Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի վարչապետին

25.06.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեզ Յանշային` Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առիթով:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության և կառուցողական համագործակցության մթնոլորտում։

Բարձր եմ գնահատում Սլովենիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ընդլայնմանն ու խորացմանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք ոչ միայն առավել ամրապնդել մեր փոխշահավետ համագործակցությունը երկկողմ ու բազմակողմ հարթակներում, այլ նաև բացահայտել նոր ոլորտներ և ուղղություններ, որոնք թույլ կտան հարստացնել մեր օրակարգը՝ ի նպաստ երկու երկրների բարօրության:

Մեծապես կարևորում եմ Սլովենիայի կառավարության աջակցությամբ իրականացվող մարդասիրական ծրագրերը, որոնք նպաստում են տարածաշրջանում հակամարտության հետևանքների հաղթահարմանը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Սլովենիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն առաջընթաց»։

← Վերադառնալ