Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունն անմնացորդ շահագրգռված է արտադրողների հաջողություններով, արտադրանքի ծավալների մեծացմամբ. Վարչապետը հանդիպել է տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող գործարարներին

31.08.2019

ևս 19 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում հանդիպել է արտահանողների, տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի տնտեսության արտահանման միտվածության ապահովումը: «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան և լինեն մեր տնտեսության կարևոր բնորոշիչներից մեկը: Մեր ծրագրային դրույթներից մեկը նաև մշակվող արդյունաբերությանն աջակցելն է: Իհարկե, այս թեմայի շուրջ շատ լուրջ աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, սակայն այս հարցն այնքան էլ պարզ չէ, որովհետև որևէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել, որ այդ աջակցությունն իրապես նպաստում է, որպեսզի ոլորտները զարգանան և դառնան ավելի մրցունակ: Պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում, որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի, որը նաև աջակցություն է դառնում այլ ոլորտների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` այդ է պատճառը, որ կառավարությունը նաև այս կարգի հանդիպումներ է կազմակերպում, որպեսզի կարողանա ճիշտ ընկալել շահագրգիռ կողմերից եկող ազդակները և դրանց ճիշտ կառավարել ու արձագանքել:

Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այստեղ նույնպես կառավարությունը շատ լուրջ հետաքրքրություն ունի, որպեսզի այս ոլորտում ճիշտ բանաձևեր դրվեն:

«Երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկն աճում է և առաջարկը չի աճում: Այդ պայմաններում գների էական աճ է նկատվում: Այստեղ կարևոր է, որ մենք մեր համագործակցությամբ շուկան այնպես կարողանանք բալանսավորել, որպեսզի առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն»,- նշել է կառավարության ղեկավարը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ մինչ այս ինքն առանձին հանդիպումներ է ունեցել տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարների հետ, վեր հանել նրանց խնդիրներն ու առաջարկությունները: Նախարարի խոսքով` մասնավոր հատվածի ներկայացուցիչներն Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել շուրջ 120 առաջարկություններ, որոնք գտնվում են քննարկման փուլում:

Արձագանքելով` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես ուզում եմ արձանագրել, թե մենք ի՞նչ ենք ուզում: Մենք ուզում ենք, որ դուք ավելի շատ արտադրեք, ավելի շատ արտահանեք, բնականաբար, ավելի շատ եկամուտ ստանաք, ավելի շատ հարկ վճարեք և այսպես շարունակ: Մենք ինչպես հաշվարկում ենք` պետք է որ նույնն էլ դուք ցանկանաք, այս դեպքում ցանկությունների հակասություն չկա, պարզ է, որ այդ ամենի մեջ պետք է լինի ճիշտ բալանս: Հետևաբար, այստեղ պետք է թիմային աշխատանք լինի և շատ կարևոր է, որ երբ ասում ենք դուք` նկատի ունենք նաև ոլորտները և ոլորտում աշխատող կոնկրետ մարդկանց: Մեզ համար շատ կարևոր է համոզված լինել, որ մենք ստեղծում ենք հավասար պայմաններ առանց բացառության բոլոր խաղացողների և գործող անձանց համար:

Իհարկե, մենք այս ընթացքում էլ արել ենք գործողություններ, որոնք մեր տրամաբանությամբ պետք է այդ պրոցեսին նպաստեն, բայց հիմա հասունացել է այն ժամանակը, որ դուք ամբողջ ծավալով պետք է ներգրավված լինեք այդ պրոցեսի մեջ, որպեսզի մեր մշակած քաղաքականությունները ձեզ հետ օրգանական կապ ունենան: Ի՞նչպես է լինում. սովորաբար կառավարությունն ինչ-որ քաղաքականություն է մշակում, տալիս է ոլորտին և ասում՝ այսպես պետք է աշխատեք, ու այդտեղ երբեմն օտար մարմնի ռեակցիան է առաջանում: Մենք ուզում ենք, որ այս պրոցեսը լինի օրգանական, որ այն որոշումները, որոնք կկայացվեն, դրանց հեղինակ համարվի ոչ միայն կառավարությունը, այլ նաև դուք, որպեսզի դրանք լինեն բոլորիս կողմից ընդունված խաղի կանոնները, որոնք նույնքան հարազատ կլինեն կառավարության և ոլորտների ներկայացուցիչների համար, ու մենք բոլորս իմանանք, որ իրար հետ պայմանավորվել ենք, աշխատում ենք այսպես: Մեր աշխատանքի տրամաբանությունը կրկին գալիս հանգում է այդ նույն կարգախոսին` հարստացեք և հարստացրեք: Հարստանալը ձեր պարագայում` բնականաբար եկամուտ ստանալը, մեր պարագայում` ավելի շատ հարկեր վճարելը, որպեսզի կառավարությունն ավելի մեծ հնարավորություններ ունենա նաև բարելավելու այն միջավայրը, որում դուք աշխատում եք: Ընդ որում, ես համարում եմ, որ սա այս պահից սկսած պետք է լինի չկանգնող, շարունակական պրոցես: Պետք է կարողանանք ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծել, որ արդյունքում այս կարգի փոխգործակցության համար նոր խթաններ անհրաժեշտ չլինեն, ինքն ինքնաշխատ եղանակով շարունակի աշխատել»:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են պետական գնումների համակարգի վերադասավորմանը, պետական պատվերի ժամկետի երկարաձգմանը, տարբեր արտադրատեսակների արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին, կառավարության աջակցության, խթանման գործողություններին, շուկայում հավասար պայմանների ապահովմանը, ենթակառուցվածքների ապահովմանը, շուկաների դիվերսիֆիկացմանը, բանկերի հետ համագործակցությանը, վարկային տոկոսադրույքներին, դրամային փոխանցումներին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշը «B1»-ից «Ba3» բարձրացնելու գործում կարևորագույն արձանագրումներից մեկն այն է, որ մեր երկրի տնտեսության մեջ տեղի է ունենում դիվերսիֆիկացիայի պրոցես, նախկինի նման կախվածություն չունենք: Կառավարության ղեկավարը և գործարարները տնտեսության խթանման գործում կարևորել են նաև հողային ռեֆորմի իրականացումը բոլոր ոլորտների համար` սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած արդյունաբերությունով:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` Էկոնոմոիկայի նախարարության պատասխանատուները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կունենան երկշաբաթյա կտրվածքով` խնդիրներին առավել առարկայական և կոնկրետ լուծումներ գտնելու համար:

Ամփոփելով, վարչապետը նշել է, որ նման հանդիպումների նպատակն է նաև, որպեսզի գործարարները տեսնեն, որ կառավարությունն անմնացորդ շահագրգռված է արտադրողների հաջողություններով, արտադրանքի ծավալների մեծացմամբ: «Որովհետև հասկանում ենք, որ դրանով ստեղծվում են նոր աշխատատեղեր, գալիս են նոր հարկեր»,- ասել է գործադիրի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում արտադրական տարածքները վեր են ածվել առևտրային տարածքների և կառավարությունը հույս ունի, որ ամեն օրվա, ամեն տարվա հետ դրանք կվերածվեն արտադրական տարածքների, իսկ լքված արտադրական տարածքները կլցվեն կյանքով: «Մենք համագործակցության համար բաց ենք, մեր հիմնական անելիքն է, որպեսզի Հայաստանը տնտեսապես հզորանա: Դրա ճանապարհն արտադրությունն է: Ի դեմս ձեզ մենք տեսնում ենք մեր դաշնակցի և ուզում ենք այնպես անել, որ դուք էլ կառավարությանը տեսնեք որպես դաշնակցի»,- ասել է վարչապետը:
 

← Վերադառնալ