Հայաստանի Հանրապետության
կառավարման համակարգը


Սահմանադրությունը

ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեների արդյունքում:

Սահմանադրաիրավական բնութագիրը

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ազգային ժողովը

Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2017 թվականի ապրիլի 2-ին:

Հանրապետության նախագահը

Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով:

Կառավարությունը

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ: Փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:

Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:

Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը

Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Oրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը, որը անկախ պետական մարմին է՝ կազմված տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, ևս հինգին՝ Ազգային ժողովը:

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Մարզերը կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից: Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզի:

Դրանք են՝  Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիր մարզ, Գեղարքունիք մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և Տավուշի մարզ:

Մայրաքաղաք Երևանը համայնք է: Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում: