ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին

22.09.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին:

Վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Մինչ Կառավարության նիստի օրակարգին անդրադառնալը, ուզում եմ խոսել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Իհարկե պետք է արձանագրել, որ իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է:

Մենք մշտական կապի մեջ ենք Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ և այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք այնուամենայնիվ արձանագրել, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան: Դա Լեռնային Ղարաբաղի մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք նաև, ինչ-որ առումով, կիսում ենք:

Ինչի՞ մասին է խոսքը, կամ ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ դրական զարգացումների հույսեր կան: Նկատի է առնվում, որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնակիչները, մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ: Բայց նաև ուզում եմ հետևյալն ասել. մենք արձանագրում ենք, որ իրավիճակը դինամիկ է և փոփոխական, այսինքն տեղեկությունը, որ ունենք այս պահին, կես ժամից կարող է փոխվել:

Բայց շատ կարևոր է, որ ամեն պահի ունենանք ճշգրտված տեղեկություն այդ պահի մասին և նաև որոշակի պատկերացումներ՝ դինամիկայի մասին: Նաև որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ: Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ:

Հիմա ես ուղղակի ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետև կան որոշակի պայմանավորվածություններ, այս պահին դրանց իրագործումը պետք է մեկնարկի: Կմեկնարկի, թե ոչ, ես դա չեմ կարող ասել, բայց որ կան որոշակի պայմանավորվածություններ, հստակ է: Նորից խնդրում եմ հաշվի առնել և՛ մեր հայրենակիցներին, և՛ Կառավարության անդամներին, որ խոսքը դինամիկ գործընթացի մասին է: Նաև ուզում եմ ևս մեկ անգամ պարզաբանել մեր դիրքորոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների Հայաստանի Հանրապետություն հնարավոր տեղափոխման հետ:

Մենք գնահատում ենք, որ սա տեղի կունենա և կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղում մնալու անհնարինությունը, այսինքն՝ այս իրավիճակը շարունակվի: Այո, մենք գնահատում ենք, որ այս պահին կա այդ անհնարինությունը, առկա է: Այսինքն՝ եթե իրավիճակը չբարելավվի, այդ խնդիրն, իհարկե, բոլորիս օրակարգում կլինի, բայց նաև ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ դեռևս սեպտեմբերի 19-ին, այսինքն՝ գործողությունների մեկնարկի օրը, ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի Կառավարության գործընկերների հետ քննարկի դեպի Հայաստանի Հանրապետություն մարդկանց հնարավոր հոսքի դեպքում, թե ինչպես, ինչով, որտեղ ենք աջակցելու մեր հայրենակիցներին:

Ես երեկ իմ եթերում նույնպես խոսեցի այդ մասին. ավելի քան 40 հազար տեղ նախապատրաստվել է: Նաև խոսքը կեցության վայրերի մասին է, ինչպես նաև զուգահեռ առողջապահական, սննդի և այլն: Այսինքն, այդ առումով կարող ենք արձանագրել, որ պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել, բայց նորից ուզում եմ ասել, որ, ըստ էության, սա համաձայնեցված դիրքորոշում է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ:

Սա էլ է կարևոր հանգամանք, որ մեր պլան «ա»-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին դուրս բերելը մեր պլան «ա»-ն չէ, մենք մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր հայրենակիցները, Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան: Եվ ըստ էության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած առանցքային շեշտադրումը, որի շուրջ գործնականում կար կոնսենսուս, հենց սրա մասին էր, և այս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք:

Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, իհարկե, մյուս կողմից չեմ էլ կարող չնկատել, որ պետք է արձանագրել, որ տեղեկատվական դաշտում Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում: Եվ այս առումով կարծում եմ, որ մենք առավել ուշադիր պետք է լինենք և հանրության հետ մեր հաղորդակցությունն առավել ակտիվ պետք է պահենք: Եվ շատ կարևոր է պահել պաշտոնական տեղեկատվության վստահելիությունը, այսինքն՝ մենք ինչ ասում ենք, պետք է մի քանի անգամ չափենք, ստուգենք, վերստուգենք, հետո նոր հրապարակենք:

Բայց մյուս կողմից, օրինակ՝ երեկ ես խոսեցի քաղաքացիական բնակչության կյանքի սպառնալիքի վերաբերյալ: Երեկ երեկոյան իմ գնահատականն այն էր, և այսօր էլ այդ գնահատականը մի փոքր, շատ քիչ, ավելի դրական իմաստով բարելավվել է, որ ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա: Բայց նորից եմ ասում՝ պետք է արձանագրել, որ իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահի կարող է փոխվել, չնայած նորից եմ ասում, ես այս հայտարարությունը չէի անի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսնեի որոշակի միտումներ, որոնք նման հայտարարություն անելու հնարավորություն են տալիս:

Բայց նորից եմ ասում՝ իրադրությունը փոփոխական է, չեմ կարող ասել, որ կայուն է, և առանձին դեպքերում, երբ խոսվում է քաղաքացիական բնակչության մասին, դա չի վերաբերվում նրան, որ որևէ տեղում որևէ միջադեպ չի կարող տեղի ունենալ: Խոսքն, ընդհանուր առմամբ, իրադրության և գնահատականի մասին է: Եվ մենք պետք է շարունակենք մեր ակտիվ համագործակցությունը նաև մեր լրատվական դաշտի հետ, որպեսզի մարդիկ ճիշտ տեղեկատվություն ստանան, որովհետև այս էմոցիոնալ իրավիճակում ցանկացած նեգատիվ տեղեկատվություն կարող է նեգատիվ ազդեցություն ունենալ իրադրության և որոշումների կայացման վրա՝ ընդ որում, և դրա համար շատ կարևոր է, որ մենք իրադրությունը գնահատենք ճշտված լուրերի հիման վրա:

Կրկնում եմ ևս մեկ անգամ՝ Հայաստանի Հանրապետությունն իրադրության առաջացման առաջին օրից պատրաստվել է: Մենք գիտակցել ենք, մեզ հաշվի ենք տվել, որ կարող է լինել այդպիսի իրավիճակ: Երբ ասում ենք պատրաստվել ենք, պատրաստվել ենք մեր կարողությունների և տրամաբանությանը համապատասխան, և կարող ենք ավելին էլ անել, ոչ մի բան չենք խնայի դրա համար: Բայց նորից եմ ասում, երեկվա իմ եթերում ես հարցադրումներին անդրադարձել եմ, և ըստ էության, երեկվա իմ բոլոր ասածներն այսօր կարող եմ վերահաստատել, որովհետև այսօր առավոտյան ունեցած քննարկումները, ստացած տեղեկությունները հույս են տալիս, որ իրոք կարող ենք ունենալ դրական դինամիկա:

Օրվա ընթացքում կհետևենք տեղեկատվությանը, կարծում եմ ես օրվա վերջում՝ գուցե նորից, ըստ անհրաժեշտության, կարող եմ եթեր մտնել և հանրությանը տեղեկացնել՝ առավոտվա գնահատականները երեկոյան դրությամբ փոխվե՞լ են, թե չեն փոխվել, եթե փոխվել են, ի՞նչ տրամաբանությամբ են փոխվել և ինչպե՞ս»:
 

← Վերադառնալ