Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ

01.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ:

Անցյալ տարի Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցը նոր մակարդակի բարձրացրեց մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները` հիմնված փոխադարձ վստահության և համակրանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում մեր երևանյան հանդիպումները, որոնք ի հայտ բերեցին երկկողմ համագործակցության զարգացման ներուժն արդյունքի վերածելու մեր փոխադարձ ձգտումը:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև երախտագիտությամբ նշել այն զգալի դերը, որը մեր հարաբերություններում կատարում է կանադահայ համայնքը: Նրա տպավորիչ վերելքն ու նվաճումները լավագույնս վկայում են այն մասին, որ Կանադան ավանդապես սատարում և առաջ է մղում հումանիզմի, հավասարության և ժողովրդավարության գաղափարներն ու սկզբունքները:

Ընդունեք խնդրեմ առողջության, հաջողության և քաղաքական նորանոր հաղթանակների իմ մաղթանքները Ձեզ և խաղաղության, առաջընթացի և բարօրության մաղթանքներս Կանադայի բարեկամ ժողովրդին»:

← Վերադառնալ