Մամլո հաղորդագրություններ

Վստահությունն ամենակարևոր հիմքն է, որի վրա պետք է կառուցվի Նոր Հայաստանը. Նիկոլ Փաշինյանն ամփոփել է Վանաձորի տնտեսական համաժողովի աշխատանքները

23.02.2019


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփել է Վանաձորում անցկացված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի աշխատանքները և այն բովանդակային առումով կայացած համարել:

«Սա իսկապես նոր նշաձող է: Այս գաղափարը պետք է շարունակվի մյուս բոլոր մարզերում: Ներկա մարզպետները տեսան, որ այս նշաձողից պակաս հաջորդ միջոցառումները պետք է չլինեն»,- ասել է վարչապետը և շնորհակալություն հայտնել համաժողովի բոլոր կազմակերպիչներին:

Միջոցառումը ցույց տվեց, որ Հայաստանում գործարար նոր հնարավորություններ կան և մեզ մնում է աջակցել այդ հնարավորություններն իրացնելու գործում: Մենք ուրիշ նորություն էլ ունենք, «Ամերիա» բանկն իր ծառայություններն է առաջարկել, որ բոլոր ներդրումային ծրագրերի ռիսկայնության գնահատում իրականացնի, գնահատի, թե այդ ծրագրերից որոնք են ռեալ, որոնք են ուշադրության արժանի, որոնք առավել հեռանկարայինները: Մենք պայմանավորվեցինք, որ այդ գնահատումից հետո առավել ուշագրավ ներդրումային ծրագրերի վերաբերյալ կառավարությունն ինքը տեղեկատվություն կտարածի` ներդրողներ ներգրավելու համար:

Այս կարևոր քննարկման արդյունքում ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որն իմ կարծիքով, տնտեսական հեղափոխության առումով առանցքային նշանակություն ունի: Սովորաբար Հայաստանում մինչև հիմա գործընկերային, կամ ինչպես ասում են՝ կորպորատիվ ծրագրերը, որպես կանոն, ձախողվել են:

Մարդիկ ավելի շատ խուսափում են, ասում են՝ ես իմ գործը դնեմ, իմ գլխի տերը լինեմ, ուրիշի հետ գործ չունենամ, բայց մենք այստեղ տասնյակ նախագծեր տեսանք, որոնք գործընկերային տրամաբանության մեջ կլինեն շատ հաջողակ:

Այս պահը շրջադարձային նշանակություն ունի: Հայաստանում գործընկերային տրամաբանությունը, ցավոք, հաճախ լսել ենք, որ ավարտվում է խաբելով, և Նոր Հայաստանում, այս առումով, պետք է նոր տրամաբանություն գործի: Ամեն գործընկեր պետք է առաջին հերթին բարձր պատասխանատվությամբ վերաբերվի այն գործընկերոջը, որի հետ գործ է անում: Սա շատ կարևոր է:

Պոտենցիալ ներդրողների հետ շփումներում տեսնում եմ, որ այդ իներցիան դեռ կա: Բայց կարծում եմ՝ սա հին մտածողության արգասիք է և պետք է բոլորս ջանք գործադրենք, որպեսզի Նոր Հայաստանում նոր տրամաբանություն աշխատի:

Պետք է լինի գործընկերային նոր մշակույթ, պետք է դուրս գանք խաբելու տրամաբանությունից և պետք է մարդիկ ուս ուսի տան` ընդհանուր հաջողության հասնելու, ավելի մեծ հաջողության հասնելու, նոր մարդկանց ներգրավելու և նոր մարդկանց այդ հաջողության մասնակիցը դարձնելու համար:

Սա իմ ամենակարևոր եզրակացությունն է այսօրվա մեր քննարկումից: Բոլոր գործընկերներին մաղթում եմ փոխադարձ վստահություն: Այսօր ներկաներից շատերը ցույց տվեցին, որ ունենք մարդիկ, որոնք աշխարհն ընկալում են նորովի, որոնց խնդիրն է, որպեսզի իրենց ընկալած աշխարհն իրենք կարողանան իրականություն դարձնել` իրենց գյուղում, իրենց մարզում, իրենց հայրենիքում և իրենց հանրապետությունում:

Բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին: Բոլոր գործընկերներին մաղթում եմ փոխադարձ վստահություն, որն այն ամենակարևոր արժեքն է, որի վրա պետք է իսկապես դողալ: Փոխադարձ վստահության վրա հիմնված ձեռնարկատիրությունն ամենահաջողվածն է, դա երաշխիք է, որ այդ համատեղ ձեռնարկը հաջողություն ունենա: Հույս ունեմ, որ առաջարկված ներդրումային ծրագրերի շրջանակում նոր մարդիկ կհանդիպեն, կհաստատեն նոր գործընկերություն, որում վստահությունն ավելի ու ավելի կբարձրանա, ինչպես բարձր է ՀՀ քաղաքացիների և նրա ընտրած կառավարության միջև առկա վստահությունը: Վստահությունն ամենակարևոր հիմքն է, որի վրա պետք է կառուցվի Նոր Հայաստանը:

Մենք այլևս այն երկրում չենք, որտեղ նորաձև է խաբելը: Մենք մի երկրում ենք, որտեղ ամենակարևոր սկզբունքը վստահությունն է ու վստահությունը չչարաշահելը, այդ վստահությունը նոր ու ավելի կարևոր արժեք ստեղծելու հիմք դարձնելը»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

← Վերադառնալ