Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Յուրի Ջորկաեֆին և քննարկել հայկական ֆուտբոլի զարգացմանն ուղղված հարցեր

09.07.2018

ևս 3 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին, ով հուլիսի 8-ին Երևանում մասնակցել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին:
«Շատ ուրախ եմ ձեզ ողջունել այստեղ՝ Հայաստանի կառավարությունում։ Հուսով եմ՝ գիտեք, որ Ձեր ամբողջ կարիերայի ընթացքում բոլոր հայերը շատ հպարտ էին Ձեզնով և ուզում էին օգնել Ձեզ իրենց բարեմաղթանքներով, էմոցիաներով: Ուրախ եմ, որ Դուք Հայաստանում եք և հուսով եմ, որ Ձեր կապը Հայաստանի հետ կլինի շարունակական և մենք կկարողանանք համագործակցել, որպեսզի Դուք աջակցեք Հայաստանի ֆուտբոլին, ենթակառուցվածքների զարգացմանը և նոր սենդին ներշնչեք սկսել ֆուտբոլիստի կարիերա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստը հավելել է, որ արդեն իսկ մի քանի անգամ եղել է Հայաստանում, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակի և Նիկոլա Սարկոզիի պատվիրակությունների կազմում։ «Եվ դա շատ կարևոր է ինձ համար, որովհետև բոլորը գիտեն, որ իմ արյունը հայկական է: Այն, ինչ Դուք արեցիք վերջերս հրաշալի էր, աննկարագրելի, Դուք ոգեշնչեցիք շատ հայերի, Դուք փոխեցիք պետության դեմքը, բերեցիք հույս, մի բան, որը նախկինում գույություն չուներ։ Եվ սա արմատապես այլ բան է, որովհետև հնարավորություն կա ինչ-որ բան անելու ճիշտ ձևով, դրա համար ես ցանկանում եմ հարցնել Ձեզ, թե ինչով կարող եմ օգտակար լինել երկրի համար։ Ես էլ ուզում եմ իմ քայլն անել։ Իմ հիմնադրամը պատրաստ է նոր ծրագրեր սկսել Հայաստանում»,- ասել է Յուրի Ջորկաեֆը՝ ավելացնելով, որ ինքը նաև աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և այդ հարթությունում էլ պատրաստ է օգտակար լինել Հայաստանին։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հայազգի ֆուտբոլիստին թավշյա հեղափոխության հետ կապված արձագանքի համար և ողջունել նրա նախաձեռնությունները: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Յուրի Ջորկաեֆն իր ծրագրերով մեծ էներգիա կհաղորդի հայկական ֆուտբոլի զարգացմանը:

← Վերադառնալ