Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

23.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բետտելին՝ ազգային օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն, թանկագին Քսավյե,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Լյուքսեմբուրգի ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանի կառավարությունը և հայ ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունեն Ձեր հիասքանչ երկրի և բարեկամ ժողովրդի նկատմամբ։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ մեր երկու երկրների միջև վստահության, փոխադարձ հարգանքի և գործնական շահերի վրա հիմնված երկկողմ քաղաքական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա։ Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մեզ կհաջողվի նոր խթան հաղորդել նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Հայաստանում մենք երախտագիտությամբ ենք հիշում Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Ձեր կառավարության և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի սկզբունքային, հստակ դիրքորոշումը և բացառիկ համերաշխությունը։ Բարձր ենք գնահատում նաև Լյուքսեմբուրգի կառավարության ակտիվ մասնակցությունն Արցախի տեղահանված բնակչության սոցիալական կարիքները լուծելուն ուղղված միջազգային կազմակերպությունների հումանիտար ծրագրերին, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների հայրենադարձմանը, Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության կասեցմանն ու դատապարտմանն ուղղված միջազգային ջանքերին։

Հարգելի պարոն վարչապետ,

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս կարևոր օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ լյուքսեմբուրգցի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

← Վերադառնալ