Լեռնային Ղարաբաղ

Վարչապետն Արցախում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին

09.05.2019 - 09.05.2019

ևս 41 լուսանկար

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Այնուհետև երկու հայկական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգելով նրա հիշատակը:

Շուշիում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ վարչապետ Փաշինյանը զրուցել է ներկաների հետ և շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցի, կատարել մոմավառություն:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հայաստանի և Արցախի ղեկավարներն ընդգծել են եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

← Վերադառնալ