Արտերկրյա այցեր

Անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված ջանքերը. վարչապետն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

31.01.2020 - 31.01.2020

ևս 23 լուսանկար



 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի վարչապետները: Որպես ԵԱՏՄ-ում դիտորդ պետության ներկայացուցիչ, ընդլայված կազմով նիստին մասնակցել է նաև Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուն:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինին` այսօրվա հանդիպման հաջող անցկացման, բոլոր պայմանները ստեղծելու, ինչպես նաև ավանդական հյուրընկալության համար:

Ցանկանում եմ նաև ողջունել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին և Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուին, ովքեր առաջին անգամ են մասնակցում մեր խորհրդի նիստին: Հաջողություն եմ մաղթում Ձեզ և կցանկանայի հավաստիացնել, որ մենք պատրաստ ենք ակտիվ և արդյունավետ համագործակցության:
Սիրելի ընկերներ,

Սա մեր առաջին հանդիպումն է այս տարի բելառուսական կողմի նախագահության ներքո: Մենք աջակցում ենք Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին: Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը:

Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա: Միության մարմինների արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ևս մեկ ուղղություն է, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում:

Այսօրվա նիստի օրակարգի հարցերի մասին կցանկանայի նշել հետևյալը. այսօր հերթական անգամ քննարկվեց ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը: Այս խոչընդոտների մի մասով մենք այսօր որոշումներ ենք կայացրել: Այնուամենայնիվ, ինչպես արդեն բազմիցս նշել եմ, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է համախմբել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են առկա խոչընդոտների վերացմանը և հետագայում դրանց կրկնությունը բացառող պայմանների ստեղծմանը:

Ինչ վերաբերում է «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններին», ես կցանկանայի նշել, որ մենք առանձնահատուկ կարևորում ենք այս փաստաթղթի վերջնական համաձայնեցումը` ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված համագործակցության հաստատված ձևերի հիման վրա:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին: Կարծում ենք, որ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորումը հնարավորություն կտա նվազեցնել ապրանքների և ծառայությունների սպառողի, արտադրողի և վաճառողի միջև հեռավորությունը: Դա էապես կնվազեցնի առաքման, ինչպես նաև ապրանքների տեղափոխման օպտիմալ եղանակներն ու մեթոդները որոնելու ժամանակը՝ շուկան այս առումով ավելի կատարյալ դարձնելով:

Նիստի հարգելի մասնակիցներ,

Քանի որ փետրվարի 1-ին ավարտվում է Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը, իմ ելույթի ավարտին ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև Հանձնաժողովին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Ցանկանում եմ նաև բեղմնավոր աշխատանք մաղթել նոր Հանձնաժողովին Միխայիլ Մյասնիկովիչի ղեկավարությամբ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետությանը, որը այս տարի նախագահելու է ԵԱՏՄ մարմիններում:

Եվ վերջում ցանկանում եմ հայտնել Հայաստանի պատրաստակամությունն այս տարի հյուրընկալել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը: Ուրախ կլինեմ ողջունել բոլորիդ Հայաստանում: Եվ մեր կողմից ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նիստն անցնի ամենաբարձր մակարդակով:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նիստի ընթացքում վարչապետները քննարկել են ԵԱՏՄ ֆունկցիոնալության հետագա բարձրացմանը, կազմակերպության իրավապայմանագրային բազայի կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շուկայում խոչընդոտների վերացմանը, ազգային տեղեկատվական համակարգերի ինտեգրմանը, մաքսային կարգավորումների ոլորտում համագործակցությանը և միության ընդհանուր շուկաների ձևավորմանը: Քննարկվել են նաև մի շարք նախաձեռնություններ՝ եվրասիական տարածքում ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու և պաշտպանական միջոցառումները բարելավելու հնարավորությունները՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

* * *

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նորանշանակ նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
շատ ուրախ եմ Ձեզ հետ անձամբ ծանոթանալու համար և թույլ տվեք կրկին շնորհավորել Ձեզ` Ռուսաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում նշանակվելու առիթով:

Իհարկե, մեր կառավարությունների և երկրների միջև միշտ եղել և լինելու են լավ ու ջերմ հարաբերություններ, բայց ես կարծում եմ, որ մենք միշտ հնարավորություն ունենք՝ նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները: Ձեզ հետ համագործակցությամբ մենք կարողանալու ենք դա անել: Իհարկե, մեր պետությունների միջև հարաբերությունները զարգանում են ըստ պլանավորածի՝ շատ լավ: Առևտրաշրջանառությունը 2019 թվականին մոտենում է երկու միլիարդի, որը բավական լավ ցուցանիշ է: 2020-ին այդ դինամիկան կպահպանվի:

Հայաստանում մեզ հաջողվել է 2019-ին կառուցել տնտեսական բավական լավ դինամիկա, այսօր արդեն հրապարակվել են թվերը. մենք 2019 թ. ունենալու ենք 8 տոկոսին մոտ տնտեսական աճ՝ նաև Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցության շնորհիվ:

Այնպես որ, ես հույս ունեմ, որ Ձեր գլխավորած կառավարությունը կպաշտպանի տնտեսական դինամիկան, որն այսօր կա Հայաստանում: Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կհանդիպենք նաև Երևանում, քանի որ, ինչպես այսօր նշվեց, այս տարի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում»:

Իր հերթին, Միխայիլ Միշուստինն նշել է. «Շնորհակալություն:
Հարգելի Նիկոլ Վովայի,

ես ևս սրտանց շնորհակալություն եմ հայտնում՝ ջերմ խոսքերի, իմ նշանակման կապակցությամբ շնորհավորանքների համար:

Ջերմությամբ եմ հիշում իմ վերջին այցը Հայաստան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին, որը փայլուն էր կազմակերպված:

Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապում են շատ սերտ և գործընկերային, դաշնակցային հարաբերությունները: Մենք համագործակցում ենք էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, մշակութային-հումանիտար ոլորտներում: ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է մեր կառուցողական հարաբերությունների, մեր հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը համանախագահում է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

Դուք խոսեցիք մեր ապրանքաշրջանառության և առևտրի մասին. Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտաքին տնտեսական գործընկերն է՝ 26 տոկոս չափաբաժնով:

Հանրապետությունում գործում են 2.2 հազար ռուսական ընկերություններ: 2018թ. երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ ինչպես Դուք ասացիք, հասնելով 2 միլիարդ դոլարի: Աճը շարունակվել է նաև նախորդ տարի՝ հունվար-նոյեմբերին ավելանալով 17.6 տոկոսով:

Ցանկանում եմ նշել, որ պետք է ամրապնդել այդ դրական միտումը, գտնել գործընկերության նոր ոլորտներ: Հույս ունեմ այսօր քննարկել երկկողմ հարցերի ողջ շրջանակը»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցերի: Միխայիլ Միշուստինն ընդգծել է, որ ռուսական կողմը շահագրգռված է առաջիկայում քննարկել ՏՏ ոլորտում կոնկրետ ծրագրերի իրականացման հեռանկարները: Վարչապետ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել այդ ոլորտում ևս երկկողմ համագործակցությունը զարգացումը:

Կողմերը կարևորել են նաև հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի գործունեությունը` համագործակցությանը նոր թափ հաղորդելու առումով:

* * *

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի հետ:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի պարոն վարչապետ,

շատ ուրախ եմ Ձեզ հետ ծանոթության համար, և ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ Մոլդովայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իհարկե, մեր երկրների միջև առկա են շատ լավ քաղաքական հարաբերություններ, մեր երկրները մշակութային, հումանիտար կապերի հարուստ պատմություն ունեն: Սակայն մենք չենք կարող պարծենալ մեր առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակով, և դրա համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Բայց կարծում եմ, որ մենք պետք է,- և հատկապես 21-րդ դարում դա հաստատ լուծվող հարց է - բարձրացնենք մեր տնտեսական հարաբերությունների, ապրանքաշրջանառության մակարդակը, և իհարկե, ես պատրաստ եմ աշխատել այդ ուղղությամբ: Ինչո՞ւ եմ ես հատկապես ընդգծում առևտրատնտեսական կապերի հարցը, քանի որ վստահ եմ՝ մյուս ուղղություններով մենք որևէ խնդիր չունենք և չենք ունենա»:

Մոլդովայի վարչապետն իր խոսքում նշել է.

«Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Ձեր շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Իսկապես մենք երջանիկ ենք, քանի որ մեր երկրների, մեր ժողովուրդների միջև կան շատ լավ հարաբերություններ՝ մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում: Դուք, իհարկե, իրավացի եք՝ մենք նաև մեծ ներուժ ունենք տնտեսական կապերը զարգացնելու համար, քանի որ և՛ դուք, և՛ մենք որոշակի առավելություններ ունենք մի շարք ոլորտներում, որտեղ կարող ենք զարգացնել համագործակցությունը: Ես այդ մասին խոսեցի նաև իմ ելույթում: Մոլդովան Եվրոպական միության հետ ազատ առևտրի ռեժիմ ունի, և հաշվի առնելով Հայաստանի ներկայացուցիչների նախաձեռնողականությունը՝ կարծում եմ, որ կկարողանանք շատ լավ օգտագործել այդ հնարավորությունը: Որոշ ուղղություններով էլ գտնվում ենք նույն շուկայում, բայց, իհարկե, մրցակից չենք հանդիսանում, մենք միայն կարող ենք գովելի խոսքեր ասել հայկական կոնյակի և մնացած արտադրանքի մասին: Շատ լավ հարաբերություններ ունենք նաև տարբեր բարեփոխումների ուղղությամբ՝ օրինակ, պետական ֆինանսների բնագավառում. Համաշխարհային բանկում աշխատելու տարիներին շատ եմ առնչվել Ձեր երկրի ֆինանսների նախարարության հետ, որտեղ առաջադեմ բարեփոխումներ էին իրականացվում: Այսինքն՝ մենք կարող ենք տարբեր ուղղություններով խթանել մեր փոխգործակցությունը և նոր ազդակ հաղորդել:

Եվ, իհարկե, մենք սպասում ենք Ձեզ Մոլդովայի Հանրապետությունում: Իմ այցից առաջ ես զրուցել եմ Իգոր Նիկոլաևիչ Դոդոնի հետ, նա ջերմ ողջույններ է ուղարկում Ձեզ և փոխանցում, որ մենք սպասում ենք Ձեզ Մոլդովայում այցով:

Կարծում եմ նաև, որ անպայման պետք է վերսկսել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը լավ հարթակ է հարցերը և համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար»:

Հայաստանի և Մոլդովայի վարչապետները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

← Վերադառնալ