Շնորհավորական
Վարչապետը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում նշված է.
«Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Վահագն Խաչատուրյանին՝
Հարգելի պարոն Խաչատուրյան,
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:
Դուք Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում:
ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ Նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին եւ այդպիսով կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թևերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և հավասարակշռմանը:
Կրկին ընդունեք խնդրեմ իմ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները՝ մեծարգո պարոն Նախագահ»: