Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

«Արցախի Հանրապետությունը պետք է մասնակցի հակամարտության շուրջ բանակցություններին». Նիկոլ Փաշինյանը պատասխանել է EURACTIV-ի հարցերին

04.03.2019

- Ինչպե՞ս եք ակնկալում բարելավել երկու ժողովուրդների միջեւ կապերը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա նոր միտումների պարագայում:

-Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության, որի նպատակն է երկարատև խաղաղության հաստատումը:

Տարածաշրջանի ժողովուրդներին հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու համար ես հայտարարել եմ, որ պետք է հաշվի առնվեն բոլոր երեք կողմերի շահերը. Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան:

Ես քննադատվեցի հայ հասարակության եւ լրատվամիջոցների կողմից, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց նույնն անել: Ավելին, նա վարում է ագրեսիվ հռետորաբանություն, որը բացասաբար է ազդում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործընթացի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի վրա:

Անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղին ներգրավվել բանակցային գործընթացում, այն գործընթացում, որն ի վերջո որոշելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ ապահովելու է այնտեղ ապրող մարդկանց անվտանգության երաշխիքները:

Հայաստանի նախկին երկու նախագահները ծնվել, մեծացել եւ ապրել են Արցախում: Ի տարբերություն նրանց, ես Արցախ չեմ ներկայացնում, այնտեղ ապրող մարդիկ չեն մասնակցել Հայաստանում անցկացվող ընտրություններին, ուստի ես չունեմ մանդատ՝ Արցախի բնակչությանը խաղաղ գործընթացում ներկայացնելու համար:

Ես ներկայացնում եմ Հայաստանը եւ պատրաստ եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից: Եթե Ադրբեջանը նույնպես հայտարարի, որ հակամարտության կարգավորումը պետք է ներառի բոլոր կողմերի շահերը, դա լավ հնարավորություն կտա վերսկսել փոխադարձ վստահության հիման վրա բանակցությունները:

- Դեկտեմբերին Իլհամ Ալիեւը թվիթերում գրառում էր կատարել այն մասին, որ 2019 թվականը «նոր խթան կհաղորդի» ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Արդյո՞ք Դուք կիսում եք այդ գնահատականը:

-Դա դրական կհամարեմ, եթե ասելով «նոր խթան կհաղորդի»՝ նախագահ Ալիեւը նկատի ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Եթե ոչ, ապա դա պարզապես հերթական պարապ հայտարարությունն է:

Անշուշտ, մենք ցանկանում ենք նոր բովանդակություն հաղորդել խաղաղ գործընթացին և մեր առաջարկությունները միջնորդների միջոցով ներկայացրել ենք ադրբեջանական կողմին:

Խաղաղությունը բխում է բոլոր երկրների շահերից և մենք հանձնառու ենք գործադրել ջանքեր երկարատև և կայուն խաղաղության հասնելու համար:

- ՄԱԿ-ը ողջունեց Փարիզում վերջերս կայացած ԵԱՀԿ-ի հանդիպման ընթացքում կատարված առաջընթացը: Ո՞րն է ՄԱԿ-ի դերակատարությունը հակամարտության կարգավորման հարցում:

-Միջազգային հանրությունը ճանաչում է խաղաղ կարգավորման միայն մեկ ինստիտուցիոնալ գործընթաց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող գործընթացը: Միջնորդները հեղինակավոր և տարածաշրջանում մնայուն շահեր ունեցող պետություններ են, և մենք տեսնում ենք, որ բոլոր երեք համանախագահ երկրներն արդյունավետ համագործակցում են մինյանց հետ իրենց միջնորդական առաքելությունն իրագործելիս: Նրանք երեքն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են:

Մենք նաև բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչների կողմից պարբերաբար արվող հայտարարությունները, որոնցում մշտապես ընդգծվում է հակամարտության կարգավորման դեռևս 1992 թվականին հաստատված ԵԱՀԿ ձեւաչափը:

- Ձեր ընտրվելուց հետո արդյո՞ք եղել են դրական ազդակներ առ այն, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շուտով կարող են բարելավվել:

-Ցավով պետք է արձանագրեմ, բայց ոչ, մենք չունենք որևէ ազդանշան, որը կվկայեր Թուրքիայի կողմից նախկին դիրքորոշման փոփոխության մասին: Եթե Թուրքիան իրեն համարում է ժողովրդավարական երկիր, ապա նա չէր կարող անտեսել իր սահմանակից պետությունում ժողովրդավարության հաղթանակը:

Հայաստանի մասով պարզապես կհիշեցնեմ նախադեպը չունեցող գնահատականը դեկտեմբերին կայացած ընտրություններին, երբ ամենահեղինակավոր դիտորդական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (OSCE/ODIHR) միջազգային դիտորդական առաքելությունն ամենաբարձր գնահատականը տվեց ընտրություններին: Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները ճանաչվել են բոլոր հեղինակավոր կազմակերպությունների կողմից և ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում ակնհայտ է բոլորի համար: Այս համատեքստում Թուրքիայի շարունակվող հակահայկական կեցվածքն առնվազն մտորելու տեղիք է տալիս:

Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հարցում: Արդյո՞ք պետք է մեր օրակարգ մտցնենք Կիպրոսի եւ Թուրքիայում մարդու իրավունքների խնդիրները, եթե Անկարան շարունակի առաջ տանել իր այս մոտեցումը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում, որով մեր առջեւ որպես նախապայման է դրվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրենց համար ցանկալի լուծումը: Արդյո՞ք այս քաղաքականությունը կայունություն կբերի մեր տարածաշրջանին:

- Որո՞նք են այս շաբաթ Բրյուսել Ձեր կատարելիք այցից ակնկալվող արդյունքները:

-Ես արդեն հյուրընկալվել եմ եվրոպական կառույցների կողմից այս տարվա հուլիսին` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Մեր եվրոպացի գործընկերների հետ բանակցություններում պայմանավորվեցինք շարունակել նախկինում նախաձեռնած ծրագրերը, մշակել համագործակցության ճանապարհային քարտեզ, որը որպես ուղեցույց կծառայի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար:

Այսօր, երբ մեր եվրոպացի գործընկերների հետ աշխատում ենք այդ ճանապարհային քարտեզի իրագործման ուղղությամբ, մենք ունենք հնարավորություն նաև մտածելու գործընկերության խորացման հեռանկարների մասին:

Ես պատրաստվում եմ իմ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում հանդես գալ նոր նախաձեռնություններով, որոնք հնարավորություն կտան խորացնել բարեփոխումների ընթացքը, նպաստել մի շարք ոլորտներում եվրոպական մտածելակերպի և մշակույթի ներդրմանը, հզորացնել առկա կարողությունները և նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը:

Վստահ եմ, որ եվրոպացի մեր գործընկերները դրական կարձագանքեն մեր բազմաթիվ ծրագրերին:

- Արդյո՞ք Սերժ Սարգսյանի՝ ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ համաձայնագիրը չստորագրելու որոշումը սխալ էր:

-Ես կողմնակից եմ շատ ավելի թափանցիկ ու կանխատեսելի քաղաքականության, քան մենք ունեինք նախկինում: Այսօր էլ, տարբեր ոլորտներում համագործակցելով ԵՄ-ի հետ, մենք եվրոպացի մեր գործընկերներին տեղեկացնում ենք ԵԱՏՄ շրջանակներում մեր համագործակցության մասին:

Ավելին, մենք փորձում ենք ծառայել որպես յուրօրինակ մի կամուրջ այս երկու կառույցների միջև՝ լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ՝ CEPA համաձայնագրի շրջանակներում համագործակցել ԵՄ հետ, լինելով ժողովրդավարության առումով առաջատարը տարածաշրջանում՝ սերտ գործակցություն ծավալել ԵԱՏՄ բոլոր պետությունների հետ:

- Դուք խոսել եք ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու մասին: Ինչպիսի՞ն է Եվրոպայի հետ համագործակցության Ձեր տեսլականը: Որքան հեռու կգնա ներկայիս համաձայնագրի իրականացումը:

-Մենք ունենք Հայաստան-ԵՄ համագործակցությունը կարգավորող CEPA փաստաթուղթ, որը լավ հնարավորություն է ստեղծում արդյունավետ գործակցության, զանազան համատեղ ծրագրերի իրականացման համար: Նույնիսկ չվավերացված վիճակում այն թույլ է տալիս նախաձեռնել և իրականացնել տարբեր ծրագրեր:

Արդեն ԵՄ 10 երկիր վավերացրել է համաձայնագիրը, և մենք հույս ունենք, որ մինչև տարվա վերջ փաստաթուղթն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ:

- Արդյո՞ք Եվրոպայի հետ համագործակցության խորացումը ենթադրում է հեռացում Ռուսաստանից: Դուք իսկապե՞ս հավատում եք, որ հարաբերությունները կարող են ներդաշնակ զարգանալ այս տանդեմում:

-Այո, դա մեր հավատամքն է, իմ այսօրվա այցելությունն էլ դրա վկայությունն է: Մեր հեղափոխությունը չուներ և չունի որևէ աշխարհաքաղաքական համատեքստ, այն ամբողջության ներքաղաքական գործընթաց էր:

Մենք առաջին իսկ օրվանից հայտարարեցինք, որ չենք անելու կտրուկ շրջադարձեր արտաքին քաղաքականությունում: Մեզ համար թանկ է վստահելի գործընկերոջ համբավը, որ ունենք այսօր, մեզ համար նաև շատ թանկ են այն արժեքները, որոնց վերականգնելուն էր ուղղված ժողովրդի արդար պահանջն անցած տարվա ապրիլ-մայիսին:

Ժողովրդավարությունը, ազատ տնտեսական հարաբերությունները, անողոք պայքարը կոռուպցիայի դեմ, անկախ դատարաններն ու իրավունքի գերակայությունը չունեն որևէ ուղղվածություն և մենք հետևողականորեն ձգտելու ենք ամրապնդել այդ արժեքները:

Դրան զուգահեռ մենք չենք շեղվելու մեր մտադրությունից՝ զարգացնել փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահերի հարգանքի և մեր ժողովուրդների բարեկամական հարաբերությունների սկզբունքի հիման վրա:

- ԵՄ-ի հետ ձեր գործարքի համաձայն, Մեծամորի ԱԷԿ-ը պետք է փակվի: Արդյո՞ք ձեր կառավարությունը կընդունի այդ ծրագիրը, թե՞ կերկարաձգի ատոմակայանի գործառնական կյանքը:

-Նախ, CEPA-ում հայկական ատոմային էներգիայի հետ կապված հատուկ դրույթ կա: Այդ դրույթը փաստում է, որ որպես Մեծամորի փակման եւ անվտանգ ապամոնտաժման նախապայման պետք է հաշվի առնվի այն նոր հզորություններով փոխարինելու տարբերակը՝ ապահովելու համար Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմանները:

Այս փուլում մենք մտադիր ենք արդիականացնել կայանը եւ բարելավել դրա անվտանգությունը, որպեսզի այն կարողանա աշխատել մինչեւ էներգիայի այլընտրանքային աղբյուրների ի հայտ գալը: Ատոմակայանը մեր էներգետիկ անվտանգության հիմքն է: Հետեւաբար, մենք չենք կարող փակել այն առանց այնպիսի փոխարինման, որը կարող է ապահովել էներգամատակարարման նույն մակարդակը:

- Հայաստանը քաղաքական հեղափոխություն է կատարել, եւ հիմա առկա են տնտեսական հեղափոխության հույսեր: Որտե՞ղ են ուղղվելու ձեր ջանքերը:

-Ճիշտ եք, տնտեսական հեղափոխությունը մեր կառավարության հերթական նպատակն է եւ ծրագրի անկյունաքարը:

Այս տեսանկյունից մենք ընդունել եւ արդեն սկսել ենք իրականացնել հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Առաջնահերթությունների թվում են կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումը, աղքատության հաղթահարումը, անկախ դատական համակարգի կայացումը, օրենքի գերակայության հաստատումը եւ բոլոր տնտեսական ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար պայմանների ապահովումը:

Մենք մտադիր ենք կտրուկ միջոցներ իրականացնել մեր հարկային եւ մաքսային համակարգերի բարեփոխման ուղղությամբ: Մենք նաեւ կարեւորում ենք մեր կրթական համակարգի բարեփոխումը: Մարդիկ պետք է կարողանան ապրել եւ արարել արագ զարգացող աշխարհում, որտեղ առաջընթացը պայմանավորված է գիտելիքով:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր երկրում շատ տեսանելի փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ, մենք արմատախիլ ենք արել համակարգային կոռուպցիան Հայաստանում: Մենաշնորհների եւ օլիգոպոլիաների ուժն արդեն զրոյացվել է:

Այսօր Հայաստանում այլեւս չկա մեկը, ով կարող է քաղաքական ազդեցություն գործադրել իր տնտեսական նպատակներին հասնելու համար:

Մեր նպատակը մեր ժողովրդի մտավոր եւ գործարար ներուժի անսահմանափակ իրացման համար պայմանների ստեղծումն է: Մեր նպատակն է նաեւ Հայաստանում գործարարության եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

 

← Վերադառնալ