Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.
«Սրտանց շնորհավորում և իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ Խորվաթիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առիթով:
Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ համագործակցային օրակարգի առաջմղումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում` Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում:
Հավատացած եմ, որ մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովի շրջանակում կայացած մեր կառուցողական հանդիպումը, ինչպես նաև Ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագրի ստորագրումը նոր հեռանկարներ կբացեն մեր հարաբերություններում:
Վստահ եմ, որ երկկողմ ջանքերի շնորհիվ կհաջողվի լիարժեքորեն իրացնել մեր բազմաբովանդակ համագործակցության զգալի ներուժը և նոր ձեռքբերումներ արձանագրել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ Ձեզ ուղղված իմ հրավերն այցելելու Հայաստանի Հանրապետություն, ինչը նոր լիցք կհաղորդի մեր պետությունների միջև գործընկերության հետագա ամրապնդմանը։
Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Խորվաթիայի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և կայուն առաջընթաց»։