում ենք: Մենք սա ասում ենք ոչ թե մեծամտանալու համար, ինչպես Պարույր Սևակն է ժամանակին ճիշտ արձանագրել, և մենք այսօր այդ բանաձևին հավատարիմ ենք՝ մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց նաև պետք է արձանագրենք, որ իսկապես ասելիք և անելիք ունենք ժամանակակից աշխարհում: Այդ անելիքը դրական է, իր մեջ կրում է համամարդկային տրամաբանություն, և այդ ասելիքն ու անելիքը հետաքրքիր է աշխարհին ու քաղաքակրթությանը:

Սա շատ կարևոր արձանագրում է, և կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել, չէր կարող տեղի ունենալ առանձին վերցրած խմբի, անհատի, կուսակցության ջանքերով: Սա մեր համազգային ջանքերի արդյունք է, որը մենք կարողացանք ներդնել մեր երկիրը վերափոխման մեծ ճանապարհին դնելու գործընթացում: Մենք համազգային մի համագործակցության աննախադեպ օրինակ ենք ցույց տվել ապրիլ-մայիս ամիսներին, և ըստ էության, յուրաքանչյուր հայ իր ներդրումը բերեց այն փոփոխություններին, որ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում:

Եվ, ի վերջո, շատ ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց ազատ, արդար, օրինական լինելը չի վիճարկվում ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլև Հայաստանի ներսում, առաջին անգամ մենք ունեցանք ընտրություններ, որի արդյունքները չեն վիճարկվում Սահմանադրական դատարանում:

Սրանք իսկապես կարևոր փոփոխություններ են, բայց մենք առավել մեծ մարտահրավերի առաջ ենք կանգնած: Մենք կարիք ունենք, որպեսզի քաղաքական փոփոխությունները տրանսֆորմացվեն տնտեսական փոփոխությունների, քաղաքական հեղափոխությունից անցնենք տնտեսական հեղափոխության, որպեսզի մեր երկրում մարդկանց սոցիալական պաշտպանվածության, տնտեսական գործունեության և բարեկեցության մակարդակը շարունակաբար աճի: Սա է մեր առաքելությունը և սա ոչ թե առանձին վերցված կուսակցության, անհատի, առավել ևս կամ կառավարության անելիք է: Սա համազգային անելիք է, և ես համոզված եմ, որ մեր ժողովուրդն ունի բավարար ներուժ` սեփական հայրենիքը շարունակաբար հզորացնելու, ուժեղացնելու և միջազգային հանրության մեջ քաղաքակիրթ ազգերի և պետությունների շարքում առավել մեծ ու առավել հաստատուն տեղ զբաղեցնելու համար:

Հույս ունեմ, որ մենք իսկապես կկարողանանք այն պոտենցիալը, որ կարողացել ենք ստեղծել, օգտագործել հանուն մեր ազգային երազանքների, նպատակների իրագործման և մեր հերթական և ոչ պակաս կարևոր իմաստը բերենք արդի և ապագայի քաղաքակրթությանը:

Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում»:

Անդրադառնալով տնտեսական հեղափոխության տեսլականին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այս հարցում կառավարության մոտեցումները. «Մեր պատկերացումը չի փոխվել, այն մնացել է նույնը. ինչպես քաղաքական հեղափոխությունը հնարավոր չէր և չէր կարող իրականացվել առանց յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության, այնպես էլ տնտեսական հեղափոխությունը հնարավոր չի լինելու իրականացնել առանց մեր հայրենակիցների, քաղաքացիների մասնակցության: Ինչպե՞ս մենք իրականացրինք քաղաքական հեղափոխությունը. մենք ստեղծեցինք հնարավորություն, որպեսզի ամեն քաղաքացի արտահայտի իր դիրքորոշումը և երաշխավորեցինք` այն պահին, երբ ՀՀ քաղաքացիները, հանրության մեծամասնությունը կարձանագրի և ի ցույց կդնի իր դիրքորոշումը, կանի իր անելիքը` փոփոխություններ բերելու համար, մենք երաշխավորում ենք, որ այդ փոփոխությունները տեղի կունենան: Նույնը վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, որտեղ պահանջվում է, որ յուրաքանչյուր մարդ պատրաստ լինի իր ներդրումը բերել տնտեսական հեղափոխությանը:

Ժամանակակից աշխարհը, ժամանակակից Հայաստանը` առավել ևս հնարավորությունների երկիր է, և մեր մեծագույն խնդիրն այդ հնարավորությունների իրականացումն է, իրատեսական դարձնելը: Ովքե՞ր են փոխում աշխարհը, ովքե՞ր են փոխում իրականությունը. դա անում են մարդիկ: 21-րդ դարն այն մարդկանց ժամանակն է, ովքեր հավատում են իրենց ուժին: Հիմա եկել է մեր և մեր ժողովրդի ժամանակը` հավատալու սեփական ուժերին» (Վարչապետի ելույթը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ամբողջությամբ):

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է գերմանահայ համայնքի (Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցուպատասխանն ամբողջությամբ) և համայնքային կառույցների ներկայացուցիչների հարցերին (Գերմանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանն ամբողջությամբ), որոնք վերաբերում էին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, Սփյուռքի նախարարության հետ կապված կառուցվածքային փոփոխություններին, Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, Գերմանիայի հայ համայնքի գործունեությանը և այլն:

Մասնավորապես, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին` վարչապետ Փաշինյանն ասել է. «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե ոչ: Եվ հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել»:

Ի պատասխան Սփյուռքի նախարարությանը վերաբերող հարցադրմանը` Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան, ով կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը: Մեր պատկերացումը հետևյալն է` Սփյուռքի նախարարության գործառույթները պետք է վերաբաշխվեն: Հատուկ հանձնարարություններով դեսպանը ոչ մի անելիք չի ունենա, բացի Սփյուռքի հետ կապված հարցերը հավաքելուց, լուծումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուց և վարչապետի միջոցով այդ լուծումներն իրականացնելուց: Հետևաբար, մտածել ենք Սփյուռքի նախարարության գործառույթները տեղաբաշխել ըստ ճյուղային նախարարությունների, իսկ Սփյուռքի հետ հարաբերություններում ունենալ հատուկ հանձնարարություններով դեսպան, ով կաշխատի վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի անմիջական ղեկավարությամբ:

Կառավարության կազմի օպտիմալացման մեր ամբողջ նպատակը հետևյալն է՝ ամեն գործառույթով պետք է զբաղվի մեկ մարմին: Օրինակ, Սփյուռքի նախարարությունը մշտապես արտերկրում հայկական կրթօջախների համար ուղարկում էր դասագրքեր, բայց Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում էր կրթության և գիտության նախարարությունը: Եվ մենք շատ հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ ուսուցիչները վերապատրաստվում են մի նախարարության ծրագրի շրջանակում, իսկ դասագրքեր ստանում են մեկ այլ նախարարության կողմից: Ստացվում է, որ այդ դասագրքի օգտագործումը և ուսուցիչների վերապատրաստումը դառնում է ոչ արդյունավետ: Կրթության հարցով զբաղվողը պետք է լինի ԿԳՆ-ն: Այս հանգամանքների բերումով Սփյուռքում մենք հայկական կրթության մի քաղաքականություն ենք վարում, իսկ Հայաստանում՝ մեկ այլ: Նույնն էլ մշակույթի ոլորտում»,- նշել է վարչապետը` ընդգծելով, որ քաղաքականության անկյունաքարը պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի հայի ինքնությունն իրար մոտեցնելը:

* * *

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Հունվարի 31-ին ՀՀ վարչապետը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Քյոլն քաղաքից ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին:

Փետրվարի 1-ին Բեռլինում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության` Նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդես կգա ելույթով:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

* * *

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում հունվարի 31-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք-հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի կանցլերի աշխատակազմի և ԳԴՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ ունի, և միջխորհրդարանական հարաբերությունները երկկողմ օրակարգում հատուկ տեղ են զբաղեցնում: Այս համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է գերմանացի խորհրդարանականների հետ ակտիվ շփումները։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հեղափոխությունը եկավ հաստատելու մեր ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ազատությունների ապահովմանը: Սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որը վերահաստատվեց 2018 թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքներով: Ամեն բան անելու ենք, որ ամրապնդենք ժողովրդավարական ինստիտուտները»:

Հանդիպմանը քննարկվել են հայ-գերմանական համագործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, Հայաստան–Եվրամիություն գործընկերությանը, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին վերաբերող հարցեր:

* * *

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում. այսօր մայրաքաղաք Բեռլինում նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ:

Մինչ այդ` փետրվարի 1-ի առավոտյան, վարչապետն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը: Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, ԳԴՀ կանցլերի աշխատակազմի, գերմանական քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգարժան պրոֆեսոր Լամերթ,
Հարգելի Բունդեսթագի անդամներ,
Հարգելի մասնակիցներ,

Ուրախ եմ այսօր հյուրընկալվել գերմանական առաջատար քաղաքական հիմնադրամում՝ ձեր երկիր իմ առաջին պաշտոնական այցի շրջանակներում:

Ազատության, արդարության և համերաշխության սկզբունքներն են ընկած Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի գործունեության հիմքում, և ես պատիվ ունեմ խոսելու այստեղ՝ դիտարկելով այն որպես խորհրդանշական և կարևոր իրադարձություն:

Խորհրդանշական, քանի որ ինչպես և յոթ տասնամյակ առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում: Նաև խորհրդանշական, քանի որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության գաղափարախոսությունը համահունչ է Հիմնադրամի գաղափարներին և սկզբունքներին:

Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ: Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել և խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ: Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլևս վտանգված չէ:

Այս դրական զարգացումների տրամաբանական գագաթնակետն անցյալ տարվա դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Դրանք միջազգային դիտորդական առաքելությունների կողմից գնահատվել են որպես միջազգային չափանիշներին համահունչ, ժողովրդավարական, ազատ, արդար և թափանցիկ: Ըստ իս, դրանք միակ չվիճարկված ընտրություններն էին 1991-ին՝ ԽՍՀՄ փլուզման նախօրեին կայացած ընտրություններից ի վեր:

Այս վերջին ընտրություններն ամրապնդեցին մեր ձեռքբերումները և ապացուցեցին, որ մեր ժողովուրդը ժողովրդավարությանն այլընտրանք չի տեսնում: Նոր Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժերը հաղթանակ տարան: Նախկին քաղաքական վերնախավը ներկայացնող ուժերը ճնշող մեծամասնությամբ մերժվեցին:

Հայ ընտրողը մերժեց բոլոր նրանց, ում անուններն աղերսվում էին կոռուպցիայի, հիմնարար ազատությունների սահմանափակման, վատ կառավարման, տնտեսական անարդյունավետության և լճացման հետ:

Փոխարենը, նրանք իրենց քվեն տվեցին խորը փոխակերպման, օրենքի գերակայության և հաշվետու կառավարման վրա հիմնված հասարակությանը: Մեր ժողովրդավարական նվաճումների համար «Էկոնոմիստը» Հայաստանին ճանաչեց տարվա երկիր:

Այսօր մեր կառավարությունն աննախադեպ լեգիտիմության և հանրային վստահության քվե ունի: Վերջին հարցումներից մեկի համաձայն` մեր հասարակության ավելի քան 70 տոկոսը վստահ է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ:

Մի կողմից, այս աննախադեպ վստահության մակարդակը մեզ պարտադրում է վճռական քայլեր կատարել բարեփոխումների ուղղությամբ, և այս հարցում մենք ձախողելու իրավունք չունենք: Մյուս կողմից, հանրային վստահությունը տալիս է յուրահատուկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք մեր ձեռքբերումներն ամրապնդելու և մեր երկրում ժողովրդավարության ապագայի պաշտպանության համար:

Կարծում ենք, որ վերափոխման գործընթացի հաջորդ քայլը պետք է լինի մեր քաղաքական ձեռքբերումները տնտեսականի վերածելը: Այլ կերպ ասած, մենք պետք է տնտեսական հեղափոխություն կատարենք: Ժողովրդավարությունն ու տնտեսական զարգացումը մեր հասարակության մեջ սերտ ինտերակտիվ հարաբերություն ունեն: Տնտեսական հեղափոխությունը և աղքատության վերացումը մեր ժողովրդի գերակայություններն են: Այս գաղափարը հանդիսանում է մեր նոր կառավարության ծրագրի հիմնական նախադրյալը:

Ինչպե՞ս ենք մենք հասնելու այդ նպատակին: Պատասխանը թեև պարզ է, բայց ոչ դյուրին: Հիմնական նախադրյալներից մեկը մեր ժողովրդի գործարար և մտավոր ներուժի ազատ և անսահմանափակ իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է: Մենք ընդունել ենք և արդեն սկսել ենք իրականացնել բարեփոխումների հավակնոտ օրակարգ:

Մասնավորապես, ներկայումս մենք արմատական քայլեր ենք ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարելու, մենաշնորհները վերացնելու, բոլոր տնտեսական և քաղաքական դերակատարների համար խաղի հավասար պայմաններ ապահովել և անկախ դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ:

Այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին հաջողության հասնելու համար մենք զարգացնում ենք մեր տնտեսական և քաղաքական ինստիտուտները:

Կառուցակարգերի փոփոխումը դժվար գործընթաց է ցանկացած կառավարության և հասարակության համար: Այն պահանջում է նշանակալի ռեսուրսներ՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ մտավոր: Մենք վճռական ենք՝ առաջ շարժվելու այս ճանապարհով: Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած այլ անցումային երկիր, մենք ևս կարիք ունենք լրացուցիչ աջակցության՝ բարեփոխումներն արագացնելու համար:

Այս համատեքստում, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի հանրահայտ փաստի վրա. նախկին խորհրդային երկրներից ոչ մեկին չի հաջողվել արդիականացնել ինստիտուտներն առանց ֆինանսական և տեխնիկական աջակցության: Հայաստանը բացառություն չէ: Ավելին, հետխորհրդային երկրներին բնորոշ մարտահրավերներից բացի, Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից դիմակայել է մի շարք այլ մարտահրավերների:

Դեպի ծով ելք չունենալն անբարենպաստ աշխարհագրական հանգամանք է: Շուրջ երեսուն տարի տևած տրանսպորտային շրջափակումը, որը կանխամտածված քաղաքական քայլ էր, մեր երկրի տնտեսական զարգացման համար լուրջ և երբեմն անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց:

Էներգետիկ անվտանգությունը մեկ այլ խնդիր է մեզ համար: Եվ վերջապես, անցյալի ժառանգությունը հանգեցրել է ոչ բարեկամական անվտանգության միջավայրի, որը կարող է վերաճել գոյապահպանական սպառնալիքի:

Այս առումով, Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների օրակարգի համար: Դժվար է գերագնահատել վերջին քառորդ դարում Հայաստանին տրամադրված ԵՄ աջակցության կարևորությունը:

Մենք վճռական ենք՝ առաջ շարժվելու մեր բարեփոխումների իրականացման ճանապարհով: Մենք դա անելու ենք՝ անկախ դժվարություններից և հանգամանքներից: Այդուամենայնիվ, ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը կարող է արագացնել և ամրապնդել Հայաստանում իրականացվող գործընթացները:

Այստեղ ես ուզում եմ ընդգծել Եվրոպական միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կարևորությունը: Դրա իրականացումը կարող է մեծապես նպաստել մեր ինստիտուտների զարգացմանը: CEPA- ն, ըստ էության, հանդիսանում է մեր երկրի զարգացման ռազմավարական ծրագիրը և կարող է դառնալ մեր բարեփոխման օրակարգի հիմնաքարերից մեկը:

Միևնույն ժամանակ, մենք ցանկանում ենք խորացնել մեր տնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ: Գերմանիան ինքնին մեր հիմնական դոնորներից է և հիմնական առևտրային գործընկերներից: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, ներառյալ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունը և այլն:

Մենք հավատարիմ ենք մեր կապերի ամրապնդմանը և տնտեսական համագործակցության նոր հեռանկարների ուսումնասիրությանը: Նոր ժողովրդավարական Հայաստանը մեծ հնարավորություններ է տալիս առևտրի և ներդրումների համար: Ներկայումս ընթացող կայուն ինստիտուցիոնալ բարեփոխումներից զատ, մենք ունենք մի քանի այլ առավելություններ ևս:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է ազատ մուտք առ 180 միլիոնանոց շուկա և աշխարհի մի քանի երկրների հետ ազատ առևտրի պայմանագրերի անխափան և անխոչընդոտ գործողություն:

Միևնույն ժամանակ, մենք ունենք GSP+ առևտրային ռեժիմ Եվրոպական միության հետ, որն ինչպես նշեցի՝ շատ շուտով կլրացվի CEPA-յով: Սա մեր հիմնական համեմատական առավելություններից մեկն է. Հայաստանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ որպես Եվրամիության և Եվրասիական միության շուկաները կապող տնտեսական կամուրջ:

Տիկնայք և պարոնայք,

Խոսելով մեր տնտեսական համագործակցության հեռանկարների մասին` ես կցանկանայի ընդգծել, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտն արագորեն աճում է, և այդ աճի տեմպն աննախադեպ է: Վերջին յոթ տարիների ընթացքում այդ ոլորտն հինգ անգամ աճել է: ՏՏ ոլորտը դառնում է մեր տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը` հետագա զարգացման համար հսկայական ներուժով:

ԽՍՀՄ-ից ժառանգած մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեխնիկական գիտությունների ավանդական ուժեղ դպրոցն այս ոլորտում Հայաստանի հաջողություն հիմնական գրավականն է: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ հայկական հեղափոխությունը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծել մեր ժողովրդի տաղանդի անսահմանափակ դրսևորման համար, զգալիորեն կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանը:

Կարծում եմ, որ ազատությունը, ստեղծագործական և նորարարության ոգին փոխկապակցված են: Հայաստանի նոր կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը գերակա է համարում, քանզի մենք դրանում տեսնում ենք մեր տնտեսական հեղափոխության լոկոմոտիվը և ապագա Հայաստանի տնտեսության անկյունաքարը:

Տիկնայք և պարոնայք,

Ուզում եմ խոսքս ավարտել՝ վերահաստատելով, որ ԵՄ-ի և նրա անդամ-պետությունների հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարական Հայաստանի համար:

Միևնույն ժամանակ կարծում եմ, որ իր հերթին, Եվրոպան շահագրգռված է Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանում ունենալ կայուն, ժողովրդավարական գործընկեր` ի դեմս տնտեսապես զարգացող եւ առաջադեմ Հայաստանի, որի հետ ունի ընդհանուր եվրոպական արժեքներ:

Շնորհակալություն ուշադրության համար.
Հիմա ես պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին»:

Այնուհետև տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում հանրապետության վարչապետը ներկայացրել է ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող աշխատանքները, տնտեսական հեղափոխության ուղղությամբ իրականացվող քայլերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը և այլն:

* * *

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակում այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեին:

Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն նշել է, որ մեծ պատիվ է Գերմանիայում հյուրընկալել Հայաստանի վարչապետին և քննարկել երկու երկրների միջև համագործակցության հարցերը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցող գործընթացները` ընդգծելով, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով ավարտվել է հեղափոխության առաջին փուլը Հայաստանում, և այժմ տնտեսական հեղափոխության ժամանակն է: «Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է: Քաղաքական փոփոխություններից հետո պետք է իրականացնենք տնտեսական փոփոխություններ, քանի որ հեղափոխությունը հաջողելու հաջորդ կարևոր բաղկացուցիչը տնտեսական զարգացումն է», - նշել է վարչապետը:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը և հայ-գերմանական միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացումն ու խորացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, և այս առումով Գերմանիայի՝ որպես կայացած խորհրդարանական ավանդույթներ ունեցող երկրի փորձն օրինակելի է, իսկ գերմանացի խորհրդարանականների հետ շփումների ակտիվացումը՝ կարևոր։ Վոլֆգանգ Շոյբլեն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Գերմանիայի համար, և Գերմանիան պատրաստ է կիսվել խորհրդարանական կառավարման ոլորտում իր կուտակած փորձով և հաջողություններով:

ՀՀ վարչապետը և Բունդեսթագի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո նոր փուլ է մտել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ անդամ-երկրների կողմից համաձայնագրի վավերացման կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-գերմանական փոխգործակցության հետագա ընդլայնման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին վերաբերող հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել 2016 թ. Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը:

* * *

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

ԳԴՀ կանցլերի նստավայրում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. բարձրացված են եղել ԳԴՀ, ՀՀ և ԵՄ դրոշները, և կարմիր ուղեգորգի երկայնքով շարված են եղել Պատվո պահակախմբի զինվորները և Զինվորական նվագախումբը: Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական օրհներգերի կատարումից հետո ԳԴՀ կանցլերը ՀՀ վարչապետին հրավիրել է Պատվո պահակախմբի ստուգայցի:

Ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ողջունել և կարևորել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա՝ վստահություն հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական բարեկամական համագործակցությանը: Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և պատրաստ է քննարկել երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները: Ողջունելով 2018 թ. խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը` ԳԴՀ կանցլերը նշել է, որ Գերմանիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և պատրաստ է նպաստելու երկկողմ հարաբերությունների ավելի խորացմանը, աջակցել բարեփոխումներին տարբեր ոլորտներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ կարևորելով կանցլեր Մերկելի հետ կրկին հանդիպելու և հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կարևոր քննարկումները շարունակելու հնարավորությունը։ «Հայաստան կատարած Ձեր այցը կարևոր խթան հանդիսացավ հայ-գերմանական փոխգործակցության զարգացման համար։ Ուրախությամբ, նաև՝ հպարտությամբ եմ արձանագրում, որ իմ այցը կայանում է Ձեր այցից ընդամենը հինգ ամիս անց։ Սա նշանակում է, որ մենք երկուստեք տրամադրված ենք հիմք դնելու հայ-գերմանական առավել խորացված և թիրախային համագործակցությանը», -նշել է ՀՀ վարչապետը: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսօր առավել, քան երբևէ առկա են նախապայմաններ հայ-գերմանական փոխգործակցության օրակարգը նոր բովանդակությամբ լցնելու համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում և այս առումով Գերմանիայի՝ որպես ԵՄ ծանրակշիռ անդամներից մեկի հետ համագործակցությունը կարևոր է։

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ` երկկողմ ու բազմակողմ ձևաչափով փոխգործակցություն, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, միջազգային և տարածաշրջանային հարցեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ բացառիկ էին օրենքի տառին, միջազգային չափանիշներին համապատասխանելու առումով, ինչը ևս մեկ անգամ վկայում է կառավարության հանձնառության մասին՝ ամրապնդելու իրավունքի գերակայությունը, ապահովելու մարդու իրավունք¬ների պաշտպանության էլ ավելի բարձր մակարդակ, անկախ դատական համակարգ, հաջողելու կոռուպ¬ցիայի դեմ պայքարը: «Խորհրդարանական ընտրություններով ավարտվել է հեղափոխության առաջին փուլը: Հայաստանն առաջ է շարժվում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների ուժեղացման ճանապարհով: Այժմ կառավարության օրակարգում տնտեսական հեղափոխությունն է` մեր քաղաքացիների բարեկեցությունը զարգացնելու համար», - նշել է ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով հայ-գերմանական տնտեսական համագործակցության խորացմանը` Նիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հնարավորությունները: Երկուստեք ընդգծվել է, որ դրանց իրագործումը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի սերտացմանը և քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ երկխոսությունը տնտեսական տարբեր ծրագրերի իրագործման ուղղությամբ: Կողմերն անդրադարձել են նաև Եվրոպական միության հետ արտոնագրերի ազատականացման գործընթացի ուղղությամբ աշխատանքներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի կարևորությունը` որպես խնդրով զբաղվող միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ:

* * *

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի համատեղ ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։

Ստորև ներկայացվում է մամուլի ասուլիսի սղագրությունն ամբողջությամբ.

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել.

«Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով Բեռլինում: Նախորդ տարվա օգոստոսին ես այցելեցի Հայաստան և սիրով եմ հիշում այդ այցը, որի շրջանակում մենք նաև կարողացանք զգալ այն լավատեսական տրամադրությունները, որոնք տիրում են Հայաստանում: Դրանից հետո տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչությունը շատ մեծ հույսեր է կապում նոր վարչապետի հետ: Այս համատեքստում մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները` Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակը բարելավելու նպատակով:

Մենք այսօր քննարկեցինք տարբեր ոլորտներում փոխադարձ համագործակցության ծրագրեր: Անդրադարձել ենք երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին՝ հատկապես մասնագիտական կրթության ոլորտում, ինչպես նաև ժողովրդավարության առաջընթացի և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։ Տեղեկացա, որ հետազոտական ինստիտուտների միջև արդեն կապեր ունենք հայկական կողմի հետ: Այսօր նաև տեղի են ունենալու ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողովի հետ բանակցություններ. հանձնաժողովը գործարարների պատվիրակությամբ Հայաստան է այցելելու: Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ ուղղություններով աջակցել Հայաստանին՝ երկրի տնտեսական զարգացումը խթանելու համար:

Վերջին տարում մեր առևտրատնտեսական շրջանառության ծավալն արդեն աճել է շուրջ 40 տոկոսով, բայց մենք կարող ենք էլ ավելի առաջ գնալ: Եվ շատ կարևոր է, որ պարոն վարչապետն արագ հաջողություններ արձանագրի: Կարծում եմ՝ նա վճռական է տրամադրված, և մենք ցանկանում ենք աջակցել այդ կուրսին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ու այլ ուղղություններով, որոնք անցյալում միշտ բացասաբար են անդրադարձել տնտեսական զարգացման վրա:

Մենք խոսեցինք նաև Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակի և հակամարտությունների լուծման մասին, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում։ Կողմերի միջև առաջին հանդիպումներ, զրույցներ արդեն եղել են: Իհարկե, դա պետք է հիմնված լինի փոխադարձության վրա, և չի կարող այնպես լինել, որ միայն մի կողմը բարի կամք դրսևորի, այլ անհրաժեշտ է, որ երկու կողմն էլ բարի կամեցողություն ցուցաբերեն, և այս առումով, կարծում եմ, այստեղ դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Բայց մենք այն կարծիքին ենք, որ Մինսկի գործընթացը պետք է շարունակվի, և ԵԱՀԿ-ն ևս կարողանա իր հնարավորություններն օգտագործել։

Շատ կարևոր էր, որ ընտրություններից հետո մենք այսօր կրկին հանդիպելու, մտքեր փոխանակելու հնարավորություն ունեցանք, և կարծում եմ՝ Ձեր այցը մեծապես կնպաստի հայ-գերմանական հարաբերությունների ինտենսիվացմանը: Եվս մեկ անգամ բարի գալուստ և ամենայն բարիք Ձեր դժվարին գործունեության մեջ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.

«Շնորհակալություն, հարգելի տիկին կանցլեր,
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր տիկին Անգելա Մերկելին պաշտոնական այցով հրավիրելու համար: Գերմանիան Հայաստանի կարևոր միջազգային գործընկերն է, Եվրամիության երկրներից` առաջին առևտրատնտեսական գործընկերը Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում` երկրորդը: Եվ իհարկե, այս փաստով արդեն արձանագրվում է այն առանձնահատուկ կարևորությունը, որ ունեն Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի հարաբերությունները:

Իհարկե, հիմա կարող ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները բավական լավ, դինամիկ զարգացում են ստանում, եթե մանավանդ հաշվի ենք առնում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տիկին կանցլերը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, և ահա տեղի է ունենում իմ պատասխան այցը:

Ես ուրախ եմ, որ այս ընթացքում կարևոր զարգացումներ են արձանագրվել Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգն անշրջելի են Հայաստանի համար, և ուրախ ենք, որ և՛ Գերմանիան, և՛ Եվրամիությունն ընդհանրապես պատրաստակամ է Հայաստանի Հանրապետությանն աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: Եվ շատ կարևոր է ընդգծել, որ Եվրամիության մեր գործընկերները և Գերմանիան առավել ևս այս բարեփոխումների օրակարգի համատեքստում մեր առաջ չեն դնում և չեն դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգն իսկապես կարող է լիարժեք իրագործվել նաև Եվրամիության և հատկապես Գերմանիայի աջակցությամբ:

Իհարկե, մենք քննարկել ենք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ թվում՝ առանձնահատուկ կարևորություն է ստացել տնտեսական համագործակցության թեման և արձանագրել ենք, որ այսօր արդեն գերմանական կապիտալի ներգրավման մի քանի ներդրումային կարևոր ծրագրեր են իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, և մենք հույս ունենք, որ ներդրումային միջավայրի բարելավմանը զուգընթաց գերմանական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում անխուսափելիորեն կավելանան:

Ըստ էության, մենք խոսեցինք նաև տարածաշրջանային իրավիճակի մասին, միջազգային օրակարգին վերաբերող հարցերի վերաբերյալ: Եվ ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք փոխադարձ ըմբռնում: Իհարկե, մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը չափազանց կարևոր են, բայց նաև կարևոր է արձանագրել, որ այդ խաղաղությունը և կայունությունը պետք է լինեն բազմակողմ ջանքերի արդյունք:

Մենք խոսել ենք նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, և այս արձանագրումը նույնպես այդ համատեքստում արվել է, որ գործընթացը պետք է լինի երկկողմանի, և չի կարող այդ գործընթացը տեղի ունենալ միակողմանիության տրամաբանության մեջ: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ այս պահին, գոնե ես, բավարարված եմ մեր քննարկումների արդյունքներից, բանակցությունների արդյունքներից և Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն խոչընդոտներ չկան, այլև կարծես թե կա փոխադարձ հետաքրքրություն այդ հարաբերություններին նոր ազդակ, նոր ուժ, նոր թափ հաղորդել: Ես համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա»:

Հարց - Հարցս ուղղում եմ տիկին կանցլերին` ակնկալելով նաև Ձեր արձագանքը, պարոն վարչապետ: Հարցը վերաբերում է արցախյան կարգավորման խնդրին: Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեք անգամ հանդիպել են: Տիկին կանցլեր, ի՞նչ եք կարծում` ի՞նչ ազդեցություն կունենան խաղաղության գործընթացի վրա այս հանդիպումներն ու նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում: Շնորհակալություն:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել- Հավատում եմ, որ լավ է, եթե մարդիկ իրար հետ խոսեն, բայց երկու կողմը պատրաստ պետք է լինի, խոսքերին պետք է որոշ գործողություններ հետևեն: Եվ կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը, բայց դա պահանջում է, որ դիմացի կողմն էլ պատրաստակամ լինի նման խիզախ քայլեր իրականացնել: Կարծում եմ, որ պարոն վարչապետը պետք է շարունակի, բայց վերջին հաշվով երկու կողմերը պետք է համաձայնվեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ խիզախ քայլերի մասին է խոսքը և նաև արձանագրել դա, որովհետև դա իսկապես շատ կարևոր բնորոշում է բանակցային այսօրվա իրավիճակին: Ինչպես գիտեք, ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ արել եմ հայտարարություն, որը շատ կարևոր եմ համարում` ասելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես հույս ունեի, որ այդ հայտարարությանը նմանատիպ հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից: Բայց, ցավոք, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի և Ղարաբաղի ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ ահա այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցային գործընթացում և քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը, և ես ուզում եմ ընդգծել, որ նաև մեր քննարկումների ընթացքում հստակ արձանագրել եմ, որ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց ես չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից` այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել: Նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչները:

Հարց- Պարոն վարչապետ, ինչպե՞ս եք կարծում` կարող է Եվրամիությունը միջնորդի դերով հանդես գալ Ղարաբաղի հիմնահարցում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչպես գիտեք, Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված ֆորմատ կա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, և համանախագահող երկրներն են` Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը: Ըստ էության` դա Մինսկի խմբի համանախագահությունն է, բայց Մինսկի խմբի շրջանակը շատ ավելի լայն է, այնպես որ կարող ենք արձանագրել, որ այդ ֆորմատը, ըստ էության, ապահովում է միջազգային հանրության ներկայացվածությունը բանակցային գործընթացում: Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատն այս տարիներին համենայնդեպս բավական հաջող է գործել տարածաշրջանում հարաբերական կայունությանը նպաստելու տրամաբանության առումով: Եվ ինչ վերաբերում է բուն կարգավորմանը, կարծում եմ՝ համանախագահող երկրները և նաև միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է, և միջազգային հանրությունը չի կարող հակամարտության երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, այլ ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել խոսակցության, բանակցության համար: Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է հենց հաջողել այդ հարթակն ստեղծելու առումով:

Հարց - Տիկին կանցլեր, հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և հիմա էլ ընթացող հայտարարված հակակոռուպցիոն պայքարը, նաև Եվրամիության բանաձևը «ավելին ավելիի դիմաց» նկատի ունենալով՝ արդյոք Բեռլինը մտադի՞ր է նոր ջանքեր գործադրել` մեծացնելու Եվրամիության կողմից Հայաստանին տրվող օժանդակությունը և նպաստելու վիզաների ազատականացմանը:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել – Այո, այդպես է: Մենք արդեն աջակցում ենք. Եվրամիությունը պարոն Յոհանես Հանի միջոցով արդեն իր աջակցությունը հստակ արտահայտել է, և մենք չենք ցանկանում արտգործնախարարության արտաքին քաղաքականությանը միջամտել: Հայաստանը` որպես անկախ պետություն ինքն է որոշում, թե արտաքին հարաբերություններում որ երկրում պետք է աշխատի: Եվ մենք արդեն ունենք պայմանագիր, որով կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ Եվրոպական միության Ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի վերջին այցը հստակ պատասխան տվեց այդ հարցին: Եվրամիության ներկայացուցիչներն արդեն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները և այս առումով, կարծում եմ, ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության ու Եվրամիության երկրների հետ հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված և չեմ կարծում, թե այդ առումով մենք խոչընդոտներ կունենանք: Ըստ էության, իսկապես Հայաստանում ժողովրդավարական էական զարգացումներ են տեղի ունենում, և որևէ կասկած չկա, որ այդ զարգացումները կշարունակվեն: Ինչպես նախկինում ասել եմ, անկախ արտաքին աջակցության առկայությունից կամ բացակայությունից` ժողովրդավարությունը, ինչը նաև վերջին ընտրություններում արձանագրվեց, մեր ժողովրդի ընտրությունն է, մեր ժողովրդի արժեքային համակարգը: Շատ կարևոր է, որ այս առումով որևէ կողմից մեր առաջ չի դրվում ժողովրդավարության համատեքստում աշխարհաքաղաքական որևէ ընտրություն կատարելու խնդիր, ինչը նշանակում է, որ մեր զարգացումները, բարեփոխումների մեր օրակարգը կիրականացվի առավել հաջողությամբ, առավել բարենպաստ միջավայրում: Այս առումով, մենք շատ ուղիղ և բաց հարաբերություններ ենք պահպանում և՛ Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների, և՛ Եվրամիության մեր գործընկերների հետ հարաբերություններում: Այնպես որ, կարծում եմ, որ գնդակը, ինչպես ասում են, Հայաստանի կառավարության դաշտում է և պետք է կարողանանք առավել արդյունավետ իրականացնել բարեփոխումների մեր օրակարգը՝ վստահ լինելով, որ աջակցություն կունենանք ինչպես Եվրամիության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերներից:

Մոռացա անդրադառնալ վիզաների ազատականացման հարցին: Այդ թեման մենք նույնպես քննարկել ենք, և այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի գրավիչ երկիր լինի սեփական քաղաքացիների համար: Ուրախ եմ արձանագրել, որ 2018 թվականին երկար տարիներ ի վեր առաջին անգամ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվն ավելի մեծ է եղել: Մենք պետք է մեր երկրում ինստիտուցիոնալ այնպիսի բարեփոխումներ իրականացնենք, որ Հայաստանի Հանրապետությունը չդիտարկվի որպես, այսպես ասած, փախստականներ մատակարարող երկիր: Այս տարվա զարգացումները ցույց են տալիս, որ մենք այդ ուղղությամբ շարժվում ենք, և շարժվում ենք վստահ: Եվ, իհարկե, մեր քննարկումների, բանակցությունների և հարաբերությունների զարգացման առումով` հույս ունեմ առավել նպաստավոր պայմաններ կստեղծենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցում հաջողության հասնելու համար, և ի վերջո, կարծում եմ, ժամանակն է, որ մենք մտածենք այդ թեմայով բանակցությունները մեկնարկելու մասին»:

* * *

Շարունակվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ԳԴՀ կանցլերի և Բունդեսթագի նախագահի հետ հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԳԴՀ նախագահական նստավայրում` Բելվյու ամրոցում, ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա, որը Հայաստանի և Գերմանիայի միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու լավ առիթ է: Նախագահ Շթայնմայերն ընդգծել է` երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պետք է շարունակաբար ամրապնդել և օգտագործել այլ ուղղություններով ևս համագործակցությունը զարգացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար Գերմանիան կարևոր գործընկեր է, և ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել ակտիվ միջպետական երկխոսությունը:

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական գործընկերության ընդլայնմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և այդ համատեքստում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, տարածաշրջանային ու միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

* * *

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը հանձնաժողովի անունից ողջունել է ՀՀ վարչապետին Գերմանիայում և նշել. «Շնորհավորում ենք Ձեզ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի և հստակ մանդատի կապակցությամբ, որը Ձեզ տվել է Հայաստանի ժողովուրդը: Մենք ողջունում ենք բարեփոխումների Ձեր ծրագիրը:

Հայաստանի հետ կապված մեր օրակարգը շատ հավակնոտ է. մարտին մենք մեծ տնտեսական պատվիրակությամբ գալու ենք Հայաստան: Այսօր ստորագրելու ենք Մտադրությունների մասին հուշագիր, որը հենց վերաբերում է Հայաստանի առաջնահերթություններից մեկին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:

Հայաստանը նաև շատ հետաքրքիր օրինակ է տնտեսական առումով` որպես երկիր, որը միաժամանակ ինտեգրվում է և’ Եվրոպական միությանը, և’ Եվրասիական տնտեսական միությանը: Դա բարձրացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը»:

Շնորհակալություն հայտնելով խոսքերի համար` վարչապետ Փաշինյանը կարևորել է գերմանական տնտեսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը և ներկայացրել Հայաստանի տնտեսական օրակարգը: «Մեր առաջիկա օրակարգի կարևոր հատվածը հենց տնտեսությանն է վերաբերում, որովհետև քաղաքական փոփոխությունները տնտեսական փոփոխությունների հնարավորություններ են ստեղծել: Մենք ցանկանում ենք Հայաստանի տնտեսության կառուցվածքում լուրջ փոփոխություններ անել. նախատեսում ենք հանքարդյունաբերության ոլորտում մեր չափանիշները բարձրացնել և տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

ՀՀ վարչապետը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում ներդրումային գրավչություն ունեցող ոլորտները` տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, այլընտրանքային էներգետիկա, ջրամբարաշինություն, սննդի վերամշակում, տեքստիլ և թեթև արդյունաբերություն, գինեգործություն և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` այսօր Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ ներդրումներ իրականացնելու ցանկության դեպքում որևէ խոչընդոտ լինի, և չկա սեփականության վերաբաշխման որևէ օրինակ. քաղաքական փոփոխություններից հետո սրանք տնտեսական ամենակարևոր արձանագրումներն են: «Հայաստանում սեփականության իրավունքը երաշխավորված և պաշտպանված է: Մեր ուղերձը հետևյալն է` դուք ազատված եք բոլոր հնարավոր կոռուպցիոն պարտավորություններից, որ եղել են նախկինում: Բոլոր ներդրողների նկատմամբ ունենք նույն վերաբերմունքը և ասում ենք` եկեք Հայաստան, ներդրումներ արեք, հարստացեք և հարստացրեք», - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Քննարկվել են տարբեր` այդ թվում նաև ՏՏ, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, աղբահանության, փոխադրումների բնագավառներում հնարավոր ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր:

Գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ վերջին շրջանում հաճախ այցելել են Հայաստան և կարող են արձանագրել` մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները դրական մթնոլորտ են ձևավորել Հայաստանի շուրջ. բարձրացել է ՀՀ ներդրումային գրավչությունը, մեծացել է օտարերկրյա ներդրողների հետաքրքրվածությունը երկրում տնտեսական գործունեություն ծավալելու համար ստեղծվող հնարավորությունների նկատմամբ:

Համագործակցության հնարավորությունների շուրջ մտքերի փոխանակության ամփոփման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` աշխատանքային քննարկումներ ծավալել և գերմանական տնտեսական պատվիրակության` ապրիլին կայանալիք այցից առաջ ուրվագծել կոնկրետ ուղղություններ և ծրագրեր, որոնց շուրջ արդեն Հայաստանում առարկայական քննարկում կլինի:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր` տեղեկատական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան և գերմանական բիզնես ասոցիացիաների միջև համագործակցության վերաբերյալ: Այն ստորագրել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը: Հուշագրով նախատեսվում է խորացնել ՏՏ բնագավառում փոխգործակցությունը, սերտացնել ոլորտի ընկերությունների միջև կապերը, իրականացնել համատեղ ծրագրեր: Փաստաթղթի համաձայն` կողմերը կհամագործակցեն նաև Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում:

Հայաստանի վարչապետի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ավարտվել է:

← Վերադառնալ