Ներհանրապետական այցեր

Համայնքների այսօրվա վարչական սահմանները որոշվել են 2010թ. ընդունված ՀՀ օրենքով. վարչապետն այցելել է Սյունիքի մարզ

21.12.2020 - 21.12.2020

ևս 30 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետի այցի առաջին կանգառը Սառնակունք համայնքն էր: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է սառնակունքցիներին, զրուցել նրանց հետ, լսել մտահոգությունները Սյունիքի մարզում իրականացվող սահմանազատման աշխատանքների առնչությամբ և պատասխանել համայնքի բնակիչներին հարցերին:

Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում 70 օր անհետ կորած և երեկ հայրենիք վերադարձած 6 զինվորի մասին, որոնց վերադարձը լուսավոր կետ է այս ծանր օրերին. «Այսօր սգո օր է, և մենք եռօրյա սգի շրջանակում հարգում ենք մեր զոհված զինվորների հիշատակը: Ցանկանում եմ, որ արժանի լինենք մեր զոհված զինվորներին: Մենք հիմա գտնվում ենք ետցնցումային իրավիճակների մեջ և ամեն ինչ պետք է անենք՝ իրավիճակը կայունացնելու համար, մեր գերիներին վերադարձնելու, մեր անհետ կորածներին փնտրելու համար: Երեկ շատ կարևոր բան է տեղի ունեցել՝ անտառներում մնացած մեր 6 զինվորների խումբը դուրս է բերվել, և չնայած սգո օր է, բայց դա տրամադրություն է փոխել: Այս սգի մեջ բոլորս լուսավոր կետ ենք փնտրում, որ դրա շուրջ մեր լավատեսությունը կառուցենք: Գերիների առաջին խումբը, որ վերադարձավ, դա էլ որոշակի տրամադրություն փոխեց»:

Վարչապետը նշել է, որ մեր բանակը հերոսական է, և դրա մասին երկու կարծիք լինել չի կարող, ինչը, միևնույն ժամանակ, չի նշանակում, որ չեն եղել առանձին դրվագներ կամ խնդիրներ: «Դա չի նշանակում, որ չի եղել զինվոր, որն ինչ-որ բան այնպես չի արել, չի եղել սպա, որ ինչ-որն բան այնպես չի արել, չի եղել գեներալ, որն ինչ-որ բան այնպես չի արել: Բայց ընդհանուր առմամբ, դա մեր գնահատականի վրա չպետք է ազդի: Եվ մենք պետք է մեր ինքնավստահությունը, լավատեսությունը հատիկ-հատիկ կառուցենք, մեր երկիրը՝ Հայաստանը և Արցախը նորովի կառուցենք»,-ընդգծել է վարչապետը:

Սառնակունքից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սիսիան համայնք: Վարչապետն այցելել է Սիսիանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին՝ ծնկի իջել և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Սիսիանի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիների հետ: Սիսիանցիներին ուղղված իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրականում այցի նպատակը սյունեցիների հետ շփվելն է և ուզում եմ շնորհակալություն ասել Սիսիանին՝ այսպիսի ըմբռնման, այսպիսի ընդունելության համար: Ամենակարևոր բանը, որ այսօր ուզում եմ ասել, հետևյալն է՝ ես եկել եմ նաև պարզաբանումներ տալու, թե Սյունիքի սահմանների երկայնքով ինչ է տեղի ունենում: Իհարկե, շատ պետք է վերլուծենք այն, ինչ տեղի է ունեցել: Բայց առաջինը՝ մինչև բուն բովանդակային խոսակցությունն սկսելը, ես առաջարկում եմ, որ մենք նախ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհերի հիշատակը և պայմանավորվենք, որ այս պահից սկսած որևէ ծափեր, վանկարկումներ և այդ կարգի որևէ բան տեղի չի ունենալու: Բայց կա նաև կարևոր ասելիք և խոսակցություն, որը ես ուզում եմ, որ դուք անպայման լսեք»: Վարչապետը ներկաների հետ միասին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

Անդրադառնալով Սյունիքի շուրջ առկա իրավիճակին և դրա վերաբերյալ տարածվող տարաբնույթ լուրերին՝ երկրի վարչապետը նշել է. «Այսօր շատ է խոսվում այն մասին, որ այն, ինչ տեղի է ունենում Սյունիքի սահմաններին, Սյունիքը հանձնելու պրոցես է, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես է: Իրականում ուղիղ հակառակն է: Որովհետև, ես այն օրը իմ ուղերձում էլ ասացի, խնդիրն այն է, որ երբ մենք մեր սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք Հայաստանի սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանն ուժեղանում է, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանը նաև անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամ ենք մենք: Հիմա հաջորդ հարցը, որ ծագում է, հետևյալն է. մեզ ասում են՝ իսկ ինչո՞ւ եք այդ սահմանին կանգնեցնում, ո՞վ է որոշել և ի՞նչ իրավական հիմքով է որոշվել այդ սահմանը: Այդպիսի հարց տալիս են նաև 2010 թվականին Ազգային ժողովի պատգամավոր եղած, նախարար եղած և ամենատարբեր պաշտոններ զբաղեցրած անձինք:

Խնդիրն այն է, որ այսօրվա սահմանները, նույն մեր համայնքների վարչական սահմանների նկարագրությունը որոշվել են Հայաստանի Հանրապետության «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Այդ օրենքն ընդունվել է 2010 թվականին: Եվ այդ օրենքում, օրինակ, Ներքին Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրված է նաև որպես Ադրբեջանի հետ սահման: Դա 2010 թվականին է եղել: Կառավարությունն ընդունել է այդ օրենքը, որտեղ նկարագրված են այսօրվա մեր բոլոր խնդրահարույց սահմանները՝ այն կողմից նկարագրել են, պարզ է, հարևան համայնքը, իսկ մյուս կողմից նկարագրել են Ադրբեջանի Հանրապետության սահման: Կարողացա՞ ներկայացնել: Հիմա այդ տարիներին կառավարության անդամ եղած, Ազգային ժողովի պատգամավոր եղած մարդիկ մեզ ասում են՝ դուք ինչո՞ւ եք այդ կետերով կանգնում, դուք, ի՞նչ է, այդ սահմանը ճանաչո՞ւմ եք: Բայց չէ՞ որ դա օրենքի ուժ է ստացել: Իսկ այն ժամանակ ինչո՞ւ չեն ասել, որ սա Արցախի Հանրապետության տարածքն է, ինչո՞ւ չեն ասել: Ես ուզում եմ, որ դուք և բոլոր սյունեցիները հստակ պատկերացնեն, թե ինչ է տեղի ունենում: Եվ էլի եմ ասում՝ դա արվում է Սյունիքի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»:

Անդրադառնալով անվտանգության երաշխիքների հարցին՝ վարչապետ Փաշինյանն ասել է հետևյալը. «Անվտանգությունը երաշխավորված է այնքանով, որքանով մեր անվտանգային համակարգն արդյունավետ է: Այսօր, օրինակ, տեսեք, շատ են ասում՝ իսկ Ղարաբաղի պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը ինչո՞ւ, օրինակ, չմիջամտեց: Էլի նույն պատճառով: Որովհետև մեր օրենքում գրված էր, որ մեր սահմանը սա է: Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Այդ օրենքն ընդունվել է 2010 թվականին: Այդ օրենքն ընդունել է 2010 թվականին գործող խորհրդարանը: Այդ օրենքի նախագիծը ներկայացրել է 2010 թվականին գործող կառավարությունը: ՀԱՊԿ-ը մեզ ասում է, որ սա է ձեր սահմանը, և դուք եք նկարագրել այդ սահմանը: Մենք ձեր սահմանից դուրս ինչպե՞ս կարող ենք միջամտություն անել: Եվ ես ստացել եմ և ստանում եմ բազմաթիվ հավաստիացումներ, և մենք ունենք պայմանագրեր, որ եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն մեր սահմանից ներս, այդ ժամանակ արդեն բոլորովին ուրիշ ռեժիմ է գործելու:

Ինչ վերաբերում է Արցախին՝ Արցախի հարցը բոլորովին ուրիշ հարց է և միջազգայնորեն ճանաչված հարց է: Իրենք մեզ ասում են՝ փաստորեն եթե մենք այդ սահմանով ենք կանգնում, ուրեմն Ղարաբաղի հարցը փակում ենք, դե եթե դա ճիշտ է, ուրեմն դուք 2010 թվականին ընդունած օրենքով Ղարաբաղի հարցը փակել եք: Հասկանո՞ւմ եք, այստեղ է նրբությունը, որ, էլի եմ ասում, 2010 թվականին նախարար, պատգամավոր եղած մարդիկ ասում են՝ եթե դուք, օրինակ, Շուռնուխի հատվածում այդ գիծը ճանաչում եք որպես սահման, նշանակում է՝ դուք Արցախի հարցը փակում եք: Կամ Տեղի հատվածում, կամ Գորիսի հատվածում, Կապանի հատվածում: Բայց եթե այդպես է, ուրեմն դուք 2010 թվականին արդեն փակել եք այդ հարցը: Եթե այդ սահմանը ճանաչելն այսօր դավաճանություն է, 2010 թվականին առավելևս դավաճանություն էր: Եվ 2010 թվականին էլ, գիտեք ով է եղել այս տարածաշրջանի պատգամավորը, և պետք է նայել՝ ինչպես է քվեարկել: Համենայնդեպս, իր խմբակցությունն է կողմ քվեարկել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Սյունիքի մարզի որոշ համայնքներում ճանապարհը փակելու հարցին և դրդապատճառներին. «Այսօրվա իմ այցը պլանավորված էր, ես պիտի գնայի նաև Գորիս, Կապան, Մեղրի: Անկեղծ ասած, այսպիսի կազմակերպչական աշխատանք մենք նախապես չենք իրականացրել, սակայն տեսա, որ հրապարակում այսքան մարդ է հավաքված: Ինձ համար ամենահուզիչ պահը գիտեք ո՞րն է՝ զոհվածների հարազատներից էլ կան մարդիկ, ովքեր եկել են, այստեղ ներկա են:

Մարդիկ առավոտից այնտեղ ճանապարհ են փակել, և այդ ճանապարհը փակվելու հետևանքով մեքենաների մեծ կուտակումներ են առաջացել: Բայց ես տրամաբանական հարց եմ տալիս՝ ի վերջո, ինչի՞ են ճանապարհը փակել: Որովհետև, հիմա ձեզ որ տեսա, Գորիսում էլ էր այս նույն վիճակը լինելու, Կապանում էլ էր այս նույն վիճակը լինելու, Մեղրիում էլ էր այս նույն վիճակը լինելու, Շուռնուխում էլ էր այս նույն վիճակը լինելու, բոլոր տեղերն էլ այս նույն վիճակն էր լինելու: Որովհետև ժողովուրդն այսօր շատ ավելի խորն է հասկանում իրադրությունը: Սա է ամբողջ խնդիրը:

Սիսիանը Սյունիքի մուտքն է, ես այսօր եկա ու սյունեցիների հետ խոսեցի: Բայց ես այն կարծիքին եմ, որ այսօր այդ սադրանքներին պիտի չտրվել: Մարդիկ կան՝ ուզում են բախումներ հրահրել, մարդիկ կան՝ ուզում են ոստիկանների հետ բախումներ հրահրել: Մենք իրենց սադրանքներին չենք տրվելու: Բայց ես ասում եմ հետևյալը՝ գործարք եմ առաջարկում ճանապարհը փակածներին: Կարծում եմ՝ երբ գնամ Գորիս, նույն այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Գորիսում, այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Կապանում, այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Մեղրիում, և մարդիկ գալու են, իրենց աջակցությունը հայտնելու են: Իրենք դրա համար են փակել ճանապարհը, որ դա չպարզվի: Եթե այդպես չէ, ես առաջարկում եմ հեշտ ապացուցելի բան. մենք սադրանքի չենք գնալու, մենք բռնության չենք գնալու, ոչ մի բան չենք անելու, բացեք ճանապարհը, գնանք Գորիս: Գնանք Գորիս, տեսնենք՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչ են խոսում մարդիկ, ի՞նչ են մտածում: Իհարկե, մարդիկ շատ դժվար հարցեր ունեն մեզ: Հիմա դուք էլ հարցեր եք տալիս, այդ հարցերը շատ բարդ, ճիշտ, կոշտ հարցեր են: Եվ, այո՛, ես ընդունում եմ մեր պատասխանատվությունը, որ մենք այդ հարցերին պետք է պատասխանենք: Ես ընդունում եմ նաև, որ հարցեր կան, որոնց պատասխանն այս պահին մենք չունենք: Բայց այդ հարցերի պատասխանը շատ կարևոր է:

Եվ հետևյալն է իրավիճակը՝ այո՛, մենք այսօր ունենք անհետ կորածների խնդիր: Անհետ կորածների հարազատներից ինձ մոտեցան, և մենք մեղավոր ենք այդ մարդկանց առաջ: Մեղավոր ենք, այո: Բայց նաև ուզում եմ հավաստիանանք, որ ամեն հնարավորը արվում է: Երեկ մի հրաշք տեղի ունեցավ, երբ անտառներում 70 օր պատսպարված մեր 6 զինվորներ գտնվեցին և էվակուացվեցին: Այս ուղղությամբ աշխատանքն արվում է արդեն բավական երկար ժամանակ, բայց առաջին անգամ է, որ արդյունք է տալիս, որովհետև բազմաթիվ բարդություններ կան այս գործում: Ես երևի տասնյակ անգամ այս հարցը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եմ քննարկել: Քննարկել ենք ռուս խաղաղապահների հրամանատարների հետ, իրենք էլ իրենց հերթին, բնականաբար, քննարկել են, քննարկում են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Եվ ծնողները նույնիսկ շատ դեպքերում մտածում էին, որ մենք ասում ենք՝ այո, անում ենք, բայց իրականում ոչ մի բան էլ չենք անում: Իրավունք ունեին այդպես մտածելու, որովհետև արդյունք չկա: Եթե մի բան արվում է՝ արդյունք չկա, պարզ է, մարդիկ հուզական վիճակում են, ապրումների մեջ և իրավունք ունեն մեզ մեղադրելու:

Բայց երեկվա դեպքը հրաշքի էր նման, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին՝ Վլադիմիր Պուտինին, որ այդ ջանքը գործադրվեց ի վերջո: Որովհետև ամենամեծ բարդությունը գիտեք ո՞րն է՝ տարածքը մեծ է, այսինքն՝ չգիտենք կոնկրետ մեր տղերքը որտե՞ղ են, որ մտնեն, այնտեղից դուրս բերեն: Եղել է, որ մտել են, բարձրախոսով հայտարարել են, ռուսերեն են հայտարարել, որ հրադադար է արդեն, դուրս եկեք, եղել է, որ հայերենով են հայտարարել, արձագանք չի եղել: Ու մենք մտածում ենք, որ, կարող է, արձագանք չի եղել այն պատճառով, որ չեն վստահել մարդիկ, որովհետև հայերեն խոսելը դեռևս չի նշանակում, ուրիշներն էլ, ադրբեջանցիներն էլ կարող են հայերեն խոսել, առավել ևս՝ ռուսերեն: Հետո, մենք մտածեցինք՝ այնպիսի մարդ հայտարարություն անի, որ իրենց ծանոթ լինի, որ ձայնը լսվի: Այդքան ժամանակ արդյունք չտվեց, վերջապես երեկ արդյունք տվեց: Ես էլի շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստել են, որ այս հրաշքը տեղի ունենա: Ասեմ, որ տղաները բոլորը, իհարկե, հյուծված են, բայց նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Եվ նախնական, որքանով ինձ ասել են, որևէ մեկին հաշմանդամություն չի սպառնում: Այսինքն՝ տղաները կվերադառնան լիարժեք կյանքի, և իսկապես այսօր դա շատ խորհրդանշական է:

Սիրելի սիսիանցիներ,

ես շնորհակալ եմ ձեզ, որովհետև ամեն անգամ Սիսիան գալիս ձեր աջակցությունը զգացել եմ: Եվ պետք է շատ բան անեմ, որ ձեր աջակցությանն արժանանամ: Իրականում շատ հարցերում մեղավոր եմ ձեր առաջ և հույս ունեմ՝ կստացվի այնպես, որ ձեր վստահությանն արժանի կլինեմ: Չի կարող Սյունիքի մի հատվածում տրամադրությունն ուրիշ լինել, մի այլ հատվածում՝ ուրիշ: Այսօր ամբողջ հանրապետությունում է տրամադրությունը, ըստ էության, նույնը:

Էլի եմ ասում՝ ճանապարհը փակել են ինչի՞ համար: Որովհետև գիտեն, որ Գորիսում էլ է այսպիսի չկազմակերպված հավաք լինելու, Կապանում էլ, Մեղրիում էլ: Բայց, ասում եմ, առավել ևս այս սգո օրը մենք սադրանքների չենք տրվելու: Ոչինչ, Մեղրին էլ է իր տեղում, Կապանն էլ, Գորիսն էլ: Այսօր մենք եկանք Սյունիք: Այսօր մենք հանդիպեցինք սյունեցիների հետ: Այսօր մենք մեր խոնարհումը բերեցինք և խնկարկեցինք սյունեցի զինվորների գերեզմանին, ու այս պրոցեսը կշարունակվի: Մենք սադրանքների չենք գնալու:

Ասացի, որ գալիս եմ սյունեցիների աչքերի մեջ նայելու: Եկա, սյունեցիների աչքերի մեջ նայեցի: Ես գիտեմ, որ շատ հարցերում մեղավոր եմ: Պետք է շատ աշխատենք, եթե դուք դա ուզենաք: Որ ձեր վստահությանն իսկապես արժանանանք, արժանի լինենք ձեզ, արժանի լինենք ձեր վստահությանը: Ես ասում եմ, դուք բոլորդ՝ Հայաստանի քաղաքացիները, շատ ավելիին եք արժանի: Ցավոք, Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում՝ մեր իշխանությունը, մինչև այս պահը չի կարողացել անել և երկիրը հասցնել նրան, ինչին դուք, իրոք, արժանի եք: Չենք կարողացել: Ես ուզում եմ դրա համար ձեզնից ներողություն խնդրել՝ ոչ միայն մեր իշխանության, այլև նախկին բոլոր իշխանությունների անունից:

Բայց ամենակարևորը, իմ ամենամեծ խնդիրը հետևյալն է՝ այս կարգավիճակը ես ի պահ եմ ստացել ձեզնից, այդ կարգավիճակի տերը դուք եք: Եվ ես պատասխանատու եմ, որ դուք շարունակեք մնալ այդ կարգավիճակի տերը և ոչ թե նախկինի նման ընտրակեղծիքներով, ահաբեկելով և այլն, ում ուզենան՝ անցկացնեն, ինչ ուզենան՝ անեն»:

← Վերադառնալ