Արտերկրյա այցեր

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել

12.05.2019 - 13.05.2019

ևս 34 լուսանկար

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ:

Լյուքսեմբուրգի վարչապետը ողջունել է Հայաստանի իր գործընկերջը և շնորհակալություն հայտնել այցի համար: Քսավյե Բեթելը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով և համոզմունք հայտնել, որ հայ ժողովրդի կողմից ստացած մեծ վստահությունը թույլ կտա վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հասնել հաջողությունների և իրականացնել նախանշված ծրագրերը, Հայաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու բարեփոխումները: Լյուքսեմբուրգի վարչապետը վստահություն է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և ժողովուրդների միջև եղած կապերի ամրապնդման։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և հավելել, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով: Գործադիրի ղեկավարը կարևորել է տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: Այդ առումով Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման և կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետի խոսքով` Հայաստանում իրականացվող բարեփոխումները մեծապես նպաստում են նաև բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային արդյունավետ ծրագրերի իրականացման համար ստեղծում անհրաժեշտ բարենպաստ պայմաններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում ավարտվել է հեղափոխության առաջին փուլը և այժմ կառավարության քայլերն ուղղված են երկրում տնտեսական հեղափոխության իրականացմանը:

Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երևանում կայանալու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և կարևորել լյուքսեմբուրգյան ընկերությունների մասնակցությունը այդ կարևորագույն ներկայացուցչական միջոցառումանը:

Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում` տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Գործարար կապերի ակտիվացման նպատակով կողմերը կարևորել են բիզնես ֆորումների կազմակերպումն ու անցկացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի էապես ընդայնել կապերն ու ավելացնել առևտրաշրջանառության ծավալները:

Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ իր երկիրը պատրաստ է ակտիվորեն համագործակցել և օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով: Քսավյե Բեթելն առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը նաև կրթության ոլորտում, մասնավորապես, բուհերի միջև և իրականացնել ուսանողների փոխանակման ծրագրեր:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետին հրավիրել է Հայաստան և նշել, որ բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը շրջել են Լյուքսեմբուրգում, այցելել քաղաքապետարան, որտեղ ՀՀ վարչապետը կարճատև հանդիպում է ունեցել քաղաքապետ Լիդի Պոլֆերի հետ:

* * *

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի Պատգամավորների պալատ: Վարչապետին դիմավորել է Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենը: Նիկոլ Փաշինյանը նախ գրառում է կատարել Պատգամավորների պալատի «Ոսկե գրքում», որից հետո հանդիպում ունեցել պալատի պատգամավորների հետ, որոնց թվում են եղել Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխնախագահներ Կլոդ Վայսլերը, Անրի Քոքսը, Պատգամավորների պալատի արտաքին ու եվրոպական համագործակցության, ներգաղթի ու ապաստանի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարկ Անժելը:

Ֆերնանդ Էտգենը ողջունել է վարչապետին խորհրդարանում և վստահություն հայտնել, որ նրա այցը Լյուքսեմբուրգ կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնել ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցած գործընթացները` ընդգծելով, որ Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է, և մեր երկիրը շարժվելու է միայն ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման ճանապարհով: «Մեր կառավարությունը, քաղաքական թիմը հաստատակամորեն գնում է ժողովրդավարության ճանապարհով: Վստահ ենք, որ համապատասխան քայլերի արդյունքում մեր ժողովուրդն ինտեգրվելու է ժողովրդավարական արժեհամակարգին հավատարիմ միջազգային հանրությանը: Քաղաքական հեղափոխությանը հաջորդող պրոցեսները միտված են այդ նպատակին և համոզված ենք, որ մենք կհասնենք հաջողությունների», - նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսականը, ու այդ նպատակով երկրում իրականացվում են բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումային բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլեր, այդ թվում` մենաշնորհների դեմ պայքարի, տարբեր ուղղություններով խորքային բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը և հայ-լյուքսեմբուրգյան միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացումն ու խորացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի և կարևորել խորհրդարանական շփումների ակտիվացումը։ Ֆերնանդ Էտգենն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Լյուքսեմբուրգի համար, և իր երկիրը պատրաստ է սերտորեն համագործակցել ու ընդլայնել կապերը տարբեր ուղղություններով:

ՀՀ վարչապետը և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո նոր փուլ է մտել: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին այդ համաձայնագիրը վավերացնելու համար և ընդգծել հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ անդամ մյուս երկրների կողմից համաձայնագրի վավերացման կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-լյուքսեմբուրգյան փոխգործակցության հետագա ընդլայնման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին վերաբերող հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և կառավարության առաջնահերթություններին: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգին ԼՂ հակամարտության հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆենանդ Էտգենին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` Հայաստան այցելելու հրավերը:

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանտ Էնտգենի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրվել է ճաշ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Եվրոպական խորհրդի շենք, որտեղ նրան դիմավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից:

Ընթրիքին ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Լեհաստանի և Շվեդիայի նախկին արտգործնախարարներ` Ռադոսլավ Սիկորսկին և Կառլ Բիլդտը, ովքեր Արևելյան գործընկերության նախաձեռնողներից են:

Միջոցառման ընթացքում Արևելյան գործընկերության մասնակից երկրների ղեկավարները, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել ողջույնի խոսքերով: Նրանք անդրադարձել են Արևելյան գործընկերության շրջանակում 10 տարիների ընթացքում իրականացված ծրագրերին, դրանց արդյունքներին, ինչպես նաև առաջիկա միջոցառումներին ու նախաձեռնություններին:

← Վերադառնալ