Արտերկրյա այցեր

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

04.07.2019 - 06.07.2019

ևս 90 լուսանկար

 Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, ՀՀ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ հուլիսի 5-ի վաղ առավոտյան նախ այցելել է Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, այնուհետև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան: Վարչապետը ծաղկեպսակներ է դրել նախ հուշահամալիրի, ապա դամբարանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով զոհված հերոսների և Հո Շի Մինի հիշատակին:

Այնուհետև վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Հանոյի գրականության տաճար, վերջինիս գլխավոր տնօրեն Լի Սուան Քիուի ուղեկցությամբ շրջայց կատարել տաճարում: Վարչապետը և տիկին Հակոբյանը ծանոթացել են ներկայացված նյութերին և տաճարի պատմությանը: Այստեղ 10-11 դարերում տեղակայված է եղել Վիետնամի գլխավոր կրթական կենտրոնը: Տաճարը կրում է Կոնֆուցիուսի անունը և կառուցվել է նրա հայրենիքում գտնվող չինական Վան Միեու տաճարի նմանությամբ: Այն գրավիչ է իր ճարտարապետական տեսքով և վիետնամական միջնադարյան ճարտարապետության քիչ նմուշներից մեկն է: Տաճարում են գտնվում նաև Վիետնամի արքաների, ինչպես նաև կրթական կենտրոնի հիմնադիրների արձանները: Շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է արել տաճարի պատվավոր հյուրերի գրքում:

Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

* * *

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ:

Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին, այնուհետև հնչել են Հայաստանի ու Վիետնամի պետական օրհներգերը, տեղի է ունեցել Պատվո պահակախմբի քայլերթը:

Արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո բանակցություններն ընթացել են նեղ, ապա ընդլայնված կազմերով:

Վիետնամի վարչապետն անձամբ իր և երկրի կառավարության անունից ջերմորեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը` նշելով. «Վստահ եմ` մեր հանդիպումը կնպաստի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը, ընդլայնմանն ու ամրապնդմանը: Պարոն վարչապետ, խորհրդանշական է, որ Ձեր այցը տեղի է ունենում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի` Հայաստան կատարած այցի 60-ամյակին: Ուրախ ենք, որ Հայաստանը հաղթահարում է դժվարություններն ու քայլեր ձեռնարկում տնտեսական զարգացման ուղղությամբ, ամրապնդվում է նաև Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում»: Նգույեն Սուան Ֆուքը համոզմունք է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցի շրջանակում նոր թափ կհաղորդվի երկկողմ փոխշահավետ գործակցությանը տարբեր ուղղություններով: Վիետնամի վարչապետը նշել է, որ դեռևս խորհրդային տարիներին բազմաթիվ վիետնամցիներ կրթություն են ստացել Հայաստանում և իրենց գիտելիքներով նպաստել երկրի առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր այցի նպատակն է նպաստելու հայ-վիետնամական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի առաջընթացին: «Մենք կքննարկենք հարցերի լայն շրջանակ և վստահ եմ, որ մեր կողմից ընդունվելիք որոշումները կնպաստեն մեր պետությունների զարգացմանը: Մեր երկրների միջև առկա հեռավորությունն ամենևին էլ չի կարող խոչընդոտ լինել համագործակցության զարգացման հարցում»,- ասել է վարչապետը: Գործադիրի ղեկավարի խոսքով` երկու երկրներն ունեն հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ և կառավարությունները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն այն լիարժեք իրացնելու նպատակով:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի ընլայնմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` ինժեներական լաբորատորիաների փոխգործակցության, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը` զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում, որը տեղի կունենա Երևանում ընթացիկ տարվա աշնանը, անցկացնել նաև գործարար համաժողով: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանն ու երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը: Անդրադարձ է կատարվել հայկական կոնյակի և գինու` Վիետնամի շուկա ներմուծելու հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքը պայմանավորվել են նաև քննարկումներ սկսել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման ուղղությամբ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական փոխգործակցության զարգացմանը նոր ազդակ կհաղորդի նաև Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը:

Երկու երկրների վարչապետներն ընդգծել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և կարևորել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Առանձնակի նշվել է Հայաստանի և Վիետնամի տարածաշրջանների, առևտրային պալատների համագործակցության, երկկողմ իրավապայմանագրային բազայի զարգացման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում հետագա համագործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

* * *

Հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է Կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի ներկայությամբ համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Վիետնամի կրթության և վերապատրաստման նախարարի տեղակալ Նգույեն Վան Ֆուքը:

Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան,
հայ և վիետնամցի թանկագին լրագրողներ, բարեկամներ,

Ուրախ եմ Վիետնամի կառավարության անունից ողջունել պաշտոնական այցով Վիետնամ ժամանած Հայաստանի վարչապետին և կառավարական պատվիրակությանը, որով դուք մեզ եք բերել հայ ժողովրդի ջերմ զգացմունքները: Վիետնամի կառավարությունը և ժողովուրդը եղբայրական Հայաստանին մշտապես վերաբերվում է սիրով և հարգանքով: Մենք ուրախ ենք, որ Հայաստանը պարոն վարչապետի ղեկավարությամբ հաղթահարել է վերջին դժվարությունները ու մարտահրավերները և այժմ գտնվում է զարգացման ուղու վրա: Դուք կոնկրետ քայլեր եք ձեռնարկում նաև քաղաքական կյանքի, տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի և դիրքի հաստատման ուղղությամբ:

Վիետնամի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ամրապնդմանը: Հենց նոր իմ և պարոն վարչապետի միջև տեղի ունեցան բանակցություններ, որոնց ընթացքում մենք քննարկեցինք կոնկրետ ուղղություններ և քայլեր` նպաստելու երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը: Անցկացրել ենք հաջող բանակցություններ և անկեղծ և բաց մտքեր ենք փոխանակել բազմաթիվ հարցերի շուրջ: Պայմանավորվել ենք շարունակել ակտիվ համագործակցությունը կառավարությունների, խորհրդարանների, ինչպես նաև բիզնես շրջանակների մակարդակով ու ժողովուրդների շփումների միջոցով:

Մենք պայմանավորվել ենք բարելավել միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը, նպաստել Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի արդյունավետ իրականացմանը` դիտարկելով այն որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների ամուր հիմք: Ինչպես նաև պայմանավորվել ենք ընդլայնել համագործակցությունն այլ ոլորտներում, ինչպիսիք են` կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, սպորտը, զբոսաշրջությունը և անվտանգությունը` պաշտպանությունը:

Մենք խորապես քննարկել ենք Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման համաձայնագրի իրականացման քայլերը և ես համարում եմ այն մեր երկրների համագործակցության կարևորագույն հարցերից մեկը: Զբոսարջության, պաշտպանության ոլորտներում ևս ցուցաբերվել են կոնկրետ նախաձեռնություններ:

Մենք պայմանավորվել ենք փոխադարձ գործել և աջակցել միջազգային ձևաչափերում և քննարկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր, այդ թվում` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հիմնախնդիրները միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու հարցը:

Վիետնամի կառավարությունը բարձր է գնահատում և վստահ է, որ Հայաստանի վարչապետի առաջին այցը հանդիսանում է որակապես նոր քայլ Վիետնամի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետին և Հայաստանի կառավարական պատվիրակությանը` պաշտոնական այցով Վիետնամ այցելելու համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,

Հարգելի պարոն վարչապետ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Նգույեն Սուան Ֆուքին ջերմ հյուրընկալության և հայկական պատվիրակությանն ընդունելու համար:

Ցանկանում եմ հաստատել, որ մենք անցկացրեցինք կառուցողական և շատ հագեցած բանակցություններ, որոնք անցել են փոխվստահության մթնոլորտում: Կարծիքներ փոխանակեցինք երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, կառուցողական մթնոլորտում քննարկեցինք քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հիմնական հարցերը:

Իմ այցը մեր երկրների միջև նոր՝ ավելի դինամիկ և ինտենսիվ հարաբերությունների ստեղծման սկիզբն է:

Կարծում եմ, որ մենք ունենք բոլոր հիմքերը բավարարված լինել մեր բանակցությունների արդյունքներից: Դրանք հաստատեցին մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացման ձգտումը, նախանշեցին փոխգործակցության ուղիները:

Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի և ավանդական բարեկամության հիման վրա մենք համատեղ ջանքերով կկարողանանք բացահայտել հայ-վիետնամական համագործակցության ներուժը, ընդլայնել և խորացնել առևտրատնտեսական հարաբերությունները, իրականացնել համատեղ ծրագրեր:

Մենք ձգտում ենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին տնտեսական համագործակցությունը: Այս առումով, Վիետնամը, լինելով բարեկամ երկիր, Հայաստանի համար կարևոր գործընկեր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Ցանկանում եմ նշել, որ մենք տպավորված ենք Վիետնամի տնտեսական առաջընթացով, մակրոտնտեսական ցուցանիշներով, տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության ինտեգրման մակարդակով: Վիետնամը լուրջ տնտեսություն ունեցող երկիր է, որի հետ համագործակցությամբ հետաքրքրված են աշխարհի բոլոր տարածաշրջանների երկրները:

Իր հերթին, Հայաստանը նույնպես առաջարկելու բան ունի: Մեր արտաքին տնտեսական հարաբերությունների լայն շրջանակը կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել վիետնամական արտադրողների համար: Հայաստանը կարող է ծառայել որպես հարթակ, որը հնարավորություն է ընձեռում դուրս գալ Եվրոպական միության, ԱՊՀ երկրների, Վրաստանի, Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների շուկաներ:

Վերոնշյալին պետք է նաև ավելացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում վճռական միջոցառումների արդյունքում մենք կարողացանք որակապես փոխել մեր երկրի տնտեսական և, մասնավորապես, ներդրումային միջավայրը: Հայաստանում այսօր արտասահմանյան ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չկան: Ստեղծվել են բարենպաստ պայմաններ գործարարության համար: Ստեղծվել են նաև բոլոր անհրաժեշտ իրավական մեխանիզմները պետության կողմից օտարերկրյա ներդրողների սեփականությունը պաշտպանելու և նրանց գործունեությունը խթանելու համար:

Բանակցությունների ընթացքում երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում հարաբերությունների խորացման համար: Հայաստանը և Վիետնամը ունեն համագործակցության ներուժ կրթության, առողջապահության, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և նորարարության ոլորտներում։

Այս առումով մենք կարևորեցինք տնտեսական, առևտրային և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Սա համագործակցության կարևոր գործիք է, որը մենք պետք է լիովին օգտագործենք: Պայմանավորվել ենք հոկտեմբերին անցկացնել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի նիստ, զուգահեռ` բիզնես ֆորում, որին կմասնակցեն ոչ միայն պաշտոնական դեմքեր, այլ նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որպեսզի դիտարկեն հնարավոր ներդրումների հնարավորությունները Հայաստանի և Վիետնամի տնտեսություններում: Այս այցի արդյունքում մենք քննարկումներ կսկսենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման շուրջ, քննարկում ենք կոնկրետ հուշագրի ստորագրման հնարավորությունը զբոսաշրջության ոլորտում: Կարևոր է նաև Հայաստանի և Վիետնամի միջև միմյանց վկայագրերի փոխադարձ ընդունումը:

Մենք նաև հաստատեցինք ԵԱՏՄ-Վիետնամ ձևաչափով համագործակցության ընդլայնման մեր պատրաստակամությունը: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը լիովին ծառայի մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքականության առանցքային հարցերը: Մենք անդրադարձանք միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը՝ հաստատելով երկու երկրների պատրաստակամությունը հարգելու միմյանց շահերը։

Վերջում կցանկանայի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին, վիետնամական կողմի մեր բոլոր գործընկերներին և բարեկամներին հյուրընկալության ու արդյունավետ բանակցությունների համար»:

ՎՍՀ վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք:

* * *

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:

Վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք Ձեզ արձանագրվող հաջողությունների և միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքի ամրապնդման կապակցությամբ: Տեղյակ եմ, որ երեկ արդյունավետ և բաց քննարկումներ եք ունեցել մեր երկրի վարչապետի հետ»,- ասել է Նգույեն Թխի Քիմ Նգանը` ավելացնելով, որ Ազգային ժողովը ևս ամեն կերպ կաջակցի երկկողմ կապերի զարգացմանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ արդյունավետ բանակցություններ է ունեցել Վիետնամի իր գործընկերոջ հետ` ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ: «Աշնանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվի հարցերի լայն շրջանակ և կընդունվեն արդյունավետ որոշումներ` վիզային ռեժիմի դյուրացման, զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման և այլ ուղղություններով: Պայմանավորվել ենք նիստի շրջանակում անցկացնել նաև բիզնես ֆորում, որը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանին ու Վիետնամին միմյանց են կապում ավանդական հարաբերությունները: Վարչապետը նշել է նաև, որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի Մինի` 1959 թվականի Հայաստան այցից մեր ժողովրդի մոտ մնացել են ջերմ հիշողություններ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական համագործակցության զարգացումը և տիկին Նգույեն Թխի Քիմ Նգանին փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի` Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է:

ՀՀ վարչապետը և Վիետնամի ԱԺ նախագահը բարձր են գնահատել միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը և անհրաժեշտ համարել շարունակել քննարկումները` միմյանց դիրքորոշումներին համահունչ գործունեությունը շարունակելու նպատակով:

Զրուցակիցներն ընդգծել են, որ ՀՀ վարչապետի` Վիետնամ այցի արդյունքում երկու երկրների միջև ձևավորվել է համագործակցության բարենպաստ մթնոլորտ և կողմերը պետք է շարունակեն ակտիվ գործակցությունը կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի մոտ երկու տասնյակ խոշոր գործարարների հետ:

Վիետնամի առևտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը նշել է, որ տեղյակ է ՀՀ վարչապետի և իր երկրի կառավարության ղեկավարի արդյունավետ բանակցությունների արդյունքներից` ավելացնելով, որ հանդիպմանը ներկա գործարարները հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի հաստատմամբ ու խորացմամբ: Մասնավորապես, նա նշել է, որ գործարարները ներկայացնում են արդյունաբերության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, առևտրի ոլորտները:

Վարչապետ Փաշինյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված քայլերը` ընդգծելով, որ այսօր Հայաստանում ներդրումների համար չկան արհեստական խոչընդոտներ: «ՀՀ կառավարության նպատակն է երկիրը վերածել տեխնոլոգիական պետության: Վերջին տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտն աճել է հինգ անգամ: Ոլորտի զարգացումը ոչ միայն շարունակվում է, այլ նաև ընթանում է ավելի արագ տեմեպերով: Ուրախ եմ, որ մեր երկրների ՏՏ ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ պայմանավորվել են իրականացնել պիլոտային համատեղ ծրագրեր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը որպես համագործակցության հեռանկարային ճյուղեր նշել է նաև գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, տեքստիլ արդյունաբերությունը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ մեր պետությունը ազատ առևտրային ռեժիմներ ունի Վրաստանի, Եվրասիական տնտեսական միության պետությունների, շուտով նման ռեժիմ կունենա նաև Իրանի հետ: Հայաստանը GSP և GSP+ ռեժիմներ ունի ԵՄ երկրների, ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի հետ: «Կարծում եմ` վիետնամցի գործարարների համար մեր երկիրը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն նշածս ուղղություններով, այլ նաև հայկական խմիչքների` կոնյակի ու գինու, վերամշակված գյուղմթերքների` Վիետնամ արտահանելու առումով: Վստահ եմ, որ դրանք գին-որակ հարաբերակցությամբ կարող են մրցակցային լինել Վիետնամի շուկայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոշոր` Sovico, Vingroup, Contrexim, Huang Som, Tiscovina, Hapro, Kangaroo, Voci, Constrexim Hod և մյուս ընկերությունների ղեկավարները ներկայացրել են հայկական շուկա մուտք գործելու, Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու, հայկական արտադրանքը, այդ թվում` կոնյակ և գինի Վիետնամ արտահանելու հետ կապված կոնկրետ առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարել է շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ վիետնամցի գործարարներին ակնկալում է տեսնել ընթացիկ տարվա աշնանը Երևանում` հայ-վիետնամական համատեղ բիզնես ֆորումի ժամանակ, ինչը բիզնես կապեր հաստատելու լավ հնարավորություն կտա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել վիետնամական առաջատար Nhan Dan հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է հայ-վիետնամական հարաբերությունների մասին, անդրադարձել Հանոյում ունեցած բանակցությունների արդյունքներին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել ընդունելություն «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամների մասնակցությամբ:

Ասոցիացիայի անդամներն են` խորհրդային տարիներին Հայաստանի բուհերում կրթություն ստացած անձինք: Նրանք ջերմորեն ողջունել են վարչապետին և նրա տիկնոջը` ընդգծելով, որ Հայաստանից պահպանել են ջերմ հուշեր և մշտական կապի մեջ են Հանոյում Հայաստանի դեսպանության հետ:

Վարչապետը նշել է, որ ուրախ է հեռավոր Վիետնամում տեսնել Հայաստանի բազմաթիվ բարեկամների, ովքեր իրենց ներդրումն ունեն երկրի զարգացման գործում: «Խորհրդային տարիներին Հայաստանի բուհերում ուսում է ստացել շուրջ 1000 վիետնամցի ուսանող և այսօր մենք այս երկրում ունենք ոչ թե մեկ, այլ 1000 դեսպան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Վիետնամի վարչապետի հետ հանդիպմանը քննարկել է նաև կրթության ոլորտում համագործակցության զարգացման, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարի լրանում է Երևանի պետական համալսարանի 100-ամյակը և ԵՊՀ բոլոր վիետնամցի շրջանավարտներին աշնանը հրավիրել Երևան` մասնակցելու հոբելյանական միջոցառումներին:

«Վիետնամ-Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամները ողջունել են վարչապետի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել հանդիպման համար: Ջերմ մթոնոլորտում անցած ընդունելության ժամանակ նրանք կատարել են նաև հայկական երգեր:

Նիկոլ Փաշինյանը Վիետնամում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դեսպանությունում` ծանոթացել աշխատանքային պայմաններին:

← Վերադառնալ