Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

22.04.2019

Շատ կարևոր հարց է, շատ խոսում են, ասում են՝ օրինակ, մենք գիտենք, թե ինչպիսի երկիր ենք ուզում տեսնել 20 տարի հետո, 30 տարի հետո, 50, 100 տարի հետո: Մենք, ըստ էության, այսպիսի համազգային կամ առնվազն պետական մակարդակով ձևակերպված պատասխան չունենք: Եվ, իմ կարծիքով, գիտեք՝ ի՞նչն է դրա պատճառը, որովհետև այս հարցը, տեսլականը ձևակերպելու համար մենք պետք է ձևակերպենք, թե, օրինակ, Ղարաբաղի հարցի լուծումը մենք ինչպես ենք պատկերացնում: Այսինքն՝ երբ մենք հստակ մեզ համար ձևակերպենք, թե Ղարաբաղի հարցի լուծումն ինչպես ենք պատկերացնում, այն մնացած ձևակերպումները շատ ավելի հեշտ կդառնան: Էական չի՝ ինչ տարբերակ կձևակերպենք: Ես հիմա չեմ ասում, որ մենք հիմա պետք է ձևակերպենք հետևյալ կերպ, ես ասում եմ, որ մենք՝ որպես ազգ, ժողովուրդ, պետություն, պետք է հստակ ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը: Եվ ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մինչև հիմա մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Եվ երբ ես նոր էի վարչապետ դարձել և ասենք, օրինակ, սոցիալական ցանցերում կամ մեկը հոդված էր գրում, հարցազրույց էր տալիս և այլն, մեկն ասում էր՝ այսինչն են ծախել, մեկն ասում էր՝ այնինչն են ծախել, մեկն ասում էր՝ եթե չեն ծախել, հեսա կծախեն, մեկը գրում էր՝ այ հենց նոր ծախեցին, պրծան: Ես պարզ հարց էի տալիս՝ իսկ այս ամբողջ խոսակցությունը ոչ միայն իմ, այլև Հայաստանի Հանրապետության, բոլոր ղեկավարների վերաբերյալ ինչի՞ պետք է լինի՝ նաև հետագայում: Բայց մենք հարց չենք տալիս՝ ինչո՞ւ, ով գնում է բանակցությունների, կամ կոնկրետ ով չէ, ես գնում եմ, ինչո՞ւ պետք է իմ հետևից այսպիսի խոսակցություն լինի, և ինչո՞ւ կա այդ խոսակցությունը: Որովհետև դուք՝ բոլորդ, երբ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ միանգամից չեք ասում՝ կգնաս, Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Սա չկա: Մենք չենք ասել՝ այսօր հայ հանրությունը և ժողովուրդը Հայաստանի Հանրապետության վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցություններ: Հարց՝ բա մեզ ոչ ոք չի ասել ինչպե՞ս պիտի լուծվի հարցը, ո՞վ է որոշում՝ ինչպե՞ս պետք է լուծվի հարցը:

Եվ հետևաբար, ամենակարևոր խնդիրներից մեկը հենց դա է: Մենք ի՞նչ ենք ուզում Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը, ե՞րբ մենք պատկերացնենք՝ 50 տարի հետո, 100 տարի հետո ի՞նչ պետք է լինի Ղարաբաղի հարցը: Մենք պատկերացնում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է միջազգայնորեն ճանաչումով լուծված լինի, թե՞ պատկերացնում ենք, թե դեռ պետք է բանակցելիս լինենք այս կամ այն լուծման շուրջ: Երկուսն էլ տարբերակ է: Բայց մենք պետք է հասկանանք՝ ո՞ր ռազմավարությամբ ենք գնում, որպեսզի ձևակերպենք մեր պատկերացումը 100 տարի հետոյի Հայաստանի մասին:

Եվ պատահական չէ, որ ուրբաթ օրը Հանրային խորհրդում հանդիպում եղավ, Հանրային խորհուրդը Սահմանադրությամբ համարվում է կառավարության խորհրդակցական մարմինը, և իրենք ասում են՝ օրինակ, ի՞նչ թեմաներ կան, որ Դուք կուզենայիք, որ Հանրային խորհուրդը՝ որպես խորհրդակցական մարմին կառավարությանը ինչ-որ ռեկոմենդացիաներ տար: Ես ասեցի, օրինակ, Ղարաբաղի հարցը: Օրինակ՝ մենք ունե՞նք հստակ ձևակերպված, թե մենք ինչպես պետք է լուծենք Ղարաբաղի հարցը: Անկեղծ ասած, հիմա բնական հարց կծագի՝ Դուք որ գնացել եք բանակցությունների, Դուք պատկերացում ունե՞ք, թե՞ չունեք: Ես, բնականաբար, ունեմ պատկերացում, բայց ես չեմ ուզում դա լինի իմ պատկերացումը, որովհետև ես էլի շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ չի, ոչ մի վարչապետ չի, ոչ մի կառավարություն չի: Սեփականատերը Ղարաբաղի հարցի ամբողջ հայ ժողովուրդն է, և ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ ձևակերպի՝ ինքն ինչպե՞ս է պատկերացնում՝ այդ հարցի հետ ի՞նչ պետք է լինի: Եվ մենք մի մեծագույն սխալ ենք գործել երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում. մենք փոխանակ ասենք Ղարաբաղի հարցի լուծման տարբերակները պետք է լինեն մեր նախընտրական քննարկումների, բանավեճերի առանցքային դրույթներից մեկը, մենք հակառակն ենք արել՝ ասել ենք, եկեք, Ղարաբաղի մասին ընդհանրապես չխոսենք: Դրա համար ձևավորվել է այս անորոշության ու կասկածի մթնոլորտը: Բայց սա նաև ունի պրակտիկ նշանակություն, որովհետև երբ մենք կարողանանք ձևակերպել, թե ինչ ենք ուզում Ղարաբաղի հարցի լուծումից, և ինչո՞ւ եմ ես ասում, որ այստեղ պետք է ձգտել համազգային կոնսենսուսի, որովհետև դա շատ կարևոր է: Տեսեք՝ երբ ասում եմ, որ Ղարաբաղի հարցի սեփականատերը որևէ կառավարություն չէ, վարչապետ չէ, այլ դա համազգային հարց է, այդտեղից բխում է հաջորդ հարցը՝ իսկ ազգը, ժողովուրդը և նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ պատրաստ է արդյոք կրե՞լ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակի պատասխանատվություն, յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր մարդ: Ինչի՞ համար եմ ասում: Ասում եմ հետևյալի համար, որ, օրինակ, մենք ասում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այս տարբերակով, մենք ասում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այն տարբերակով, մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է լինի Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և հաջորդ անգամ գալիս է հարց՝ շատ լավ, սիրելի հայրենակիցներ, ուրեմն մեր երեխաները պետք է գնան բանակում ծառայելու: Երբ հարցը գալիս է այստեղ, ասում են՝ իսկ կլինի՞ իմ երեխան չգնա, հարևանի երեխան գնա: Կամ իմ ու եղբորս երեխան չգնա, գնա հարևանի ու իր եղբոր երեխան: Սա պատասխանատվության մաս է, չէ՞: Երբ գնում, ասում ենք, որ անվտանգության մակարդակը պետք է բարձրացնել և սրա համար պետք է սա, սա, սրա համար պետք է պետական բյուջեի եկամուտներն ավելացնել, սրա համար պետք է հսկիչ դրամարկղային կտրոն խփել, ասում են՝ իսկ կլինի՞ ես չխփեմ կտրոնը, թող մյուսը խփի կտրոնը, ես լիքը ուրիշ ավելի կարևոր հարցեր ունեմ լուծելու: Եվ ես վերադառնում եմ այն տրամաբանությանը, որ մեր մեծագույն խնդիրն ազգային գաղափարախոսության կարևոր կոմպոնենտներից մեկն այն է, որ մեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ իր անհատական պահվածքը, իր անհատական վարքագիծը որոշիչ նշանակություն ունի երկրի, պետության, ազգի, ամեն ինչի ճակատագրի գործում: Երբ ԵԽԽՎ-ում հարցրեցին՝ Դուք ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ, ասեցի՝ իմ պատկերացրած առաջին քայլն այն է, որ ես ինքս անձամբ պետք է կոռուպցիայի մեջ ներքաշված չլինեմ, որովհետև երբ երկրի վարչապետը կոռուպցիայի մեջ ներքաշված լինի, ինչ ուզում եք արեք, ուզում եք մեկ միլիարդ ծախսեք, համակարգեր բերեք, դրեք, ռոբոտներ շարեք, չի փրկի ոչ մի բան: Իսկ եթե երկրի վարչապետը ներքաշված չէ կոռուպցիայի մեջ, դա արդեն իրավիճակն առանց մեծ ծախսերի, չգիտեմ 5 տոկոսով, 10 տոկոսով, 50, թե 70 տոկոսով, լուծում է: Եվ հետևաբար, ուզում եմ ասել հետևյալը, որ մեր կուսակցության, մեր գաղափարախոսության առանցքային դրույթը հետևյալն է, որ անհատական ջանքը և անհատի վարքագիծն է ամեն ինչի նախապայմանը: Երկրի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական բոլոր հաջողությունների և անհաջողությունների պատճառը պետք է գտնել մարդու անհատական վարքագծի, անհատական ընկալման մեջ: Այն ծրագիրը, որով մենք այս ողջ քաղաքական պրոցեսն սկսել ենք, մենք ասում ենք, որ անհատի փոփոխությունն է հանրության փոփոխության թիվ մեկ ճանապարհը: Եթե մեկն ուզում է, որ հանրությունն իրականությունը փոխի, պետք է կարողանա ինքն իրեն փոխել, քննադատել: Այսօր Հայաստանի Հանրապետությունում ինքնաքննադատությունն ինչքանո՞վ կենսունակ գործիք է: Սա ամենակարևոր հարցն է, և մեզնից յուրաքանչյուրն ինչքանո՞վ է պատրաստ իր վրա վերցնել պատասխանատվությունը:

← Վերադառնալ