Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Ստեփանակերտում

09.05.2018

ևս 4 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ստեփանակերտում մամուլի ասուլիս է տվել:

Ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցերին: Ստորև ներկայացվում է հարցուպատասխանը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի լրագրողներ, շնորհակալություն ձեր ցուցաբերած հետաքրքրության համար: Ուզում եմ տեղեկացնել, որ այս օրն անցավ շատ հագեցած: Մենք նախ Արցախի Հանրապետության նախագահի և Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության այլ ներկայացուցիչների և քաղաքացիների հետ երթով շարժվեցինք դեպի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր, մեր հարգանքի տուրքը մատուցեցինք բոլոր զոհերին, ապա եղանք Շուշիում, որից հետո անցկացրինք բանակցություններ, որոնք, պետք է ասել, շատ արդյունավետ էին: Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերություններին, և որևէ կասկած չկա, որ այսօրվա այցի արդյունքներով այդ հարաբերությունները կզարգանան բնականոն հունով և ձեռք կբերեն նորանոր դրսևորումներ: Այդ հարաբերությունների արդյունքում, իհարկե, միանշանակ, կուժեղանան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջազգային դիրքերը, և ես հույս ունեմ՝ նոր շունչ կտրվի, նոր թափ կտրվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Շնորհակալ եմ, հաճույքով կպատասխանեմ ձեր հարցերին:

Հարց - Պարոն Փաշինյան, Ձեր առաջին ընտրության ժամանակ հիմնական մտահոգությունները, որ հնչում էին «Հանրապետական»-ի կողմից, անվտանգության և Ղարաբաղի հարցին վերաբերող խնդիրներն էին: Բակո Սահակյանի հետ հանդիպմանը Դուք նման մտահոգություններ նրանից ստացա՞ք, թե՞ ոչ կամ գուցե հակառակը՝ վստահեցումնե՞ր ստացաք: Նաև գիտեմ, Պաշտպանության բանակի գեներալների հետ են հանդիպումներ եղել: Կհստակեցնեք՝ ի՞նչ կարծիքներ լսեցիք նրանցից, ունեի՞ն իրենք այդ մտահոգությունները, ինչ որ «Հանրապետականն» է բարձրացնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ՝ այսօրվա քննարկումների արդյունքում մենք բոլորս համոզվեցինք, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն, և իհարկե, այդ խնդիրները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Այո, մենք հանդիպում ենք ունեցել Պաշտպանության բանակում բարձրագույն հրամանատարական կազմի հետ, նաև Պաշտպանության բանակի հրամանատարի և Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ առանձին: Ես լսել եմ նրանց զեկույցները, ստացել եմ անհրաժեշտ տեղեկություններ, և մենք պայմանավորվել ենք, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ:

Հարց - Այսինքն՝ չունեի՞ն մտահոգություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասեցի, որ այսօրվա քննարկումների արդյունքներով մենք բոլորս համոզված ենք, որ մեր համագործակցությունը և նոր կառավարության գործունեությունն անվտանգության ոլորտում և Զինված ուժերի զարգացման ոլորտում կլինի արդյունավետ:

Հարց - Պարոն Փաշինյան, քիչ առաջ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը Դուք երկու շատ կարևորագույն ուղերձ հղեցիք՝ առաջինը կապված նրա հետ, որ ամեն ջանք գործադրելու եք, որպեսզի Ղարաբաղը վերադարձնեք բանակցային սեղանի շուրջ, և երկրորդը, նաև նշեցիք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բացառվելու է ուժի կիրառումը: Ըստ այդմ, ինձ հետաքրքրում է նախ՝ ի՞նչ քայլեր պետք է գործադրվեն, որպեսզի Ղարաբաղը վերադարձվի բանակցային սեղանի շուրջ, ունե՞ք այս մասով տեսլական, և երկրորդը, ուժի կիրառման մասով՝ կարծո՞ւմ եք, որ Ադրբեջանն այսօր այն հակառակորդն է, որը պատրաստ է, ունակ է միայն բանակցությունների միջոցով հասնել խնդրի կարգավորմանը: Ըստ էության, կարող ենք ասել, որ տևական ժամանակ է՝ բանակցությունները փակուղում են գտնվում, և տեղաշարժ այս մասով չկա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք պետք է շատ հստակ պատասխանենք մի հարցի՝ մենք ուզո՞ւմ ենք լուծել հարցը, թե՞ չենք ուզում լուծել: Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով այդ հարցը չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկն ընդհանրապես սեղանի շուրջ չէ: Այսինքն՝ սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է: Մենք լուծո՞ւմ ենք հարցը, թե՞ չենք լուծում: Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի Հանրապետության իշխանությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության անունից կարող է խոսել Հայաստանի Հանրապետության իշխանությունը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես հակամարտության կողմ է, և ինքը լիարժեք կխոսի իր անունից: Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի Հանրապետության իշխանությունը: Ինչ վերաբերում է խաղաղ հանգուցալուծմանը, հայկական կողմերը միշտ էլ խաղաղ հանգուցալուծման կողմնակից են եղել, և փաստն այն է, որ Ադրբեջանը շարունակաբար օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն, ինչն ինքն իրենով բացառում է խնդրի կարգավորումը, որովհետև չի կարող լինել խնդրի կարգավորում, երբ կողմերից մեկը հայտարարում է մյուս կողմին ոչնչացնելու իր մտադրության մասին: Այս պայմաններում մեր անելիքը երկուսն է՝ առաջին, ուժեղացնել, ավելի ուժեղացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակը, և երկրորդ, միջազգային հանրությանը կոչ անել, որպեսզի նա Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ: Եվ ես կարծում եմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ արձանագրեն, որ ՀՀ-ն և ԱՀ-ն Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության առաջ որևէ կերպ չեն ընկրկի, բնականաբար, առավել ևս հիմա, երբ մեր ժողովուրդը և ազգը միասնական է, առավել քան երբևէ: Այնպես որ խնդիրը հետևյալի մասին է՝ մենք ուզո՞ւմ ենք արդյոք լուծել խնդիրը, թե՞ չենք ուզում լուծել խնդիրը: Խնդրի լուծման ամենակարևոր կոմպոնենտը ճիշտ ձևաչափով բանակցություններն են:

Հարց - Եվ ո՞րն է այդ ձևաչափը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես արդեն ասեցի, որ հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի Հանրապետությունը, պետք է լինի բանակցություների լիարժեք կողմ:

Հարց - Այս մասով, խնդրում եմ տեսլականի մասով ևս արձագանքեք, պարոն Փաշինյան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսլականի մասով ասեցի՝ ես պատրաստ եմ լիարժեք բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության նախագահի:

Հարց – Պարոն Փաշինյան, երեկ Ազգային ժողովում Ձեր ելույթի ընթացքում Դուք նշեցիք, որ ղարաբաղյան հարցի կարգավորման առումով պետք է կոտրել կարծրատիպերը: Ի՞նչ նկատի ունեիք դա ասելով և Ձեր տեսակետը փոխզիջումների առումով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Փոխզիջումների առումով ես իմ տեսակետը հայտնել եմ արդեն և ասել եմ հետևյալը՝ քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը, Սևանը, Ստեփանակերտը նվաճելու իր մտադրության մասին, փոխզիջումների մասին խոսակցությունը պարզապես անիմաստ է: Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է կարծրատիպերին, կարծրատիպեր ասելով այդ թվում նկատի ունենք բանակցային ֆորմատի շուրջ ձևավորված կարծրատիպը և նկատի ունենք նաև այն, որ այո, մենք ասում ենք, որ պետք է հարցը լուծվի բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ինչը չի խանգարում, որ լրջագույն ջանքեր գործադրվեն, կրկնապատկվեն, եռապատկվեն ջանքերն Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: Եվ հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ արձանագրի, որ Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է, որովհետև Արցախի պրոբլեմը ծագել է այն բանի արդյունքում, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլև ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի և անվտանգության իրավունքին, նրանց ինքնության իրավունքին, նրանց իրենք իրենք լինելու իրավունքին, այսինքն՝ սպառնալիք է ստեղծել Արցախի ժողովրդի գոյության համար, իրական սպառնալիք, և այդ սպառնալիքները ոչ թե բանավոր խոսքերով են արտահայտվել, այլ արտահայտվել են կոնկրետ գործողություններով, խաղաղ բնակչության դեմ ռազմական պայքար մղելով:

Հարց- Ձեր՝ այս պաշտոնում հենց առաջին օրը Դուք որոշեցիք Երևանից գալ Արցախ և երաշխավորել շարունակականությունը: Ինչպե՞ս եք Դուք հավասարակշռության մեջ պահում այս երկու գաղափարները, և հաջորդ հարցը՝ արդյոք Դուք ակտիվորեն կաջակցե՞ք Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի վերսկսմանը այս տարածքի համար, որո՞նք են կարմիր գծերը Ձեզ համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ և առաջ, ես ուզում եմ Ձեր վերջին հարցից սկսել՝ ես հենց նոր ասեցի, որ տարածքի մասին չէ խոսքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծագել է այն բանի արդյունքում, երբ Արցախի հայությունը որոշել է պաշտպանել իր ամենատարրական իրավունքները՝ մասնավորապես, կյանքի իրավունքը, ինքնության իրավունքը այն պահից, երբ Խորհրդային Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծել այդ իրավունքների համար: Եվ ես արդեն ասեցի, իհարկե, մենք պատրաստ ենք շարունակել խաղաղ բանակցությունները և կարծում ենք ընդհանրապես, որ պետք է բացառվի խնդրի ուժային լուծման վերաբերյալ որևէ մոտեցում և դիրքորոշում: Բայց, ցավոք, Ադրբեջանը շարունակաբար օգտագործում է ուժ և ուժի կիրառման սպառնալիք, ռազմաշունչ հռետորաբանություն՝ սպառնալով նույնիսկ գրավել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը: Այս պայմաններում խաղաղ կարգավորումն ուղղակի հնարավոր չէ, և մենք միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք անում, ի վերջո, Ադրբեջանին բերել կառուցողական հուն, որպեսզի նա պատրաստակամ լինի խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը: Մենք պատրաստակամ ենք և եղել ենք այդպիսին միշտ:

Ինչ վերաբերում է փոփոխություններին, իրականում իմ հայտարարությունները Արցախի, Ղարաբաղի հարցի բանակցությունների վերաբերյալ լրջագույն նորություններ են պարունակում, և այդ լրջագույն նորություններից ամենալուրջը հետևյալն է, որը ես կկրկնեմ ևս մեկ անգամ. ես պատրաստ եմ Հայաստանի Հանրապետության անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի և միջազգային հանրության հետ պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս Արցախի նախագահի, ասինքն՝ այստեղ շարունակականություն չկա, այստեղ կա նոր մոտեցում:

Հարց – Պարոն Փաշինյան, վերադառնանք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին: Դուք ասեցիք, որ պատրաստ եք բանակցել Հայաստանի անունից, բայց ոչ Արցախի: Դա կարո՞ղ է հնարավոր դարձնել մոտ ապագայում Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման համար: Եվ Ադրբեջանի կողմից անընդհատ օգտագործվող ռազմական հռետորաբանությունը այս ամբողջ ընթացքում հանդուրժվել է միջազգային հանրության կողմից: Ինչո՞ւ պետք է հիմա այդ մոտեցումը փոխվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ճիշտ կլինի, որ մենք ճշգրիտ կրկնենք, թե ես ինչ եմ ասել: Ես ասեցի, որ ես պատրաստ եմ և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության պատրաստ է բանակցել իր անունից, իսկ Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նրա նախագահի, այսինքն՝ իմ ձևակերպման մեջ որևէ նեգատիվ էլեմենտ չկա, ես սա շատ կարևոր եմ համարում:

Ես այդ հարցին էլ այլ կերպ կմոտենայի՝ ես ոչ թե կասեի՝ ինչո՞ւ Արցախը հրավիրված չէ բանակցային սեղանի շուրջ, ես կասեի, քանի որ Արցախը հրավիրված չէ բանակցային սեղանի շուրջ, ահա սա է պատճառներից մեկը, որ բանակցությունները կոնկրետ արդյունքներ չեն բերում, որովհետև՝ ինչպե՞ս կարող են երկու սուբյեկտ քննարկել երրորդ սուբյեկտի ճակատագրին վերաբերող հարց՝ երրորդ սուբյեկտի բացակայության պայմաններում: Սա պարզ տրամաբանություն է: Ինչ վերաբերում է նրան, որ հանդուրժվել է այդ ռազմաշունչ հռետորաբանությունը միջազգային հանրության կողմից, անկեղծ ասած, ես չեմ կարծում, թե հանդուրժվել է: Կարծում եմ, որ դրա վերաբերյալ եղել են արձագանքներ դիվանագիտական մակարդակով և խողովակներով և կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրության հակազդեցությունը ռազմաշունչ հռետորաբանությանը լինի ավելի գործնական և ավելի հրապարակային:

Հարց – Եթե Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ ներգրավվումը հավանության չարժանանա, դա, Ձեր կարծիքով, բանակցությունները փակուղի կմտցնի՞:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այնպես չէ, որ հիմա բանակցությունները փակուղու մեջ չեն, այսօր բանակցություններն արդեն փակուղու մեջ են: Ես իրականում առաջարկում եմ փակուղուց դուրս գալու տարբերակ:

Հարց – Պարոն Փաշինյան, առաջին հարցս՝ բանակցային գործըթնացում հնարավո՞ր են արդյոք վերանայումներ սկզբունքների և փաստաթղթերի հետ կապված: Խոսքս կոնկրետ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին: Երկրորդ հարցս՝ Արցախի հետ տարբեր եվրոպական, ոչ իշխանական կազմակերպություններ են համագործակցում: Նախ, Ձեր վերաբերմունքն այդ համագործակցությանը, և Ձեր կառավարման շրջանում փորձելո՞ւ եք ՀՀ արտգործնախարարության միջոցով այդ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Երկրորդ հարցի վերաբերյալ՝ ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի միջազգային հասարակական կազմակերպությունները, ովքեր զբաղվում են մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության զարգացմամբ և աջակցությամբ, ի վերջո, սկսեն ակտիվորեն համագործակցել Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության հետ, որովհետև առանց այդ երկխոսության հնարավոր չէ լիարժեք հասկանալ Ղարաբաղի խնդրի էությունը: Ըստ էության, երբեմն տպավորություն է ստեղծվում, թե միջազգային կազմակերպությունները, ովքեր քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրներով են զբաղվում, նրանք երբեմն, գուցե ակամա մասնակցում են Արցախի շրջափակմանը, ինչը տվյալ դեպքում նեգատիվ ազդեցություն է ունենում, որովհետև, ի վերջո, մարդու իրավունքներով և նմանատիպ հարցերով զբաղվող կազմակերպությունները պետք է հոգ տանեն, որպեսզի աջակցեն Արցախի Հանրապետութանը, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության և ընդհանրապես հանրային երկխոսության զարգացման իմաստով, այդ թվում նաև՝ Արցախի և Ադրբեջանի հանրությունների միջև երկխոսության խողովակներ ստեղծելով: Ես սա շատ կարևոր ուղղություն եմ համարում:

Ինչ վերաբերում է Արցախի բանակցային ֆորմատին, ես իմ դիրքորոշումներն այդ կապակցությամբ արտահայտեցի և չեմ կարծում, թե ավելացնելու որևէ բան կա:

Հարց – Եթե կոնկրետացնենք, Մադրիդյան սկզբունքների մասով վերանայումներ հնարավո՞ր են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ըստ էության, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստակամություն են հայտնել բանակցել այդ հենքի վրա, բայց, ինչպես ես Ազգային ժողովում արդեն իսկ հայտարարել եմ, մենք չպետք է առաջնորդվենք կարծրատիպերով, այլ պետք է հասկանանք, որ նպատակը ոչ թե ինքնին բանակցությունն է, նպատակը խնդրի լուծումն է: Մենք պետք է կարողանանք փնտրել և գտնել խնդրի լուծման արդյունավետ գործիքներ:

Հարց - Պարոն Փաշինյան, Դուք խոսեցիք Արցախի միջազգային ճանաչման մասին: Կհստակեցնեք՝ ի՞նչ քայլերի մասին է խոսքը, ի՞նչ պետք է անել, որպեսզի միջազգային ճանաչումն ակտիվանա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ՝ դրա համար լավագույն միջոցներից մեկն Արցախի խնդրի էության ներկայացումն է միջազգային հանրությանը: Տեսեք՝ կա շատ պարզ ցուցիչ. հարգելի լրագրողը, ով չգիտեմ, որ երկիրն է ներկայացնում, հարց է տալիս և հարցի մեջ ձևակերպում է, որ ահա այս տարածքի համար հակամարտությունը: Մենք կարծես թե երկար բանակցային տարիների ընթացքում ինչ-որ մի տեղ համարել ենք, որ միջազգային հանրությանն արդեն իսկ շատ պարզ է, թե ինչ խնդիր է Արցախի խնդիրը, բայց և, կարծես թե, այնքան էլ կարևոր չենք համարել խնդրի էության ներկայացումը: Բայց, ես կարծում եմ, շատ կարևոր է, որ մենք նոր ջանքեր գործադրենք խնդրի էությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար, մանավանդ ապրիլյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերն անմարդկային և վայրենի վայրագություններով աչքի ընկան: Եվ սա ընդամենը մի ժամանակահատվածում արտահայտված ինչ-որ դրսևորումներ չեն: Հենց այդ վայրագությունների մեջ արտահայտվում է Ղարաբաղի հարցի էությունը: Կոնֆլիկտը սկսել է այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ահա այդ վայրագություններից պաշտպանվելու անհրաժեշտություն է ունեցել: Սա է խնդրի էությունը, և այստեղ տարածքն ընդհանրապես որևէ կապ չունի:

Հարց - Պարոն Փաշինյան, Դուք ինչպե՞ս եք նայում Մինսկի խմբի ֆորմատի մեջ բանակցային պրոցեսը տանելուն, արդյոք տեսնո՞ւմ եք ուրիշ ֆորմատ՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն անընդհատ դժգոհում է այդ գործունեությունից: Արդյոք գոյություն ունե՞ն Ձեր համար ուրիշ ֆորմատներ, դա՞ է ամենարդյունավետ միջոցը: Երկրորդ հարցը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, որովհետև Թուրքիան այն մշտապես կապել է Ղարաբաղի հետ: Դուք ինչպե՞ս եք տեսնում այդ հարաբերությունների ապագան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Արդեն ասել եմ, որ բանակցությունները պատկերացնում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եվ, ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ Մինսկի խմբի 1992 թվականի մանդատով Լեռնային Ղարաբաղը ճանաչված է որպես հակամարտության լիիրավ կողմ: Հետևաբար, ես համարում եմ, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով՝ լիարժեքության պայմաններում, որովհետև կարծում եմ, որ Ղարաբաղի բացակայությունը բանակցային սեղանի շուրջ այն չէ, ինչ նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի 1992 թվականի մանդատով:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանը պատրաստ է այդ հարաբերությունների հաստատմանը՝ առանց նախապայմանների: Եվ դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև անտրամաբանական է, որ երկու երկրների հարաբերությունների հաստատման համար նախապայման լինի երրորդ երկրի հետ հարաբերությունը: Եվ մենք շարունակում ենք մնալ այդ դիրքորոշմանը և պատրաստ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգին, որովհետև կարծում եմ, որ, ինչպես արդեն իմ խոսքում ասացի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ավելի շատ կապված է ցեղասպանությունների կանխարգելման հրամայականի, քան թե հայ-թուրքական հարաբերությունների հետ:

Հարցը վերաբերում է շփման գծում հետաքննության մեխանիզմների ձևավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ինչպես նաև միջազգային խաղաղապահ առաքելություն տեղակայմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ հարցի համար: Ես կարծում եմ, որ մենք պետք է երկու հարց իրարից տարբերակենք, որովհետև 2016 թվականին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն շփման գծում հետաքննության մեխանիզմ ձևավորելու մասին, որի էությունը հետևյալն է. դուք գիտեք, երբ հրադադարի ռեժիմի խախտումներ են լինում, սկսվում է բանավեճ, թե ով է սկսել, որ կողմից են սկսել, ով է նախաձեռնել այդ հրադադարի ռեժիմի խախտումը: Եվ որպեսզի միջազգային հանրությանը պարզ լինի, թե ով է ապակառուցողական գործողություններ իրականացնում, պայմանավորվածության էությունը հետևյալն է, որ շփման գծում հաստատվի հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմ: Եվ, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում այդ համաձայնությունից, իրագործումից հրաժարվում է Ադրբեջանը: Հայաստանն այսօր էլ պատրաստ է ջանքեր գործադրել այդ մեխանիզմի ստեղծման համար: Եվ ես համոզված եմ, որ այդ մեխանիզմի ձևավորումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանում կայունության պահպանման համար:

Ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերի ձևավորմանը և տեղակայմանը՝ չեմ կարծում, թե Ղարաբաղի հարցի բանակցային օրակարգում ընդհանրապես նման հարց կա:

Հարց - Պարոն Փաշինյան, Ձեր խոսքում նշեցիք, որ փոխզիջումների մասին կբանակցեք միայն Ադրբեջանի կողմից Արցախի ճանաչման ուղերձն ընդունվելուց հետո: Հետաքրքիր է Ձեր պատկերացումը՝ ի՞նչ կարող է զիջել, ընդհանրապես, հայկական կողմը: Տարածք, ապա ի՞նչ տարածք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, քանի որ Ադրբեջանի կողմից մենք այս պահին չունենք հստակ ուղերձ, որ նրանք պատրաստ են ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ես այդ հարցի քննարկումը համարում եմ անիմաստ, ինչպես արդեն ասացի: Ասացի, քանի դեռ չկա այնտեղից ուղերձ, ես փոխզիջման մասին որևէ քննարկում համարում եմ անիմաստ:

Հարց - Ուղղակի Ձեր պատկերացումն եմ ուզում իմանալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իմ պատկերացումը հետևյալն է՝ քանի դեռ Ադրբեջանից մենք չենք լսել հստակ ուղերձ, որ նրանք պատրաստ են ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ես փոխզիջման մասին որևէ պատկերացում քննարկելը համարում եմ անիմաստ: Եկեք չզբաղվենք անիմաստ քննարկումներով:

Հարց - Իսկ ո՞ր դեպքում, պարոն Փաշինյան, մենք Ադրբեջանի իշխանություններից կարող ենք լսել, որ իրենք պատրաստ ենք ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը և այն, ի վերջո, կյանքի կոչելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արտահայտում եմ մեր դիրքորոշումը՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը: Իմ կարծիքը նույնն է, իմ կարծիքը ես արդեն ասացի՝ քանի դեռ այդ ուղերձը մենք չենք լսել, մեր անելիքը շատ հստակ է՝ շարունակաբար և հետևողական զարգացնել Հայաստանի ազգային անվտանգության մակարդակը, զարգացնել ռազմարդյունաբերական համալիրը, բարձրացնել մեր բանակի մարտական ոգին և բարձրացնել մեր ժողովրդի մարտական ոգին, ինչով էլ մենք այս օրերին զբաղված ենք:

Հարց - Պարոն Փաշինյան, Ձեր առաջին պաշտոնական այցը եղավ Արցախ, այլ ոչ թե մի որևէ գերտերություն կամ ուժային կենտրոն, ինչպես սովորաբար լինում է: Ո՞րն է այդ ստուգայցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ ինչո՞ւ է Ձեզ թվում, որ Արցախը գերտերություն չի:

Հարց – Պարոն Փաշինյան, ե՞րբ է իրականություն դառնալու արցախահայության վաղեմի երազանքը՝ Հայաստանի հետ վերամիավորվելու այս ցանկությունը: Ձեր տեսակետը, Ձեր քայլերն այդ ուղղությամբ և երբ հրադադարի ռեժիմը խախտվում է Արցախի սահմանին, դա համարում ենք, որ չճանաչված տերություն է Արցախը, բայց նույն հաջողությամբ Հայաստանի սահմաններն են խախտվում: Որպես վարչապետ՝ Ձեր վերաբերմունքն այսուհետ նման գործողություններին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իմ վերաբերմունքը նման գործողություններին լինելու է կոշտ: Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վերամիավորմանը, ես կարծում եմ, որ Արցախի միջազգային ճանաչումը հենց դրա ճանապարհներից մեկն է, և երբ Արցախի Հանրապետությունը կլինի միջազգայնորեն ճանաչված պետություն, Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունն իրենց ժողովուրդների արտահայտած կամքով կարտահայտեն իրենց դիրքորոշումն իրենց հետագա ճակատագրի վերաբերյալ:

Հարց – Դուք կգնաք բանակցությունների միա՞յն Արցախի նախագահի հետ, թե՞ կգնաք բանակցությունների, բայց կբանակցեք որպես Հայաստանի ներկայացուցիչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե, ես արդեն ասացի, որ պատրաստ եմ բանակցել, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցեն Արցախի Հանրապետության իշխանությունները, այսինքն՝ մենք չենք հրաժարվում Ադրբեջանի հետ բանակցություններից, բայց պետք է հստակ արձանագրենք, որ այդ բանակցություններում կարող ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, իսկ Արցախի Հանրապետությունը պետք է ներկայացնի Արցախի Հանրապետության իշխանությունը՝ ի դեմս նրա նախագահի:
 

← Վերադառնալ