Ներհանրապետական այցեր

Վարչապետը Գյումրիում ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի, այդ թվում` ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին

19.10.2019 - 19.10.2019

ևս 30 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի, որտեղ շրջայց է կատարել Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի տարածք` ծանոթանալով կատարվող շինաշխատանքների ընթացքին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վարչապետին զեկուցել է, որ այստեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը:

Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համար նախատեսված 6 հեկտար տարածքում մեծածավալ շինարարություն է ընթանում: Զեկուցվել է, որ կենտրոնի մի հատվածը, որտեղ կկենտրոնացվեն ավտոմաքսատան գործառույթները, շահագործման կհանձնվի 2019 թվականի նոյեմբերի սկզբին: Կառույցը հագեցած կլինի գերժամանակակից տեխնիկայով և արդի լուծումներով, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին և տնտեսվարողներին բարձր որակով սպասարկել: Գյումրիի ավտոմաքսատունը նույնպես մեկ պատուհանի սկզբունքով իրականացնելու է ծառայություններ: Այսինքն, կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների հաշվառում և պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա:

Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունների տեղափոխումը Գյումրի կազմակերպվելու է փուլ առ փուլ: Հոկտեմբերի 14-ից Գյումրիում գտնվող ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեկնարկել է ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումների գործընթացը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Վրաստանից և Ճապոնիայից Հայաստան ներմուծված միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին, բացառությամբ բեռնարկղերով տեղափոխվող ավտոմեքենաների: (Սակայն, եթե մեքենաները սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա մաքսային ձևակերպումներն իրականացվում են Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում):

Երկրորդ փուլով արդեն՝ 2019թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս՝ որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից:

Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձևակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունում:

Սպասարկման որակի բարելավման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով այստեղ մի շարք միջոցառումներ են իրականացվել: Արդյունքում` Հյուսիսային մաքսատուն-վարչությունում առանց հերթի օրական պատրաստ են սպասարկել 350-400 մեքենա: Մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացն այստեղ ևս տևում է 20 րոպե: Հյուսիսային մաքսատուն-վարչությունը համալրվել է վերապատրասված նոր կադրերով: Գործընթացը կազմակերպվում է ստորաբաժանման կազմում գործող 3 բաժինների միջոցով:

Գյումրիում կառուցվող Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինարարությունն ավարտելուն զուգահեռ այստեղ կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր գործառույթներն ամբողջությամբ: Հարավային սահմանով մտած տրանսպորտային միջոցների համար Սիսիանի մաքսատունը կշարունակի գործել:

* * *

Գյումրիում ՊԵԿ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի հիմնումը բխում է ՀՀ ՊԵԿ 2020-2024թթ. զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրից: Նպատակն է ստեղծել էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն՝ մաքսային գործառնությունները դյուրացնելու և արդյունավետությունը բարձրացնելու, առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ մատուցելու համար:

Օգոստոսի 1-ին Կառավարության նիստում հավանություն է տրվել ՊԵԿ ներկայացրած նախագծին, որով հատկացվել է 21,5 հա հող՝ կենտրոնի կառուցման նպատակով: Ավելի վաղ ՀՀ վարչապետը հանձնարարել էր առաջարկություն ներկայացնել ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: Այդ ընթացքում ՊԵԿ-ը մշակել և հավանության արժանանալուց հետո կոմիտեի 5 տարվա ռազմավարական ծրագրում ներառել է համապարփակ նախագիծ` Գյումրիում կառուցել ԱՏԳ սպասարկման կենտրոն, որտեղ կիրականացվի նաև ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործառույթն ամբողջությամբ:

Կենտրոնի համար նախատեսված տարածքը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից: Սրանք Հայաստանի հյուսիսի այն 3 մաքսակետերն են, որոնցով իրականացվում է ներմուծման և արտահանման զգալի մասը:

ՊԵԿ-ի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է Հայաստանում 3 տարվա ընթացքում կառուցել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման երկու կենտրոն: Սիսիանում՝ Հարավային և Գյումրիում՝ Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոններում հետագայում կենտրոնացվելու են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող բոլոր պետական մարմիններին առնչվող գործառույթները՝ մեկ պատուհանի սկզբունքով:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած «Ռազմավարական պլանավորման աշխատաժողովին»:

Միջոցառմանը ներկա են եղել և ելույթով հանդես են եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` վարչապետը նշել է, որ մեր պետականության զարգացման համատեքստում հիմնական խնդիրներից մեկն է եղել ոլորտային որակյալ ռազմավարությունների բացակայությունը և մյուս ոլորտային առկա ռազմավարությունների հետ փոխկապակցվածության բավարար մակարդակի բացակայությունը: «Մեր կառավարությունը խնդիր է դրել, որ մենք մեր գործունեութան հիմքում դնենք ռազմավարություններ, որոնց արդյունքում պետք է լինի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկրաժամկետ ռազմավարություն: Ուրախ եմ, որ Պետական եկամուտների կոմիտեն անընդհատ շարժվել է այս ուղղությամբ:

Ցանկանում եմ նշել, որ, ընդհանուր առմամբ, բավարարված եմ ՊԵԿ-ի աշխատանքով և ուզում եմ արձանագրել, որ ՊԵԿ-ն իմ առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, սակայն միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Այս առումով, ռազմավարության ընդունումը կարևոր է` լուծումներն իրականացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` ռազմավարություն ասելով հասկացվում է վարչարարություն, ընթացակարգերի, ծառայությունների մատուցման բարելավում. «ՊԵԿ-ի խնդիրն է` փոխել քաղաքացու վերաբերմունքն իր վճարած հարկերի, հարկային պարտավորությունների նկատմամբ, բայց պետք է արձանագրել, որ սրա համար ՊԵԿ աշխատողները պետք է փոխեն իրենց վերաբերմունքն իրենց աշխատանքի նկատմամբ և փոխեն վերաբերմունքը քաղաքացիների հետ շփումներում:Սա երկկողմանի պրոցես է, և այն պետք է տեղի ունենա կառավարության հովանու ներքո, և կառավարությունը քաղաքացիներին ու ՊԵԿ աշխատողներին պետք է քաջալերի և դրդի, որ այդ փոփոխությունները տեղի ունենան:

Միաժամանակ, կարևոր եմ համարում, որ քաղաքացիները հստակ արձանագրեն` այն գումարները, որոնք նրանք ՊԵԿ-ի միջոցով վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց, վճարում են իրենց երկրում, մեր երկրում ենթակառուցվածքներ, ծառայություններ, կրթություն ունենալու համար: Համաձայնեք` տարօրինակ կլիներ, եթե ամեն քաղաքացի ինքն իր համար ճանապարհ, դպրոց, պետական ինստիտուներ կառուցեր: Այն հարկերը, որ վճարում են` ներդրում է իրենց իսկ ապագայում, իրենց իսկ երեխաների ապագայում: Որպեսզի այս ընկալումը հասնի իր գագաթնակետին` շատ կարևոր է, որ հարկային և մաքսային ոլորտներում լինի որակական փոփոխություն և ընդհանրապես կառավարության աշխատանքում լինի որակական փոփոխություն: Թե ինչ հաճույքով են քաղաքացիները հարկեր վճարում, շատ առումով կապված է նրանից, թե ինչպես են ծախսվում այդ հարկերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է` կառավարությունը կարևոր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը առանձնահատուկ հարկային և մաքսային ոլորտներում, բայց նաև գիտակցում է, որ այդ խնդիրը լուծելու համար բացի քաղաքական կամքից` անհրաժեշտ է գնալ այլ լուծումների, ընդհուպ աշխատավարձերի շարունակական բարձրացումների:

«Բայց դրան պետք է անխուսափելիորեն հետևի հարկային և մաքսային ոլորտների աշխատակիցների պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը: Իհարկե մեզ համար առաջնահերթություն է, որպեսզի որակական փոփոխությունները գան առջևից, որովհետև դրանք այն գործոններն են, որ կառավարության և հանրության համար կլեգիտիմացնեն աշխատավարձերի բարձրացումը, և մենք պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հաջողություն է մաղթել աշխատաժողովի աշխատանքներին, Պետական եկամուտների կոմիտեին և կառավարությանը վերոնշյալ խնդիրների լուծման գործում: «Մենք խոսում ենք ոչ միայն այն մասին, թե ինչ որակի ծառայություններ կմատուցենք, այլև, թե ինչ կապիտալ ներդրումներ անելու հնարավորություններ կունենանք, և դրանք ինչպես կխթանեն տնտեսական աճը, որպեսզի ամեն տարվա հետ մեր պետական եկամուտները մեծանան: Իհարկե, որևէ կերպ մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը, այս ընթացքում այդ ուղղությամբ ունենք աննախադեպ ձեռքբերումներ, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այս հաջողություններն առավելագույնը չեմ համարում և մենք պետք է հետևողականորեն գնանք այդ ճանապարհով` շարունակակաբար ավելացնելով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը: Տնտեսական ակտիվության խթանումը պետք է լինի առաջնահերթություն, որն ունի ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական բաղադրիչ և տնտեսվարող սուբյեկտների տրամադրությունն ու տրամադրվածությունը մեծապես պայմանավորված է հարկային և մաքսային մարմինների հետ համագործակցությամբ: Վստահ եմ, որ այդ որակը կբարձրանա և բոլորիդ քաջալերում եմ հստակ ու աներկբա շարժվել այդ ճանապարհով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Աշխատաժողովի ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է «ՀՀ ՊԵԿ արդիականացման ճանապարհ, վերջին տարիների զարգացումներ» թեմայով շնորհանդեսը:

ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանը շնորհանդեսով ներկայացրել է Մեղրիի անցակետի արդիականացման ծրագիրը և Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծումը:

Աշխատաժողովի շրջանակում ներկայացվել է նաև ՀՀ ՊԵԿ 2020-2024թթ. զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագիրը: Մասնավորապես, ռազմավարությունը նախանշում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա հինգ տարիների զարգացման և իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղությունները, դրանց իրագործումն ապահովող նախագծերը և անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաև մակրոտնտեսական ցուցանիշների վրա դրանց ազդեցությունը և կանխատեսումները։ Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը նպաստելու է հարկային և մաքսային ոլորտում վերլուծական գործիքներով վարչարարության արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը և տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ ընթացակարգերի օպտիմալացմանը։

Աշխատաժողովը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ընթացքում տեղադրել է գյումրեցի նկարիչ Սուսաննա Մկրտչյանի «Պապի և տատի խոստացված մատաղ» նկարով պատրաստված փազլի վերջին կտորը:

15 հազար մասից բաղկացած փազլի վաճառքից գոյացող 15 միլիոն դրամով նախաձեռնության հեղինակ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նպատակ ունի 2 կամ 3 բնակարան ձեռք բերել ու տրամադրել տնակներում բնակվող բազմազավակ, սոցիալական վատ պայմաններում բնակվող ընտանիքներին։ Փազլի մեկ կտորը վաճառվում է 1000 դրամով։

Փազլը տեղադրված է Գյումրիի քաղաքապետարանի շենքի պատին։

← Վերադառնալ