Արտերկրյա այցեր

Մեկնարկել է ՀՀ վարչապետի այցը Ղազախստանի Հանրապետություն

28.05.2019 - 29.05.2019

ևս 28 լուսանկար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Հայաստանի վարչապետը մայիսի 29-ին մասնակցելու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:

Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարար Դաուրեն Աբաևը, Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմեկ Կոշերբաևը, Ղազախստանի պետական արարողակարգի ծառայության պետ Իսկար Այսարինը և Նուր-Սուլթանի փոխքաղաքապետ Նուրլան Նուրկենովը:

Ղազախստանի նախագահի նստավայրում կայանալու է Հայաստանի վարչապետի և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին հանդիպում կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: ՀՀ վարչապետը կայցելի Ղազախստանում Հայաստանի դեսպանություն: Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ գործարար շրջանակների հետ:

* * *

Մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի է ունենալու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Այն հոբելյանական է. լրանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակը: Նիստի օրակարգի շրջանակում քննարկվելու են 2018թ. ԵԱՏՄ միջազգային գործունեությանը, երրորդ երկրների հետ համագործակցության զարգացմանը, 2019-2020թթ. Միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականությանը, ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը, ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ իրականացված քայլերին վերաբերող և մի շարք այլ հարցեր: Նախատեսվում է, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին կշնորհվի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի կոչում, և նա կպարգևատրվի «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով:

* * *

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

Ողջունելով Հայաստանի վարչապետին Ղազախստանի Հանրապետությունում` Նուրսուլթան Նազարբաևը նշել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն, որ եկել եք մասնակցելու Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին: Ղազախստանի ու Հայաստանի միջև երբևէ որևէ խնդիր չի եղել, ունեցել ենք լավ հարաբերություններ: Հայկական սփյուռքը կամուրջ է հանդիսանում, այստեղ ապրող հայերը մեր քաղաքացիներն են՝ ղազախստանցիներ են: Նրանք միավորում են մեզ: Վերջին շրջանում մեր երկրների միջև առևտուրն աճել է, բայց վատ լոգիստիկայի պատճառով այն տուժում է: Մենք փոխանակելու բան ունենք. այն, ինչ դուք ունեք, մենք չունենք, ինչ մենք ունենք, դուք չունեք, այդ իսկ պատճառով այդ ուղղությամբ պետք է աշխատել:

Դուք գիտեք, որ ես, խորը մտածելով, ընդունեցի այդ որոշումը: Երբ կհասնեք իմ փորձին և տարիքին, ավելի լավ կհասկանաք ինձ: Հունիսի 20-ին կլրանար իմ՝ Ղազախստանի ղեկավար լինելու երեսուն տարին: Այն ժամանակ դեռ Խորհրդային Միությունն էր: 1989 թվականին ես ընտրվեցի Ղազախստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, իսկ մինչ այդ ես կառավարության ներկայացուցիչ էի: Այդ պատճառով շատ եմ աշխատել, շատ բան եմ տեսել, ողջ Ղազախստանն է ինձ ճանաչում, և անկախության վերջին տարիներին մենք շատ բան կարողացանք անել` փաստացիորեն բարձրացնել Ղազախստանի վարկը, երկիրը հայտնի դարձնել ամբողջ աշխարհին: Եվ ես համարեցի, որ եկել է ղեկավարի պաշտոնը հանգիստ փոխանցելու ժամանակը: Միևնույն ժամանակ, շարունակում եմ աշխատել: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 30 տարի ինձ հետ աշխատում է, ես նրան գիտեմ, շատ պատրաստված և կիրթ անձնավորություն է: Վստահ եմ, որ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կլինեն նույնքան լավ, ինչպես և մինչ այդ էին»:

Շնորհակալություն հայտնելով Նուրսուլթան Նազարբաևին ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ Նուրսուլթան Աբիշի: Իհարկե, ուրախ եմ Ձեզ տեսնել և այցելել Ձեր երկիր, որի մայրաքաղաքը Դուք եք կառուցել: Դուք քաղաքական առաջնորդ եք, ով մի ամբողջ ժամանակաշրջան է խորհրդանշում: Դուք հիշատակեցիք, որ դեռևս խորհրդային տարիներին Ղազախստանի առաջնորդն էիք: Դուք առաջիններից էիք ղեկավարներից, ով ստորագրեց Բելովեժյան համաձայնագիրը, դրանից հետո Դուք մասնակցություն ունեցաք ԱՊՀ ստեղծման գործընթացին, ապա ակտիվ մասնակցություն եք ունեցել ՀԱՊԿ ստեղծման գործում: Հայաստանը հանդիսանում է ԱՊՀ անդամ և ՀԱՊԿ հիմնադիր անդամ: Բոլորին քաջ հայտնի է, որ Դուք առաջարկեցիք եվրասիական ինտեգրացիայի գաղափարը: Այս տարի լրանում է այդ իրադարձության 25-ամյակը և ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի 5-ամյակը: Իհարկե, մենք մեծ հուզմունքով ենք հետևում իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Ղազախստանում, և այն մեծ քաղաքական փոփոխություններին, որոնք Դուք նախաձեռնել եք:

Մենք համոզված ենք, որ այն, ինչ Դուք նախաձեռնել եք, արվում է ի շահ Ղազախստանի և ղազախ ժողովրդի: Իհարկե, Սահմանադրությամբ Դուք շարունակում եք մնալ ազգի առաջնորդը, և Անվտանգության խորհրդի նախագահը: Դուք կշարունակեք ակտիվ դերակատարում ունենալ ԵԱՏՄ-ում, և վաղը մենք այդ մասին համապատասխան որոշում կընդունենք: Ի սկզբանե ես պաշտպանում էի այդ գաղափարը, և վստահ եմ, որ Ղազախստանի նոր նախագահի հետ մենք կունենանք նույնպիսի ջերմ և կառուցողական հարաբերություններ: Այո, մեր երկրների միջև առկա են շատ լավ քաղաքական հարաբերություններ, ցավոք, տնտեսության ոլորտում բավական փոքր ծավալներ ունենք: Կարծում եմ, որ հիմա կա հնարավորություն այդ ուղղությամբ աշխատելու, քանի որ 21-րդ դարում ստեղծվում են նոր հնարավորություններ: Եվ կարևոր է, որ մենք, մեր երկրները, մեր ժողովուրդները և կառավարությունները քաղական կամք ունեն` զարգացնելու մեր հարաբերությունները, որովհետև մենք խորհրդային ժամանակներում կապված ենք եղել որպես ժողովուրդներ և Խորհրդային միության փլուզումից հետո փաստացի մասնակցել ենք հետխորհրդային տարածաշրջանում համատեղ բոլոր նախագծերին: Մենք շատ ջերմ, լավ հարաբերություններ ունենք, դրանում Ձեր անձնական ավանդը շատ մեծ է, և հուսով եմ ու վստահ եմ, որ այդ ոգին այսուհետ ևս կշարունակվի»:

Նիկոլ Փաշինյանը և Նուրսուլթան Նազարբաևը մտքեր են փոխանակել հայ-ղազախական հարաբերությունների շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, կարևորել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:

* * *

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան:

Մայիսի 29-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:

Ողջունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Ղազախստանի նախագահը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Երեկ մենք հնարավորություն ունեցանք հանդիպել ոչ պաշտոնական ձևաչափով և քննարկել համագործակցության հարցեր, մտքեր փոխանակել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շուրջ, որն, իհարկե, նշանակալի իրադարձություն է: Հայաստանը շատ մեծ դեր է խաղում մեր Միությունում: Մենք երախտապարտ ենք Ձեզ` Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի կոչում շնորհելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությանն աջակցելու համար:

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, մենք մեծապես հետաքրքրված ենք շարունակելու ընդլայնել ձեր պետության հետ մեր բարեկամական հարաբերությունները: Մենք մեծ հարգանք ենք տածում ձեր երկրի, ձեր ժողովրդի նկատմամբ, քաջատեղյակ ենք ձեր ժողովրդի պատմությանը, որը սերտորեն միահյուսվում է մեր ժողովրդի պատմությանը: Այդ իսկ պատճառով մենք շատ ընդհանրություններ ունենք:

Ինչ վերաբերում է կոնկրետ հարցերին, հայկական շուկան գործնականում մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր արդյունաբերության համար: Մենք կարող ենք սերտ համագործակցել Ղազախստանի լոգիստիկ հնարավորությունների կիրառման համատեքստում: Այսօր այստեղ ներկա են արտաքին գործերի, արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարները և առաջարկում եմ հանձնարարել նրանց` մշակել մեր երկու պետությունների ապրանքային անվանացանկ, ինչն անհրաժեշտ լիցք կհաղորդի մեր երկրների միջև առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցությանը»:

Շնորհակալություն հայտնելով Ղազախստանի նախագահին ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, հարգելի պարոն նախագահ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի: Ուրախ եմ Ձեզ հետ ծանոթության համար: Դուք իրավացի եք` մեր երկրների հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական, ջերմ, և Եվրասիական տնտեսական միությունը նոր հնարավորություններ է ստեղծում` այդ հարաբերությունները տնտեսապես ավելի ամրապնդելու համար: Իհարկե, տնտեսական կապերը զարգանում են, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ այն ներուժը, որ կա այդ ոլորտում, լիարժեք չի իրացվում: Պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների միջև առկա ներուժը լիարժեք ծավալով իրագործվի:

Կցանկանայի նշել, որ մենք հետևում ենք Ղազախստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, և մաղթում եմ Ձեզ հաջողություններ առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններում: Վստահ եմ, որ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնություններն արվում են ի բարօրություն Ղազախստանի և նրա ժողովրդի: Մաղթում եմ ամենայն բարիք Ղազախստանի Հանրապետությանը և ղազախ ժողովրդին:

Իհարկե, մենք աշխատանքի մեծ դաշտ ունենք, և համաձայն եմ Ձեր առաջարկի հետ` հանձնարարել մեր նախարարներին աշխատել տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ: Ներկայում կան մի քանի ղազախական ընկերություններ, որոնք հետաքրքրվածություն ունեն հայկական շուկա մուտք գործելու հարցում, և մենք համատեղ աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է ինտեգրացիոն միավորումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակում գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ սերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

* * *

Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Նուր-Սուլթանում` Անկախության պալատում, մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական նիստին: Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին:

Անկախության պալատում Հայաստանի վարչապետին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Տեղի է ունեցել ձեռքսեղմման և արարողակարգային լուսանկարահանման արարողություն:

Այնուհետև կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով:

Նեղ կազմով հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի կոչում շնորհելու և նրան «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» շքանշանով պագևատրելու մասին` հաշվի առնելով նրա պատմական ներդրումը Եվրասիական տնտեսական միության կայացման գործում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հարգելի անդամներ,
Հարգելի Նուրսուլթան Աբիշի,
Նիստի հարգելի անդամներ,

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ղազախստանյան կողմին` գերազանց ընդունելության և ավանդական հյուրընկալության համար, ինչպես նաև մեր հոբելյանական գագաթնաժողովի փայլուն կազմակերպման համար:

Ցանկանում եմ շնորհավորել նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին` Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի կոչումն ստանալու կապակցությամբ: Նուրսուլթան Աբիշի, Ձեր դերը Միության ձևավորման գործում իսկապես անգնահատելի է:

Ինչպես բազմիցս նշել եմ, մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությամբ և կգործադրենք բոլոր ջանքերը` համագործակցության մեխանիզմների կատարելագործման և չորս ազատությունների գործնական ձեռքբերման համար:

Հարգելի գործընկերներ,

Այսօրվա հանդիպման օրակարգի հարցերի վերաբերյալ կցանկանայի նշել հետևյալը. որպես նախագահող երկիր՝ Հայաստանն առանձնակի կարևորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Մենք նպատակադրված ենք արդյունավետորեն ավարտին հասցնել բանակցությունները Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ: Իրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից:

Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ վերջերս Պեկին կատարած իմ այցի ընթացքում Չինաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության համաձայնագիրը հիշատակվում էր որպես մեր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության աճին նպաստող առանցքային գործոններից մեկը:

Գոհունակությամբ կցանկանայի նշել Սինգապուրի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը, չնայած նրան, որ, ըստ էության, այդ բանակցությունները վարվում են երեք առանձին ուղղություններով` ապրանքներ, ծառայություններ և ներդրումներ:

Հաշվի առնելով, որ Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները գործնականում գրեթե ավարտվել են, իսկ Ծառայությունների և ներդրումների առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները նախաեզրափակիչ փուլում են, կարևոր եմ համարում ամեն ջանք գործադրել, որպեսզի Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթն ստորագրվի այս տարի:

Ես նաև ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ այս տարվա հուլիսին մտադիր եմ այց կատարել Սինգապուր, որի ընթացքում կանեմ հնարավորը, որպեսզի այս ուղղությամբ առաջընթաց ապահովվի:

Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին: Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս «կարգավորիչ ավազանների» հատուկ իրավական ռեժիմների ստեղծման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, թվային տրանսպորտային միջանցքների աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև թվային զարգացման կենտրոնների ստեղծման հարցերով խմբերի գործունեությանը:

Համոզված ենք, որ ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակում իրականացվող և անդամ պետությունների կարողությունների ընդլայնմանը միտված աշխատանքի դինամիկ զարգացումը կնպաստի համագործակցության մակարդակի բարձրացմանը և հարմարավետ պայմաններ կստեղծի բիզնեսի համար: Նշված ուղղությամբ առաջխաղացումը թույլ կտա անդամ պետություններին բարձրացնել իրենց մրցունակությունը, ավելացնել ապրանքների և ծառայությունների առևտուրը` ինչպես անդամ երկրների միջև, այնպես էլ երրորդ երկրների հետ:

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումը թույլ կտա անդամ պետություններին զարգացնել համագործակցությունն իրավահավասարության, փոխշահավետության, արդար մրցակցության ապահովման սկզբունքների հիման վրա՝ ելնելով էլեկտրաէներգիայի արտադրողների և սպառողների տնտեսական շահերից:

Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների ստորագրումը, որոնք կատարվել են անդամ պետությունների միջև էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցումն իրականացնելու մեթոդաբանության լրացման նպատակով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու առանձնահատկությունները:

Մեթոդաբանության մեջ արվող փոփոխությունները թույլ կտան ձևավորել անդամ պետությունների միջև էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների պլանավորման, սահմանման և համաձայնեցման սկզբունքները: Դրանք նաև թույլ կտան սահմանել անդամ պետությունների և երրորդ երկրների համակարգային օպերատորների միջև համագործակցության սկզբունքները:

Եզրափակելով խոսքս` կցանկանայի նշել, որ ուրախ կլինենք ողջունել ձեզ Երևանում այս տարվա հոկտեմբերի 1-ին՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նիստում քննարկվել են 2018թ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրագործմանը, 2019-2020թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման ընթացքին, 2017-2018 թթ. ԵԱՏՄ անդամ երկրների կողմից ծառայությունների և գործունեության առևտրի կարգավորման կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքներին, ԵԱՏՄ շրջանակում ծառայությունների առանձին ոլորտների ազատականացման ծրագրերի իրագործմանը: Ստորագրվել են ԵԱՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրում փոփոխությունների իրականացման արձանագրությունները, ԵԱՏՄ 2017թ. ապրիլի 11-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների շարժին հետևելու մեխանիզմի մասին համաձայնագիրը: Ստորագրվել են Ղրղզական Հանրապետության կողմից ԵԱՏՄ մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի կիրարկման պայմանների ու անցումային դրույթների մասին արձանագրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:

Քննարկվել են ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև առևտրային համաձայնագրերի կնքման արդյունքում արձանագրված արդյունքները և հետագա անելիքները: Ներկայացվել է սահմանամերձ շուկաներում մրցակցության վիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների վերացման նպատակով ընդունված միջոցների վերաբերյալ ԵԱՏՀ տարեկան հաշվետվությունը:

Խորհուրդը որոշում է ընդունել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացնելու վերաբերյալ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։

Հաջորդիվ տեղի է ունեցել պաշտոնական ճաշ՝ ի պատիվ ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների։

Այնուհետև վարչապետ Փաշինյանն այցելել է Ղազախստանում Հայաստանի դեսպանություն, որտեղ հանդիպում է ունեցել տեղի մի խումբ հայ գործարարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

* * *

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Մայիսի 29-ին ՀՀ վարչապետը մասնակցել է մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:

Նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հայտարարությամբ.

«ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի Տիգրան Սուրենի,

Մենք ավարտեցինք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի աշխատանքները: Այսօր մենք քննարկեցինք հարցերի շատ լայն շրջանակ, գործնականում ընդունեցինք որոշումներ և համաձայնության եկանք օրակարգի բոլոր հարցերի շուրջ:

Սա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական գագաթնաժողով է: 25 տարի է անցել եվրասիական ինտեգրացիայի գաղափարի առաջարկից հետո և 5 տարի՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

Սա խորհրդանշական թիվ է, և հենց դրանով պայմանավորված է Նուր-Սուլթանում այս գագաթնաժողովի անցկացումը: Եվ, իհարկե, կան օրակարգային մի շարք հարցեր, որոնց շուրջ դեռ պետք է համաձայնության գալ, հստակեցնել: Բայց մենք համաձայնության եկանք, որ այդ հարցերի շուրջ կշարունակենք կառավարությունների միջև համատեղ աշխատանքը: Ինչպես ես նշեցի իմ ելույթում, շատ կարևոր է և նաև Հայաստանի համար շատ կարևոր է ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Ներկայում բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի և Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի միջև։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր ուղղություն է, որովհետև իրապես կընդլայնի հնարավորությունները ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես շրջանակների համար: Կարևորն այն է, որ մենք ունենք քաղաքական կամք՝ այս բոլոր ուղղություններով աշխատելու համար։ Այսօր մենք հանձնարարեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ակտիվացնել աշխատանքներն այս բոլոր ուղղություններով։ Հուսով ենք՝ այս տարի արդեն կհաջողվի ստորագրել առնվազն երկու համաձայնագիր ԵԱՏՄ-ի և գործընկեր երկրների միջև։ Առաջիկայում ևս աշխատանքն այս ուղղությամբ կշարունակվի։ Կարծում եմ՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի այս նիստը կարելի է համարել հաջողված, և մենք կշարունակենք աշխատանքներն այս ոգով»:

Հայտարարությամբ հանդես է եկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

← Վերադառնալ