Արտերկրյա այցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել

04.03.2019 - 05.03.2019

ևս 92 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել:

Մարտի 4-ի առավոտյան Հայաստանի վարչապետն այցելել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվեն, որը գտնվում է Բրյուսելից ոչ հեռու և համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը:

Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Լյուվենի Կաթոլիկ համալսարանից, որտեղ նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր Լյուկ Սելսը:

Ողջունելով ՀՀ վարչապետին` ռեկտորը նշել է, որ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը, և Լյուվենի Կաթոլիկ համալսարանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցություն զարգացնել: Լյուկ Սելսը ներկայացրել է Կաթոլիկ համալսարանի գործունեությունը. նա նշել է, որ այն ամենամեծ և ամենահայտնի համալսարանն է Բելգիայում, որն իրականացնում է կրթության և հետազոտությունների վրա հիմնված միջազգային ուղղվածություն ունեցող ծրագրեր: Համալսարանի բոլոր ծրագրերը հիմնված են բուհի գիտնականների և պրոֆեսորադասախոսական կազմի նորարարական հետազոտությունների վրա: Նրա խոսքով` Կաթոլիկ համալսարանն ունի 14 մասնաճյուղ Բելգիայի 10 քաղաքում և իրականացնում է կրթական և հետազոտական ծրագրեր գրեթե բոլոր ուղղություններով: Կրթությունը համալսարանում կազմակերպվում է 15 ֆակուլտետի, իսկ գիտահետազոտական աշխատանքը՝ առանձին բաժինների և հետազոտական խմբերի միջոցով: Ֆակուլտետները և բաժինները միավորված են 3 խմբում՝ հումանիտար և սոցիալական գիտություններ, բնագիտություն, ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ և կենսաբժշկական գիտություն, ընդ որում՝ խմբերից յուրաքանչյուրն ունի դոկտորական դպրոց համապատասխան որակավորման ծրագրերով: Վարչապետին ներկայացվել է նաև Լյուվենի հետազոտությունների և զարգացման տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ծրագրերը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պատիվ է հյուրընկալվել աշխարհի հնագույն և միաժամանակ ժամանակակից համալսարաններից մեկում, որը 1425 թվականից ի վեր՝ գրեթե 6 դար շարունակ, խթանել է եվրոպական գիտության զարգացումը և համարվում է աշխարհի լավագույն 50 համալսարաններից մեկը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանը գտնվում է քաղաքական և տնտեսական մեծ բարեփոխումների փուլում, և կառավարությունը կրթությունը դիտարկում է որպես տնտեսական հեղափոխությունը հաջողելու կարևորագույն գործիքներից մեկը: «ՀՀ կառավարության կրթական քաղաքականության նպատակն է կրթության և հետազոտության գործուն կապի ապահովումը: Մենք ցանկանում ենք իրական բարեփոխումներ իրականացնել կրթական համակարգում և այս համատեքստում կարևորում ենք փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումն աշխարհի առաջատար և նորարարական կրթական ու գիտահետազոտական հաստատությունների հետ», - նշել է ՀՀ վարչապետը` գոհունակություն հայտնելով Կաթոլիկ համալսարանի կողմից համագործակցության պատրաստակամության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Լյուվենի Կաթոլիկ համալսարանից վարչապետ Փաշինյանն ուղևորվել է «IMEC» (Interuniversity Microelectronics Centre) գիտահետազոտական կենտրոն` վերջինիս գործունեությանը ծանոթանալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը ՀՀ վարչապետին է ներկայացրել «IMEC»-ի ծրագրերը` նշելով, որ կենտրոնը մասնագիտացած է միկրո, նանոէլեկտրոնիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտում գիտական հետազոտությունների, նոր սերնդի սարքավորումների ստեղծման հնարավորությունների ուսումնասիրության ուղղությամբ: Նա նշել է, որ «IMEC»-ն ունի շուրջ 4000 աշխատակից և գործունեություն է ծավալում նաև Նիդեռլանդներում, Թայվանում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնի կիսահաղորդիչների մաքրման լաբորատորիայում:

ՀՀ վարչապետի այցի հաջորդ կանգառը Լյուվենի «Առողջության կենտրոն»-ն էր, որը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի և «IMEC» գիտահետազոտական կենտրոնի համատեղ ծրագիրն է: Նիկոլ Փաշինյանը կենտրոնի տնօրեն Իզաբել Ֆրանսուայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցադրությունների սրահում և ծանոթացել կենտրոնի գործունեությանը, նպատակներին: Ի. Ֆրանսուայի խոսքով` «Առողջության կենտրոն»-ն իր տեսակի մեջ եզակի փորձարարական հաստատություն է, որի այցելուները կարող են տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ առողջապահության ապագային: Ցուցադրությունների միջոցով ՀՀ վարչապետին ներկայացվել է, թե ապագայում տեխնոլոգիաները՝ արհեստական բանականությունը, եռաչափ մոդելավորումը, կրիչները և նանոտեխնոլոգիաները, ինչպիսի ազդեցություն են ունենալու առողջապահության վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի ռեկտորին, «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահին, «Առողջության կենտրոնի» տնօրենին տեղեկացրել է, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և հրավիրել Երևան` մասնակցելու Կոնգրեսին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Կառավարության ղեկավարն այսօր այցելել է Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվենի կրթական, գիտահետազոտական հաստատություններ: Այցի ավարտին ստորագրվել են Փոխըմբռնման հուշագրեր բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության զարգացման վերաբերյալ:

ՀՀ վարչապետի ներկայությամբ նախ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի գլխավոր քարտուղար Ֆրեդի Էվանսը:

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև «IMEC» գիտահետազոտական կենտրոնի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջև: Այն ստորագրել են «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Հուշագրերի համաձայն՝ կողմերը համագործակցություն կծավալեն բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում փորձի փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի իրականացման և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

* * *

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Եվրոպական խորհրդարան: Հայաստանի վարչապետին դիմավորել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ Մաքալիսթեր,
Եվրոպական խորհրդարանի հարգարժան անդամներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Ես այսօր պատիվ ունեմ ելույթով դիմելու Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետի համար առաջին հնարավորությունն է խոսել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ուստի ես կցանկանայի, մասնավորապես, կենտրոնանալ այն հիմնարար փոփոխությունների վրա, որոնք արդեն տեղի են ունեցել եւ ներկայում տեղի են ունենում իմ երկրում: Ես կխոսեմ նաեւ մեր այսօրվա մարտահրավերների եւ ապագայի մեր նպատակների եւ պլանների մասին:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանում ներկայում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք աննախադեպ են իրենց բնույթով եւ չափերով՝ փոփոխություններ, որոնք լիովին փոխում են մեր քաղաքական եւ տնտեսական լանդշաֆտը:

Անցյալ գարնանը Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի հեղափոխություն: Հայ ժողովուրդը, առաջնորդվելով սիրո, հանդուրժողականության եւ եղբայրության կարգախոսներով, ոտքի ելավ՝ պաշտպանելու իր քաղաքական իրավունքները եւ կառուցելու հասարակություն՝ ըստ յուր նվիրական իդեալների եւ արժեքների: Նրանք ընտրեցին ժողովրդավարության եւ բազմակարծության, արդարության եւ հավասարության ուղին: Նրանք հանդես եկան կոռուպցիայի եւ քաղաքական համակարգի դեմ, որը հիմնված էր պատվիրատու-պատվիրող հարաբերությունների վրա: Նրանք ընդդիմացան երկրի քաղաքական էլիտային, որը մենաշնորհել էր երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքը: Նրանք ընդդիմացան օլիգարխիկ տնտեսությանը եւ նաև նրանց, ովքեր ստեղծել եւ շահագործում էին երկրի հանքարդյունահանող հաստատությունները:

Թավշյա հեղափոխությունը վերականգնեց ժողովրդավարությունը Հայաստանում:

Անցյալ դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունները ամրապնդեցին մեր ձեռքբերումները: Հեղափոխության ետեւում կանգնած քաղաքական ուժերը տարան աննախադեպ հաղթանակ: Մենք ստացանք հայ ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը` ավելի քան 70 տոկոս ձայն:

25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում անցկացված ընտրությունները որեւէ քաղաքական ուժի կողմից չեն վիճարկվել: Նույնքան կարեւոր է ասել, որ վերջին ընտրություններն արժանացան եվրոպական դիտորդների լավագույն գնահատականներին, որոնք ողջունեցին դրանք որպես ազատ, արդար եւ թափանցիկ:

Համոզված եմ, որ ժողովրդավարության հաղթանակը անխուսափելի է մեր երկրում: Իմ վստահությունը հիմնված է հետեւյալ նախադրյալների վրա.

Նախ, ազատության եւ ժողովրդավարության գաղափարները խոր արմատներ ունեն մեր ժողովրդի հիմնական արժեքների մեջ: Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ 1980-ականների վերջերին համազգային շարժում սկսվեց նախկին կոմունիստական ռեժիմի դեմ: 1991 թ. մեր անկախության վերականգնումն անվիճելիորեն ուղղված էր սահմանադրական ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ ազատական արժեքների վրա հիմնված հասարակության կայացմանը: Վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրում ժողովրդավարությունը խեղաթյուրվեց՝ շեղելով մեզ նախապես ընտրված ժողովրդավարական ուղուց: Դա արդյունք էր մեր ավանդական արժեքների եւ ձգտումների թյուր մեկնաբանության:

Երկրորդ, մեր հասարակության մեջ ժողովրդավարական փոխակերպումը հիմնված է հայ հասարակության բոլոր շերտերի եւ ամբողջ աշխարհում 6 միլիոնանոց սփյուռքից եկող լայն սոցիալական պահանջարկի վրա: Այս առաջադեմ գործընթացը ծնվել է մեր ժողովրդի կամքից եւ ձգտումներից: Ավելին, դա արտաքին ուժերի հետ կապ չունի: Այն մեր արտաքին քաղաքականության մեջ ոչ մի տեկտոնային տեղաշարժ չի առաջացրել, ոչ էլ մեր արտաքին քաղաքականության ռազմավարության որեւէ փոփոխություն: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր արտաքին քաղաքական պարտավորություններին եւ գործընկերներին:

Երրորդ, ժողովրդավարությունը մեզ համար սոսկ գոյատեւման տարբերակ չէ. այն մեզ համար անվտանգության հարց է: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի եւ մեր քաղաքական մշակույթի համար ճիշտ է ընդունել, որ ժողովրդավարությունը ապահովում է ավելի ուժեղ եւ ավելի արդյունավետ տնտեսական եւ քաղաքական ինստիտուտներ, որոնք հանդիսանում են երկրի զարգացման կարեւոր նախապայման: Հետեւաբար, մենք մերժեցինք նախկինում գոյություն ունեցող թերզարգացած պետական ինստիտուտների շքեղությունը: Դրանք հանգեցրին տնտեսական անարդյունավետության` խոչընդոտելով մեր երկրի առաջընթացին: Հայաստանում տնտեսական եւ քաղաքական ինստիտուտները խթանող ժողովրդավարությունը դարձավ հրամայական: Այսօր մենք այլընտրանք չունենք:

Ժողովրդավարությունը մեզ պետք է 21-րդ դարում մրցունակ լինելու համար: Այնուամենայնիվ, ժողովրդավարությունը պետք է պաշտպանվի եւ ամրապնդվի: Որո՞նք են այսօրվա հիմնական մարտահրավերները:

Առաջին հերթին, դա մեր երկրում գոյություն ունեցող աղքատությունն է: Այսօր աղքատության գծից անդին գտնվող մարդիկ կազմում են մեր ազգաբնակչության մեկ երրորդը: Նրանք են հանդիսանում ընտրակեղծիքների եւ ընտրակաշառքի հիմնական սոցիալական հենքը, ինչին մենք անցյալում ականատես եղանք:

Մեր հասարակությունում առկա է տնտեսական զարգացման եւ ժողովրդավարության միջեւ սերտ փոխհարաբերություն: Միջին դասի փոշիացումը, ըստ իս, հանգեցրեց ժողովրդավարության անկման: Այսպիսով, ուժեղ եւ կենսունակ միջին դասը Հայաստանում կայուն ժողովրդավարության հիմնական նախադրյալներից մեկն է եւ, հետեւաբար, մենք պետք է գնանք տնտեսական հեղափոխության ուղիով, ինչը մեր կառավարության հերթական նպատակն ու Ծրագրի անկյունաքարն է:

Այս տեսանկյունից մենք ընդունեցինք եւ արդեն սկսել ենք իրականացնել հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանի կառավարության ներկայիս առաջնահերթություններից են կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումը, աղքատության հաղթահարումը, անկախ դատական համակարգի համախմբումը, օրենքի գերակայության հաստատումը եւ բոլոր տնտեսվարողների ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ապահովումը:

Մենք մտադիր ենք կտրուկ միջոցներ ձեռնարկել մեր հարկային եւ մաքսային համակարգերի բարեփոխման ուղղությամբ:

Մենք նաեւ կենտրոնանում ենք մեր կրթական համակարգի բարեփոխման վրա: Մարդիկ պետք է կարողանան ապրել եւ արարել արագ զարգացող ու անընդհատ փոքրացող աշխարհում, որտեղ առաջընթացը պայմանավորված է գիտելիքով:

Ես հպարտ եմ ձեզ տեղեկացնել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր երկրում շատ տեսանելի փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ, մենք արդեն արմատախիլ ենք արել համակարգային կոռուպցիան Հայաստանում: Հայաստանում մենաշնորհների եւ գոյություն ունեցող օլիգոպոլիաների ուժը արդեն իսկ նվազել է: Այսօր Հայաստանում չկա որեւէ մեկը, որն ի վիճակի է քաղաքական ազդեցություն գործադրել իր տնտեսական նպատակներին հասնելու համար:

Հարգելի գործընկերներ,

Մեր բարեփոխումների քաղաքականության իրականացման ընթացքում մենք հանդիպում ենք մի շարք խոչընդոտների: Այս առումով պարզ է մի բան. Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողությունների համար:

Այս նախաձեռնության արժեքը եւ գրավչությունը ի հայտ կգան բացառապես բարեփոխումների իրականացման միջոցով: CEPA-ն բարեփոխիչ գործիք է: Դրա դրույթների իրագործումը կհանգեցնի մեր հասարակության բազմաթիվ ոլորտներում որակական փոփոխությունների:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ձեզ հավաստիացնել, որ Հայաստանի կառավարությունը վճռական է CEPA-ի իրագործման համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու հարցում: Մենք պատրաստ ենք Եվրոպական միության հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

Այս առումով ես ուզում եմ նշել, որ Եվրամիության անդամ պետությունների կողմից CEPA- ի արագ վավերացումը կարևոր է դրա լիակատար իրագործման եւ մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Այս պահին անդամ պետությունների ավելի քան մեկ երրորդն արդեն վավերացրել է Համաձայնագիրը, եւ մենք հուսով ենք, որ մոտ ապագայում մյուսները ևս նույնը կանեն: Այս հարցում մենք շատ ենք հավատում խորհրդարանի աջակցությանը եւ ձեր անձնական ներդրմանը:

Մեր համագործակցության օրակարգի համատեքստում կցանկանայի նշել նաեւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: Գործընթացի սկիզբը մեծապես կնպաստի մարդկանց հետ շփումների եւ ընդհանրապես մեր համագործակցությանը:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ձեր աջակցությունը հայցել այս գործընթացի խթանման հարցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հետեւողականորեն կատարում է բոլոր անհրաժեշտ պայմանները:

Եվրամիության ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը մեզ համար չափազանց կարեւոր է: Մենք ձեր աջակցության կարիքն ունենք` բարեփոխումների իրականացման ուղղությամբ կտրուկ քայլեր կատարելու համար: Ակնհայտ է, որ Եվրամիության ընդլայնված աջակցությունը կօգնի մեզ առաջ շարժվել ավելի վճռականորեն: Որքան ավելի մեծ լինի օգնության ծավալը, այնքան ավելի արագ ևւ հարթ կընթանան մեր բարեփոխումները:

Հարգելի գործընկերներ,

Հարավային Կովկասում դեռեւս հարատևող աշխարհաքաղաքական եւ անվտանգության ռիսկերը շարունակ մարտահրավերներ են առաջադրում մեզ: Դրանք լրջորեն խաթարում են մեր բարեփոխումների ներուժը:

Նախ, Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը եւ մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը քաղաքական ռիսկեր են ստեղծում, որոնք զգալիորեն ազդում են մեր երկրի եւ տարածաշրջանի ընդհանուր ներդրումային գրավչության վրա:

Երկրորդ, մեր հակառակորդի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար լրացուցիչ դժվարություններ է առաջացնում: Այսօր Հայաստանն իր սակավ ռեսուրսների մեծ մասը պարտավոր է օգտագործել տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար: Հայաստանն է, որ իրականում կրում է գոյություն ունեցող հավասարակշռությունը պահելու տնտեսական բեռը եւ կանխարգելում նոր ռազմական գործողությունների սանձազերծումը:

Երրորդ, 1990-ականների սկզբից մեր երկրին պարտադրված փակ սահմանները եւ շարունակվող տրանսպորտային շրջափակումը կտրուկ նվազեցնում են մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հնարավորությունները:

Ի վերջո, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները նույնպես բացասական հետեւանքներ են ունենում մեր տնտեսության վրա` նեղացնելով արտաքին աշխարհի հետ կապող միջանցքներից մեկն ու հաղորդակցության հնարավորությունները:

Խորհրդարանի հարգարժան անդամներ,

Կցանկանայի կարեւորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրոպական միության կառուցողական եւ հավասարակշռված մոտեցումը:

Մեր կարծիքով, միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը:

Այս լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ: Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որեւէ այլընտրանք անկախությանը:

Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար եւ երկարատեւ լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել: Որպես վարչապետ, ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն եւ ձեւավորում են իրենց սեփական կառավարությունը:

Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի եւ հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը:

Խորհրդարանի հարգելի անդամներ,

Մենք խորապես համոզված ենք, որ ներգրավված կողմերի միջեւ վստահությունը հակամարտությունների կարգավորման կարեւոր նախադրյալներից մեկն է: Այս վստահությանը կարելի է հասնել զարգացող երկխոսության եւ փոխըմբռնման միջոցով: Մենք տեսնում ենք Հարավային Կովկասը որպես տարածաշրջան, որտեղ անկախ պետություններն ապրում են խաղաղության, համերաշխության եւ համագործակցության մեջ: Իրոք, ժամանակակից աշխարհում փակ սահմանները համարվում են առնվազն տնտեսական եւ քաղաքական անհեթեթություն:

Աշխարհն օրեցօր փոխվում է՝ գնալով ավելի մեծ փոխկապակցման եւ փոխկախվածության ճանապարհով: Մեր տարածաշրջանին անհրաժեշտ են երկխոսության, խաղաղ գոյակցության եւ տնտեսական համագործակցության նոր ձեւեր: Երկխոսության, հանդուրժողականության եւ փոխզիջման մշակույթը պետք է գերակայի Հարավային Կովկասում առկա բոլոր տարաձայնությունների նկատմամբ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն:

Շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի անդամներին հնչեցված դրական գնահատականների համար` Հայաստանի վարչապետը նշել է. «Ցանկանում եմ առանձնացնել երեք հարց՝ կապված Հայաստանում ընթացող գործընթացների հետ:

Նախ, մեզ անհրաժեշտ է ստեղծել ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ: Անշուշտ, պետք է շարունակենք կատարելագործել ընտրական համակարգը, ուստի այդ ուղղությամբ մենք պետք է արդյունավետ համագործակցենք Եվրոպական միության հետ:

Մենք տեսնում ենք, որ մեր եվրոպական գործընկերները պատրաստ են աջակցել մեզ: Այստեղ ես կուզենայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք ամբողջությամբ իրագործել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, քանի որ համոզված ենք, որ այն լիովին համապատասխանում է մեր ներքին օրակարգին և նպատակներին:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նշեմ, որ այն չափազանց կարևոր է մեզ համար՝ երկրում օրենքի գերակայություն հաստատելու առումով: Հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ: Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, և դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը: Այդ առումով չափազանց կարևոր է ապահովել դատարանների անկախությունը:

Մեր կառավարությունն սկզբից ևեթ ջանքեր է գործադրել՝ վերջ դնելու դատարանների որոշումների վրա ազդելու արատավոր գործելակերպին: Բայց ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլևս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որևէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա. մեր նպատակն է դատական համակարգը դարձնել իրապես անկախ:

Պետությունից թալանված միջոցները պետք է վերադարձվեն, և մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի արդյունավետ համագործակցություն ծավալել Եվրոպական միության հետ այդ նպատակին հասնելու համար: Մեզ համար չափազանց կարևոր է, որ ԵԱՀԿ-ը խոստացել է օգնել Հայաստանի կառավարությանը՝ հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին` վարչապետ Փաշինյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղի առնչությամբ պետք է նշեմ, որ չի կարող լինել խնդրի ռազմական լուծում, և մենք պետք է ստեղծենք համապատասխան մթնոլորտ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Սեպտեմբերին ես աննախադեպ հայտարարությամբ հանդես եկա խորհրդարանում առ այն, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհնչի Ադրբեջանից, այդ երկրի նախագահի կողմից, սակայն, ցավոք, այդ հույսերը չարդարացան:

Ընդհակառակը, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ազգաբնակչության շահերը: Կարծում եմ, որ այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում:

Կարևոր է նաև բանակցությունների ձևաչափի հարցը: Միջազգայնորեն ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ինչն ամրագրվեց 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Սակայն մինչ այսօր բանակցություններում ներգրավված է եղել միայն երկու կողմ, և ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել են առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Այդպես է եղել թերևս այն պատճառով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին և համարում էին, որ իրենք կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը:

Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին և չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից: Հետևաբար, հարցի երկրորդ կողմն այն է, որ պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձևաչափ, ինչն անհնար է առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման»:

Ի պատասխան Ռուսաստանի և Եվրոպական միության հետ համագործակցության վերաբերյալ հարցադրումներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Եվրոպական միությունը Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չի դնում: Եվրամիության հետ մեր համագործակցության օրակարգն ամբողջությամբ միտված է բարեփոխումների իրականացմանը:

Անշուշտ, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ մենք շարունակում ենք մնալ ռազմավարական գործընկերներ, և ես կարծում եմ, որ հակասություններ չկան և չեն կարող լինել Ռուսաստանի և Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում: Դրանք թափանցիկ են, և ես կարևոր եմ համարում ընդծել, որ Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրություն, ճիշտ այնպես, ինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբ` Ռուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում:

Մեզ համար չափազանց կարևոր է համագործակցությունն էներգետիկայի բնագավառում, և մենք մտադիր ենք զարգացնել այն Ռուսաստանի և Իրանի հետ: Օրեր առաջ ես այցելեցի Իրան, և մենք քննարկեցինք էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները»:

Ինչ վերաբերում է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և տնտեսական փոփոխություններին, Հայաստանի վարչապետն ընդգծել է` այս համատեքստում կառավարության գաղափարախոսությունը մնում է նույնը: «Դրա հիմքում մարդկանց քաջալերելն է, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր կատարեն իրենց ապագան որոշելու ուղղությամբ: Քաղաքական հեղափոխությունից հետո մենք հորդորում և խրախուսում ենք մարդկանց, որպեսզի նրանք տնտեսական ակտիվ գործունեություն ծավալեն:

Հեղափոխությունից առաջ մենք ունեինք մենաշնորհներ և օլիգարխիա, որոնք սահմանափակում էին տնտեսական գործունեության հնարավորությունները մեր երկրում: Հիմա մենք բացում ենք դաշտը՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլոր խաղացողների համար:

Կարևոր է, որ մենք բարեփոխում ենք մեր հարկային օրենսդրությունը ի նպաստ փոքր և միջին բիզնեսի: Եվ մենք փորձելու ենք ստեղծել տնտեսական գործունեության նոր դաշտ՝ միկրոբիզնես, որտեղ մարդիկ ազատ կլինեն հարկերից: Մենք պատրաստվում ենք նաև կատարել օրենսդրական փոփոխություններ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով: Դրան զուգահեռ զարգացնելու ենք ենթակառուցվածքները, ինչի համար մեզ անհրաժեշտ է տեխնիկական և ֆինանսական օժանդակություն ստանալ նաև Եվրամիությունից:

Կրկին անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մենք պետք է էլ ավելի հզորացնենք ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում: Կցանկանայի հատուկ շեշտել, որ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն այլևս անշրջելի են Հայաստանում, և նախկին կոռումպացված համակարգը չի կարող վերադառնալ», - եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

* * *

Բրյուսել աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին` մարտի 4-ի երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության, անշարժ գույքի, բեռնափոխադրումների ոլորտներում: Հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելի «Վիլլա Ամպեն» արևելքի և արևմուտքի մշակույթների և երկխոսության կենտրոնում:

Աշխատանքային ընթրիքի շրջանակում քննարկվել են հայ-բելգիական գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը ներկայացրել է տնտեսական արմատական բարեփոխումների ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև բիզնես միջավայրի շարունակական բարելավման, ներդրումների ներգրավման, կարգավորումների դյուրացման, օրենսդրական դաշտի բարելավման, հակակոռուպցիոն պայքարի շրջանակում տարվող աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել երկկողմ տնտեսական համագործակցությունը և համատեղ ծրագրեր իրականացնել:

* * *

Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցում էին Բելգիայի հայազգի գործարարներ` Բողոսյան հիմնադրամի նախագահ Ժան Բողոսյանը, Ռալֆ Բողոսյանը, Շահե Արսլանյանը,Վիգեն Արսլանյանը, Սահակ Արսլանյանը, Կարեն Արսլանյանը, Անդրե Գումուշյանը, Ֆիլիպ Բարսամյանը, Անտոն Ակկայանը, Համբիկ Իպլեկչյանը, Անրի Իպլեկչյանը, Մարգար Գրիգորյանը, Յանիկ Քալանթարյանը, Գրիգուար Ժախյանը, Ալբերտ Կարազիվանը, Բելգիա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Վալերի Սաֆարյանը, ՀԲԸՄ Բելգիայի գրասենյակի տնօրեն, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Դավիդյանը, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Բելգիայի հայերի համագումարի նախագահ Միշել Մահմուրյանը, Բելգիայի հայ առաքելական եկեղեցու հայոց հոգևոր հովիվ Հայր Զատիկ Ավետիքյանը:

* * *

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել: Այցի երկրորդ օրը նախատեսված են ՀՀ վարչապետի բարձր մակարդակի հանդիպումները ԵՄ կառույցների ղեկավարների հետ:

Մարտի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրոպական խորհուրդ, որտեղ նրան դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության դրոշների մոտ ձեռքսեղմումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Բրյուսել` նշելով, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքն ու զարգացման ուղիները: «Սա Ձեր երկրորդ այցն է Բրյուսել, պարոն վարչապետ: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Ձեր առաջին այցի շրջանակում, և այսօրվա մեր հանդիպումը լավ հնարավորություն է` շարունակելու մեր սկսած երկխոսությունը», - ասել է Դոնալդ Տուսկը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ԵՄ-ն հուսալի գործընկեր է Հայաստանի համար, որի հետ համագործակցության շարունակական զարգացումն այսօր առավել կարևոր է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում: «Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել` Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը նոր գաղափարներով և նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ», - ասել է վարչապետ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ իշխանությունների հռչակած ժողովրդավարական օրակարգից որևէ շեղում չի լինելու, և Եվրամիության օժանդակությունը մի շարք ոլորտներում` մասնավորապես, դատաիրավական ոլորտի, ոստիկանական համակարգի բարեփոխումների, տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Վարչապետն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին` նշելով, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և Եվրամիության երկրների համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, երկուստեք կարևորվել է CEPA-ի վավերացման շուրջ շարունակական աշխատանքը:

ՀՀ վարչապետը և ԵԽ նախագահը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ, ընդգծել հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափով իրականացվող բանակցային գործընթացին:

* * *

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Մեծարգո Նախագահ Տուսկ,
ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,

Սա իմ երկրորդ հանդիպումն է Նախագահ Տուսկի հետ Բրյուսելում, եւ առաջինը` Հայաստանի վարչապետի պաշտոնին իմ վերանշանակվելուց հետո: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն Նախագահ, ջերմ ընդունելության եւ արդյունավետ ու նպատակային քննարկումների համար:

Այսօրվա քննարկումների ընթացքում մենք անդրադարձանք բազմաթիվ հարցերի` Հայաստանում ժողովրդավարական վերափոխումներից մինչեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներ:

Ուրախությամբ ենք ընդգծում Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ քաղաքական երկխոսության եւ համագործակցության բարձր մակարդակը: Ես ընդգծեցի, որ Հայաստանն առավել վճռական է եւ ունի քաղաքական կամք՝ խորացնելու Եվրամիության հետ փոխգործակցությունը:

Քննարկումների ժամանակ մենք անդրադարձանք Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվեցին որպես եվրոպական լավագույն փորձին լիովին համապատասխան:

Հայաստանում այդ ընտրությունների նկատմամբ աննախադեպ հասարակական վստահություն կար: Այս համատեքստում մենք նաեւ բարձր ենք գնահատում ընտրական գործընթացների հաջող կազմակերպման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը:

Մեր երկրում տեղի ունեցած դինամիկ քաղաքական փոփոխությունները, ինչպես նաեւ ժողովրդավարական ընտրություններն էլ ավելի մոտեցրին Հայաստանին ու Եվրամիությունը՝ արժեքների ընդհանրության տեսանկյունից: Ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլեւս վտանգված չէ:

Ես բարձր եմ գնահատում Եվրամիության տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների օրակարգին, որը ներառում է կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարության խթանումը եւ օրենքի գերակայության ամրապնդումը:

Նոր Հայաստանը պատրաստ է շարունակական ջանքեր գործադրել, նոր գաղափարներ ու նախաձեռնություններ առաջարկել՝ Եվրոպական միության եւ նրա անդամ պետությունների հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ: Ուրախ եմ, որ մեր եվրոպացի բարեկամներն ու գործընկերներն ունեն նման մոտեցում եւ տեսլական մեր երկկողմ օրակարգի նկատմամբ:

Մենք մտադիր ենք իրականացնել այս հավակնոտ օրակարգը` հիմնվելով մեր քաղաքացիների եւ հայրենակիցների ծանրակշիռ մանդատի, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերների հարաճուն աջակցության վրա:

Մեր քննարկման ընթացքում անդրադարձ կատարեցինք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը կարեւորագույն գործիք է երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ մեր բարեփոխումների օրակարգի իրականացման համար:

Մենք համակարծիք ենք, որ բոլոր անդամ պետությունների կողմից համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումն էական նշանակություն ունի եւ թույլ կտա լիարժեքորեն օգտվել այս փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավորություններից, որոնք ժամանակավորապես կիրառվում են 2018 թվականի հունիսից: Այս համատեքստում մենք քննարկեցինք վավերացման գործընթացի արագացման ուղիները:

Երկուստեք քննարկեցինք նաև վիզաների ազատականացման գործընթացը: Հայաստանի քաղաքացիներն ակնկալում են մոտ ապագայում դեպի Եվրամիություն ազատ ճանապարհորդելու հնարավորություն ունենալ: Մենք հուսով ենք, որ այս հարցում քաղաքական որոշում կարձանագրվի, քանի որ դա շոշափելի արդյունք կլինի մեր քաղաքացիների համար եւ առավել տեսանելի կդարձնի մեր գործընկերությանը:

Նախագահ Տուսկի հետ մեր հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Արեւելյան գործընկերության առաջիկա 10-րդ տարեդարձին: Ես վերահաստատեցի Արեւելյան գործընկերության 10-ամյակի համատեղ նախապատրաստական աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելու մեր պատրաստակամությունը:

Մենք նաեւ քննարկեցինք տարածաշրջանային հարցեր: Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշումը, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանը եւ ջանքերին: Դա արժեքավոր ներդրում է մեր տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում:

Ես վերահաստատեցի, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Վերջում, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ ընթացիկ երկխոսությունը եւ արդյունավետ քննարկումները կնպաստեն մեր գործընկերության հետագա ամրապնդմանը եւ փոխշահավետ երկկողմ հարաբերությունների օրակարգի իրականացմանը բոլոր բնագավառներում:

Թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել, պարոն Նախագահ, ջերմ ընդունելության համար»:

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկ. «Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Ուրախ եմ կրկին ողջունել Ձեզ Բրյուսելում:

Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել դեկտեմբերին կայացած ընտրություններում Ձեր տպավորիչ հաղթանակից և Ձեր կառավարության երդմնակալությունից հետո այսքան շուտ Բրյուսել այցելելու համար:

Ձեր կառավարության որդեգրած արժեքները եւ արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում: Ես հիանում եմ Ձեր` ժողովրդավարական բարեփոխումներ եւ տնտեսական զարգացում իրականացնելու վճռականությամբ, որից կշահեն բոլոր հայերը:

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ավելի համախմբված ժողովրդավարություն դառնալու եւ իր քաղաքացիներին ավելի լավ տնտեսական ապագա ստեղծելու ճանապարհին:

Մենք վճռական ենք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման խոստումը կատարելու հարցում, որից իրական օգուտներ կքաղեն ինչպես Հայաստանը, այնպես էլ Եվրամիությունը: Համաձայնագրի գերակշռող մասն արդեն իսկ նախնական կիրառվել է եւ իրական ազդեցություն ունի: ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն արտահանող գործընկերն է, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի արտահանման ավելի քան 28 տոկոսը:

Այս համաձայնագիրն իրականացվում է ներքին բարեփոխումներին զուգընթաց: ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել ձեր բարեփոխումների գործընթացին՝ ընդլայնված տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությամբ: Մենք համաձայն ենք կոռուպցիայի դեմ պայքարում եւ օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների գործընթացում ձեր ուժեղ շեշտադրման հետ:

Այսօր մենք նաեւ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ինչպես գիտեք, ԵՄ-ն լիովին աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին եւ նրանց առաջարկներին: Ես ոգեւորված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների վերջին շփումներով եւ ողջունում եմ լարվածության ներկայիս նվազումը: ԵՄ-ն շարունակում է հավատալ, որ ստատուս քվոն անկայուն է. հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքի համաձայն: Բնակչությանը խաղաղությանը պատրաստելը կարեւոր քայլ է դեպի կարգավորում, որին մենք պատրաստ ենք աջակցել:

Ես նաեւ շնորհակալություն եմ հայտնում վարչապետին`Արեւելյան գործընկերությանը Հայաստանի բերած արժեքավոր ներդրման համար: Այս գործընկերությունը տոնում է իր 10-ամյակը մայիսին: Մենք համաձայնեցինք կրկին հանդիպել, որպեսզի քննարկենք այն առաջընթացը, որը իրականացվել է վերջին 10-ամյակի ընթացքում: Այնպես որ, ես ակնկալում եմ Ձեզ նորից տեսնել երկու ամիս անց՝ Բրյուսելի մայիսյան հոբելյանական տոնակատարություններին»:

* * *

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին:

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է ՀՀ վարչապետի այցը Բրյուսել` կարևորելով Հայաստանի հետ համագործակցության խորացումը: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը վերահաստատել է` ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը, տնտեսական առաջընթացի ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի վստահելի գործընկերն է, և մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն էլ ավելի սերտացրին արժեքային ընդհանրություններ ունեցող Հայաստանի և Եվրամիության կապերը: ՀՀ կառավարության ղեկավարն ասել է, որ ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը պատրաստ է շարունակել և էլ ավելի զարգացնել արդյունավետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, վիզաների ազատականացման գործընթացին, ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին ԵՄ աջակցությանը և երկկողմ գործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ֆեդերիկա Մոգերինին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը` այդ նպատակով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների շրջանակում:

* * *

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Հարգելի պարոն նախագահ,
Հարգելի պարոն հանձնակատար Հան
ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Յունկերին և ԵՄ ղեկավարությանը` ջերմ ընդունելության ու կառուցողական քննարկումների համար:

Այսօր մենք շատ արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ներկայիս վիճակի, մասնավորապես՝ անցյալ տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած անշրջելի ժողովրդավարական վերափոխումների համատեքստում: Ես մեկ անգամ ևս ընդգծեցի Հայաստանի նոր իշխանությունների հանձնառությունը` օրենքի գերակայությունն ամրապնդելու, ժողովրդավարությունը խթանելու, կոռուպցիան արմատախիլ անելու, ինչպես նաև արհեստական մոնոպոլիաների, տնտեսական հովանավորչության ու օլիգարխիայի դեմ պայքարի առումով` ապահովելու համար հիմնարար իրավունքների լիարժեք և ազատ իրականացումը Հայաստանում:

Միևնույն ժամանակ ակներև է, որ ժողովրդավարությունը կենսունակ դարձնելու համար մենք պետք է ունենանք ուժեղ ու կենսունակ տնտեսություն: Այդ իսկ պատճառով մեր հաջորդ քայլը ժողովրդավարության խորացումն է՝ հեղափոխական փոփոխությունների և տնտեսական բարեփոխումների միջոցով: Սա մեր հիմնական նպատակներից մեկն է և մեր կառավարության նոր ծրագրի անկյունաքարը:

Եվրոպական միությունը մեր առանցքային առևտրային ու ամենախոշոր դոնոր գործընկերն է: Բանակցությունների ընթացքում ես նախագահ Յունկերին ներկայացրի մեր կառավարության տեսլականը և մեր առաջնահերթությունները, որոնց շուրջ օգտակար փոխանակումներ ունեցանք: Այսօրվա այցելությունը և Եվրամիության ղեկավարների հետ մեր քննարկումները ցույց են տալիս, որ մենք երկուստեք հետաքրքրված ենք և պատրաստ ենք խորացնել մեր գործընկերությունը:

Ուրախ եմ նշել, որ նախագահ Յունկերի հետ մենք ունենք ընդհանուր ըմբռնում առ այն, որ մենք պետք է շարունակենք և ընդլայնենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ` նշված խնդիրների լուծման և կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար՝ Եվրամիության տեխնիկական ու ֆինանսական աջակցությամբ: Այդ աջակցությունը Հայաստանի կառավարությանը թույլ կտա արագացնել բարեփոխումները և դարձնել ավելի արդյունավետ:

Այս առումով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը կարևոր հարթակ է: Հայաստանի ղեկավարությունը բազմաթիվ առիթներով իր նվիրվածությունն ու քաղաքական կամքն է ցուցադրել այս փաստաթղթի արդյունավետ իրականացման գործում: Այս համաձայնագիրը և ճանապարհային քարտեզը կարևոր է: Մեր հանդիպման ընթացքում մենք նաև քննարկել ենք ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիները, ինչը թույլ կտա լիարժեքորեն օգտվել դրա հնարավորություններից:

CEPA-ի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը մեր եվրոպական գործընկերների հետ միասին ավարտին կհասցնի CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը: Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն խորհրդակցություններ կսկսվեն ճանապարհային քարտեզի շուրջ: Մենք ընդհանուր առմամբ CEPA-ին և մասնավորապես, Ճանապարհային քարտեզին վերաբերվում ենք որպես բարեփոխումների գործընթացի համար կարեւորագույն ուղենիշների:

ԵՄ ղեկավարության հետ իմ բոլոր հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը շարունակում է մնալ մեր երկկողմ հարաբերություններում գերակա առաջնահերթություն: Ես հայցել եմ նախագահ Յունկերի անձնական ներդրումն այս հարցում: Ես նաև հավաստեցի Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ «2020-ի 20 նախադրյալները» փաստաթղթի անշեղ իրագործման և արդյունքների ներկայացման համար:

Մենք անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացին: Ես արտահայտել եմ մեր երախտագիտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշման համար, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանը և ջանքերին: Մենք նաև անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:

Ամփոփելով, կցանկանայի մեկ անգամ ևս շեշտել մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, փոխըմբռնման ու գործընկերության մթնոլորտը, որը գերակայում է Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում:

Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Նախագահ Յունկերին ջերմ ընդունելության և դրական երկխոսության համար»:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր. «Բարի գալուստ Բրյուսել, պարոն վարչապետ: Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ և շնորհավորել անձամբ անցյալ տարվա ընտրությունների կապակցությամբ: Ձեր ղեկավարած քաղաքական ուժի հաղթանակը լավ նորություն է Հայաստանի համար և մեզ համար: Վարչապետը բարեփոխումները և Եվրոպական միության հետ համագործակցությունը դրել է իր օրակարգի կենտրոնում և մենք ողջունում ենք դա: Ինչքան ավելի շատ Հայաստանի Հանրապետությունը բարեփոխվի, այնքան ավելի շատ մենք կաջակցենք ՀՀ-ին՝ և՛ ֆինանսապես, և՛ քաղաքականապես:

Մենք Հայաստանին 2017-2020 թվականների համար նախատեսել ենք 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար բարեփումնեևրի համար: Բայց ինչպես պարոն վարչապետը բազմաթիվ անգամ նշել է՝ շատ աշխատանք կա անելու՝ հատկապես հակակոռուպցիոն ուղղությամբ և դատական բարեփոխումների ոլորտում: Մենք գիտենք, որ վարչապետն այդ նպատակներին լուրջ է վերաբերվում և նպատակադրված է այդ ուղղությամբ աշխատել: Մենք խոսել ենք նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մասին: Այսօր ինչպես արդեն մի քանի անգամ նշել ենք՝ տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են և հիմա ժամանակն է բոլոր անդամ պետությունների հետ համագործակցել այս հարցի շուրջ, որպեսզի մենք միասին կարողանանք ազատ առաջ շարժվել:

Ես ինքս, ինչպես նաև հանձնակատար Հանը, անձամբ պատրաստ ենք աջակցել այս պրոցեսին որքան կարողանանք, և վարչապետի հետ զրուցելիս մենք նշել ենք, որ ավելի ուժեղ երկխոսություն կծավալենք այն անդամ պետությունների հետ, որոնք հետևողական են այս հարցում: Բայց մենք՝ որպես Եվրոպական հանձնաժողով, կողմ ենք վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելուն, ինչքան հնարավոր է շուտ: Սա կարևոր է և՛ Հայաստանի համար, և՛ Եվրամիության: Սա մի հարց է, որին մենք շատ նվիրված ենք, մենք ուզում ենք, որ ավելի շատ հայեր ճամփորդեն Եվրամիություն և հակառակը. ավելի շատ, քան առաջ: Մենք չենք ուզում, որ մարդիկ մեզ ընկալեն միայն ինստիտուտների միջոցով, մենք ուզում ենք, որ մարդիկ ճամփորդեն ազատ, հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի, որպեսզի մեզ ավելի մոտիկից և լավ ճանաչեն: Նաև վեց ծրագրեր ենք նախատեսել հարևանների հետ կապերը խթանելու համար: Շարունակությունը շատ կարևոր է, մարդիկ պետք է շփվեն միմյանց հետ, ոչ միայն պետություններն ու կառավարությունները: Եվ մենք փորձում ենք ամեն ինչ անել այս հարցում: Ես ավելի շատ ժամանակ անցկացրեցի վարչապետի հետ, քան նախատեսված էր, ես ցավոք մի քանի րոպեից պետք է մեկնեմ, բայց մեծ ուշադրությամբ կլսեմ իմ բարեկամ Նիկոլին և հանձնակատարին:

Պետք է ասեմ, որ Հայաստանը և Եվրամիությունը միասին են առաջ քայլում: Ես խոսքս ուղղում եմ հիմնականում ասուլիսի հայ մասնակիցներին՝ մենք դաշնակիցներ ենք և մենք պատրաստ ենք Հայաստանին օգնել այնքան, ինչքան կցանկանա, որ մենք օգնենք:

Հարց – Հայաստանում հեղափոխության երկրորդ փուլն է սկսվել՝ տնտեսական հեղափոխությունը, ինձ հետաքրքրում է, թե Դուք այս առումով համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում Հայաստանի հետ, կոնկրետ ո՞ր ոլորտներում, հաշվի առնելով նաև «ավելին ավելիի դիմաց» Ձեր որդեգրած սկզբունքը: Շնորհակալություն:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հան - Վարչապետը նշեց, որ Հայաստանը մեկ շաբաթ առաջ մեզ ներկայացրել է ճանապարհային քարտեզ՝ 13 կոնկրետ ծրագրերի մասին և մենք եկանք համաձայնության, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի տնտեսական զարգացմանը, այսինքն՝ աջակցություն բիզնես հատվածին: Դրա համար մենք արդեն ստեղծել ենք մի արդյունք, այսինքն՝ եվրոպական փողերով տեղական բանկերը կարող են վարկեր տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին և միկրո ընկերություններին՝ տեղական արժույթով, որպեսզի փոխանակման կուրսի ռիսկերը հանենք մեջտեղից: Սա տնտեսական մասով, բայց տնտեսությունը կարիք ունի գործող ենթակառուցվածքների: Դրա համար կապակցվածությունը շատ կարևոր է մեր օրակարգի մեջ, ինչը պահանջում է ներդրումներ ճանապարհների, երկաթգծի զարգացման համար: Եվ դա նաև պահանջում է գործող էլեկտրական ցանցեր, էլեկտրաէներգիայի փոխանցում, արտահանում և այլն: Էներգետիկ արդյունավետությունը ևս մի հարց է, որը մի կողմից բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում ոչ այդքան արդյունաբերության ոլորտում, այլ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Մենք հիմա միասին՝ մեր թիմով, նայում ենք, թե որոնք են ամենահրատապ ծրագրերը, բայց պետք է լինեն տարբեր ծրագրեր: Մենք չենք կարող ընդամենը մի բան անել և անտեսել ուրիշ բաները, պետք է միասին զուգահեռ տանենք և ինչպես մեր նախագահն ասաց, մենք պատրաստ ենք Հայաստանին աջակցել այս բոլոր ջանքերում:

Հարց- Վերջին շրջանում մի քանի անգամ հանդիպել եք Ձեր ադրբեջանցի գործընկերներին: Կցանկանայինք իմանալ՝ կան արդյոք նոր շեշտադրումներ, որ հնարավոր է հրապարակել: Եվ եթե կարելի է՝ կցանկանայինք պարոն Հանի արձագանքը լսել այն հարցի շուրջ, թե Եվրամիությունն ինչպե՞ս կարող է ավելացնել աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման արագացման ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան- Գիտեք, որ մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ, և մենք, ըստ էության, Ղարաբաղի հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Հետևաբար, Ձեր հարցի մեջ, կարծում եմ, մի փոքր թյուրըմբռնում կա այն առումով, թե կա՞ ինչ-որ բան ավելացնելու: Մենք դեռ նոր պետք է սկսենք քննարկել, և ես արդեն Թեհրանում ասել եմ, որ առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում՝ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին, որովհետև մենք կարծում ենք, և մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հան - Նախ ուզում եմ նշել, որ նոր վարչապետի պաշտոնավարության ժամանակ հնարավորություն ստեղծվեց նոր հանդիպումներ անցկացնելու համար՝ առաջնորդների, արտգործնախարարների միջև: Նոր հանդիպումներն արդեն իսկ առաջընթաց են: Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, որտեղ քննարկումներ և բանակցություններ են ընթանում, նոր բան չստեղծենք: Բայց շատ կարևոր են փոխվստահության զարգացման միջոցները: Եվ մենք դրսից՝ որպես Եվրամիություն, ի՞նչ կարող ենք անել: Մենք կարող ենք ամբողջ տարածաշրջանին աջակցել, կարող ենք նպաստել երկրների միջև համագործակցությանը տարբեր ոլորտներում: Այսինքն՝ հնարավորությունները պետք է շատ լինեն, և որոշ բաներ ժամանակ են պահանջում: Բայց կարծում եմ, որ տարածաշրջանում պայմանները բավականին նպաստավոր են հետագայում տարածաշրջանային իրավիճակը բարելավելու համար: Մենք պետք է աջակցենք, բայց միայն կողմերի խնդրանքով և պահանջով, որովհետև կողմերը գիտեն ինչ անել, ինչպես աշխատել միմյանց հետ, և մենք պետք է ուղղակի պատրաստ լինենք աջակցել, եթե կողմերը մեզ դրա մասին խնդրեն:

* * *

Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և կարևորել այն Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու համատեքստում: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է` Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները ոգևորիչ են, և ԵՄ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը` շարունակելու թե’ ֆինանսական, թե’ խորհրդատվական աջակցությունը Հայաստանին «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո: Ժան Կլոդ-Յունկերի խոսքով` ԵՄ-ն կօժանդակի ՀՀ կառավարությանը մարդու իրավունքների պաշտպանության և տարբեր ոլորտներում ֆունդամենտալ բարեփոխումների իրականացման ուղղություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ժան-Կլոդ Յունկերին ջերմ ընդունելության համար և աջակցության պատրաստակամության համար: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, հատկապես տնտեսական զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների հզորացման տեսանկյունից: Վարչապետն ընդգծել է` Հայաստանը գտնվում է քաղաքական և տնտեսական լուրջ փոփոխությունների փուլում, և ՀՀ իշխանությունները հանձնառու են շարունակելու արմատական բարեփոխումները` օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և նպաստավոր բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը բարեփոխումների օրակարգի համատեքստում Հայաստանի առաջ չի դնում և չի դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը ՀՀ կառավարությանը հնարավորություն է տալիս անկաշկանդ գործակցել եվրոպական կառույցների հետ:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և քննարկել գործընկերության խորացման հեռանկարները: Այս համատեքստում նախևառաջ կողմերն ընդգծել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և դրա իրականացման ճանապարհային քարտեզի կարևորությունը, մտքեր փոխանակել ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերն անդրադարձ են կատարել նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, մտքեր փոխանակել Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման գործում փոխգործակցության շուրջ, որոնք հնարավորություն կտան մեր երկրում ընտրական գործընթացները համապատասխանեցնել միջազգային ամենաբարձր չափանիշներին:

Կողմերը կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացումը և այդ առումով կարևորել գործարար ֆորում անցկացնելուն ուղղված քայլերի իրականացումը:

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահն անդրադարձել են նաև վիզաների ազատականացման գործընթացին, որը երկկողմ գործակցության առաջնահերթություններից է: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ երկխոսության մեկնարկը: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ վիզաների ազատականացումը կնպաստի ոչ միայն պետությունների և կառավարությունների մակարդակով համագործակցության խորացմանը, այլև կխթանի մարդկային կապերի սերտացումը, և ԵՄ-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշման համար, որը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դիրքորոշմանը և ջանքերին: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:

Բանակցություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ, ապա ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը պատասխանել են լրագրողների հարցերին:

← Վերադառնալ