Արտերկրյա այցեր

Նիկոլ Փաշինյանը իսպանական Գրանադա քաղաքում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին

04.10.2023 - 05.10.2023

ևս 72 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսպանական Գրանադա քաղաքում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին:

Ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Բազմակողմանիություն, ներառյալ անվտանգային և աշխարհաքաղաքական խնդիրներ» թեմայով կլոր սեղան քննարկմանը:

Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ու կառույցների ղեկավարների հետ: Մասնավորապես, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ վարչապետը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստորեյի, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի, Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտտիրի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեյի, Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինայի, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի, Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Դիմիտար Կովաչևսկիի հետ:

* * *

Գրանադայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` ԼՂ հայության հումանիտար խնդիրների լուծմանն օժանդակելու նպատակով: Նշվել է, որ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով եվրահանձնակատարը կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար:

Միաժամանակ, կողմերն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ հետագա համագործակցությանը:

* * *

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը:

Վերջինիս արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես ասված է.

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։

Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Նրանք համաձայնել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ նա բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։

Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով։

Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։

Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաև հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար։ Նրանք ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բացման կոչ են արել։

Նրանք նաև երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային կապերի բացման կոչ են արել։ Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհայտ կորածների ճակատագրին լուծում տալու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու ուղղությամբ»։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին:

Հունաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ հայությանը և ընդգծել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը Սլովենիայի վարչապետ Ռեբորտ Գոլոբի, Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավիե Բեթթելի, Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստորեյի հետ ևս քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Այսօր մենք հանդիպեցինք Գրանադա քաղաքում՝ Իսպանիայի կողմից հյուրընկալած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

Մենք կրկին դատապարտեցինք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և վերահաստատեցինք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը և այն գիտակցումը, որ Հայաստանի տարածքը ներառում է 29,800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 քառակուսի կմ: Մենք նաև ընդգծեցինք, որ տարածաշրջանային կապի ուղիների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Հայաստանն ու ԵՄ-ն կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և հավատարիմ են կանոնների վրա հիմնված միջազգային կարգին:

Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված։

Մենք հանձնառու ենք առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։

Ինչպես քննարկել ենք այս շաբաթվա սկզբին, մեր անմիջական ուշադրության կենտրոնում է Հայաստան փախուստի դիմած Ղարաբաղի ավելի քան 100,000 հայերի մարդասիրական կարիքները հոգալը: Մենք քննարկել ենք, թե ինչպես ապահովել ԵՄ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության և այլ անհապաղ աջակցության առավելագույն արդյունավետությունը, որը կկազմի 10,45 միլիոն եվրո։

Նախագահ ֆոն դեր Լայենը նաև հայտարարեց, որ Հանձնաժողովը մոբիլիզացնում է ֆինանսավորում՝ իր տարեկան ծրագրից 15 միլիոն եվրո Հայաստանին հատկացնելու համար՝ որպես բյուջետային աջակցություն։ Սա Հայաստանի կառավարությանը թույլ կտա լուծել հրատապ սոցիալ-տնտեսական կարիքները և աջակցել սննդամթերքի և վառելիքի ձեռքբերմանը:

Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայաստանի համար ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսում է մինչև 2,6 միլիարդ եվրո, որը կօգտագործվի կարևոր ենթակառուցվածքային և այլ նախագծերում ներդրումների համար։ Հանձնաժողովը և Հայաստանը կկրկնապատկեն ջանքերը կարևոր ծրագրեր իրականացնելու համար։ Հանձնաժողովը նաև կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է` Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։ Հանձնաժողովը նաև կավելացնի տեխնիկական աջակցությունը Հայաստանին, մասնավորապես օդային անվտանգության և միջուկային անվտանգության ոլորտներում:

Նախագահ Ֆոն դեր Լայենը տեղեկացրել է Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։

Առաջիկա օրերին մենք կշարունակենք քննարկումները մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիների շուրջ»։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, Գրանադայում՝ Կառլոս 5-րդ պալատում, մասնակցել է պաշտոնական ընթրիքին:

Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ Լետիսիա թագուհին: Հյուրերին ողջունել է Իսպանիայի վարչապետ Պերդրո Սանչեսը:

Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցն Իսպանիա ավարտվել է:

 

← Վերադառնալ