Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

29.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսրայելի բարեկամ ժողովրդին՝ Իսրայելի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Մենք բարձր ենք գնահատում հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և մշտապես ընդգծում ենք Իսրայելի հետ տարբեր ոլորտներում գործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու կարևորությունը։

Տարեսկիզբը նշանավորվեց Թել Ավիվում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմամբ, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ մեր կառավարությունը պատրաստակամ է գործադրելու միասնական ջանքեր՝ զարգացնելու և ամրապնդելու փոխշահավետ գործակցությունը՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:

Վստահ եմ, որ դեսպանության գործունեության շոշափելի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում և կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` կայունություն և բարեկեցություն»։

← Վերադառնալ