Ներհանրապետական այցեր

Վարչապետը Գյումրի է ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր էլեկտրագնացքով

05.04.2019 - 05.04.2019

ևս 46 լուսանկար

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով:

Մինչ այդ վարչապետը ծանոթացել է երկաթուղային կայարանի գործունեությանը, որի ընթացքում, մասնավորապես, նրան են ներկայացրել տոմսերի վաճառքի համակարգը: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև կայարանի թանգարանում:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից էլեկտրագնացքների ավելացման որոշումը: Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպմանը:

Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների: Սա արդեն երկրորդ ժամանակակից որակյալ շարժակազմն է, որը կաշխատի ամենածանրաբեռնված ներհանրապետական երթուղում:

Նիկոլ Փաշինյանը Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարելու նաև վագոնավերանորոգման և լոկոմոտիվային դեպոներում:

* * *

Էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից: Նոր էլեկտրագնացքի երթևեկության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե: Արագընթաց գնացքները կաշխատեն օրը 4 անգամ՝ ժամը 09:40 և 17:15-ին մեկնելով Երևանից Գյումրի և 09:05 և 17:10-ին վերադառնալով մայրաքաղաք:

ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլեկտրագնացքով Երևանից ժամանել է Գյումրի, որտեղ նրան գյումրեցիները դիմավորել են մեծ ոգևորվածությամբ և ջերմությամբ: Վարչապետը զրուցել է գյումրեցիների հետ, լսել խնդիրներն ու նրանց ուղեկցությամբ այցելել Գյումրու երկաթուղային կայարանին հարակից Տիգրան Մեծ փողոց, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

Փողոցին հարակից բնակելի տների բնակիչները վարչապետին բողոքել են շինաշխատանքների հետևանքով ստեղծված անհարմարություններից և նշել, որ ստիպված են լինում ձյան և անձրևների դեպքում հաղթահարել մի շարք անհարմարություններ, քայլել ցեխակույտերի միջով: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք շինաշխատանքները նախագծողներն ու իրականացնողները մտածե՞լ են, թե ինչպես պետք է բնակիչները երթևեկեն և քայլեն: «Երբ շինարարությունն սկսում ենք, պետք է մտածել նաև միջավայրի մասին, ապահովել քաղաքացիների համար անհրաժեշտ պայմաններ: Մենք ունենք քաղաքաշինական նորմեր, որոնք պետք է ապահովենք, ներդնենք քաղաքաշինական նոր մշակույթ և քաղաքացիների համար ապահովենք պայմաններ», - նշել է Նիկոլ Փաշինյանը և պատասխանատուներից պահանջել հետագայում հաշվի առնել այս ամենը: «Կհրավիրեք ճարտարապետներին, նրանց, ովքեր աշխատում են ու կասեք, որ երբ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ քաղաքի կյանքը պետք է կանգնի։ Անցանելիությունը պետք է ապահովել», - ասել է վարչապետը: Գյումրու քաղաքապետը տեղեկացրել է, որ շինաշխատանքներն ամբողջովին ավարտին կհասցվեն մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը: Ներկայում աշխատանքներն ընթանում են ինչպես փողոցի երթևեկելի մասում, այնպես էլ մայթերում, իրականացվում է նաև ենթակառուցվածքային համակարգի թարմացում:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է «Չերքեզի ձոր» ընկերություն, որն զբաղվում է ձկնաբուծությամբ և ձկան վերամշակմամբ, այդ թվում՝ իշխանի խավիարի արտադրությամբ: Վարչապետը շրջել է ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացին: Տեղեկացվել է, որ վերջին տարիներին արտադրանքի 80 տոկոսն արտահանվել է ԱՄՆ, ՌԴ, Բելառուս, Ղազախստան: Ընկերությունը նախատեսում է նոր ներդրումային ծրագրով զարգացնել ոչ ավանդական արտադրությունը, ավելացնել ինկուբացիոն արտադրությունը և ընդլայնել մանրաձկան արտադրությունը:

* * *

Գյումրու Տիգրան Մեծ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ: Ավելի քան 1 կմ երկարություն ունեցող փողոցում շինաշխատանքներն սկսվել են 2018թ. հուլիսի 24-ին: Տիգրան Մեծ փողոցում առաջիկայում նախատեսվում է իրականացնել եզրաքարերի փոխարինում, ասֆալտի շերտի տեղադրում և լուսավորության ցանցի կահավորում: ՎԶԵԲ-ի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ընդհանուր առմամբ Գյումրիում հիմնանորոգվելու է շուրջ 40 փողոց: Շիրակի մարզի համայնքների կողմից ներկայացված 2019 թ. սուբվենցիայի ծրագրային հայտով հաստատվել են Գյումրու թվով 5 փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի 5 կմ երկարությամբ ճանապարհ, և կներդրվի 515.5 մլն դրամ, որից 283.5 մլն դրամը՝ պետական բյուջեից:

* * *

Ընկերությունը ծրագրում է նաև Չերքեզի ձորում իրականացնել զբոսաշրջության զարգացման ծրագիր, իսկ Ուռենու ձորում կառուցել էկո գյուղ՝ ագրոտուրիզմը խթանելու նպատակով:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա: Ռազմաբազայի հրամանատարությունը կառավարության ղեկավարին է ներկայացրել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և աշխատանքային պայմաններն ու հարմարությունները: Վարչապետը եղել է ռազմաբազայի թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի մատյանում և այցելել ռազմաբազայի տարածքում գործող եկեղեցի:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Գյումրիի քաղաքային ավտոկայան, որտեղ քաղաքային իշխանությունների և կառավարության պատասխանատուների հետ քննարկել է ավտոկայանի հետագա գործունեությանը, մասնավորապես՝ հիմնանորոգմանը և այն տրանսպորտային հանգույց դարձնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան, որտեղ հավատարմագրային կառավարիչ հանդիսացող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ղեկավարները վարչապետին են ներկայացրել ընթացիկ ներդրումային ծրագրերը: Նշվել է, որ արդեն իսկ «Շիրակ» օդանավակայանում իրականացվել է ենթակառուցվածքների բարելավմանը և տեխնիկական հագեցվածության ապահովմանն ուղղված ծրագիր: Ընթացիկ տարում նախատեսվում է օդանավակայանում նոր ներդրումների արդյունքում կառուցել ժամանումների նոր սրահ, վերանորոգել կառամատույցը և լուծել այլ լոգիստիկ խնդիրներ: Նշվել է, որ տարեկան ուղևորահոսքն արդեն իսկ հատել է 200 հազարի սահմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է «Շիրակ» օդանավակայանի զարգացման ծրագիրը և համոզմունք հայտնել, որ Գյումրիում ընդհանուր առմամբ իրականացվող ենթակառուցվածքների բարելավմանը միտված քայլերը կնպաստեն քաղաքի գրավչության բարձրացմանը, տնտեսական աշխուժացմանն ու զբոսաշրջային ծավալների ավելացմանը:

Վարչապետն այցելել է նաև Գյումրիի քաղաքային ավտոկայանին հարակից տնակային ավան, հանդիպել է տեղի բնակիչներին, լսել նրանց բնակարանային խնդիրները: Կառավարության ղեկավարը եղել է մի քանի տնակներում և ծանոթացել բնակիչների կենցաղային պայմաններին:

Երևան վերադառնալիս վարչապետն այցելել է նաև Մարալիկ ու հանդիպել տեղի բնակիչներին, զրուցել նրանց հետ և լսել խնդիրները:

* * *

ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ Շիրակի մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերում իրականացվել է պետական, համայնքային, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող տարածքներում տեղակայված ոչ հիմնական շինությունների փաստագրման գործընթաց: Փաստագրվել են թվով 3517 ժամանակավոր կացարաններ, որից Գյումրի քաղաքում՝ 2858, Արթիկում՝ 5 և 17 գյուղական բնակավայրերում՝ 654: Վարչապետի նույն որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն իրականացնելու է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու, քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը հաշվարկելու գործընթաց: Գործընթացն ավարտին է հասցվելու մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը: Գյումրու ավտոկայանի տնակային 104-րդ ավանում առկա է 164 տնակ:

← Վերադառնալ