Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար

07.03.2024

ևս 17 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով՝ մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նշվածը վերաբերում է 2 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցի, 1 ավագ դպրոցի մասնաշենքի, 15 դպրոցի մարզադահլիճի կառուցման և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին: Բացի այդ, գումար կհատկացվի 8 դպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար:

«Գրեթե բոլոր օբյեկտներում ավարտական աշխատանքների փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում: Եվ հաշվի առնելով, որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023-ին ավարտվել են, նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի Քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել ծավալների ավելացում կատարելու նպատակով», -ասել է ԿԳՄՍ նախարարը:

Բացի այդ, ըստ Ժաննա Անդրեասյանի, Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի մասնաշենքի վերակառուցման համար նախատեսվում է նաև թույլտվության ծավալների ավելացման թույլատրելի 10 տոկոսը գերազանցելու համար, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքների իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ մասնաշենքերը կապող տականցումը քանդման ենթակա է, և այդ հատվածը պետք է կառուցվի՝ վերակառուցման փոխարեն։ Նաև Մեդովկայի և Հագվու հիմնական դպրոցների կառուցման աշխատանքների ծավալներն են ավելացվում:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ե՞րբ են մարզադպրոցները հանձնվելու շահագործման: Վարչապետն ընդգծել է ժամկետի սահմանման կարևորությունը. «Պրակտիկայում ի՞նչ իրադրություն ենք տեսնում: Գնում, տեսնում ենք, որ շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, բայց հոսանքը չեն միացրել: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, հոսանքը միացվել է, ջուր չկա. սա՝ մյուս պրոբլեմը: Այսպես կարող եմ շարունակել: Առանց ժամկետի սահմանման որևէ կերպ չի ստացվի»:

Ի պատասխան վարչապետի հարցին՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ծրագրով նախատեսվող բոլոր օբյեկտների շինարարության վերջնաժամկետները:

Վարչապետը մարզպետներից հետաքրքրվել է նաև իրականացվող շինարարությունների ընթացքից: Ի պատասխան մարզպետները վստահեցրել են, որ իրականացնում են պատշաճ վերահսկողություն: Մասնավորապես, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ դժգոհություններ ունի շինարարության տեմպից ու որակից: Ըստ մարզպետի՝ Կապսի դպրոցի պատուհաններն են անորակ, այդ մասին տեղեկացրել են պատվիրատուին և առաջարկել վերանայել:

Արձագանքելով՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նույնիսկ Երևանում կան դպրոցներ, որտեղ մեկ կապալառուի կողմից տեղադրված են տարբեր որակի պատուհաններ: «Խնդիրը հեշտ լուծելի չէ: Ինչ-որ քայլ արել ենք, որ գնանք ստանդարտացման ուղղությամբ»,- ասել է փոխվարչապետը:

Թեմայի առնչությամբ վարչապետն ընդգծել է՝ պետք է արձանագրել խնդիրը և սովորել դա լուծել: «Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք զրոյից սովորում ենք։ Բայց սովորելու պլան էլ է պետք ունենալ՝ ինչպես ենք սովորելու։ Իհարկե, փորձը միշտ էլ ամենակարևոր բանն է, բայց փորձն առանց ֆունդամենտալ գիտելիքներ ունենալու՝ տնայնագործություն է և ինքնուսուցում, որը կարող է հաջողություն բերել, բայց դա համակարգ չէ»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Պետական հողերի օտարման դեպքում արժեքի 30 տոկոսը կուղղվի տվյալ համայնքի բյուջե

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: «Նախորդ տարի ՀՀ կառավարության որոշմամբ ընդունեցինք, ապա ԱԺ-ում բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ իրականացրեցինք, և նախկին գործող կարգին, այն է՝ երբ պետական գույք վաճառելու դեպքում համայնքին տրվում էր 30 տոկոսն արժեքի, ավելացրեցինք նաև պետական հողերը: Հիմա այդ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն կա կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ իրականացնել»,-հարցը զեկուցելիս նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը հիշեցրել է, որ արդեն 2024 թ. հունվարի 1-ից գործում են օրենքն ու այս կարգավորումները. «Այս տարի ինչ պետական հողերի օտարում ունենանք, դրանց արժեքի 30 տոկոսը կուղարկվի տվյալ համայնքի բյուջե»:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա ևս մեկ քայլ է նախորդ քայլերի շարքում, որոնցով էականորեն մեծանում են ՏԻՄ-երի կարողությունները: «Մենք անշարժ գույքերի մասով, այսինքն՝ շենք-շինությունների մասով, արդեն իսկ այս որոշումը կայացրել էինք: Գումարած սրան՝ հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված՝ ունենք կարգավորումներ, որ ազդակիր համայնքներում ռոյալթիի 2 տոկոսը վերադարձվում է համայնքներին: 2024 թ. հունվարի 1-ից համայնքներին տրվող դոտացիաների թիվն ավելացրեցինք, և նաև արդեն երկար ժամանակ սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացնում, որտեղ, ըստ էության, համայնքների կարողությունները՝ կապիտալ ներդրումներ իրականացնելու, միջին հաշվով, կրկնապատկվում են: Չնայած շատ դեպքեր ունենք, երբ իրականում ֆինանսավորում ենք ծրագրերի 60-70 տոկոսը: Ընդհանուր առմամբ՝ սա համայնքների կարողությունները զարգացնելու մեր քաղաքականության շրջանակում է: Մենք սրանով նաև պետական բյուջեի միջոցները համայնքային խողովակով ավելի արդյունավետ մոտեցնում ենք հենց համայնքների բնակիչներին»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը հավելել է, որ փաթեթը բավականին մեծացնում է համայնքների կարողությունները. «Դա պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի հարաբերության ճիշտ բալանսներ է ձևավորում: Սա կարևոր ուղղություն է, որը մենք առաջ ենք մղում»:

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել նաև ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Անդրադառնալով հարցին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ այդ որոշումը համայնքների և բնակիչների համար կարևոր է: «Մենք ունենք 71 համայնք, որոնցից 64-ը խոշորացված է: Այդ 64-ից 55-ում արդեն գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 55-ում գործում է 75 գրասենյակ: Այսինքն՝ կան համայնքներ, որտեղ մեկից ավելի գրասենյակներ կան, և ահա ունենք 40 համայնք, որոնք ներառվել են մի ծրագրում, որտեղ համայնքը սկսում է պետական այլ գերատեսչությունների ծառայություններ մատուցել, մասնավորապես՝ պետական ռեգիստրի, կադաստրի, միգրացիայի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլն: Այս որոշմամբ այդ 40 համայնքից զատ մյուս համայնքներն էլ ենք մտցնում այդ ցանկում, որպեսզի առաջիկայում համապատասխան վերապատրաստումներն անցնեն համայնքային աշխատողները, և համայնքապետարանը սկսի մատուցել այդ ծառայությունները, որպեսզի մեր քաղաքացիները կադաստրի գրասենյակ, միգրացիոն ծառայություն և շատ այլ ծառայություններ գնալու կարիք չունենան և հենց համայնքում ստանան այդ ծառայությունները»,- նշել է նախարարը:

ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլերը կանցկացվեն Երևանում

Կառավարության որոշմամբ է 279 միլիոն 954 հազար 300 դրամ է հատկացվել ԿԳՄՍ նախարարությանը՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցաշարի հանդիպումներն անցկացնելու համար։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է խաղային մարզաձևերի զարգացումը և նշել, որ հենց այդ նպատակով 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախորդ տարի արդեն հաստատվել է մարզերում երկու ֆուտբոլային ստադիոնների նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ Ակադեմիական քաղաքի հատակագծում տեղ է գտել Ազգային ստադիոնը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ վերջին տարիներին հատկապես հաջող է հանդես գալիս Հայաստանի ֆուտզալի հավաքականը, որը վարկանիշի իմաստով ներկայումս տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների շարքում և նախորդ տարի առաջին անգամ մտել է էլիտ ռաունդի եզրափակիչ փուլ։ «Ընդ որում՝ ընտրական փուլում պաշտոնական հանդիպումներում յոթ անընդմեջ հաղթանակ ենք գրանցել, իսկ ընդհանուր խաղերը, նաև ընկերական խաղերը հաշված՝ 10 անընդմեջ հաղթանակով հավաքականը հանդես է եկել», -ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այժմ արդեն խաղային մարզաձևերի զարգացման նոր հնարավորություն է ձևավորվում, քանի որ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Երևան քաղաքում նախատեսվում է անցկացնել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի հանդիպումները։

Նախարարի տեղեկացրել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում. «Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում։ Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակչին կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալ»-ը, ինչպես նաև՝ պորտուգալական «Սպորտինգ»-ը և «Բենֆիկան»: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, եզրափակիչը և 3-րդ տեղի հանդիպումը՝ մայիսի 5-ին։ Նախատեսվում է, որ այս իրադարձությունները կհանդիսանան նաև զբոսաշրջային զգալի հոսքի առիթ՝ հաշվի առնելով մրցաշարի հեղինակությունն ու մրցող թիմերի երկրպագուների բանակը»:

Վիճակահանությունը տեղի կունենա մարտի 14-ին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հավելել է, որ վիճակահանությունից հետո տոմսերը կվաճառվեն էլեկտրոնային հարթակներում, որոնք կլինեն բավական մատչելի՝ 1000-5000-ի սահմաններում։ «Սպասվում են մեծ թվով երկրպագուներ։ Այս թիմերը բավականին հայտնի են, երկու թիմերում էլ խաղում են Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Եվ հայ հանդիսատեսի համար այս մրցաշարը կարևոր է նրանով, որ «Մալյորկայի» կազմում հանդես է գալիս մեր ազգային հավաքականի դարպասապահը, որը նախորդ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստն է համարվել: Այս պահին արդեն 50 երկիր գնել է Հայաստանից հեռարձակում իրականացնելու իրավունք, բայց այդ թիվը կարող է 7 տասնյակը գերազանցել»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Վարչապետը ՀԾԿՀ-ից և ՄՊՀ-ից աշխատանքի նոր տեմպ է ակնկալում

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին և իրենց պաշտոններում վերընտրված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին: «Մենք քննարկումներ ենք ունեցել: Ուզում եմ նաև ասել, որ հանձնաժողովներից աշխատանքի նոր տեմպ եմ ակնկալում: Հանձնաժողովների մասով ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել սպառողների իրավունքների պաշտպանության խնդրին, որը մենք արձանագրեցինք և՛ ՀԾԿՀ-ի, և՛ ՄՊ հանձնաժողովի հետ կապված քննարկումներում: Նաև արձանագրեցինք, որ շատ օրինական ընթացակարգեր ֆորմալ գոյություն ունեն և կիրառվում են, բայց իրադրությունների վրա ազդեցություն ունենալու առումով երբեմն առարկայական չեն. սա էլ պետք է մտածել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել՝ ակնկալում է, որ 2 հանձնաժողովների նախագահները շատ սերտորեն կաշխատեն Ազգային ժողովի հետ:

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, մասնավորապես նշել է, որ ունեն ԱԺ-ի հետ աշխատելու պայմանավորվածություն, որոշել են ավելի հաճախակի հաշվետվություններ ներկայացնել: ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ իր հերթին նշել է, որ ԱԺ-ի պատկերացումները սպառողների շահերի պաշտպանության ոլորտում համընկնում են ՀՀ կառավարության պատկերացումների հետ և այժմ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում:

Ամբողջությամբ կֆինանսավորվի Շուռնուխ բնակավայրում նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով: Արդյունքում՝ ամբողջությամբ կֆինանսավորվի Շուռնուխ բնակավայրում նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները: Շինարարական լրացուցիչ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը: Աշխատանքների ավարտն ապահովելու շրջանակում կազմվել են ծավալների ճշգրտման, լրացուցիչ աշխատանքների իրականացման, ինչպես նաև նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ և այլ վճարներ: Մասնավորապես՝ առաջարկվում է Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների համար 2024 թ.-ին հատկացնել 108,481,000 դրամ։

Պետական աջակցության կտրամադրվի անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝ նախատեսվում է «Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման» միջոցառման իրականացման համար 2024 թ. պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 104,000.0 հազար դրամ՝ 100 շահառուի աջակցություն տրամադրելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման» միջոցառումը, որով նախատեսվել է պետական աջակցություն տրամադրել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքը դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելու հարցում։ Ըստ այդմ, հաշվի առնելով զոհված զինծառայողների ծնողների բարձր տարիքային խումբը, ինչպես նաև հետծննդյան խնամքի դժվարությունները, ակնկալվում է միջոցառման շրջանակում աջակցել շահառուների մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արդյունավետ կազմակերպմանը։

Կբարելավվի Վայոց ձորի մարզի առողջապահական համակարգի կազմակերպումը

Կառավարությունն ընդունել է Վայոց ձորի մարզի մի շարք բժշկական կենտրոններ վերակազմակերպելու վերաբերյալ որոշումներ՝ ՀՀ մարզային առողջապահական համակարգերի արդիականացման և օպտիմալացման նպատակով: Որոշումներով նախատեսվում է օպտիմալացնել մարզի ԱԱՊ օղակը, ինչի կնպաստի առկա ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործմանը և մարզային առողջապահական համակարգի կազմակերպման բարելավմանը: Արդյունքում՝ Վայոց ձորի մարզում գործող բժշկական կազմակերպությունների գործունեության համար կսահմանվի հնարավորինս լավ պայմաններ՝ մահճակալների օպտիմալ ֆոնդով և չշահագործվող տարածքների կրճատմամբ, ինչն առավել ծախսարդյունավետ և առկա փաստացի պահանջարկին համապատասխան կդարձնի կազմակերպությունների գործունեությունը: Նախատեսվում է Վայոց ձորի մարզում ունենալ 2 պոլիկլինիկա` Եղեգնաձորում և Վայքում, որոնց կմիացվեն հինգ գյուղական ԱԱՊ հաստատություններ: ԱԱՊ ընկերությունների վերակազմակերպումից հետո նախատեսվում է իրականացնել նրանց միավորումը «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» և «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ների կազմում՝ յուրաքանչյուրն ըստ տարածաշրջանի: Նշյալ փոփոխությունների արդյունքում միաձուլման ենթակա գյուղական ԱԱՊ հաստատությունները շարունակելու են իրենց բնականոն գործունեությունը գյուղական համայնքներում, գյուղական ԱԱՊ հաստատությունների ֆիզիկական մատչելիությունը չի տուժելու, գյուղական ԱԱՊ հաստատությունների բուժանձնակազմի օպտիմալացում չի նախատեսվում, նախատեսվում է միայն վարչատնտեսական անձնակազմի օպտիմալացում, որի արդյունքում կկրճատվեն վարչական ծախսերը:

Գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիրը: Ծրագրի նպատակն է ՀՀ դեղ արտադրողներին փոխհատուցման միջոցով նպաստել ՀՀ դեղ արտադրողների կողմից նոր, գեներիկ, հիբրիդային, նորացված դեղերի արտադրության զարգացմանը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է կլինիկական, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման համար հետազոտության արժեքի 50 %-ի փոխհատուցում: Արդյունքում՝ ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել 2023 թ. դեկտեմբերի 14-ին Աթենքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ Հայաստան-Հունաստան քաղաքական երկխոսության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համար, հետևաբար, Հայաստանը մեծապես կարևորում է նաև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանն ուղղված ջանքերը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-Եվրոպական Միություն, Հայաստան-ՆԱՏՕ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան: Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ: Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում: Համաձայնագրի շրջանակում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվության տրամադրման համար կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց՝ երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով: Համաձայնագիրն իրականացնելու և համագործակցությունը դյուրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» և «ՀՀ ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Համաձայնագրերի նպատակն է ընդլայնել համագործակցությունն անդրազգային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես` թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբերհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում: Արդյունքում կապահովվի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև Եվրոպոլի և վերջինիս հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը:

Այլ որոշումներ

Կառավարությունը բավարարել է «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ֆլեքսոգրաֆիկ տպագրությամբ, փաթեթավորման ոլորտում օգտագործվող բազմաշերտ թաղանթների արտադրությամբ, սննդային տոպրակների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.3 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և 17.4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 91 աշխատատեղ՝ 190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 112-ի՝ 190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 17.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլրդ դրամ

Գործադիրի որոշմամբ առաջարկվում է վերանայել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նախատեսվում է նշել յուրաքանչյուր տարի հունվարի 8-ին՝ դեկտեմբերի 20-ի փոխարեն:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 29.76 մլն դրամով ավելացնել Կոնյակի սպիրտի իրացման (արտահանման) աջակցության ծրագրի համար սահմանված բյուջեն և միջոցառման շահառուների թիվը դարձնել 4։ Ըստ հիմնավորման՝ 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը կոնյակի սպիրտի 100 հազար լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի չափով տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է օժանդակություն։


 

← Վերադառնալ