Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պեդրո Ալյիանային՝ Պարագվայի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պարագվայի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով՝ մաղթելով ամենայն հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության մեջ:
Կարևորում եմ վերջին ժամանակաշրջանում մեր երկկողմ հարաբերություններում գրանցված առաջընթացը, այդ թվում՝ Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի հիմնումը:
Պատրաստակամ եմ համատեղ ջանքերով առավել ամրապնդել Հայաստանի և Պարագվայի միջև փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ, իսկ Ձեր երկրին՝ խաղաղություն, կայունություն, առաջընթաց և բարօրություն»: