Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ՝ աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով

07.12.2018

ևս 5 լուսանկար

Գյուրմրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Արտագնա նիստի մեկնարկից առաջ կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ գործադիրը հավանություն է տվել ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր:

«Այս որոշմամբ մենք, ըստ էության, արձանագրում ենք նաև այն անհրաժեշտությունը, որ Հայաստանում շարունակաբար պետք է բարձրացվի աղետների դիմակայության, պաշտպանվածության մակարդակը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ նպատակի համար անհրաժեշտ է ունենալ ռազմավարություն և միջոցառումների հստակ ծրագիր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ աղետի գոտու փրկարարական և վերականգնման աշխատանքներին մասնակցած երկրներից շատերը պատրաստակամություն են հայտնել այդ օրը նշել նաև իրենց երկրներում:

Այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել աղետի գոտում 2018 թ. ընթացքում կատարված և 2019 թ. ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցով: Ըստ այդմ՝ 2018 թ. մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների շրջանակում Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774,425.0 հազ. դրամ, որից 354,915.0 հազ. դրամը հատկացվել է Շիրակի մարզին, 419,510.0 հազ. դրամը՝ Լոռու մարզին: Գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրերում 54 ծրագրերի իրականացման համար: Նույն ծրագրի շրջանակում Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է, համապատասխանաբար 31,773.0 հազ. դրամ և 11,200.0 հազ. դրամ:

Շիրակի և Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222,654.7 հազ. դրամ: Աշխատանքները կշարունակվեն նաև 2019 թվականին: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով այդ մարզերում իրականացվում է 7 ծրագիր, որից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1,939,574,1 հազ. դրամ, որից 1,207,377.4 հազ. դրամը հատկացվել է Շիրակի մարզին, 732,196.7 հազ. դրամը՝ Լոռու մարզին: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակում հատկացվել է շուրջ 1,082,100.0 հազ. դրամ: ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում Շիրակի և Լոռու մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրեր:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը մանրամասներ է ներկայացրել աղետի գոտում 2018 թ. ընթացքում կատարված և 2019 թ. ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Զեկույցի համաձայն՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որից 4839-ի բնակարանային խնդիր լուծվել է 2008-2017 թթ.՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին:

ՀՀ կառավարության 2018-2022 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020 թ. տարեվերջ ավարտին հասցնել մնացած թվով 542 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը:

ՀՀ 2018 թ. պետբյուջեով հատկացված 460.0 մլն. դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ: Արդյունքում, դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, ՀՀ 2019 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված է 560.0 մլն. դրամ: Բացի այդ, համապատասխան համայնքների ղեկավարների կողմից պետք է իրականացվի բոլոր ոչ հիմնական շինությունների փաստագրում, փաստագրման արդյունքում պետք է կազմվեն գրաֆիկական և աղյուսակային նյութեր, որի վերաբերյալ ամփոփված տեղեկատվությունը մինչև տարեվերջ պետք է ներկայացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Փաստագրման արդյունքների հիման վրա մինչև 2019 թ. հունիսի վերջ պետք է մշակվեն առաջարկություններ՝ տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ: Աղետի գոտու բնակավայրերում 2018 թ. պետբյուջեով հատկացված մոտ 460.1 մլն. դրամ միջոցների հաշվին իրականացվել են կրթական, մշակութային և մարզական օբյեկտների կառուցման և վերակառուցման աշխատանքներ:

Կառավարության արտագնա նիստում քննարկվել է նաև աղետի գոտու անօթևանների հարցը, ներկայացվել են թվային տվյալներ, առաջարկություններ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշել է, որ պետությունն այս պահին պարտավորություն ունի հաշվառված 498 ընտանիքի նկատմամբ: Ըստ նրա՝ ներկայացված թվերում կարող են լինել անճշտություններ, ուստի բնակարանային կարիք ունեցող ընտանիքների իրական թիվը պարզելու, ճշտելու համար անհրաժեշտ է իրականացնել ուսումնասիրություն, փաստագրման աշխատանքներ: «Կան մարդիկ, որոնք իրոք անօթևան են, կան մարդիկ, որոնք բնակարան են ստացել, բայց պահպանել՝ տնակը: Այսինքն՝ բազմաթիվ ճշտելու, պարզելու հարցեր կան»,-ասել է Ավետիք Էլոյանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնել է, որ հաշվառված տնակների թիվն այս պահին Գյումրիում 2856 է, որոնցից 456 - ում մարդ չի բնակվում։

«Բացի այդ, կան 1014 գրանցվածներ, որոնք դուրս են մնացել հաշվառումից, որովհետև անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացրել։ Եղել են բազմանդամ ընտանիքներ, որոնց ընտանիքի մի մասը տեղափոխվել է նոր բնակարան, մի մասը մնացել է տնակում, կան մարդիկ, որոնք ներգաղթել են Գյումրի, տնակ են գնել, հաշվառվել են և բնակվում են, կան ընտանիքներ, որոնք վարձակալում են այդ տնակները»,-ասել է Սամվել Բալասանյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Այսօր՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրվա կապակցությամբ կարող ենք արձանագրել մեր ունեցած ամենամեծ պրոբլեմը. մենք չունենք գնահատական, թե ինչ ծավալների մասին է խոսքը և ինչ միջոցներ են անհրաժեշտ այդ խնդիրը լուծելու համար: Ընդ որում՝ միայն բնակարանաշինության մասին չէ խոսքը. առնվազն որոշ ենթակառուցվածքներ՝ ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ, անհրաժեշտություն են»:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի հաշվառմամբ ու աշխատանքի ավարտին կներկայացնի աղետի գոտու խնդիրների իրական պատկերն ու վիճակագրությունը։ Աշխատանքային խումբը կատարված աշխատանքների վերաբերյալ վարչապետին զեկույց կներկայացնի 2 ամիսը մեկ:

«Մենք անընդհատ ասում ենք՝ աղետի գոտի, բնակարանային խնդիր, տնակային խնդիր, բայց չգիտենք, թե ինչի մասին ենք խոսում: Հետևաբար, ձևավորում եք աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է. ձևավորել աղետի գոտի անունով փաթեթը և հստակ պարամետրերով, կոնկրետ թվերով, գումարով, հնարավոր ճանապարհային քարտեզով պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել, ինչքան գումար և ժամանակ է հարկավոր այսօրվա ընթացիկ պրոցեսների համատեքստում այդ խնդիրը լուծելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ պետք է հասկանալ աշխատանքի ծավալը, կշիռը, գնահատականը: «Մեզ պետք է հստակ ռազմավարական փաստաթուղթ գնահատման, անհրաժեշտ միջոցների և ճանապարհային քարտեզի մասին:

Ռազմավարությունը պետք է տա նաև հետևյալ հարցերի պատասխանը՝ ո՞ւմ նկատմամբ պետությունն ունի պարտավորություն: Այս հարցի պատասխանը պետք է չլինի միակողմանի՝ կառավարությանը, կամ քաղաքապետարանինը: Դա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հանրության հետ պետք է ճշտվի: Պետք է հստակ կողմնորոշվել՝ ո՞ւմ նկատմամբ ունենք, ո՞ւմ նկատմամբ չունենք պարտավորություն: Եթե բանավեճը կոնսենսուսով չի լինում լուծել, պետք է քաղաքական որոշումով, օրենքով, կառավարության որոշմամբ լուծվի, որ մենք ունենք այս պարտավորությունը, այս ծավալը, այսքան ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ դա իրականացնելու համար և գնահատենք, թե ինչ ժամկետում կարող ենք այդ ֆինանսական միջոցները հատկացնել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ մենք այսօր ոչ մի բան չգիտենք: «Մենք գիտենք, որ 1988 թ. դեկտեմբերի 7-ին եղել է երկրաշարժ, որի հետևանքները մինչ օրս վերացված չեն, և չգիտենք՝ այս պահի դրությամբ ի՞նչ ծավալի աշխատանք է մեզ անհրաժեշտ դա իրականացնելու համար: Հետևաբար, աշխատանքային խումբը հնարավորինս արագ այս հարցերի պատասխանը պետք է իմանա և դա պետք է լինի ռազմավարական փաստաթուղթ: Մենք նաև բարերարների հետ աշխատելու ռազմավարություն չունենք: Եվ հիշում ենք, որ աղետի գոտին միայն Գյումրին չէ, աղետի գոտին իր ամբողջ ծավալով: Իհարկե, Գյումրին ամենամեծ ազդեցություն կրած, ավերածություններ տեսած և աղետի գոտու վերացման աշխատանքների ամենակենտրոնական ուղղությունն է, բայց պետք է իսկապես պատկերացնել, թե ինչ ենք նկատի ունենում՝ ինչ ծավալ է աղետի գոտին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

← Վերադառնալ