Ներհանրապետական այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ

10.08.2018 - 11.08.2018

ևս 132 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Բերդի, Այգեհովիտի, Ոսկեպարի և Նոյեմբերյանի բնակիչների հետ, անդրադարձել երկրում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ գործադիրի քայլերին, պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի:
«Ուրախ եմ, որ ձեր դեմքին ժպիտ եմ տեսնում, դա ամենակարևոր բանն է: Եկել եմ ձեզ ասելու, թե ինչու եմ համոզված, որ մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են, ինչու եմ համոզված, որ մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր: Մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին: Ո՞րն է այդ բանալին. գիտեք, ավելի քան 20 տարի ՀՀ-ում ժողովուրդն ուզում էր քաղաքական փոփոխություններ և այդ փոփոխությունները տեղի չէին ունենում: Եկավ 2018 թվականն ու այդ փոփոխությունը տեղի ունեցավ: Մենք լուծեցինք մի հարց, որ 23-24 տարի համարվել է անլուծելի, համարվել է, որ դա հնարավոր չէ, համարվել է, որ չի կարող լինել այդպիսի բան: Ինչո՞ւ ավելի քան 20 տարի այդ խնդիրը չէր լուծվում և ի՞նչ տեղի ունեցավ, որ այդ խնդիրը լուծվեց. նախորդ 20-24 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածում էին, որ քաղաքական փոփոխություններ պետք է անի ընդդիմության այս լիդերը, այն լիդերը, այս առաջնորդը, այն առաջնորդը, և ամեն անգամ, երբ տեղի չէր ունենում այդ փոփոխությունը, նեղանում էին այդ առաջնորդից, հիասթափվում: Փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի ներկայացուցիչների մեծամասնությունը հասկացավ, որ հեղափոխությունը ոչ թե մեկ առաջնորդ պետք է անի, այլ հեղափոխությունն իրենք պետք է անեն, յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է համարի հեղափոխության առաջնորդ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն այս ամենն ասում է ոչ թե անցյալը, երեք ամսվա իրադարձությունները գնահատելու համար, այլ ցույց տալու բոլորին երկրի խնդիրները լուծելու բանալին:
«Եթե ուշադրություն եք դարձրել, հեղափոխության ողջ ընթացքում երբեք չեմ ասել, որ ես կամ մեր քաղաքական թիմն անելու է հեղափոխություն: Ես ասել եմ, որ մենք ստեղծելու ենք հնարավորություն, որպեսզի մարդիկ որոշեն՝ ուզում են այն Հայաստանում ապրել, թե նոր Հայաստանում: Ինչո՞ւ ենք բոլորս նոր Հայաստանում ապրում. ոչ թե նրա համար, որ ես, մեր քաղաքական թիմն ենք այդպես որոշել, այլ որովհետև դուք եք այդպես որոշել: Փոխվեց այն, որ դուք հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում: Որևէ մեկը չկասկածի, որ կառավարությունն իր անելիքը կանի լիարժեք և անմնացորդ, բայց կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրն ընկալի, որ ինքն է որոշում ամեն ինչ: Մեր թիմը հնարավորություն է ստեղծելու, որ մարդիկ իրենց հայրենիքը ծաղկեցնեն: Մենք իսկապես հզոր պետություն կունենանք այն ժամանակ, երբ մեզնից յուրաքանչյուրը կատարի իր անելիքը, եթե մեզնից յուրաքանչյուրն ըմբռնի մի բան, որ եթե մեր երկիրը եղել է վատ վիճակում, ուրեմն ամեն մեկս ինչ որ փոքր բան այն չենք արել: Համոզված եմ՝ այն գործը, որ մենք իրար հետ սկսել ենք, պետք է շարունակենք համատեղ»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարությունն իր քայլերով անելու է ամեն ինչ՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ արտերկրում գտնվող մեր հայրենակից գործարարների համար: Նա վերջիններիս կոչ է արել օր առաջ գալ հայրենիք՝ շենացնելու երկիրը: «Համոզված եմ, որ բազմաթիվ մարդիկ արտերկրի իրենց բարեկամներից գումարներ են ստանում, բայց ես պարզ եմ ասում՝ բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել: Մարդիկ, այո, միլիոնավոր դոլարներ են ուղարկում Հայաստան՝ բարեկամներին օգնության: Այն ժամանակ դա անում էին, որովհետև վախենում էին և մտածում էին, որ այստեղ բիզնես իրականացնելիս «փայ են մտնելու», «գործ են սարքելու», «խլելու են»: Ես ասում եմ՝ այդ Հայաստանը էլ չկա, ես երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ ներդրողի համար վտանգ ստեղծել: Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, մենք երաշխավորում ենք՝ ոչ ոք չի կարող «փայ մտնել»: Մենք երաշխավորում ենք, եթե գործարարն աշխատի օրինական դաշտում, որևէ մեկը նրան ոչ մի բան չի կարող անել, հետևաբար, սպասելու հարկ չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կոչ է արել բարեգործության տրամաբանությունը փոխել աշխատանքի տրամաբանությամբ, որովհետև հայ ժողովուրդն աշխատող է: «Գիտեմ, որ այսօր հնարավորությունները սահմանափակ են, շատ հարցեր կան, որ լուծված չեն, բայց ուզում եմ ձեզ մի բան խնդրել՝ հաղթահարեք հոռետեսության տրամաբանությունը, չհավատաք ոչ մեկին, ով կասի, որ չի ստացվել ու երկիրը երկիր չի դառնալու, ամեն ինչ սուտ է: Համոզված եղեք՝ ամեն ինչ ճիշտ է և ճշմարտություն է, այն, ինչ որ դուք տեսնում եք, իրականություն է: Իրականությունն այն է, որ դուք հաղթել եք, և իրականությունն այն է, որ դուք հաղթելու եք, և իրականությունն այն է, որ դուք ձեր հայրենիքում պետք է ապրեք որպես հպարտ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի»,- ասել է վարչապետը:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը նկատել է, որ ընթացիկ տարվա մայիսից սկսած Հայաստանում արտագաղթը կանգնել է: «Մայիսից սկսած՝ ամեն ամիս ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում է Հայաստանից: Եկեք այս տեմպը ոչ միայն պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք: Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք, մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան, որովհետև աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունն այն տեղն է, որտեղ մարդիկ ազատ են, հպարտ են, արժանապատիվ են ու երջանիկ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով կառավարության 100-օրյա գործունեության մասին՝ վարչապետը նշել է, որ այդ ընթացքում անմնացորդ պայքար է մղվել կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է նույն կերպ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ անցած կարճ ժամանակահատվածում անապահով ընտանիքների համար նվազել են էլեկտրաէներգիայի և գազի սակագները, մենաշնորհների դեմ պայքարի արդյունքում նվազել են մի շարք ապրանքների գները: Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում բարձրացել է 207 հազար քաղաքացու աշխատավարձը, գյուղացիների վարկերի բոլոր տույժ-տուգանքները ներվել են, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազել են և այլն: «Հունիսին արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որի ազդեցությունը մարդիկ դեռևս չեն զգում: Մեր խնդիրն այդ աճի մոդելն այնպես փոխելն է, որ դրա արդյունքները զգան նաև ՀՀ քաղաքացիները»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին: Դիմելով նրանց՝ վարչապետը նշել է, որ օգնության տրամաբանությունը պետք է փոխարինել համատեղ աշխատանքի տրամաբանությամբ: «Հիմա կառավարությունն անելու է ավելին, քան նախկինում: Կառավարությունն այսօր ունի 10-15 մլրդ դրամ, որը պատրաստ ենք սուբվենցիաների՝ համաֆինանսավորման ծրագրով հատկացնել համայնքներին, սակայն վերջիններս պատրաստ չեն ծախսել այդ միջոցները, քանի որ չունեն գումարներ կամ ծրագրեր: Պարզ է, որ համայնքների բյուջեները քիչ են, սակայն այստեղ ծագում է երկու հարց՝ արդյոք առկա գումարները ծախսվում են արդյունավետ և արդյոք բյուջեները ձևավորվում են օբյեկտիվ, արդար: Եթե ուզում ենք, որ բյուջեն մեծանա, պետք է արդար ծախսենք: Մենք չենք հանդուրժելու թալանը և բոլորիդ հրավիրում եմ կառուցողական աշխատանքի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այն պահանջները, որոնք առաջադրում է ուրիշների նկատմամբ՝ առաջին հերթին առաջադրում է ինքն իր նկատմամբ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունում այժմ քննարկվում է վերը նշված միջոցներն առանց համայնքների ֆինանսական մասնակցության տարբեր ծրագրերում ներդնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետության մակարդակը:
Համայնքների ղեկավարները ներկայացրել են ճանապարհաշինության, միջհամայնքային տրանսպորտի ապահովման, համայնքների խոշորացման, հրատապ խնդիրների լուծման հետ կապված տարբեր հարցեր: Քննարկվել են նաև կառավարության կադրային քաղաքականությանը, անվտանգ ճանապարհների ապահովմանը, գյուղատնտեսության սուբսիդավորմանը, մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, պետական համակարգի օպտիմալացմանը, պետական եկամուտների ավելացմանը, նեդրումների ներգրավմանը վերաբերող թեմաներ:
Կառավարության ղեկավարին Ոսկեպարում ներկայացվել է համայնքի գազիֆիկացման ծրագիրը, որն իրականցվել է ոսկեպարցի բարերարի հատկացրած միջոցների արդյունքում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրան կատարած աշխատանքի համար և հորդորել բարեգործության տրամաբանությունը փոխարինել աշխատանքի տրամաբանությամբ և դիտարկել համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը:

* * *

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամասում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել արտադրամասում՝ ծանոթացել բանվորական ձեռնոցների արտադրության գործընթացին:
Տեղեկացվել է, որ ընդհանուր առմամբ մարզում «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերում աշխատում է 520 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 145 հազար դրամ: Ընկերությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է 2 մլրդ դրամի արտահանում՝ Ռուսաստան և Վրաստան: Ծրագրվում է 2018-ին արտահանման ծավալներն ավելացնել 40-50 տոկոսով: Քայլեր են իրականացվում նաև արտահանման ուղղություններն ընդլայնելու նպատակով: 2015 թվականից գործող ընկերությունում իրականացվել է շուրջ 10 մլն դոլարի ներդրում: Վերջերս մեկ մլն դոլարի ներդրման արդյունքում ընկերության հաստոցների թիվն ավելացվել է 600-ով, ինչի արդյունքում աշխատատեղերի թիվը կավելանա 150-200-ով: Ընդհանուր առմամբ, ընկերությունը նախատեսում է առաջիկա տարիներին ստեղծել 1000-1500 նոր աշխատատեղ:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Լուսաձոր համայնքում գործող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի ծրագրով ստեղծված անասնապահական ֆերմա: Այն ունի բարձր կաթնատվությամբ 200 գլուխ կով: Ստացված կաթից արտադրվում են ֆրանսիական պանրի տարբեր տեսակներ. արտադրանքի հիմնական մասն արտահանվում է ռուսական շուկա: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ տարեկան ֆերմայում կատարվում է 800 հազար եվրոյի ներդրում: Միաժամանակ, նրանք նշել են, որ հարակից համայնքների գյուղացիական տնտեսություններից ևս կատարում են կաթի մթերումներ և ձեռք բերում անասնակեր:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Տավուշի մարզում թեթև արդյունաբերության և ֆերմերային տնտեսությունների զարգացումը՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել բիզնես ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ հաշվի առնելով էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությունը մեր երկրում, Հայաստանը պետք է միջազգային ասպարեզում ունենա էկո երկրի իմիջ: Վարչապետը հույս է հայտնել, որ վերը նշված ընկերություններն առաջիկայում իրենց արտադրություններով կհասնեն արդյունաբերական ծավալների և կստեղծեն նոր աշխատատեղեր:

* * *

Կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Իջևանի, Հաղարծինի և Դիլիջանի բնակիչների հետ, ներկայացրել տարբեր ուղղություններով կառավարության քայլերն ու պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի:
Վարչապետը նշել է, որ այսուհետ Հայաստանի քաղաքացու դերը լինելու է որոշիչ մեր երկրի տնտեսական զարգացման գործում: «Վստահ եմ, այսուհետ ՀՀ քաղաքացին չի համակերպվելու պարտությունների, ապօրինությունների հետ, լավատեսորեն է նայելու ապագային, չի լինելու խնդրարկու: ՀՀ քաղաքացին լինելու է պահանջատեր, չի լինելու աղքատ, այլ լինելու է աշխատող, արարող, բարիք ստեղծող: Մեր կառավարության կարևորագույն առաջանահերթություններից մեկն աղքատության հաղթահարումն է, որը մի խնդիր է, որ մեր երկիրը ծվատում է բավական երկար ժամանակ: Ի՞նչ պետք է անենք և ինչպե՞ս պետք է անենք, որպեսզի աղքատությունը հաղթահարվի: Եկա մի այսպիսի եզրակացության, մտածեցի, որ այդ երևույթը կարող ենք պայմանականորեն անվանել «Այգեհովիտի սինդրոմ»: Ի՞նչ նկատի ունեմ. երեկ Այգեհովիտում խոսակցության բռնվեցինք գյուղամիջում ներկա մարդկանց հետ և պարզվեց այսպիսի իրավիճակ. նախ մարդիկ խոսում էին աշխատատեղերի խնդրի մասին, սակայն պարզվեց, որ հացի արտադրամասի սեփականատերը փնտրում է երկու աշխատող՝ 100 հազար դրամ աշխատավարձով և չի կարողանում գտնել: Այս իրավիճակը, կարծում եմ, բացահայտում է մեր երկրի խորքային խնդիրներից մեկը: Մարդիկ ասում են՝ աշխատենք, որ սոցիալական նպաստից զրկվե՞նք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այս երևույթը երկար տարիներ վարված քաղաքականության արդյունք է, երբ աղքատությունը և աղքատության նպաստը որոշ դեպքերում դարձել է գերադասելի, քան աշխատանքը և աշխատանքով վաստակելը: «Որովհետև ՀՀ-ում հատատված է եղել իշխանություն, որին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, ինչո՞ւ, որպեսզի ընտրությունների ժամանակ մարդկանց կաշառքով շահագրգռի քվեարկել իր օգտին: Հայաստանում այսօր հաստատված ժողովրդի իշխանությունը ոչ թե օգնելու է մարդկանց լինել աղքատ, այլ հակառակը՝ նպաստելու է, որ նրանք չլինեն աղքատ, մարդկանց քաջալերելու է, որ նրանք աշխատեն, որովհետև հայ ժողովուրդը ձեռք պարզող ժողովուրդ չէ, հայ ժողովուրդը ձեռք մեկնող ժողովուրդ է, խնդրարկու չէ, այլ օգնության հասնող է, ծույլ չէ, այլ աշխատող»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փոփոխությունները մեր երկրում տեղի են ունեցել աշխատանքի արդյունքում, երբ գտնվեցին մարդիկ, որոնք աշխատեցին մեծ համաժողովրդական նպատակին հասնելու համար: «Ուզում եմ այս ուղերձը հղել ՀՀ բոլոր քաղաքացիներին. աղքատության քաջալերման քաղաքականությունը նույնպես պետք է արմատախիլ անել, պետք է քաջալերել աշխատանքը, հնարավորություն, ստեղծել, որ մարդիկ իրենց աշխատանքով հաղթահարեն աղքատությունը, հուսահատությունը»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ իրականության փոփոխությունը ՀՀ կառավարության կարևոր առաքելությունն է, բայց դրա համար պետք է փոխել նախ իրականության ընկալումը: «Ինչպե՞ս կարող է փոխվել իրականությունը՝ առանձին անհատ մարդկանց ջանքերով: Բոլորդ գիտեք, որ Իջևանի շրջանում Ենոքավան գյուղն ավանդաբար եղել է շրջանի ամենափոքր, ամենավատ զարգացած ենթակառուցվածքներով գյուղերից մեկը: Բայց մի մարդու կամ մարդկանց խմբի ջանքերով Ենոքավանն այսօր տարածաշրջանի ամենաարագ զարգացող բնակավայրերից է, որտեղ բնակչությունն աճում է, տների գներն աճում են: Նկատի ունեմ՝ այն, ինչ այնտեղ տեղի է ունենում՝ առաջին հերթին աշխատող մարդու շնորհքն է: Մեր ընկալումների մեջ պետք է փոխվի հետևյալը. մենք ոչ թե պետք է նախանձենք ուրիշի հաջողությանը, այլ ոգևորվենք, քաջալերվենք: Ուզում եմ ձեզ քաջալերել՝ աշխատանքի ուղղությամբ, մեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինչ կարող է անել իր ընտանիքի բարեկեցությունը բարելավելու համար: Կառավարությունը պետք է օժանդակի այն մարդկանց, ովքեր մտածում են ավելի ու ավելի զարգանալու, աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Սա է տնտեսության զարգացման մասին մեր պատկերացումը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետությունը պետք է ապահովի աշխատող մարդուն հնարավորինս շատ բաներով՝ ճանապարհներով, խմելու, ոռոգման ջրով, էլեկտրաէներգիայի արդյունավետ սակագնով, ջրի կորուստների նվազեցմամբ և այլն: «Այս քաղաքականությունը պետք է առաջ տանենք, որ ձևավորված հույսն ավելի ու ավելի մեծանա, մենք պետք է քաջալերենք մարդկանց ոչ թե ձգտել աղքատության նպաստի, այլ բարեկեցության և հարստության: Մեր հերոսները պետք է լինեն նրանք, ովքեր իրենց քրտինքով, առանց մոնոպոլիաների արդյունք են ստեղծում, աշխատատեղ են ստեղծում: Մեր ուղերձը մեկն է. իշխանությունը ստեղծելու է բոլոր պայմանները, որ դուք հարստանաք ու հարստացնեք մեր երկիրը, մենք ուզում ենք, որ մեր բոլոր քաղաքացիները լինեն հարուստ և բարեկեցիկ: Մեր կառավարության և անձամբ իմ պարտավորությունը հետևյալն է. մեր իշխանությունը պետք է օգտագործենք ոչ թե մեր, այլ ձեր հարստացման համար: Մենք չենք թալանելու երկիրը, չենք գողանալու, բայց ինքս միայնակ կամ կառավարության մի քանի անհատներով չենք կարող այդ հարցը լուծել, եթե դուք ձեր գյուղերում ինքներդ չեք բռնում գողացողների ձեռքը: Ժողովրդից գողացողին բարև տվող Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի»,- ընգդծել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Հաղարծինի 200-ամյակին նվիրված տոնակատարությանը: Վարչապետը շնորհավորել է հաղարծինցիներին համայնքի հոբելյանի կապակցությամբ և հույս հայտնել, որ այն նոր էջ կբացի Հաղարծինի կյանքում, ինչպես 2018 թվականն է նոր էջ բացել Հայաստանի կյանքում: «Նոր Հայաստանում միմյանց պետք է ընկալենք նորովի, հնարավորությունները պետք է ընկալենք նորովի, մեր ուժերին հավատանք նորովի, յուրաքանչյուր հաղթանակից հետո աշխատենք նոր հաղթանակների ուղղությամբ: Եկել է ժամանակը ցույց տալու, որ առանց անտառը հատելու կարելի է ավելի մեծ շահույթներ ստանալ: Կոչ եմ անում անջատել սղոցները և միացնել միտքը, ստեղծագորական գաղափարները և աշխատել նոր հնարավորություններից օգտվելու ուղղությամբ: Հաղարծինը պետք է դառնա նոր Հայաստանի առաջամարտիկներից մեկը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ Հաղարծինում իրականացվելու է 140 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհային նոր ծրագիր, որով կֆինանսավորվեն այն քաղաքացիները, որոնք մարզպետարան կներկայացնեն իրատեսական և նորարարական բիզնես ծրագրեր, այդ թվում՝ զբոսաշրջության և բնապահպանության ոլորտներում: Համայնքի ղեկավարին գործադիրի ղեկավարը կոչ է արել նաև կապ հաստատել արտերկրում գտնվող և հաջողությունների հասած հաղարծինցիների հետ և նրանց հրավիրել ներդրումներ կատարելու հայրենի գյուղում, ստեղծելու նոր աշխատատեղեր և ստանալու շահույթներ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին և վերջիններիս հետ քննարկել տարբեր ոլորտների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են համայնքների խոշորացման, հրատապ խնդիրների լուծման, ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, տրանսպորտի ապահովման, Դիլիջան ազգային պարկի և բնապահպանական ոլորտի հետ կապված հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերելու այն համայնքներին, որոնք կներկայացնեն զբաղվածությունը խրախուսող ծրագրեր:

* * *

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին եղել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության զարգացման ծրագրերին:
Տեղեկացվել է, որ գործարանում արտադրվում է կոնյակ, գինի, օղի և պահածոներ: Արտադրանքն արտահանվում է ռուսական, չինական, կանադական և եվրոպական շուկաներ: Աշխատանքներ են տարվում արտահանման ուղղություններն ընդլայնելու նպատակով: Նշվել է, որ մթերումներն իրականացվում են Իջևանի հարակից համայնքների գյուղացիական տնտեսություններից և սպիրտային հումքն ամբողջությամբ տեղական է: Նախորդ տարվա ընթացքում գործարանն արտադրել է 1,5 մլն շիշ կոնյակ, գինի և օղի, 140 հազար տարա պահածո: Քայլեր են իրականացվում նաև նոր ներդրումներ իրականացնելու և առկա 100 աշխատատեղերն ավելացնելու ուղղությամբ:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Ենոքավանի «Լաստիվեր ռեզորթ» նորակառույց հյուրանոցային համալիր: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է այստեղ հանգստի համար ստեղծված պայմաններին: Նշվել է, որ համալիրի կառուցման շինաշխատանքները տևել են երեք տարի, իսկ ներդրումների ծավալը կազմել է 2 մլն դոլար:
Այնուհետև վարչապետը եղել է Դիլիջանի գարեջրի գործարանում: Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ գործարանը սկսել է աշխատանքները մեկ տարի առաջ և կատարված ներդրումների ծավալը հասնում է 5 մլն դոլարի: Ժամանակակից հոսքագծերով համալրված գործարանում աշխատում է 120 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 90 հազար դրամ: Նշվել է, որ արտադրված գարեջրի մի մասն իրացվում է տեղական, իսկ մյուսը՝ ռուսական շուկաներում: Գործարանի ղեկավարները նախատեսում են ընդլայնել արտադրական հզորությունները, ինչը հնարավորություն կտա ստեղծել լրացուցիչ 40-60 նոր աշխատատեղ:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի երկրում գործարարությունը զարգանա, ընկերություններն իրականացնեն ընդլայնման ծրագրեր: Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործադիրն իր քաղաքականությամբ, այդ թվում՝ հարկային վարչարարությամբ, խրախուսելու է արտադրական ընկերություններին, նպաստելու է նրանց առաջընթացին, որպեսզի երկրում ստեղծվեն նորանոր աշխատատեղեր և պետությանը վճարեն հարկեր: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսուհետ բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից և պետք է մտածեն միայն զարգանալու ուղղությամբ: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի մեր երկրից արտահանման ծավալների ավելացմանը:
Վարչապետն այցելել է նաև Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն: Տեղեկացվել է, որ այն հագեցված է ժամանակակից սարքավորումներով և այստեղ մատուցվում են բժշկական այնպիսի որակյալ ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս քաղաքացիներին բուժման նպատակով այլևս չուղևորվել Երևան: Դրան նպաստում է նաև գնային քաղաքականությունը: Նշվել է նաև, որ ԲԿ-ի ծառայություններից օգտվում են նաև Սևանի, Իջևանի, Վանաձորի և հարակից այլ համայնքների բնակիչները: Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջաններում նման բժշկական հաստատությունների առկայությունն ու ընդգծել, որ առողջապահության ոլորտը գտնվելու է գործադիրի ուշադրության կենտրոնում: Միաժամանակ, վարչապետը կարևորել է առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումն ու այդ ուղղությամբ քայլերի իրականացումը:

← Վերադառնալ