Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը, Մայիսի 9-ի առթիվ, շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

09.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։

Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մայիսի 9-ը սուրբ տոն է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար, ամենանշանակալից և պատվավոր օրերից մեկը:

Հաղթանակի մեծ ժառանգությունն այսօր կարևոր հոգևոր արժեք է, բարոյական ուղեցույց ապագա սերունդների համար՝ արդար և անվտանգ աշխարհ կառուցելու գործում: Մեր ընդհանուր պարտքն է՝ փայփայել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, հոգատարությամբ և ուշադրությամբ պարուրել վետերաններին:

Վստահ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք սրբացված են մեր նախնիների հաղթական փառքով, կշարունակեն հաջող զարգանալ՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
խնդրում եմ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող՝ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել խորին երախտագիտության խոսքեր, մաղթել քաջառողջություն, բարեկեցություն և արևշատություն»։

Միխայիլ Միշուստինին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է․

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում սրբորեն հարգում են նրանց հիշատակը, ովքեր անօրինակ հերոսություն և անձնազոհություն ցուցաբերեցին նացիզմի դեմ պայքարում` արժանի օրինակ դառնալով ներկա և ապագա սերունդների համար: Համոզված եմ, որ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին մեր ժողովուրդների դրսևորած միասնականությունը և ոգու արիությունը, բարեկամությունն ու փոխադարձ օգնությունը հետայսու ևս ամուր հիմք կլինեն մեր երկրների դաշնակցային հարաբերությունների հետևողական խորացման համար:

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

Մայիսի 9-ի առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, ինչպես նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին:

 

← Վերադառնալ