Պատմություն


Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրը նախագծվել է 1951թվականին, որպես ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի տուն, որը հետագայում ծառայել է որպես ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք: 

Նախագծի հեղինակը Հայկական ՍՍՀ արվեստի գործիչ, հայկական ՍՍՀ վաստակավոր ճարտարապետ, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Լենինի շքանշանակիր Մարկ Գրիգորյանն է:

1951թվականին նախագծված շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել է 2720 քմ:

Առաջին հարկի 338 քմ մակերեսով 10մ բարձրությամբ տարածքը նախատեսված է ընդունելությունների համար՝ առանձին սրահներով:

1960 թվականին Մարկ Գրիգորյանը, որպես շենքի նախագծի հեղինակ, պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով:

1987 թվականին շենքը վերակառուցվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծի հիման վրա: Շենքի երկու կողմերում ավելացվել է 10մ լայնությամբ և 6մ երկարությամբ երկու եռահարկ շենք: Վերակառուցման արդյունքում շենքի ընդհանուր մակերեսը կազմել է 4470 քմ: Շենքի արտաքին պատերը կառուցված են դեղնավուն տուֆով:
Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից հետո շենքը 1992-2018թթ. ծառայել է  որպես Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր:

Բաղրամյան հ.26 վարչական շենքը ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականին ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան:

2009-2010թթ. Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով շենքի առանցքով ետնամասում կառուցվել է քառահարկ շինություն, որպես վարչական մասնաշենք 3150.0 քմ ընդհանուր մակերեսով: Շենքի արտաքին պատերը երեսապատված են բաց դեղնավուն ֆելզիտով և տրավերտինով:

Առաջին հարկը և երրորդ հարկի մի հատվածը նախատեսված են ընդունելությունների համար՝ առանձին սրահներով: Շենքի մնացած հատվածը ծառայում է որպես վարչական մաս: 

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով Բաղրամյան 26 վարչական շենքը դարձել է ՀՀ վարչապետի նստավայր: