Ներհանրապետական այցեր

Վարչապետը Կոտայքի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքին

10.07.2023 - 10.07.2023

ևս 71 լուսանկար

Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի ընթացքին:

Վարչապետը նախ եղել է Հրազդանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: Նշվել է, որ գրասենյակի նպատակն է «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետությունը, թափանցիկությունը և հասանելիությունը, քաղաքացու և համայնքապետարանի միջև առավել մատչելի և դյուրին հաղորդակցություն ապահովել: Ընդգծվել է, որ գրասենյակն զգալիորեն հեշտացնում է համայնքապետարանում իրականացվող գործընթացները։ ՔՍԳ-ն հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հրազդանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16,6 մլն դրամ:

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 771 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից, իսկ շինաշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին:

Հրազդանում Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել նաև թիվ 2 դպրոցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024 թվականի օգոստոսին: Ավելի քան 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման համար հատկացվել է 1,7 մլրդ դրամ: Ծրագիրն իրականացվում է ԱԶԲ-ՀՀ կառավարություն համագործակցությամբ: Նախատեսվում է կառուցել սեյսմակայուն՝ առնվազն 9 բալ երկրաշարժի համար նախատեսված էներգախնայող դպրոց, որը նախպատեսված է շուրջ 432 աշակերտի համար։

Այնուհետև վաչապետն ուղևորվել է Ծաղկաձոր, որտեղ ծանոթացել է սպորտբազայից մինչև Սևանի մայրուղի ձգվող 10 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 1,2 մլրդ դրամ: Շինաշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Հաջորդիվ Կառավարության ղեկավարին են ներկայացվել Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17-19 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2023 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 463 մլն 696 հազար դրամ: Արդյունքում նախատեսվում է հիմնանորոգել Փյունիկ բնակավայրի 2 կմ հատվածը, կառուցել ջրահեռացման համակարգ։

Վարչապետն այցելել է Փամբակի լեռնաշղթայի Ակնալեռ լեռան ստորոտում գտնվող ջրերի շշալցման գործարան, որը կառուցվել է «Էյ ընդ Էմ ռեյր» ընկերության կողմից, ծանոթացել վերջինիս գործունեությանը: Ամբողջությամբ ավտոմատացված հանքային և աղբյուրի ջրերի շշալցման արտադրական համալիրի կառուցումն իրականացվել է 2019-2020թթ., գործարկվել է 2020թ. աշնանը: Ներդրումների ընդհանուր արժեքը կազմել է 30 մլն եվրո։ Ստեղծվել է 90 աշխատատեղ: Նշվել է, որ նախատեսվում է անցնել հերթափոխով աշխատանքի, ինչի արդյունքում կավելանա աշխատատեղերի քանակը: Արտադրանքն սպառվում է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Միջին Արևելքի երկրներ, ԱՄՆ, Լեհաստան: Քննարկվում են նաև հնարավոր համագործակցության ուղիներ Եվրոպական մի շարք երկրների հետ:

Նոր Գեղի–Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2022 թ.-ին, իրականացվել է աշխատանքների մոտ 80%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 290 մլն դրամ: Արդեն իսկ կառուցվել է 8 կմ-ն, 2 կմ-ի շինարարությունն սկսվել է 2023թ.:

Վերանորոգվում է նաև Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15,6 կմ հատվածը: Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 290 մլն դրամ:

Հիմնանորոգվում է նաև Աբովյան-Արզնի-Նոր Գեղի հանրապետական նշանակության ճանապարհը: Աշխատանքները մեկնարկել են 2022թ.։ Ծրագիրը գտնվում է ավարտման փուլում: Ծրագրի ընդհանուր արժեքը 498 մլն դրամ է: Արդյունքում՝ նախատեսվում է հիմնանորոգել Աբովյան քաղաքի մուտքի 1.4 կմ հատվածը, կառուցել մայթեր և ջրահեռացման համակարգ: Վերոնշյալ ճանապարհների վերակառուցման աշխատանքների միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից:

Վարչապետը Կոտայքի մարզում ծանոթացել է նաև 2019-2022թթ. սուբվենցիայի ծրագրի շրջանակներում հիմնանորոգված Բյուրեղավան համայնքի պոլիկլինիկայի պայմաններին: Հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել նաև անհրաժեշտ գույքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 112 մլն դրամ: Գրեթե 34 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը, իսկ մյուսը ֆինանսավորել է համայնքը:

Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում, որի կառուցման աշխատանքներն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի կողմից: Զեկուցվել է, որ կատարվել է աշխատանքների 95%-ը: Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021թ., ավարտը նախատեսվում է մոտ ժամանակներս: Ծրագրի ընդհանուր արժեքը 306.7 մլն դրամ է: Դպրոցը կկարողանա ընդունել 100 աշակերտի:

Ակունք համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է համայնքի համար ձեռք բերված տեխնիկական միջոցներին: 2020-2022թթ. սուբվենցիայի ծրագրի շրջանակում ձեռք են բերվել 2 աղբատար, 1 բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա՝ ջրցան /աղցան/, 1 վերամբարձ կռունկ և 160 աղբարկղ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 167,5 մլն դրամ է, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 83,7 մլն դրամ։ Համայնքի կարիքների համար ձեռք է բերվել հատուկ տեխնիկա, որոնց միջոցով իրականացվում է համայնքի կոմունալ սպասարկման մեծ մասը:

Գառնի համայնքում Կառավարության ղեկավարն այցելել է ծիրանի և կեռասի ինտենսիվ այգի, որը հիմնվել է 2022թ.։ «Գառնի ֆուդ» ընկերության և պետական աջակցության ծրագրի շրջանակում իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 154 մլն դրամ: 16,5 հա հողատարածքի վրա նորագույն տեխնոլոգիաներով հիմնվել են ծիրանի և կեռասի այգիներ:

Նույն համայնքում վարչապետը ծանոթացել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գառնի տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագրին: Աշխատանքները մեկնարկել են 2021թ., իրականացվել են աշխատանքների 95%-ը: Ծրագրի ընդհանուր արժեքը 533 մլն դրամ է: Ենթածրագրի շրջանակում նախատեսվում է ճանապարհների և մայթերի վերականգնում՝ Ալեքյան փողոցում, որը սկսվում է Հ3 մայրուղուց մինչև Գառնիի քաղաքապետարանի գրասենյակ (800 մ), Մարզպետունի փողոցում (600 մ), Շահումյան փողոցում, Չարենցի փողոցում: Պետք է իրականացվեն նաև փողոցների երկշերտ ասֆալտապատման աշխատանքներ: Ճանապարհների ընդհանուր երկարությունը 1.945 կմ է, լայնությունը՝ 5,4-10,0 մ: Կնորոգվեն նաև Ալեքյան և Մարզպետունի փողոցների 70 տնային տնտեսությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ներառյալ՝ 1930 մ կոյուղու փոխարինումը և 2294 մ ջրատարի փոխարինումը: Կկառուցվի մեքենաների կայանման տարածք, կտեղադրվի լուսավորության համակարգ: Ծրագրի նպատակն է նպաստել համայնքում տուրիզմի զարգացմանը:

Ջրվեժ համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է համայնքի նորակառույց մանկապարտեզի պայմաններին: Ներկայացվել է, որ 2020-2022թթ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2020թ. մեկնարկել և 2022թ. ավարտվել են 4919քմ հողատարածքի վրա երկհարկանի մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Մանկապարտեզը համալրվել է անհրաժեշտ գույքով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 707 մլն դրամ, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 347,27 մլն դրամ։ Մանկապարտեզն օգոստոսից կկարողանա ընդունել 190 սան:

Վարչապետը Կոտայքի մարզում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:

← Վերադառնալ