Մամլո հաղորդագրություններ

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի վերաբերյալ կազմակերպված քննարկմանը

16.02.2019

ևս 23 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը:

Հանդիպման բանախոսները՝ գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը և Հայկ Համբարձումյանը, լրագրող, բանաստեղծ Մհեր Արշակյանը և արձակագիր Գրիգը, ինչպես նաև գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ներկայացրել են իրենց վերլուծությունը գրքի բովանդակության, դրանում արծարծված հարցերի, գրքի կառուցվածքի, այլ հեղինակների ազդեցության, ինչպես նաև դրա գեղարվեստական, գրականագիտական և քաղաքական նշանակության մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բանախոսներին գնահատականների համար՝ դրանք որակելով որպես փոխլրացնող և իր խոսքում անդրադարձել գրքի ստեղծման պատմությանը, դրա շարժառիթներին. «Այսօր որոշել եմ գրքի ստեղծման ամբողջ համատեքստը բացել և նրա հետագա ճակատագիրը: Երբ ես ընդհատակում հայտնվեցի մի տեղում, երբ արդեն մշտական կապ ունեի արտաքին աշխարհի հետ, այսինքն՝ Հակոբ Սիմիդյանն ամեն օր գնում-գալիս էր և ասում էր, թե ինչ կատարվում, ինչ են խոսում մարդիկ, այդ ժամանակ շատ հաճախ ստանում էի տեղեկատվություն, որ մարդիկ խոսում են` այս կամ այն դեսպանատանն է թաքնված, բայց ամենամեծ կարծիքն այն է, որ Դուբայում են տեսել, Աթենքում և այլն: Այդ ժամանակ մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգված է, որ ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալեն, այլ զինված դիմադրության իմիտացիա ստեղծեն և ֆիզիկապես ոչնչացնեն: Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր, և ես առաջինը մտածում էի հետևյալը. եթե այդ բանը տեղի ունենա, այսինքն՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, հարց է՝ մարդիկ ի՞նչ կմտածեն, կասեն՝ ո՞վ էր, ի՞նչ էր ուզում անել, ինչո՞ւ եկավ, ի՞նչ արեց, և ինձ համար նպատակ էր դրված ստեղծել ինչ-որ բովանդակություն, որ եթե որևէ մեկին երբևէ հետաքրքրի՝ այդ ի՞նչ էր և ո՞վ էր, ինքը կարողանա ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև քաղաքական տեքստերը, ելույթները այդքան խորը չեն կամ եթե նույնիսկ խորն էին, խորքն այդքան տեսանելի չէ, որովհետև շատ ընթացիկ իրավիճակի հետ են կապվում և երկրորդը, ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Հայաստանում եմ, Երևանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետև այդ համոզվածությունն արդեն կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ: Այդտեղից առաջացավ գաղափարը՝ գրել ի սկզբանե հոդվածների շարք, որը նրանց կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից: Այս երկու մոտիվացիան է եղել:

Ինչո՞ւ հակառակ կողմից: Գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ եթե նկատել եք՝ ես Մյասնիկյանի արձանի կողմից գնում եմ դեպի Ազատության հրապարակ: Ամբողջ գաղափարը հետևյալն է, որ Մյասնիկյանի արձանի մոտից գնալ Ազատության հրապարակ այնպես, որ քո գնացած ճանապարհը հետ չգնաս, այսինքն՝ անընդհատ առաջ գնաս: Առաջ գնալով քո գործողության մեջ չլինի հետ գնալու, նահանջելու գործընթաց: Երկրորդը՝ դու հեռանում ես, ըստ էության, փախուստ է, հետախուզվողի կարգավիճակ, այնպես չստացվի հանկարծ, որ դու փախար քո հայրենիքից, դու փախար ինքդ քեզնից, այսինքն՝ ինչպե՞ս անել, որ Հայաստանից հեռանալ, բայց Հայաստանից չհեռանալ: Ինչպե՞ս ասել, որ Հայաստանից հեռացար, բայց չստացվի, որ Հայաստանից փախար: Միակ տարբերակն այն է, որ դու էլի Հայաստան ես գնում: Վեպի գաղափարն այն է, այնտեղ կա տող, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ և գնում եմ պարզապես երկրի հակառակ կողմից: Կա տող, որ «բայց չէ՞ որ կա նաև այլ ճանապարհ, կարճ ճանապարհ, բայց ո՞վ ասաց, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է: Շատ հնարավոր է, որ ճիշտ ճանապարհը երկար ճանապարհն է, և հենց դա է պատճառը, որ երկրի հակառակ կողմից գնալու անհրաժեշտությունն է առաջացել:

Հաջորդ ամենակարևոր սկզբունքային պահը. ինչպե՞ս սենյակում փակված Արեշում ճամփորդել ամբողջ աշխարհով: Դրա միակ տարբերակը գիրքն է և գրականությունը: Ըստ էության, ամբողջ ճամփորդությունը ընթերցանությունների շարք է, գրքերի շարք է, երկխոսություն է հերոսների հետ և իմ փորձն է մտնել այդ գրքի մեջ և ապրել այդ գրքերի մեջ: Օրինակ՝ Վրաստանի հետ կապված բոլոր դրվագները Նոդար Դումբաձեի գրականությունն է, որ ես հենց այդ ընթացքում կարդացել եմ: Վրաստանից դեպի Հունաստան Եզոպոսի առակներն են, և նավի վրայի երկխոսությունները ամբողջությամբ Եզոպոսի առակներն են: Հայաստանի մեջ Իմաստուն ծերուկը, որ ուղեկցում է, իհարկե, Թումանյանն է, և Թումանյանը հերոսին ուղեկցում է Հունաստանից դեպի Մակեդոնիա՝ Մարկոյի միջոցով: Մարկոն սերբական էպոսի հերոսն է, որը Թումանյանը թարգմանել է և հայերենում ներկայացրել: Հետագայում շարունակությունը Կաֆկայի «Դատավարություն» վեպի մեջ է, որովհետև իմ իրավիճակը իրականում շատ նման էր այդ վեպի իրադարձություններին և այդպես շարունակ՝ Էռնեստ Հեմինգուեյ, Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», Վալտեր Սքոթի «Քվենթին Դորվարդ» և այլն: Ամբողջ այդ ճանապարհը պարտադիր գրականության հետ կապ ունի՝ ճապոնական գրականություն, Կուբայի հատվածը Չե Գևարայի մասին պատմող գրքի տպավորություններն են, Ֆրանսիայում՝ Շառլ դը Գոլ և Ֆրանսուա Սագանի «Բարև թախիծ», Շուկշինը, Գոգոլի «Մեռած հոգիները», որովհետև այնտեղ ընտրակեղծարարության տրամաբանությունը դրված էր, և այդպես շարունակ, այսինքն՝ ամեն հատված կոնկրետ գրական ստեղծագործության հետ կապված է: Այս հատվածներն իրար հետ կապված են այն մասերի հետ, որոնք, այսպես ասած, իմ սուվերեն ստեղծագործությունն են, իմ սուվերեն տեքստն են և վերաբերմունքը, որը հենց ստեղծված է այդ տրամաբանության մեջ:

Այստեղ էթիկական հարց է առաջանում՝ որքանո՞վ է ճիշտ ուրիշ գրականությունից ներշնչվելով ինչ-որ տեքստ ստեղծել: Իրականում այդ հարցի պատասխանը ես գիտեի, որովհետև գրական մի ստեղծագործություն շատ մեծ տպավորություն էր ստեղծել, և շատ սիրում եմ այդ գործը՝ Խորխե Լուիս Բորխեսի «Պիեռ Մենարը՝ «Դոն Կիխոտի» հեղինակ»-ը, որտեղ հերոսն ուղղակի նորից գրում է «Դոն Կիխոտը» և համոզված է, որ իր գրած «Դոն Կիխոտը» ոչ մի ընդհանրություն չունի Սերվանտեսի գրած «Դոն Կիխոտի» հետ: Այդ ասոցացիան կար, ես ինչ-որ առումով ինձ դնում էի Պիեռ Մենարի դիրքում, որը դառնում է «Դատավարության» հեղինակ, Նոդար Դումբաձեի վեպերի հեղինակ, Եզոպոսի առակի հեղինակ և բոլոր այդ հնարավոր ստեղծագործությունների հեղինակ:

Երբ ես դուրս եկա ընդհատակից, հետո բանտից, ողջ ընթացքում անընդհատ իմ օրակարգում եղել է գիրքը հրատարակելը: 2011 թ., երբ բանտից դուրս եկա, առաջին գործը, որ արեցի՝ մտածեցի, թե ինչպիսին պետք է լինի շապիկը: Այս լուսանկարը ես արել եմ 2011 թ.՝ բանտից դուրս գալուց մի քանի ամիս հետո: Հետո երբ մտածում էի, որ գիրքը պետք է հրատարակել, այնպիսի զգացողություն պատեց ինձ, որ սա ընդամենը հոդվածների շարք է և մեծամտանալ՝ գիրք տպելու աստիճան, այդքան էլ պատեհ չէ և այդպես մնաց: Եվ ահա, 2018 թվականին, ես այդ ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավարն էի, ինչպես գրքի հետևում գրել եմ, Հայկ Կոստանյանը հանդիպում էր ցանկացել: Հանդիպեցինք, ինքն ինձ ասաց՝ խնդրում եմ թույլ տաք, որպեսզի ես այդ գիրքը հրատարակեմ: Ասացի՝ հրատարակչի փորձ ունե՞ք, թե՞ ոչ, այսինքն՝ ինքը որպես հրատարակիչ բոլոր առումներով անընդհատ, թող ների ինձ, անվստահություն էր ներշնչում, թե արդյոք ինքն այդ գործը կարող է կազմակերպել: Մյուս կողմից, այդ հարցը կար, թե իմաստ ունի՞ արդյոք սա տպագրել: Ես ասացի, որ մինչ այդ հարցի պատասխանը տալը ինձ անհրաժեշտ է կարդալ այս գիրքը, հասկանալ, թե ինչ է գրված: Եվ երբ կարդացի գիրքը, այնպիսի տպավորություն էր, որ ես ինքս ինձ նամակ եմ գրել 10 տարի առաջ, այսինքն՝ սա խոսակցություն է ինքս ինձ հետ: Այդ ընթերցման արդյունքում էր, որ ծնվեց «Չար տնակի հեքիաթը»: Ինչո՞ւմ էր հեքիաթի իմաստը՝ կոնտեքստը նրանում է, որ կարծես թե Ազգային ժողովի շենքը, «Ելք» խմբակցության ղեկավարի աշխատասենյակը խժռել է բոլոր այն արժեքները, որոնք այստեղ նկարագրված են, այսինքն՝ կերել է իմ հիշողությունն այն իմաստով, որպեսզի չհիշեմ, թե որն է առաքելությունը, որն է այն խնդիրը, որը պետք է լուծվի:

Այս գրքի ընթերցումն էր, որ վերակենդանացրեց, այսինքն՝ որպես ինքս ինձ գրած նամակ օգնեց հասկանալ, որ այն չէ իմ գործը, երբ այս աշխատասենյակում նստած պետք է լինեմ խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր, որը պետք է սուր ելույթներ ունենա և այլն, մի մասն ասի, որ հաստատ սա պայմանավորված է, թատրոն է խաղում, մյուս մասն ուրիշ բան ասի: Բայց պարզ էր, որ պետք է գործողություն: Եվ, իհարկե, այս գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ:

Այն միտքը, որ գրքում դրված բոլոր խնդիրները գործնականում լուծվող են, ինչ-որ առումով ճիշտ է՝ մի տարբերությամբ: Շատ հնարավոր է, որ այն, ինչ այստեղ գրված է, հնարավոր է՝ պարզվի, որ շարունակական է, երկրագնդի պտույտի նման անընդհատ ուղեծիր ունի և այդ ուղեծրով պտտվում է: Ինչի՞ համար եմ ասում, որովհետև այս գրքում կա մի գլուխ՝ «Ի՞նչ է անում այդ բանտապահը»: Այդ գլուխը նկարագրում է, որ գլխավոր խմբագրի իմ աշխատասենյակում էլ ես բանտում եմ, ինչ-որ տեսանելի և անտեսանելի բանտապահներ կան, հետո, երբ ճամփորդում եմ, միևնույն է, ինձ հետ է այդ խցիկը, բանտախուցը քարշ եմ տալիս ամբողջ աշխարհում, հետո երբ բանտախցում եմ՝ կրկին բանտախցում եմ: Անկեղծ ասած, մի քանի օր առաջ մտածում էի, որ ես կրկին բանտախցում եմ: Ինչո՞ւ հիմա առավել, քան նախկինում, որովհետև հիմա ես ամեն օր գտնվում եմ մի տեղում, աշխատում եմ մի աշխատասենյակում, որտեղ նույնիսկ հնարավոր չէ պատուհանը բացել, գլուխը հանել ու մաքուր օդ շնչել: Իհարկե, ինձ թող ներեն Պետական պահպանության ծառայության իմ ընկերները, բայց անընդհատ ուր գնում եմ, գնում եմ զինված մարդկանց ուղեկցությամբ: Այստեղ պատկերն առավել հիշարժան է դառնում, եթե ես ձեզ ասեմ, որ հիմա իմ ընկերներից մեկը, երբ ես բանտում էի, աշխատում էր «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և ամեն օր դուռը բացում էր, ինձ ուղեկցում քննության, իսկ հիմա նա աշխատում է իմ թիկնազորում և շարունակում է ինձ ուղեկցել:

Գրքի շապիկը. շատ բան իսկապես ենթագիտակցորեն է աշխատում, հիմա հղում եմ անում գրքի շապիկին, որ լուծումները մեր գլխում են, և ինձ նույնիսկ սկսել է թվալ, որ պատահական չէ, որ ես հենց այս տարբերակն եմ ընտրել: Իհարկե, մոտիվացիան այն է եղել, որ ամբողջ ճամփորդությունն իմ գլխում է տեղի ունեցել, բայց երևի այդ ասոցիացիաները նորից առաջանում են: Հենց սկզբից, ինչ նկարագրված է գրքում, նորից կրկնվում է, սկսած՝ մեկնարկ հանպատրաստից: Այսինքն, այն ժամանակ ես հանպատրաստից դարձա փախստական, հիմա հանպատրաստից դարձա վարչապետ: «Ներիր ինձ որդիս» հատվածը. երբ կրկին այդ տրամաբանությունը վարչապետ դառնալուց հետո աշխատեց: Ընդհատակը. հիմա ես ընդհատակո՞ւմ եմ, թե՞ ընդհատակում չեմ: Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետև ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է, որտեղ մարդկանց հետ չես շփվում, այսինքն՝ ապրում եմ կառավարական առանձնատանը, որն ընդհատակ է: Ես հիմա մարդկանց հետ մեծամասամբ նույն ձևերով եմ շփվում, ինչ ընդհատակում գտնվելիս՝ կրկին ինչ-որ գրավոր տեքստեր, ելույթներ: Հետո այն զրահապատ մեքենան, որով գնում-գալիս եմ շրջապատված, ընդհատա՞կ է, թե՞ ընդհատակ չէ: Եվ վարչապետի աշխատասենյակը, որտեղ հնարավոր չէ նույնիսկ պատուհանը բացել և մաքուր օդ շնչել: Այսինքն՝ կրկին այդ ամենը կրկնվում է, և սա մի շրջապտույտ է, որը չգիտեմ, թե ինչքան պետք է շարունակվի: Շնորհակալություն»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քննարկման բանախոսների և մասնակիցների հարցերին: Մասնավորապես, անդրադարձ է եղել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքում Չե Գևարայի մասին հատվածին, որտեղ ասվում է, որ իրական հեղափոխականն այն քանդող ուժն է, որից հետո նոր կառույցներ պիտի գան, և իրական հեղափոխականը երբեք իշխանություն չի դառնում: Այս համատեքստում իր այժմյան զգացողության և մտածելակերպի մասին հարցադրմանը վարչապետը պատասխանել է. «Սա ամենակարևոր հարցերից է, որովհետև իմ պատկերացրած հեղափոխությունը, ինչպես հստակ գրված է, հենց այդպիսին է: Նաև այն համատեքստում, որ ասում են՝ այսպես ասում է, այնպես անում, շատ կարևոր հարց է:
Ես տեքստի ընթերցումն ավարտել եմ 2018 թ. փետրվարին: Բնականաբար, 2 ամիս հետո այս տեքստի ընթերցումը շատ թարմ էր, և երբ եկավ 2018 թ. ապրիլը և արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, և երբ կար այդ կարգախոսը՝ «Նիկոլ վարչապետ», այս տեքստն անընդհատ ինձ հետ էր, իմ մտքում էր: Ես մտածում էի հեղափոխության այն բանաձևի մասին, որը գրվել է, և ես ի՞նչ պետք է անեմ այդ իրավիճակում: Անկեղծ ասած, իհարկե, մտածել եմ, որ այդ իրավիճակում, երբ արդեն առաջին փուլն ավարտված է, պետք է վերցնեմ իմ ուսապարկը և գնամ մեր տուն՝ ասելով, որ հեղափոխականի առաքելությունն ավարտված է: Բայց երբ ինձ հասկանալի է եղել՝ իսկ ի՞նչ տեղի կունենա հետո. Հայաստանի վարչապետ կդառնա, օրինակ, Կարեն Կարապետյանը կամ ուրիշ ինչ-որ մեկը, և ոչ մեկին ես չեմ կարողանա համոզել և ապացուցել, որ այդ հեղափոխությունն իրականում ներիշխանական ինտրիգ չէր: Ես մտածեցի, որ ժողովուրդն ուղղակի կզգա իրեն, կներեք այդ բառի համար, օգտագործված ինչ-որ ուրիշ նպատակների համար: Մինչև հիմա էլ տուն գնալու ուսապարկն իմ ուսերին է, և միակ պատճառը, որ այդ սցենարը չի գործել, հետևյալն է. ես հասկացա, որ մարդկանց մոտ կլինի շատ ավելի մեծ հիասթափություն և նույնիսկ զայրույթ, իրենց համար ի հայտ կգա առավել ծախված ընդդիմադիր գործչի կերպար, որն ընդամենը ներիշխանական ինտրիգների գործիք էր, դրանց ծառայեց և թողեց, գնաց իրենց տուն: Սա է այդ հարցի պատասխանը: Ես այդ մասին շատ երկար եմ մտածել, և քանի չեմ համոզվել այդ պատասխանի 100 տոկոսով ճշմարիտ լինելու մեջ, ինքս ինձ համաձայնություն չեմ տվել, որ ես պետք է լինեմ վարչապետի թեկնածու»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի հիմնական ուղերձն այն է, որ անհատական ջանքը, մի մարդու գործողությունը գլոբալ ազդեցություն ունի ամեն ինչի վրա. «Այս գրքի լեյտմոտիվներից կարևորագույնը դա է՝ ցույց տալ անհատի անցած ճանապարհի գործողությունների ազդեցությունը գլոբալ աշխարհի վրա: Ինձ համար ակնհայտ է, որ եթե այս գիրքը չգրվեր, և 2017 թ. վերջ-2018 թ. սկզբին չկարդայի, չգիտեմ՝ էլի նույն գործողությունները կանեի՞, թե՞ չէի անի: 2016 թ. ես իմ ֆեյսբուքյան էջում հայտարարեցի հայ գրականության ընթերցման տարի, որի պատճառն այն էր, որ ես զգացի՝ սովորական ինֆորմացիոն հոսքերը մեր իրականությանը պատասխաններ չեն տալիս: Եվ քանի որ ունեմ այն կանխավարկածը, որ գրականության մեջ բոլոր հարցերի պատասխանները կան, սկսեցի կարդալ մեր ժամանակակից գրողներին, որպեսզի գտնեմ այդ հարցերի պատասխանները: Իհարկե, չհասցրեցի ամբողջ ծավալով, կուզենայի ընթերցել բոլորին, բայց, իմ կարծիքով, դա մեր հետագա իրադարձությունների համար նույնպես շատ կարևոր դեր ունեցավ, երբ ես, իմ և իմ քաղաքական գործունեության ճգնաժամը զգալով, հասկացա, որ ճգնաժամից դուրս գալու համար պետք է դիմել գրականությանը: Այն ժամանակ իմ մտքով չէր անցնում, որ հնարավոր է նաև այս գիրքը, այս գրվածքն այդպիսի դերակատարում ունենա: Բայց արդյունքում սա այդպիսի գրականության կամ տեքստի հետևողական ընկալման ճանապարհն է, երբ դու հատկապես գրականության, գրական տեքստերի մեջ փորձում ես գտնել լուծումներ»: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօրվա խնդիրների լուծումները մեր ժամանակակից գրողների տեքստերի մեջ կան և կոչ արել ավելի շատ կարդալ արդի հայ գրականություն: «Մեր ժամանակակից գրողների այն գրքերը, որ կարդացել եմ, ավելի են խորացրել համոզմունքս. մենք այսօր ունենք տաղանդավոր հրաշալի գրողներ և վերջին 10 տարում Հայաստանում մեր գրականությունը մեծ վերածնունդ է ապրում, որ մենք դեռ չենք գիտակցում», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այժմ աշխատում է իր բանտային օրագրի լույսընծայման վրա՝ օրական 10-20 րոպե հատկացնելով այդ գործին:


 

← Վերադառնալ