Մամլո հաղորդագրություններ

Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր

21.03.2019

ևս 15 լուսանկար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է «Արմատ» լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձերի խնդրին. «Այսօր նամակ եմ ստացել, համաձայն որի՝ «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել: Ուզում եմ հասկանալ, այսպիսի բան հնարավո՞ր է Հայաստանում 21-րդ դարում, որ պետական համակարգի աշխատողները երեք ամիս աշխատավարձ չստանան»:

Հարցի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, ծավալվել է մտքերի փոխանակություն:

«Երեք ամիս է անցել, պետք է ժամանակին այդ որոշումները քննարկել, կայացնել և ընթացք տալ: Ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից էլ պետք է հրաժարվել, պետք է հստակ իմանալ ինչ աշխատանք է պլանավորվում, ինչ է պետք անել առաջիկա մեկ ամսվա, երկու ամսվա, երեք ամսվա մեջ և այդպես գնալ առաջ։ Ոչ թե վարչապետը նամակ ստանա, գա ասի՝ սա ինչ է, ասեն՝ լավ բերեք որոշումը նիստում քննարկեք»,-ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հանձնարարել է հարցը քննարկել և ողջամիտ ժամկետում որոշում կայացնել: «Ուրիշ որևէ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես: Պլանավորեք, ժամանակին արեք բոլոր գործերը, ոչ թե վերջին պահին բերեք»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ գործադիրը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թ. ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի: Նախագծով ամրագրվել է նաև, որ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա ՀՀ քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակում տարկետումների կամ ազատումների տրման, պայմանագրային զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման գործընթացի պատշաճ կազմակերպումը: Օրինագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք է նախատեսվում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող և 18 տարին լրանալու օրվա դրությամբ ուսումնառությունը չավարտած անձանց համար՝ մինչև 19 տարեկանը լրանալը, նախատեսվում է կառավարության որոշմամբ բացառիկ դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացում իրավասու պետական մարմնի կողմից քաղաքացու դիմումը մերժելու հնարավորությունը: Սահմանվում է, որ պարտադիր զինվորական ծառայության միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը, իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել՝ եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին (օրինակ՝ առողջական վիճակ, պատվո պահակային վաշտ, նվագախմբեր և այլն): Պայմանագրային ծառայությունը հրապուրիչ դարձնելու նպատակով հնարավորություն է ընձեռնվում պայմանագիր կնքել նաև 2 տարի ժամկետով: Վերականգնվում է նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքը և կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետը: Հնարավորություն է ընձեռնվում մատչելի և երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման ծրագրում ընդգրկվել նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին: Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու գործընթացը նախատեսվում է իրականացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, իսկ այդ կարգավիճակի շնորհումը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, զինծառայողների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակում վերացվում է թերկարգավորումը, քանի որ բնակարանային ապահովությունն ընդգրկում է ոչ միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրումը, այլ նաև անհատույց պետական ֆինանսական աջակցության և տնամերձ հողամասով ապահովման ձևերը:

Հավանության է արժանացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարողական վարույթի արդյունավետության բարձրացում, այդ թվում՝ կատարողական թերթ տալու կարգի և ժամկետների հստակեցում, պարտապանին պատկանող գույքի հայտնաբերման, պարտապանին պատկանող գույքի հայտարարագրման, չգրանցված իրավունքների գրանցման և դատական ակտերի կամավոր կատարման խթանման գործիքակազմի ներդնում: Օրինագծերով կարգավորվել են կատարողական թերթ տալու կարգի, կատարողական թերթ տալու ժամկետների, կատարողական թերթ տալու դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաև դրանց բողոքարկման հետ կապված հարցերը: Նախատեսվել են, մասնավորապես, դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու, կատարողական թերթը դատական ակտի կատարված մասով մերժելու և չմերժված մասով տրամադրելու հնարավորություններ, հստակեցվել են հարկադիր կատարման փուլում որոշումների ուղարկման և ծանուցման ընթացակարգերը: Նախատեսվել է նաև գրավի առարկան հայտնաբերելու անհնարինության դեպքում պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորություն միայն կատարողական թերթում այդ մասին նշված լինելու դեպքում: Սահմանվել է պարտապան-ֆիզիկական անձի դեպքում մինչև 100 000 դրամ բռնագանձման ենթակա գումարի պահանջով հարուցված կատարողական վարույթով գույքագրում չիրականացնելու մասին դրույթ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված հարցումների արդյունքում պարտապանին պատկանող գույք չի հայտնաբերվել կամ հայտնաբերված գույքը բավարար չէ պարտավորությունների կատարման համար.

Հավանություն է տրվել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը: Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասերով, որոնցով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը:

Գործադիրը հավանություն է տվել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ խնդրին այն է, որ ԿԲ կողմից լիցենզավորվող որոշ սուբյեկտների համար նախատեսված չեն դրանց ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ պահանջներ: Օրինագծերի նպատակն է կանխարգելել հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ: Փոփոխությունների արդյունքում գրավատան, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների, արժութային գործառնություններ իրականացնող անձանց նշանակալից մասնակիցներն ու ղեկավարները չեն կարող լինել հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Մասնավորապես, համաձայն լինելով ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդհանուր գաղափարին (գյուղացիական տնտեսություններին աջակցությանը), այնուամենայնիվ կառավարությունը գտնում է, որ նախագծի հիմնավորման մեջ նշված նպատակին անհրաժեշտ է հասնել այլ՝ առավել արդյունավետ ուղիներով և առաջարկում է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ ներկայացնելով մի շարք դիտողություններ: Վերջին տարիներին կառավարության համապատասխան որոշումներով կատարվել է բնակլիմայական աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում հողի հարկի զիջման, ոռոգման ջրի վարձի մասնակի փոխհատուցման կամ սերմացուների տրամադրման ձևով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել է դրական եզրակացություն: Օրինագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ վերջին շրջանում ակտիվանում են կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք, ովքեր քաղաքացիներին առաջարկում են վարկային միջնորդային ծառայություններ, այսպես ասած՝ «վարկ ստանալու օգնություն»: Նշված առաջարկներն ակտիվ գովազդվում են սոցիալական ցանցերում, փողոցներում: Այդ գործընթացի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումն են հայտնել նաև բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք հորդորում են չօգտվել նշված անձանց կողմից առաջարկվող ծառայություններից: Ներկայումս հարցը չի կարգավորվում որևէ օրենքով, չկան պատժամիջոցներ՝ տվյալ արարքն արգելելու մասով: Ըստ այդմ՝ օրինագծով սահմանվում է, որ խնդրո առարկա գործունեությունը վարչական իրավախախտում է և նախատեսվում է համապատասխան սանկցիա նման գործունեություն ծավալելու համար:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև վարկերի իրական տոկոսների հարցին և նշել. «Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է պետական ծրագրեր իրականացնենք՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով»:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և մանրամասներ է ներկայացրել դրանց ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Եվս մեկ անգամ ընդգծելով քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման կարևորությունը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ոչ միայն ֆինանսական, այլև բոլոր հարաբերություններում ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ ամեն մարդ, ի վերջո, ինքն է պատասխանատու իր գործունեության հետևանքների համար: Ցավոք, սա մի բան է, որ Հայաստանի Հանրապետությունում շատ դեպքերում արձանագրված չէ: Ես նամակներ եմ ստանում, օրինակ՝ մարդը մարդ է սպանել, բայց, գիտեք, այնպիսի վատ վիճակում է, սոցիալական խնդիր ունի, երեխաներ և այլն: Մարդն ինքն իր արարքից առաջ չի՞ մտածել երեխաների և այդ ամենի մասին: Հիմա փորձ է արվում իր կատարած արարքի պատասխանատվությունը դնել ուրիշի վրա: Սա, կարծում եմ, գիտակցական ամենակարևոր այն փոփոխություններից մեկն է, որ մենք պետք է ունենանք: Մեզնից յուրաքանչյուրն անձամբ ինքն է պատասխանատու իր որևէ գործողության և դրա հետևանքների համար: Սա չի նշանակում, որ կառավարությունը քաղաքացիներին մենակ է թողնում: Ո՛չ, կառավարությունն ուզում է քաղաքացիների հետ այս երկխոսությունն ունենալ, որպեսզի մեկս մյուսի համար հնարավորինս քիչ վատ իրավիճակներ ստեղծենք, հետո մեկս մյուսի վրա գցենք իրավիճակի պատասխանատվությունը»:

Նիկոլ Փաշինյանը հորդորել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու և դրանից ածանցվող խնդիրները պահել ուշադրության կենտրոնում:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունն առաջարկել է մարտի 26-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որը կնպաստի բուհերի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մատչելիության բարձրացմանը: Հիմնավորման համաձայն՝ ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի ենթածրագիր շրջանակում ներկայումս վարկավորմամբ զբաղվում են 10 առևտրային բանկեր: 2019 թ. հունվարի 15-ի դրությամբ ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14.231 վարկ՝ 4 մլրդ 258 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Ներկայումս ՀՀ մի շարք պետական ուսումնական հաստատություններում ուսման վարձերն ավելի բարձր են, քան գործող որոշմամբ սահմանված վարկավորման տարեկան առավելագույն գումարը, ուստի ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ ուսանողական վարկերի հասանելիության տեսանկյունից։ Մասնավորապես, նախատեսվում է ավելացնել տրամադրվող վարկի տարեկան առավելագույն գումարը մինչև 700.000 ՀՀ դրամ, գործող 450.000 ՀՀ դրամի փոխարեն։ Արդյունքում՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձևավորվող 1.8 մլն ՀՀ դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2.8 մլն ՀՀ դրամ։ Նախատեսվում է նաև նվազեցնել վարկավորման առավելագույն տոկոսադրույքը մինչև 9 տոկոս տարեկան, գործող 12 տոկոսի փոխարեն, որի արդյունքում բարձր առաջադիմությամբ ուսանողների համար 3 տոկոսային կետով սուբսիդավորվելուց հետո վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 6 տոկոս տոկոսադրույքով, իսկ մնացած ուսանողների համար՝ 2 տոկոս սուբսիդավորումից հետո վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 7 տոկոս տոկոսադրույքով: Բացի մագիստրատուրայի ուսանողներից, նախատեսվել է նաև կլինիկական օրիդինատուրայի ուսանողների ուսման վարձերի համար ուսանողական վարկավորման այս ծրագրից օգտվելու հնարավորություն։

Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»:

Կավելանան «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆինանսական մուտքերը, կբարելավվեն շենքային պայմանները

ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Աշտարակի խճուղի 30 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը` վարձակալության հիմունքներով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին տրամադրելուն: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը մեկամսյա ժամկետում պետք է ապահովի ընկերությունների միջև ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը: «Հայֆիլմ» կինոստուդիան 2017թ. ընդգրկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության լրացուցիչ ֆինանսական մուտքերի ավելացման և շենքային պայմանների բարելավման նպատակով առաջարկվում է անշարժ գույքի մի մասը տրամադրել վարձակալության 15 տարի ժամկետով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին, որը պարտավորվում է 3-5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ, որից 2.5 մլն եվրոն անբաժանելի բարելավումներ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսուհետ նման որոշումների նախագծերում որպես պարտադիր սկզբունք՝ հստակ սահմանվի ներդրումների ժամանակացույցը:

Այլ որոշումներ. արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունն ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 19 000 000 000 ՀՀ դրամ, որից 13 300 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 900 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 3 800 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5 890 000 000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 605 000 000 ՀՀ դրամ:

Գործադիրի որոշմամբ Վահագն Վերմիշյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է կոմիտեի նորանշանակ նախագին և մաղթել հաջողություններ:

Նիստի ավարտին, անդրադառնալով ոչ աշխատանքային, մասնավորապես, ամանորյա տոներին հաջորդող օրերի կրճատմանը վերաբերող հարցադրմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այդ գաղափարը բավական հին է, և կարծում եմ՝ կարիք կա այդ թեմայով քննարկում ունենալու և հասկանալու, թե ինչ անելիքներ կան այդ տրամաբանության շրջանակում: Դա մի հարց է, որ պետք է ոչ միայն կառավարության մակարդակով, այլ նաև հանրային լայն քննարկում ունենա, ունենանք կոնսենսուսային կամ դրան մոտ լուծում»:

← Վերադառնալ