Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը և Չեխիայի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության հարցեր

09.04.2019

ևս 2 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը և Չեխիան արդյունավետ համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանության, և երկու երկրների հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է նաև Եվրոպական միությունում, և թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում բարձր մակարդակի գործակցությունը նպաստում է հարաբերությունների ամրապնդմանը:

Չեխիայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ նշելով, որ առաջին անգամ է Հայաստանում և ուրախ է այցելել մեր երկիր: Նա շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում թավշյա հեղափոխության և ժողովրդավարական փոփոխությունների մեկամյակի կապակցությամբ և տեղեկացրել, որ այս տարի Չեխիան ևս նշելու է իր թավշյա հեղափոխության 30-ամյակը: Լյուբոմիր Մետնարը նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն է, և իր երկիրը հետաքրքրված է երկկողմ կապերի հետագա զարգացմամբ՝ պաշտպանության, նաև առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-չեխական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովումը:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Չեխիայի հավասարակշռված դիրքորոշման համար՝ ընդգծելով, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում: Լյուբոմիր Մետնարն իր հերթին հավելել է, որ Չեխիան սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերին:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի ներդրումը երկու երկրների կապերի զարգացման գործում:

 

← Վերադառնալ