Արտերկրյա այցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իրան

27.02.2019 - 28.02.2019

ևս 100 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան:

Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել են պատվիրակությունների անդամներին, որից հետո մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները:

* * *

ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները:

Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար: «Բարի գալուստ Իրան: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսևորվեցին ժողովրդավարական ճանապարհով: Մեր պատմական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական և մենք ցանկանում ենք դրանք առավել ամրապնդել ու զարգացնել: Իրանը մշտապես ցանկանում է հարևանների, մասնավորապես, Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ և շարունակել դրանք: Համոզված եմ, որ Ձեր այցը Իրան կնպաստի երկկողմ քաղաքական, տնտեսական և հումանիտար հարաբերությունների առավել ամրապնդմանը»:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ռոհանիին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ հավելելով. «Իրանը մոտ է մեր երկրին ոչ միայն աշխահագրական, այլ նաև բարեկամական կապերի առումով, և բազմիցս առիթ ունեցել ենք ընդգծել դրանց կարևորությունը: Հայաստանում տեղի են ունենում կարևորագույն փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ներհայաստանյան պրոցեսներ են, և որևէ արտաքին ուժ մեր երկրի քաղաքական գործընթացներում ներգրավված չի եղել: Սա սկզբունքային կետ է տեղի ունեցած գործընթացները ըմբռնելու համար: Համոզված եմ, որ մեր հարաբերությունների առումով նույնպես նոր հնարավորություններ են բացվել, և մենք ունենք քաղաքական կամք դրանք իրացնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Իրան է այցելում երրորդ անգամ` առաջինը տեղի է ունեցել որպես լրագրող, երկրորդը` որպես պատգամավոր, երրորդը` որպես վարչապետ: Նիկոլ Փաշինյանը նշել է Իրանում տեղի հայության նկատմամբ առկա ջերմ վերաբերմունքի փաստը: «Դա ևս ամրապնդում է մեր բարեկամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ: Մեր առանձնազրույցի ընթացքում քննարկեցինք կարևոր հարցեր, հույս ունեմ, որ այս այցի ընթացքում այդ հարցերի մի մասի լուծումներին կկարողանանք հասնել»,- ասել է վարչապետը:

Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ երկու կողմերի քաղաքական կամքը բավարար է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները շարունակեն ամրապնդվել:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հետագայում Հայաստանն ու Իրանը ոչ միայն կպահպանեն փոխվստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները, այլև կընդլայնեն ու կխորացնեն:

ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե՛ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե՛ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:

Կողմերը մեծապես կարևորել են նաև Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը և պայմանավորվել առաջիկայում այդ ուղղությամբ իրականացնել գործնական քայլեր:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել անել առավելագույնը երկկողմ առևտրա-շրջանառության ծավալները մեծացնելու և փոխադարձ ներդրումներն ակտիվացնելու համար:

Այդ առումով, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության քայլերին, որոնք ուղղված են ներդրումային միջավայրն առավել նպաստավոր և գրավիչ դարձնելուն:

Երկկողմ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու տեսանկյունից կարևորվել է ԵԱՏՄ-Իրան ստորագրված համաձայնագրի վավերացումը խորհրդարանների կողմից: Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին համոզմունք են հայտնել, որ այդ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններն առավել խթանելու համար: Նրանք կարծիք են հայտնել, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելուց հետո օգտակար կլինի Երևանում և Թեհրանում կազմակերպել հայկական և իրանական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, կազմակերպել բիզնես ֆորում:

Հայաստանի և Իրանի համագործակցության կարևոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրանական կողմի հնարավոր մասնակցությունը:

Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում երկու երկրների էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել համագործակցության զարգացման ուղղությամբ ունեցած քննարկումների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին կարևորել են նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու պայմանավորվել հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնել ընթացիկ տարվա ամռանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության խթանմանն ու Հայաստանից Իրան մսամթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, մասնավորապես, դեղագործության, զբոսաշրջության, բնապահպանության և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը և ավելացրել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին համակարծիք են եղել, որ ԼՂ հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:

Այս համատեքստում, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ խնդիրների շուրջ:

Հանդիպման ավարտին երկու երկրների առաջնորդները հանձնարարել են Հայաստանի և Իրանի կառավարությունների պատասխանատուներին` ըստ ոլորտների շարունակել ակտիվ քննարկումները` մինչև միջկառավարական գալիք նիստը դրանք կոնկրետ պայմանավորվածությունների վերածելու նպատակով:

* * *

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանի. «Ողջունում եմ մեծարգո պարոն Փաշինյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով: Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ականատեսն ենք եղել և հույս ունենք, որ նոր կառավարության գործունեության ընթացքում էլ ականատես կլինենք այդ հարաբերությունների զարգացմանը:

Այսօրվա հանդիպման ընթացքում բանակցություններ ունեցանք երկկողմ, տարածաշրջանային հարաբերությունների և աշխարհում տեղի ունեցող տարբեր հարցերի շուրջ: Պարոն վարչապետի հետ հանդիպմանը մենք գոհունակություն ենք հայտնել Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների հետ կապված Հայաստանի դիրքրոշման կապակցությամբ: Մեր երկու երկրների նպատակն է, որպեսզի աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի և թույլ չտանք, որպեսզի որևէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին և համագործակցությանը:

Մեր երկու երկրների միջև շատ լավ համագործակցություն է ձևավորվել, առկա են բարձր մակարդակի քաղաքական, մշակութային հարաբերություններ, համագործակցություն կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Մենք ցանկանում ենք, որ մյուս ոլորտներում էլ համագործակցությունը բարձր մակարդակի լինի:

Տնտեսական համագործակցության առումով առկա է մեծ ներուժ, որը պետք է ավելի լավ օգտագործել: Էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց խոշոր ծրագիր: Նաև մեր բանակցությունների ընթացքում ուշադրություն դարձրեցինք Մեղրի ՀԷԿ-ի աշխատանքների հետ կապված հարցերին:

Մյուս թեմաներից մեկը, որը մեր ուշադրության կենտրոնում է, վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքներին: Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին: Մեր ուշադրության կենտրոնում է նաև տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացումը, մասնավորապես, բեռնատարների երթևեկության ուղղությամբ:

Անդրադարձել ենք նաև գյուղատնտեսության ոլորտին: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում այդ ոլորտում համագործակցել, զարգացնել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում, խթանել անասնապահության ոլորտում գործակցությունը:

Քննարկումների մյուս թեման վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հաշվի առնելով մեր միջև լավ համագործակցությունը` հայտնում ենք մեր պատրաստակամությունը զարգացնելու այդ ուղղությամբ կապերը:

Բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաև դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով: Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան:

Քննարկման մյուս թեման վերաբերում էր Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի միջոցով կապելուն: Որպես ամփոփիչ խոսք, պետք է նշեմ, որ ամենից կարևոր կետը այն է, որ երկու երկրներում առկա է ցանկություն, ներուժ, կամք, որպեսզի զարգացնենք հարաբերությունները: Մենք հանձնարարություններ տվեցինք պատասխանատուներին, որպեսզի քննարկեն բոլոր հարցերը մինչև միջկկառավարական նիստը»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Այցի առաջին րոպեներից արդեն զգում ենք և գիտենք, որ եկել ենք բարեկամ երկիր և հույս ունենք, որ Իրանի գործընկերները մեզ հետ շփումներից արձանագրել են, որ ընդունել են բարեկամական երկրի ներկայացուցչական պատվիրակության:

Մեր պատվիրակության կազմում ընդգրկված են ոչ միայն գործադիր մարմնի, այլև խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչն ընդգծում է մեր երկրի քաղաքական ուժերի կողմից հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ տածած կարևորությունը:

Մեր հարաբերությունների հատուկ բնույթը ընդգծվում է նաև Իրանում ակտիվ հայ համայնքի ներկայությամբ, և ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իրանի կառավարությանը այն վերաբերմունքի համար, որ նրանք ունեն Իրանի մեր հայրենակիցների նկատմամբ:

Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է:

Նախագահ Ռոհանին արդեն ներկայացրեց այն հարցերի շրջանակը որ մենք քննարկել ենք: Ես կցանկանայի մեկ-երկու դետալ ավելացնել:

Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր` մեզ համար կարևոր է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը խորհրդարաններում վավերացվելու գործընթաց է անցնում: Ըստ ամենայնի, այն ուժի մեջ կմտնի մեր նախագահության շրջանում: Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առևտրաշրջանառությունը մեծացնելու և մեր երկրների գործարար շրջանակների համար: Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին` օգտվել այդ հնարավորություններից:

Իհարկե, էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կարևոր է: Նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղութւամբ:

Ընդհանուր առմամբ կարևոր էր այն արձանագրումը, որ մենք արեցինք բանակցությունների ընթացքում. դա այն է, որ երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկենք առավել լայն համատեքստում և իրականացնենք ծրագրեր, որոնք կունենան տարածաշրջանային նշանակություն:

Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ:

Այս պահին մեր ունեցած քննարկումները հիմք են տալիս ասելու, որ մեր այցը հաջող է ընթանում, և մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ մեր գործողություններում պետք է ելնենք մեր բարեկամական հարաբերությունները և դրանց մթնոլորտը ուժեղացնելու տրամաբանությունից:

Պարոն Ռոհանի, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և մեր կառավարությունների ներկայացուցիչներին մաղթել հաջողություններ մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Շնորհակալ եմ»:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների երկրների միջև համագործակցության փոխըմբռնման հուշագրեր:

Մասնավորապես, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև:

Երկրորդ հուշագիրը ստորագրվել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև:

Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

* * *

Պաշտնական այցով Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Պարոն Լարիջանին ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ վերջին անգամ Իրանի Մեջլիսում եղել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում կատարած այցի շրջանակում, որից պահպանում է ջերմ և հաճելի հիշողություններ:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում:

Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդումը և այդ գործում կարևորել նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը: Այդ առումով զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեության, փոխադարձ այցելությունների, խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունների հետագա ամրապնդմանն իր նպաստն է բերում նաև օրենսդիր մարմինների համագործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման արդյունքներից՝ ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Ալի Լարիջանին իր հերթին ընդգծել է, որ Իրանի խորհրդարանը դրական է տրամադրված հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում: Նրա խոսքով` առկա են փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Այս համատեքստում նշվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագրի կարևորությունը և փաստաթղթի վավերացումը խորհրդարանների կողմից: Կողմերը կարևորել են նաև զբոսաշրջության և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին:

Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքներին: Այաթոլլա Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին: Նա առանձնակի կարևորել է հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանը շահագրգիռ է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին և ժողովրդական հեղափոխությանը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական կանոններով տեղի ունեցած գործընթացներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային տարբեր խնդիրների: Նիկոլ Փաշինյանը և Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:

* * *

Իրան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա վերջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ ունեցել է տեղի հայ համայնքի հետ: Հանդիպումը կայացել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հազարավոր իրանահայեր, ովքեր ՀՀ կառավարության ղեկավարին ողջունել են մեծ ոգևորությամբ, ջերմությամբ և ծափողջյուններով:

Նիկոլ Փաշինյանը մինչ ելույթով ներկաներին դիմելը` գրառում է կատարել «Արարատ» մարզամշակութային միության պատվավոր հյուրերի գրքում:

Ողջունելով իրանահայ համայնքի ներկայացուցիչներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Իրանի հպարտ հայության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը` մաքուր հայկական, մաքուր հայաստանյան, մաքուր ընտանեկան, մաքուր հարազատ այսպիսի մթնոլորտում: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, հպարտանում եմ ձեր ոգով, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, որ ապրելով հայրենիքից դուրս, այո, բարեկամական, եղբայրական Իրանում, այնուամենայնիվ շատ կարևոր է, որ ապահովել եք այսպիսի մթնոլորտ: Սա փաստում է, որ Իրանի քաղաքացի լինելը որևէ հակասության մեջ չի մտել և չի մտնում հայ լինելու հետ, հայաստանցի լինելու հետ, հայաստանակենտրոն լինելու հետ:

Նախորդ ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական օրերին, իհարկե, շատ հնարավորություն չեմ ունեցել հետևելու, թե ինչ է կատարվում մեր համայնքներում, մասնավորապես, Իրանի հայ համայնքում, բայց նաև գիտեմ, որ ողջ համայնքն ուշի ուշով հետևել է հայաստանյան իրադարձություններին: Չեմ սասանվի ոչ մի րոպե ասել, որ սիրելի հայրենակիցներ, դուք լիարժեք մասնակիցն ու հեղինակն եք այն ժողովրդական հեղափոխության, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Անկախ նրանից, թե ով է ֆիզիկապես այդ օրերին եղել ՀՀ-ում` առանց ձեր աջակցության այդ փոփոխությունները տեղի չէին ունենա:

Այո, ձեզնից յուրաքանչյուրն իր սիրով, ուշադրությամբ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լիարժեք մասնակիցն է, և Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի անհատական հաղթանակն է, որովհետև այս հաղթանակը միասնություն է բերել հայ ժողովրդին և այդ միասնությունը երբեք որևէ բանով չի խաթարվելու:

Ուզում եմ հստակ արձանագրել. այո ՀՀ-ում սփյուռքի հետ կապված հարցերում կարող են լինել քննարկումներ, բանավեճեր, տարբեր մոտեցումներ և տեսակետներ, բայց ուզում եմ մի կոնկրետ խնդիր դնել բոլորիս առաջ, առաջին հերթին, իհարկե, իմ և մեր կառավարության առաջ. պետք է բացառել այնպիսի գործողությունները, որոնք որևէ կերպ կասկածի տակ կդնեն այն բացառիկ ազգային միասնությունը, որ այսօր վայելում է հայ ժողովուրդը Հայաստանում, Իրանում և ի սփյուռս աշխարհի: Այդ միասնությունը դուրս է ցանկացած քաղաքական, կուսակցական շահից, մեր ազգային միասնությունը վեհ է ամեն ինչից և բոլորս ծառայում ենք այդ ազգային միասնությանը:

Չեմ կարող իմ առանձնահատուկ հարգանքի և գնահատանքի խոսքերը չասել «Արարատ» ակումբին, որը երկար տարիներ անհատական ջանքերով, համայնքի ջանքերով, առանձին խմբերի ջանքերով, կուսակցությունների ջանքերով կարողացել է ստեղծել այսպիսի մի բացառիկ հայկական օջախ, որի ամեն քարից, ծառից, ամեն անկյունից երևում է հայկականությունը: Սա իսկապես մեր միասնական հպարտությունն է, շնորհակալություն եմ հայտնում «Արարատ» ակումբի սիրելի մասնակիցներ, կազմակերպիչներ: Ընդգծում եմ, որ այս ծառայությունը բացառիկ է ոչ միայն Իրանի հայ համայնքի, այլ ընդհանրապես հայության և ՀՀ-ի համար:

Ուզում եմ ընդգծել նաև այն բացառիկ ծառայությունը, որ այստեղ իրանահայ համայնքում ունեցել է և ունի Հայ Առաքելական եկեղեցու իրանահայ թեմը, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին: Այն, որ բոլորս այստեղ նույն տանիքի տակ ենք հավաքված` ընդգծում է, որ մեր ժողովրդի պատմության համար իսկապես նոր էջ է բացվել, և այդ պատմության մեջ մեզնից յուրաքանչյուրն ունի գրելու և ստեղծելու իր բաժինը:

Մեր հեղափոխության և կառավարության մեծագույն առաքելությունն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը, ձեզնից յուրաքանչյուրը, մենք` որպես ամբողջություն, ոչ միայն հավատանք մեր հայրենիքի, ժողովրդի ապագային, այլև վստահ, համոզված լինենք, որ մենք հաղթական քայլելու ենք 21-րդ դարում: Սա մի նոր համազգային քայլարշավ է, որով մենք նոր էջ պետք է բացենք մեր ժողովրդի պատմության մեջ:

Շնորհակալություն եմ հայտնում, որ դուք այսպիսով արձանագրում եք նաև ձեր հավատարմությունն այն արժեքներին, որ բերեց տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը:

Մեր միասնական խնդիրը հետևյալն է. մենք այլևս չունենք Հայաստանի օրակարգ և Սփյուռքի օրակարգ, ունենք համազգային օրակարգ, որի նպատակը մեր համազգային նպատակների և երազանքների իրագործումն է:

Բազմիցս ասել եմ. շատ երկար ժամանակ տառապանքների մեջ, չարչարանքների մեջ մեր ժողովուրդը երազել է, մենք երազել ենք նոր հաղթանակների, նոր երջանկության և նոր միասնության մասին: Ուզում եմ ասել, որ եկել է երազանքները կյանքի կոչելու ժամանակը և այսօրվա ձեր ներկայությունը վկայում է, որ մենք միասնական ենք և վճռական երազանքները կյանքի կոչելու ճանապահին, լինի դա տնտեսապես Հայաստանը հզորացնելու, լինի Արցախի ժողովրդի արդար պահանջի իրացման, լինի մեր երազանքների իրացման հարցը:

Մենք մեր ձեռքերով պետք է կերտենք մեր ապագան, այնպես, ինչպես մեր ձեռքերով կերտել ենք մեր ներկան: Մեր ճակատագիրն այլևս արևելքներում, հյուսիսներում և հարավներում չէ, այլ մեր ձեռքերում է, և մենք որպես արժանապատիվ քաղաքացիներ` մեր ձեռքը պետք է վերցնենք մեր ճակատագրի ղեկը և որպես պետություն, որպես ժողովուրդ պետք է առաջնորդենք նորանոր հաղթանակների: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ այս երազանքների իրականացումը յուրաքանչյուրիցս, առավել ևս ինձնից, կառավարությունից է կախված:

Ձեր առանձնահատուկ պարտականությունն այսօր դուք կատարեցիք, որովհետև հանդիպումից այնքան էներգիա, ուժ ստացա, որ Հայաստան վերադառնալուց հետո իմ առաքելության մեջ լինելու եմ կրկնակի, եռակի, քառակի ջանասեր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հանդիպման և մթնոլորտի համար:

Ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ-իրանական բարեկամությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք որպես ազատ, հպարտ և արժանապատիվ ժողովրդի արժանապատիվ և հաղթական զավակներ: Շնորհակալ եմ»:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Իրան կատարած այցին և բանակցությունների արդյունքներին, ՀՀ կառավարության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին ու այլ թեմաների:

* * *

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: ՀՀ կառավարության ղեկավարը տիկնոջ` Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ փետրվարի 28-ի առավոտյան Թեհրանից մեկնել է Սպահան:

Նիկոլ Փաշինյանը Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզայիի ուղեկցությամբ այցելել է Նաղշ-Է Ջահան հրապարակ, որը համարվում է քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ տեղակայված են հոգևոր և մշակութային տարբեր կառույցներ:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը եղել են «Իմամի», «Շեյխ Լոթֆոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» պալատում և «Քեսարիեհ Բազարի»-ում: Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են իրանական հոգևոր և մշակութային կառույցների պատմությանը:

Նիկոլ Փաշինյանն Աբբաս Ռեզայիի հետ աշխատանքային ճաշի ընթացքում կարևորել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը, գործնական քայլերի իրականացումը:

Սպահանի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին իրենց նահանգ այցելելու համար և բարձր գնահատել Սպահանի հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում:

Օրվա երկրորդ կեսին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմավորել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը:

ՀՀ վարչապետը և նրա տիկինը շրջայց են կատարել վանական համալիրում, եղել թանգարանում` ծանոթացել վերջինիս պատմությանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Սպահանի «Արարատ» ակումբ և հանդիպել տեղի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների հետ: Վերջիններս վարչապետ Փաշինյանին դիմավորել են ջերմությամբ և բուռն ծափողջույններով:

Դիմելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Քանի որ այստեղ խոսք գնաց հպարտ բառի մասին, կարծում եմ, որ այն որոշակի իմաստային փոփոխություն է կրել: Այո, ըստ Աստվածաշնչի` հպարտությունը մեղք է, սակայն կարծում եմ` այնտեղ նկատի է առնվում գոռոզությունը: Հպարտությունը ժամամանակակից լեզվում օգտագործվում է ամուր ոտքերով, պինդ ողնաշարով, աշխատող ձեռքերով, բաց ճակատով մարդուն, ժողովրդին նկարագրելիս և ուրեմն` Նոր Ջուղայի հպարտ հայության հպարտ քաղաքացիներ` ողջունում եմ ձեզ:

Իրոք սա հայության համար մի պատմական օջախ է և քաղաքական, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության բնակչության մի հսկայական մասը հայտնվեց Սպահանում և հիմնադրեց Նոր Ջուղան: Ըստ էության, այո, մարդիկ դառնացած լքեցին Հայաստանը, բայց Նոր Ջուղան դարձավ հայ ժողովրդի մշակութային վերածննդի մի իսկական օջախ:

Իրոք, դրանք աշխարհաքաղաքական խառնակ ժամանակներ էին և այդ գաղթից հետո Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում էր ծանր իրավիճակում` անընդհատ կրկնվող պատերազմների թատերաբեմ էր, և Նոր Ջուղան դարձավ այն օջախը, որտեղ հայ ժողովուրդը զարգացրեց իր մշակույթը:

Սուրբ Ամենափրկիչը այն բացառիկ եկեղեցիներից է, որտեղ հայկական որմնանկարների բացառիկ նմուշ է պահպանվում: Ենթադրվում է, որ Արևելյան և Արևմտյան Հայաստանում նույնպես ունեցել ենք նման գլուխգործոցներ, բայց ժամանակն անողոք է գտնվել մշակութային ժառանգության նկատմամբ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ հայկական մշակույթի այս անգին գանձերը պահպանել եք մեզ մեր ժողովրդի համար, սա մեր ինքնության, հպարտության, մեծության անբաժենլի մասն է: Շնորհակալ եմ, որ պահպանել եք հայկական ինքնությունը և ի վերջո Հայաստան վերադառնալու հայկական երազանքը:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել, որ այսքան հայկական և հայ մնալով կարողացել եք լինել Իրանի Իսլամական Հանրապետության լիարժեք քաղաքացիներ, ովքեր անմնացորդ ծառայել են բարեկամ այս պետության հզորացմանը և բարգավաճմանը: Շնորհակալություն ձեզ ԻԻՀ լիարժեք, արժանապատիվ և հպարտ քաղաքացի լինելու, հայ-իրանական բարեկամությունը աղյուս առ աղյուս, կաթիլ առ կաթիլ կառուցելու համար:

Այն, որ մեր և առհասարակ հայկական պատվիրակությունների պաշտոնական այցերն անցնում են բարձր մակարդակով` մեր բարեկամական հարաբերությունների ուղղությամբ ձեր անուրանալի ծառայության արդյունքն է:

Քանի որ խոսվեց պատմության մասին` ուզում եմ ընդգծել, որ այն իսկապես մեզ համար չափազանց կարևոր է: Ուրախ եմ տեսնել այն մթնոլորտը, որ առկա է Նոր Ջուղայի, Թեհրանի, Փարիզի, Քյոլնի հայության շրջանում, այն բացառիկ ազգային միասնությունը, որ ունենք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո:

Համոզված եմ, որ այդ ժողովրդական հեղափոխությունը դուք համարում եք ձեր անձնական հաղթանակը, որովհետև դա ժողովրդի հաղթանակն է, հայ ժողովորդի յուրաքանչյուր զավակ ներդրում ունի այդ հաղթանակում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր քաղաքացիական հաղթանակի համար, որովհետև բոլորով մեծ քայլ ենք կատարել, որ մեր երազանքները դառնան իրականություն:

Ուզում եմ այսօր նաև ձեզ ողջունել որպես հաղթանակած հպարտ քաղաքացիների: Ձեզնից շատերն այսօր ՀՀ քաղաքացիներ չեն, բայց ես համայնքի ներկայացուցչի խոսքից հասկացա, որ ձեզնից շատերը Հայաստանի հպարտ քաղաքացի են լինելու վաղը և դա ամենակարևոր ու մեծ երազանքն է, որ մենք միասին պետք է ի կատար ածենք:

Երբ խոսում եմ դրա վերաբերյալ` առաջին հերթին մտածում եմ պատմության մասին և այդ խոսակցությունն ինձ հանգեցնում է այն մտքին, որ այն առաքելությունը, որ պետք է իրականացնենք` պատմական է, ոչ թե բառիս փոխաբերական, այլ բուն իմաստով:

Միշտ մտածել եմ, որ հայության խնդիրն է ի վերջո այնպես անել, որ որպես ժողովուրդ կարողանանք հաղթահարել այն պատմական ցիկլը, որը մեզ ուղեկցում է Արշակունիների ժամանակներից: Ո՞րն է այն. դա պետականության կորստի անընդհատ շրջապտույտն է, երբ մենք, ըստ էության, Արշակունիների դինաստիայի անկումով երկար ժամանակով ընդհատեցինք պետականություն ունենալու մեր պատմությունը:

Երբ մտածում եմ մեր հավաքական պատմական առաքելության մասին` առաջին միտքս այն է, որ միասին հաղթահարենք այն ցիկլը, երբ կորցնում ենք պետականությունը, երազում դրա մասին, վերականգնում այն, նորից կորցնում:
Պատմական այս համայնքում խոսելով մեր պատմական առաքելության մասին` պետք է ընդգծել, որ այն մեկն է` սրբագրել մեր իսկ պատմությունը և դրա տրամաբանությունը: Նոր Ջուղայի համայնքի ներկայացուցիչը նոր բուռն ծափերի ներքո հայտարարում էր, որ իրենց երազանքը Հայաստան վերադառնալն է ու այդպիսով նա ևս խոսում է մեր պատմությունը սրբագրելու մասին:

Դուք այստեղ հայտնվել եք, երբ մեր պետությունն ուժեղ չի եղել մեր նախնիներին պաշտպանելու համար: Վերրջերս հաճախ հիշատակում եմ Պապ թագավորին, որովհետև մտածում եմ` ո՞րն է այն ժամանակը, երբ մեր պատմությունը ծռվեց, մեզ դրեց անընդհատ աղետների առաջ կանգնելու շրջապտույտի մեջ: Ես մտածում եմ, որ դա հենց Պապ թագավորի ժամանակներն էին, երբ ունեինք իսկապես հնարավորւթյուն փոխել Հայաստանի և հայ ժողովրդի կարգավիճակը:

Այդ ժամանակներից էլ ինչ որ բան սխալ գնաց, որովհետև այն ժամանակ այնքան էլ ընկալունակ չէինք տեղի ունեցող իրադարձությունների պատմականության վերաբերյալ, միասնական չէինք, չունեինք միասնական գիտակցություն:

Մեր հազարամյա փորձությունները հասցրել են մեզ մի հանգրվանի, որ մենք որպես ժողովուրդ հասունացել ենք ունենալու հզոր պետություն: Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ:

Մենք որպես ժողովուրդ այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր իսկ եղբայրներին օգտագործեն մեր պետությունն ավերելու, քանդելու, թուլացնելու համար: Որովհետև սա հայ ժողովրդի միասնության բացառիկ ժամն է և մենք պետք է վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք ամենամեծ դավադրությունը մեր ժողորդի նկատմամբ:

Մենք թույլ չենք տալու որևէ մեկի մտքով անցնի, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը կարող է մեր ձեռքից խլել, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, մենք Տիգրան Մեծի ժառանգներն ենք, մենք Պապ թագավորի ժառանգներն ենք և մենք ուղղելու են այն պատմությունը, որ խլվել է մեր ձեռքից:

Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցավ նաև «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի ներքո և հայ ժողովրդի պատմական ճակատագրի հեղափոխությունը պետք է տեղի ունենա «Մենք ենք տերը մեր ճակատագրի» կարգախոսի ներքո: Մեզնից յուրաքանչյուրը` վարչապետ, թե նախարար, պատգամավոր, թե շինարար, Հայաստանում, թե Սփյուռքում պետք է գիտակցի իր բացառիկ պատմական դերը:

Երբ խոսում եմ մեր ունեցած պատմական դերի մասին` չեմ խոսում վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի կամ որևէ պետական մարմնի պատմական դերի մասին, խոսում եմ յուրաքանչյուր հայի պատմական դերի մասին:

Ուզում եմ ստանալ ձեր լիազորությունը, որ հայտարարեմ` յուրաքանչյուր հայ տեր է իր պատմական առաքելությանը և իր ուսերին հպարտ կրելու է իր պատմական առաքելությունը:

Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք գոյություն ունենան և հզորանան հավիտյան: Սա այլևս ժամանակավոր պետություն չէ, այս պետությունը կերտել ենք մեր սեփական ձեռքերով, արյունով և քրտինքով և այս պետությունը պահելու ենք մեր սեփական արյունով, քրտինքով, աշխատանքով և մտքով, որովհետև հայ ժողովուրդը հզոր հավատի, կամքի տեր ժողովուրդ է:

Ուրեմն` կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ հայ-իրանական բարեկամությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն ավարտվել է:

← Վերադառնալ