Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ-ի նորանշանակ դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին

08.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում դրանք կբարձրանան նոր մակարդակի: Կառավարության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջև նկատվում է տնտեսական համագործակցության աշխուժացում և առկա են լավ հնարավորություններ՝ գործարար կապերին նոր թափ հաղորդելու համար: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն զարգացնում են փոխգործակցությունը նաև զբոսաշրջության ոլորտում, ինչը նպաստում է երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:

Մուհամմադ Իսա Ալ Զաաբը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման նպատակով: Դեսպանը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ներդրումների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և հումանիտար այլ ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է Հայաստանի հետ երրորդ ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունը, ինչը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Մուհամմադ Իսա Ալ Զաաբը նշել է, որ ԱՄԷ կառավարությունը պատրաստ է քննարկել ներդրումային ծրագրեր՝ Հայաստանի հետ համատեղ իրականացնելու նպատակով:

Երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման առումով զրուցակիցները կարևորել են առաջիկայում նախատեսված միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը: Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ դրա ընթացքում կկայացվեն կոնկրետ որոշումներ, որոնք միտված կլինեն երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է երկու երկրների միջև ՏՏ ոլորտում համագործակցությունը և հույս հայտնել, որ ԱՄԷ-ի ընկերություններն ակտիվորեն կմասնակցեն աշնանը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:

ՀՀ-ԱՄԷ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու տեսանկյունից կողմերը կարևորել են նաև գործարար ֆորումների անցկացումն ու բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:
 

← Վերադառնալ