Լեռնային Ղարաբաղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

16.06.2018 - 16.06.2018

ևս 32 լուսանկար

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը:

Եկեղեցու կառուցման շինաշխատանքները սկսվել էին 2014 թվականից: Այն կառուցվել է արմատներով ճարտարցի, Ռուսաստանում բնակվող Վլադիմիր Ավագյանի բարերարությամբ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի արևելյան հատվածի պաշտպանական դիրքեր: Վարչապետին և Արցախի նախագահին ուղեկցել են Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևոն Մնացականյանը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Վարչապետ Փաշինյանը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար և մաղթել առողջություն ու խաղաղ ծառայություն:

* * *

Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, որին ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:

Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ողջունում ու կարևորում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Բակո Սահակյանի պատրաստակամությունը: «Ցանկանում եմ այդ հարցում հայտնել մեր անվերապահ աջակցությունն Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի: ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են բանակաշինության, տնտեսության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև:

* * *

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր:

← Վերադառնալ