Մամլո հաղորդագրություններ

ՀՀ-ում բացվել է անհնարինն իրականություն դարձնելու ժամանակաշրջան, և ԱԱԾ-ն պետք է դառնա այդ գործընթացի հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան

11.05.2018

ևս 5 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Իր խոսքում վարչապետը ձևակերպել է այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է դառնան ԱԱԾ գործունեության առաջնահերթությունները: «Առաջին խնդիրը հակահետախուզության լրջագույն փոփոխություններն են, որպեսզի այն լրջագույնս ուժեղանա: Ընդհանրապես, հետախուզության ոլորտը պետք է բերել որակական նոր հարթության և մակարդակի վրա՝ մեր երկրի ազգային անվտանգության շահերն ապահովելու համար: Հաջորդը, որ ես ուզում եմ ընդգծել, կոռուպցիայի դեմ պայքարն է: Այսօր մենք, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում չունենք կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մարմին: Կարծում եմ, որ այդ գործառույթը պետք է իրականացնի Ազգային անվտանգության ծառայությունը: Խնդիրը շատ հստակ է՝ Հայաստանում կոռուպցիոն, կլանային որոշումներ կայացնող, կաշառք վերցնող որևէ պաշտոնյա գիշերը չպետք է հանգիստ քնի՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակի պաշտոնյա է, որովհետև կոռուպցիան այն «քաղցկեղն» է, որը երկար տարիներ քամում է Հայաստանի կենսական նյութերը: Հայաստանի Հանրապետությունում բացվել է անհնարինն իրականություն դարձնելու ժամանակաշրջան, և ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնա այդ գործընթացի հենասյուներից մեկը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ԱԱԾ-ն, մյուս մարմինների հետ համագործակցելով, պետք է բացառի մաքսային չարաշահումները, մաքսանենգությունը: «Եվ ընդհանրապես՝ մաքսային ոլորտում պետք է հասնել այնպիսի իրավիճակի, որ այն դառնա գործարարության զարգացմանը նպաստող և ոչ թե խոչընդոտող գործոն: Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դադարի լինել քաղաքական հակառակորդներին հետապնդելու գործիք, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նոր էջ ենք բացում և պետք է կարողանանք ապահովել համերաշխության մթնոլորտ, պահպանենք այն լավատեսությունը, որն այսօր առկա է Հայաստանի քաղաքացիների և, ընդհանրապես, հայ ժողովրդի շրջանում՝ ապահովելով օրենքի առաջ բոլորի հավասարությունը և մարդու իրավունքների պաշտպանվածությունը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին և համակարգի աշխատակիցներին՝ ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակաշրջանում առավելագույնն անելու համար: «Ամբողջ աշխարհն, առանց չափազանցության, զարմացած է և հիացած, թե ինչպես քաղաքական պրոցեսները, փոփոխությունները տեղի ունեցան առանց մի կաթիլ արյան, ըստ էության, առանց լուրջ բախումների, առանց զոհերի, և ընդհանրապես, այդ ինչպես պատահեց, որ քաղաքական փոփոխություններից հետո երկրում տիրում է ոչ թե վրեժխնդրության, այլ սիրո և համերաշխության մթնոլորտ: Համոզված եմ, որ այս պրոցեսում մեզնից յուրաքանչյուրն ունի իր ներդրումը և ԱԱԾ ներդրումն ամենևին էլ երկրորդական չէ»,- շեշտել է վարչապետը:

Նշելով, որ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը համակարգում նոր մարդ չէ՝ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նա ԱԱԾ-ն կհամախմբի ձևակերպված և օրենքով վերապահված նպատակների և խնդիրների իրականացման շուրջ, ընդհանրապես, ԱԱԾ-ն ժողովուրդը կսկսի ընկալել ոչ թե մի մարմնի, որից պետք է վախենալ, այլ մի մարմնի, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի անվտանգությունը:

Գեորգի Կուտոյանը շնորհավորել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին և վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը միտված կլինի ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդմանը:
Իր հերթին, Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին վստահության համար և հավաստիացրել, որ ԱԱԾ-ն կանի ամեն ինչ՝ քաղաքացիների ակնկալիքներն արդարացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը համակարգի ներկայացուցիչներին մաղթել է բարի ծառայություն և բարի երթ: «Ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական միտումը պետք է լինի հետևյալը. մենք պետք է պահպանենք այսօր երկրում առկա ազգային միասնության մթնոլորտը: Դա չի նշանակում, որ բոլորս ամեն ինչի մասին պետք է միակերպ մտածենք: Սա նշանակում է, որ պետք է ունենանք մեկ առաջնահերթություն՝ բոլորիս գործողությունները պետք է միտված լինեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի զարգացմանը: Սա առանց բացառության բոլորիս համար պատմական հնարավորություն է, և մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք այն արդյունավետ օգտագործելու համար: Մենք մեր պատմության ընթացքում հաճախ ենք պատմական հնարավորություններ բաց թողել, և բոլորիս խնդիրն է, որպեսզի այս անգամ այդպես չլինի, և ես համոզված եմ, որ այդպես չի լինի նաև ձեր ծառայության շնորհիվ»,- եզրափակել է վարչապետը:
 

← Վերադառնալ