Շնորհավորական
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով:
Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առիթով: Չինաստանում անչափ սիրված ավանդական և ընտանեկան այս տոնը թող առողջություն, ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։
Հայաստանի և Չինաստանի ավանդական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և առանձնանում են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորացմանը, որոնց ռազմավարական մակարդակի բարձրացումը նոր հնարավորություններ է ստեղծում երկու երկրների համար:
Հավատացած եմ, որ մեր պետությունների միջև հարաբերությունների վերընթաց զարգացման ուղղությամբ գործադրված ջանքերը ռազմավարական գործընկերության շրջանակը կհարստացնեն հավակնոտ նպատակներով և նոր ծրագրերով։
Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
Լի Ցյանին ուղղված ուղերձում ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ ու ջերմ բարեմաղթանքներ հղում Ձեզ և Չինաստանի կառավարությանը չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առիթով։ Մաղթում եմ, որ այս գեղեցիկ տոնն իր մեջ ամփոփի բարեկամ չին ժողովրդի համազգային նպատակների և ձգտումների կյանքի կոչման նվիրական խորհուրդը։
Ռազմավարական գործընկերության մակարդակի հասած Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, և Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը դրանք առավել խորացնելու համար։
Վստահ եմ, որ ապագայում ևս մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, բարօրության, խաղաղության և ներդաշնակության իմ անկեղծ բարեմաղթանքները»: