Արտերկրյա այցեր

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուրի Հանրապետություն

07.07.2019 - 09.07.2019

ևս 112 լուսանկար



Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։

Հայաստանի վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը Սինգապուրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1835 թ.)։ ՀՀ վարչապետի, Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կո Պո Կունի և Սինգապուրի, ինչպես նաև հարևան երկրների ու տարածաշրջանների՝ Մալայզիայի, Ինդոնեզիայի, Թաիլանդի, Հոնգկոնգի, Ավստրալիայի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից հայկական փողոցի նորաբաց այգում տեղի է ունեցել «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Արձանը կառուցվել է բարերար Խաժակ Մարգարյանի նախաձեռնությամբ:

«Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձ տեսակը, որը հայտնի է նաև որպես Սինգապուրյան կամ Ալոհա արքայադստեր խոլորձ, հիբրիդային տեսակ է, որը դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ։ Հայտնի խոլորձն իր անվանումն ստացել է` ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով ծաղիկը հայտնաբերել է Եղեգնուտում:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, շրջայց կատարել հայկական ժառանգության թանգարանում: Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպել վերը նշված պետությունների հայ համայնքների ներկայացուցիչներին:

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` վարչապետը ծակեպսակ է դրել Հիշողության պարտեզում կանգնեցված հայկական խաչքարի մոտ: Պարտեզում ամփոփված են նաև բազմաթիվ հայկական տապանաքարեր:

Ողջունելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր մեր հայրենակիցների ջանքերով հավերաժացվեց մեր մեկ այլ հայրենակցի վաստակը Սինգապուրի առաջ: Գիտեք, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող ծաղիկը` խոլորձը, որն անվանվել է հենց մեր հայրենակցի անունով, ստեղծել է Աշխեն Հովակիմյանը, սինգապուրյան վարկածով` Ագնես Ջոակիմին: Սա խորհրդանշական իրադարձություն է, որն ի ցույց է դնում մեր ժողովրդի ստեղծարար էությունը»: Նիկոլ Փաշինյանի խոսքով` աշխարհի բազմաթիվ կողմերում կհանդիպենք իրավիճակների, երբ այդ երկրների կյանքում տեղի ունեցած, ստեղծված խորհրդանշական կարևորագույն արժեքների հետևում կանգնած են հայերը:

«Համոզված եմ, որ սա լիարժեք արտահայտում է մեր ժողովրդի էությունը: Կարծում եմ, որ արդի ժամանակի առանձնահատկությունը նրանում է, որ հայ ժողովրդի ստեղծարար հանճարն ի վերջո պետք է իր տրիումֆին հասնի նաև Հայասատանում: Մեր անցած ճանապարհը հենց այստեղ պետք է իր պսակին հասնի, որ Հայաստանի Հանրապետությունը լինի այնպիսին, ինչպիսին են բազմաթիվ երկրներ, որոնց կառուցման, բովանդակություն հաղորդելու գործում մեր հայրենակիցներն ունեցել են շրջադարձային նշանակություն: Սինգապուրը 20-րդ դարի հրաշքներից մեկն է, վերլուծաբանները, տնտեսագետները հատորներով նյութեր են գրել` հասկանալու, թե ինչպե՞ս տեղի ունեցավ և ի վերջո ստեղծվեց երկիր, որի ամեն անկյունն ունի իմաստ, որը զարգացման և մարդու ստեղծագործական հանճարի, հաղթանակի յուրօրինակ ապացույց է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ դրա պատասխանը մեկն է` մարդկային կյանքը կազմակերպելու, քաջալերելու ընդունակությունը:

«Այսօրվա հիմնական խորհրդանիշը հենց դա եմ համարում: Այսօր, ըստ էության, մենք տեղադրեցինք հայ ժողովրդի տաղանդի և հանճարի խորհրդանիշ հանդիսացող հիշատակարան: Հույս ունեմ, որ այս կարգի բազմաթիվ նմուշներ մեզ ամենուր պետք է հիշեցնեն, որ մենք տաղանդավոր, ստեղծարար ժողովուրդ ենք, որ կարողացել ենք շենացնել աշխարհի տասնյակ, հարյուրավոր, հազարավոր անկյուններ, ներդրում ենք ունեցել բազմաթիվ երկրների զարգացման, բարեկեցության ապահովման գործում: Մենք կարող ենք նույնն անել նաև Հայաստանի Հանրապետությունում և այսօրվա իրադարձությունը եկեք համարենք հենց դրա խորհրդանիշ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նկատել է, որ Սինգապուրում իր ողջ գոյության ընթացքում բնակվել են մի քանի տասնյակ հայեր և որոնք այս երկրում թողել են անջնջելի հետք: «Այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրում են միլիոնավոր հայեր, դեռ միլիոնավորները պետք է ապրեն և սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախն աշխարհի վրա պետք է թողնեն նույնպիսի անջնջելի և հավերժական հետք, նույնպիսի ժառանգություն, ինչպիսին Աշխեն Հովակիմյանն է թողել Սինգապուրի պատմության մեջ: Սա նաև մեր, Սինգապուրի, աշխարհի պատմությունն է, մենք ներկա ենք եղել այդ պատմությանը, մենք կերտել ենք այդ պատմությունը, կերտում ենք և մշտապես լինելու ենք այդ պատմության հեղինակների դերում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ հաճախ մեր երկրի պատմության հեղինակները մենք ինքներս չենք եղել և եկել է ժամանակը, որ ինքներս կերտենք մեր սեփական երկրի պատմությունը, այնպես կերտենք, «որ ոչ թե ուրիշները, այլ մենք ենք ուզում, ինչպես մեր նախնիներն են երազել, ինչպես մենք ենք երազում մեր երեխաների համար»:

«Եկել է ազատ, երջանիկ, հզոր Հայաստանի ժամանակը: Աշխարհի տարբեր անկյուններ մեր այցելություններն ավելի մեծ ուժ և վստահություն են ներշնչում, որ հասնելու ենք այդ նպատակին:

Գալիս ենք ապացուցելու այն, ինչ ապացուցված է. հայ ժողովուրդը տաղանդավոր ժողովուրդ է, կեցցե՛ Աշխեն Հովակիմյանը, կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ Սինգապուրը, կեցցե՛ նոր աշխարհը, որտեղ հայը կա, լինելու է, ստեղծելու է, արարելու է, ամենուր թողնելու է իր ոչ նյութական ժառանգությունը, անունը, արժեքները, որոնք լինելու են ամբողջի մեջ կարևոր մի բաժին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` շնորհակալություն հայտնելով Սինգապուրի կառավարութանը, ժողովրդին` հայ ժողովրդի ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են նաև Սինգապուրի Արմենիա հայկական փողոցով:

* * *

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր: Կառավարության ղեկավարը հուլիսի 8-ի առավոտյան հանդիպում է ունեցել Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ` ներդրումային խմբի համաղեկավար Նագի Համիյեյի գլխավորությամբ:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է քննարկելու Temasek Holdings հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները` հաշվի առնելով վերջինիս արդյունավետ գործունեությունը, տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական բնագավառը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է, քանի որ մեր երկրի նպատակն է կառուցել տեխնոլոգիական տնտեսություն, որի լոկոմոտիվը կլինի ՏՏ ոլորտը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ դեռևս խորհրդային ժամանակներից Հայաստանում ինժեներական համակարգը եղել է զարգացած, այժմ երկրում գործում են ինժեներական ոլորտում հաջողությամբ գործունեություն ծավալող ընկերություններ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ վերջին 7 տարիներին ՏՏ ոլորտը Հայաստանում աճել է 5 անգամ: Վարչապետը ներկայացրել է նաև մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության քայլերը` հավելելով, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են իրականացվում մի շարք ուղղություններով: «Հրավիրում ենք ձեզ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական հնարավորություններին և ընկերությունների գործունեությանը»,- ասել է վարչապետը:

Նագի Համիյեն նշել է, որ Սինգապուրում առկա է փոքրաթիվ, սակայն կազմակերպված սփյուռք, որի ներկայացուցիչները հաջող գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում, այդ թվում` տեխնոլոգիական: Պարոն Համիյեն հավելել է, որ Temasek հոլդինգը պատրաստ է ՀՀ կառավարության հետ քննարկել համագործակցության, ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում ինժեներական կրթության ոլորտում: Temasek Holdings ներդրումային խմբի համաղեկավարը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը Սինգապուրում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են համատեղ վենչուրային հիմնադրամի ստեղծման, ստարտափ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման և տեխնիկական համագործակցության հեռանկարները:

Temasek Holdings-ի ներկայացուցիչները հրավիրվել են այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: Հրավերը սիրով ընդունվել է: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել Երևանում:

* * *

Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: ՀՀ վարչապետին և տիկին Հակոբյանին նստավայրի բակում դիմավորել են Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն և տիկին Հո Չինը: Հնչել են Հայաստանի ու Սինգապուրի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Լի Սյեն Լուն ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու պետությունների միջև համագործակցությանը տարբեր ուղղություններով: Սինգապուրի վարչապետի խոսքով` Հայաստանը և հայ ժողովուրդը իրենց երկրում վայելում են մեծ հարգանք ու իր գլխավորած կառավարությունը շահագրգռված է հայկական կողմի հետ ակտիվ գործակցություն ծավալելու հարցում: Լի Սյեն Լունը կարևորել է փոխգործակցությունը տնտեսության ոլորտում, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ երկկողմ արդյունավետ բանակցությունների արդյունքում հայ-սինգապուրյան կապերը հետևողականորեն կընդլայնվեն: Կառավարության ղեկավարը նշել է, որ ամբողջ աշխարհը տպավորված է Սինգապուրի զարգացման փորձով և մեր երկիրը նույնպես այն համարում է օրինակելի: «Մենք շահագրգռված են խորացնելու քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը, սերտացնելու կապերը ժողովուրդների միջև»,- ասել է վարչապետը` կարևորելով նաև հայկական և սինգապուրյան բիզնեսի միջև փոխգործակցության զարգացումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին` հավելելով, որ դրանց նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական տնտեսությամբ պետություն: Նիկոլ Փաշինյանը, այդ առումով, հատկապես կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ավիացիայի և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Սինգապուրի վարչապետը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող համակարգային փոփոխություններն ու հավելել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսական զարգացմանն ու առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լուն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրմանը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նույնպես նոր թափ կհաղորդի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Երկու երկրների վարչապետերն ընդգծել են տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայության փաստը և նշել, որ դրա իրացման ուղղությամբ քայլերը պետք է ակտիվորեն շարունակվեն:

Միաժամանակ, զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնման առումով կողմերը պայմանավորվել են Սինգապուրում անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության հարցեր:

* * *

Հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի կառավարությունների միջև ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության մի քանի փաստաթղթեր: Նիկոլ Փաշինյանի և Լի Սյեն Լունի ներկայությամբ, մասնավորապես ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.

Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Սինգապուրի պաշտպանության և արտաքին գործերի ավագ պետական նախարար Մալիկի Օսմանը:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Սինգապուրի Հանրապետության զբոսաշրջության խորհրդի միջև ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կոհ Պոհ Կունը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սինգապուրի Հանրապետության մշակույթի, համայնքների զարգացման և երիտասարդության հարցերի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսկ սինգապուրյան կողմից` Պաշտպանության և արտաքին գործերի ավագ պետական նախարար Մալիկի Օսմանը:

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Սինգապուրի ազգային պարկերի խորհրդի գլխավոր տնօրեն Քեննեթ Էրը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Խալիմա Յակոբի հետ:

Տիկին Յակոբը ողջունելով ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Սինգապուր` նշել է, որ երկրում առկա փոքրաթիվ հայ համայնքը վայելում է մեծ հեղինակություն և լիարժեք ինտեգրվել է տեղի հասարակությանը: Սինգապուրի նախագահն ընդգծել է, որ դրա արդյունքում է նաև Սինգապուրի կենտրոնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, հայկական փողոցի առկայությունը: «Ձեր այցն ունի մեծ նշանակություն մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական կապերը զարգացնելու գործում»,- ասել է Խալիմա Յակոբը` ավելացնելով, որ Սինգապուրը պատրաստ է սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է Սինգապուրի հետ համագործակցության խորացումը և հավելել, որ երկու երկրներին միմյանց են կապում ժողովուրդների ջերմ հարաբերությունները: Որպես օրինակ վարչապետը նշել է Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձ տեսակը հայտնաբերած Աշխեն Հովակիմյանին: «Երեկ հայկական եկեղեցու բակում բացվեց «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանը, որը երկու ժողովուրդներին կապող ևս մեկ փաստ է: Մենք ջերմությամբ ենք հիշում նաև Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի այցը Հայաստան, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարական պատվիրակության այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը:

ՀՀ վարչապետը և Սինգապուրի նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին, առևտրատնտեսական կապերի զարգացմանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին և ընդգծել, որ կառավարության նպատակն է քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, իսկ տնտեսությունը դարձնել տեխնոլոգիական: Մեր երկրի առաջընթացի ապահովման գործում վարչապետը ոգևորիչ է համարել Սինգապուրի փորձը և կարևորել երկկողմ համագործակցության ակտիվացումը:

«Ունենք գործակցության մեծ ներուժ, որն անհրաժեշտ է համատեղ ջանքերով լիարժեք իրացնել»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ մեր երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքում ստեղծված է ազատ և թափանցիկ բիզնես միջավայր, ֆինանսական և բանկային համակարգը կայուն է:

Սինգապուրի նախագահն իր աջակցությունն է հայտնել երկու երկրների կառավարությունների ջանքերին, որոնք միտված կլինեն հետագա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Զրուցակիցները կարևորել են համագործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում ու անդրադարձել տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրներին:

* * *

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:
Սինգապուրի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան,
տիկին Աննա Հակոբյան,
տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ Ձեզ և ձեր պատվիրակությանը Սինգապուրում: Ուրախ եմ մեր երկիր կատարած Ձեր առաջին պաշտոնական այցի համար:

Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին, սակայն մեր պատմական առնչությունները շատ ավելի հեռուն են գնում: Մոտ 200 տարի առաջ մի խումբ հայ գաղթականներ տեղափոխվեցին Սինգապուր: Նրանք փոքրաթիվ էին՝ ոչ ավել, քան 100 մարդ, բայց նրանց ազդեցությունը մեր երկրի հասարակական կյանքում զգալի էր: Հայկական ներկայության նշաններ կարելի է գտնել ամբողջ Սինգապուրում:

Որպես նախկին լրագրող, վարչապետ Փաշինյանին, անկասկած, կհետաքրքրի այն փաստը, որ Սինգապուրի գլխավոր օրաթերթը՝ Street Times-ը, հիմնադրվել է 1845 թվականին Խաչիկ Մովսես անունով հայի կողմից: Բազմաթիվ շինություններ այստեղ կրում են Սարգիս եղբայրների անունը, ովքեր հիմնել են Սինգապուրի նշանավոր Raffles հյուրանոցը: Նույնիսկ մեր ազգային ծաղիկն է ստեղծվել հայկական ծագում ունեցող բուսաբույծ Ագնես Ջոակիմի կողմից, իսկ Ջոհակիմ խոլորձի քանդակը, որ վարչապետը երեկ բացեց Սինգապուրի հայկական փողոցում, հանդիսանում է մեր երկու ժողովուրդների միջև խաչաձև կապերի խորհրդանիշը:

Մենք հպարտանում ենք այն հայերով, ովքեր շարունակում են իրենց նպաստը բերել մեր երկրի զարգացմանը: Օրինակ, անցյալ տարվա հունիսին Սինգապուրի հայկական փողոցում բացվեց երկրորդ հայկական եկեղեցին: Հայ համայնքը պահպանում է իր ինքնությունը, ինչն օտարներին ևս թույլ կտա ծանոթանալ Հայաստանի ու հայերի պատմությանը:

Մենք բանակցում ենք Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) շուրջ: Մենք ձգտում ենք խթանել մեր երկու երկրների միջև գործարար և տնտեսական կապերը: Մենք գնահատում ենք Հայաստանի աջակցությունը ԱԱՀ-ի ստորագրման գործընթացին և հուսով ենք, որ այն հնարավորինս շուտ կկնքվի:

Այս այցի ընթացքում պարոն վարչապետը հանդիպելու է Սինգապուրի գործարար շրջանակների հետ, և ես հուսով եմ, որ մեր գործարարները միասին կաշխատեն՝ օգտվելով ստորագրված կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրից:

Մենք ամրապնդում ենք կապերը նաև այլ ոլորտներում, ներառյալ զբոսաշրջությունը, մշակույթը և կրթությունը: Մենք կօգտագործենք տարբեր հարթակներ՝ խորացնելու մեր հարաբերությունները: Մենք ողջունում ենք փոխադարձ այցելություններն ու փորձի փոխանակումները, քանի որ մենք նույնպես շատ բան ունենք սովորելու Հայաստանից:

Մեծարգո պարոն վարչապետ Փաշինյան, ես ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Սինգապուրում: Շնորհակալություն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բաժակաճառում նշել է.

«Ձերդ գերազանցություն պարոն վարչապետ,
հարգելի ներկաներ, տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս գեղեցիկ երկրում, որն իր փոքր տարածքով, սակայն վիթխարի կարողություններով արժանանում է շատ-շատերի հիացմունքին: Սինգապուրը բացառիկ է իր տնտեսական նվաճումներով, համընդհանուր բարեկեցության, սոցիալական արդարության ու հասարակական առաջընթացի ուրույն մոդելով և իր մշակութային առանձնահատկություններով։

Սինգապուրը մեզ՝ հայերիս համար, անշուշտ, նաև այն երկիրն է, որի նկատմամբ մենք առանձնահատուկ զգացմունքներ ենք տածում:

Սինգապուրի հետ հայերն ունեն վաղեմի պատմական կապեր: Պատահական չէ, որ Սինգապուրի ամենահին քրիստոնեական տաճարը՝ հայկական եկեղեցին, 184 տարեկան է: Եվ այսօր մենք, ինչ խոսք, հպարտ ենք, որ աշխարհի այս գեղեցիկ անկյուններից մեկում, որով զմայլվում է ողջ աշխարհը, փոքր և ձեռներեց հայ համայնքն իր արժանի հետքն է թողել: Ուրախ ենք, որ Սինգապուրի հայկական նյութական և հոգևոր ժառանգությունն այստեղ հիշում են և պահպանում ամենայն հոգատարությամբ:

Մենք, հիրավի, հպարտ ենք անցյալով, սակայն չենք ցանկանում սահմանափակվել դրանով: Ուզում ենք, որ այսօր ևս մեր երկու երկրներն առևտուր անեն միմյանց միջև և մարդկային հարաբերությունները զարգացնեն այնպես, ինչպես դա անում էին 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին:

Մեր պատվիրակությունը Սինգապուր է ժամանել նոր էջ բացելու մեր հարաբերություններում: Սինգապուրն աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրներից է, և մենք ցանկանում ենք զարկ տալ մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ու ներդրումների աճին: Կարծում եմ, դրա համար այսօր առկա են անհրաժեշտ նախադրյալներ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որոնք արմատապես վերափոխել են երկրի տնտեսական միջավայրը: Ամրապնդվել է օրենքի գերակայությունը, ստեղծվել են հավասար պայմաններ տնտեսական բոլոր դերակատարների և, մասնավորապես, արտասահմանյան ներդրումների համար: Շեշտակի նվազել է կոռուպցիան: Այն այլևս չի գնահատվում որպես տնտեսական գործունեության արդյունավետությունը նվազեցնող գործոն: Մենք այլևս չենք տառապում հետխորհրդային երկրներից շատերին բնորոշ ախտանշաններով: Նոր Հայաստանը նոր հնարավորություններ է բացում ներդրումներ անելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:

Ասվածին ավելանում է նաև Եվրասիական տնտեսական միության, որին անդամակցում է նաև Հայաստանը, և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին կնքվելիք պայմանագրի գործոնը: Այն լրացուցիչ կարևոր խթան կարող է հանդիսանալ մեր երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:

Տիկնայք և պարոնայք,

Բավարար է հպանցիկ հայացք նետել մեր երկու երկրների վրա՝ նկատելու համար նրանց միջև գոյություն ունեցող նմանությունները: Երկուսն էլ գտնվում են բարդ կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում: Երկուսն էլ զուրկ են բնական հարուստ ռեսուրսներից և իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման և զարգացման գործոնի վրա: Կրթությունը, գիտելիքն ու նորարարությունը, աշխատասիրությունն ու համառությունը, համբերատարությունն ու լավատեսությունն են համարվում իրենց զարգացման գրավականն ու շարժիչ ուժը մեր երկրներում:

Սակայն, ի տարբերություն Սինգապուրի, որն իր զարգացման գործընթացը սկսել է հինգ տասնամյակ առաջ և հաղթահարելով սկզբնական շրջանի դժվարությունների շղթան, արդեն իսկ հասել է աննախադեպ բարձունքների, Հայաստանը դեռևս կանգնած է սրընթաց վերելքի անհրաժեշտության շեմին: Այո՛, մենք այսօր ստեղծում ենք պայմաններ անհատի աշխատասիրության, ստեղծագործ մտքի ու ձեռներեցության անխափան դրսևորման համար: Մեր ապագան մենք տեսնում ենք գիտելիքի վրա հենված տնտեսության, նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ: Հայաստանը դրան այլընտրանք չունի: Մեր արտաքին միջավայրը մեզ ստիպում է գնալ այդ ճանապարհով:

Սինգապուրի տնտեսական հրաշքն իրոք աննախադեպ էր: Ձեր բացառիկ փորձն այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար, և մենք երախտապարտ կլինեինք ձեր խորհուրդների համար:

Այս առումով չեմ կարող չնշել, որ Հայաստանում մեծ ջերմությամբ են հիշում Սինգապուրի զարգացման և առաջընթացի ճարտարապետ Լի Քուան Յուի այցը, որը կայացավ 2009 թվականին: Նա, ում համբավը վաղուց անցել է ազգային սահմանները, Հայաստանում ազնիվ ու արդյունավետ կառավարման խորհրդանիշ է համարվում: Իսկ մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները, այսօր դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները:

Ավարտելով խոսքս, տիկնայք և պարոնայք, ցանկանում եմ բաժակ բարձրացնել ի պատիվ բարեկամ Սինգապուրի և մեր ժողովուրդների բարեկամության: Հանու՛ն ձեր հրաշալի քաղաքի ու տաղանդավոր ժողովրդի: Հանու՛ն մեր ապագա համագործակցության»:

* * *

Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր: Հուլիսի 8-ին վարչապետ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները կլոր-սեղան ձևաչափի շրջանակում հանդիպում-քննարկում են ունեցել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին` «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հո Մեն Կիթը կարևորել է Հայաստանի վարչապետի և կառավարական պատվիրակության հետ հանդիպումը: Նրա խոսքով` այն լավ հնարավորություն է հայ-սինգապուրյան գործարար կապերը զարգացնելու, դրանց նոր շունչ հաղորդելու և համատեղ ծրագրեր նախաձեռնելու համար: Նա նշել է, որ սինգապուրցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելու հարցում և պատրաստ են ծանոթանալ մեր երկրի ներդրումային հնարավորություններին, քննարկել համագործակցության հեռանկարները: «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև կնքվելիք ազատ առևտրի մասին պայմանագիրը ևս գործուն հնարավորություն է բիզնես կապերի ակտիվացման համար, և Հայաստանը կարևոր հարթակ կարող է լինել երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալվել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամում և քննարկել տնտեսական կապերի զարգացման հարցեր: «Մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հուսով եմ` այս այցից հետո դրանք էլ ավելի կամրապնդվեն, կակտիվանա նաև տնտեսական համագործակցությունը: Հայաստանը գտնվում է տնտեսական փոխակերպման գործընթացում, և մենք շարունակական աշխատում ենք տնտեսական աճի, գործարարությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ», - նշել է ՀՀ վարչապետը:Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումներին` խոսելով հարկային և մաքսային ոլորտի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին, նաև դատական համակարգի բարեփոխումների մասին, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումների պաշտպանության երաշխիքների ստեղծմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, քաղաքական արմատական փոփոխությունները տնտեսական ցնցումներ չեն առաջացրել, բանկային համակարգը շարունակել է կայուն աշխատել, չի արձանագրվել սեփականության վերաբաշխման որևէ դեպք, ինչը պայմանավորված էր այդ իրադարձությունների ոչ բռնի և խաղաղ բնույթով: Կառավարության ղեկավարը ներկայացրել է վերջին ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները` նշելով, որ դրանք շարունակական աճ են արձանագրում և անդրադարձել այն ոլորտներին, որտեղ համագործակցության ներուժ կա՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, օդային հաղորդակցություն, զբոսաշրջություն, այդ թվում` էկո-, գաստրոտուրիզմ, սննդարդյունաբերություն, օդային հաղորդակցություն, ենթակառուցվածքներ և այլն: «Սինգապուրի զարգացման ուղին և կուտակած մեծ փորձը հետաքրքիր են Հայաստանի համար և կարող են օգտակար լինել մեր հետագա բարեփոխումների գործընթացում: Շահագրգռված ենք փորձի փոխանակմամբ և համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ», - հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժը, զարգացման միտումները, թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները և համագործակցության հնարավորությունները, իսկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում առկա ներուժը և փոխգործակցության համար հեռանկարային ուղղությունները:

«Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը` մանրամասն տեղեկատվություն ներդրումային հնարավորությունների մասին ներկայացնելու համար և նշել, որ հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ կատարելու հարցում. առաջիկայում նախատեսում են այցելել Հայաստան և ծանոթանալ այդ հնարավորություններին: Հանդիպմանը մասնակցում էին վերամշակող արդյունաբերության, հյուրանոցային բիզնեսի, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացած ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել` կազմակերպել բիզնես պատվիրակությունների փոխայցեր Հայաստան և Սինգապուր` տեղում ներդրումային և համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ամենամյա համաժողովը և հրավիրել Սինգապուրի ՏՏ ոլորտի ձեռնարկություններին` մասնակցելու բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այդ կարևոր միջոցառմանը: «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ տեղեկատվությունը և հրավերը կփոխանցի Սինգապուրի համապատասխան ասոցիացիայի ղեկավարությանը:

* * *

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի բուսաբանական այգի: Այստեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակի` Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անունով անվանակոչելու արարողությունը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի և անվանի գործիչների:

Վերոնշյալ արարողակարգին Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ ևս ուներ. «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է` ի պատիվ հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը: Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան) ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում` Բարսեղ և Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում:

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվո հյուրերի գրքում: Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել այգով:

Հայաստանի և Սինգապուրի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի ու Լի Սյեն Լունի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ձևաչափով հարցազրույց է տվել Սինգապուրի Channel News Asia հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է Սինգապուրի իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներին և երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորություններին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի խորհրդարանի նախագահ Թան Չուան-Ջինի հետ: Մինչ հանդիպումը վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

«Բարի գալուստ Սինգապուր, պարոն վարչապետ: Շնորհակալություն խորհրդարան այցելելու համար: Համոզված ենք, որ Ձեր այցը Սինգապուր կնպաստի Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է Թան Չուան-Ջինը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սինգապուր այցը և նշել, որ բոլոր հանդիպումներն անցել են արդյունավետ, գործնական ու բարեկամական մթնոլորտում: «Մենք շահագրգռված ենք Ձեր երկրի հետ կապերի զարգացմամբ, այդ թվում քաղաքական ու տնտեսական»,- ասել է վարչապետը` ընդգծելով հատկապես գործարարների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Այդ առումով, կառավարության ղեկավարը կարևորել է Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն ու դրա սեղմ ժամկետներում վավերացումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին և Հայաստանում իրականացվող համակարգային փոփոխություններին` նշելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ Սինգապուրի հետ համագործակցության կարևորությունը:

Սինգապուրի խորհրդարանի խոսնակն ընդգծել է երկկողմ պատմական ու մշակութային կապերի առկայության փաստն ու ավելացրել, որ դրանք լավ հիմք են կառավարությունների ու խորհրդարանների միջև համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու համար:

Նիկոլ Փաշինյանը Թան Չուան-Ջինին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է: Զրուցակիցները նաև ընդգծել են միջխորհրդարանական բարեկամական խմբի ձևավորման, ինչպես նաև խորհրդարանականների` միջազգային հարթակներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև տարբեր ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի:

* * *

Սինգապուր կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ:

Վերջինիս առևտրի և արդյունաբերության նախարարության մշակած ռազմավարության ներքո իրագործում է ներդրումների խրախուսմանն ուղղված գործողություններ` նպատակ ունենալով Սինգապուրը դարձնել գործարար և ներդրումային կենտրոն: Խորհուրդը պատասխանատու է կազմակերպությունների և ներդրողների համար արժեքավոր լուծումներ մշակելու և ներկայացնելու գործում, դրանով իսկ նպաստելով Սինգապուրում գործարար միջավայրի կայուն զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:

Խորհրդի նախագահ Բեհ Սվան Գինը նշել է, որ իր գլխավորած խորհուրդը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում, տրամադրել տեխնիկական օժանդակություն: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանն են ներկայացվել ենթակառուցվածքների, արդյունաբերության, ներդրումների ներգրավման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձն ու տպավորիչ ցուցանիշները, տնտեսության ոլորտում հարևան պետությունների հետ համագործակցության արդյունքները:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել փոխգործակցության պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները հարցեր են ուղղել խորհրդի անդամներին` հետաքրքրվելով տարբեր ուղղություններով խորհրդի կողմից իրականացվող քայլերի մասին:

Վարչապետ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Սինգապուր ավարտվել է:

← Վերադառնալ