Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

09.03.2020 - 09.03.2020

ևս 16 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարը նախ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Տեսալուսանկարահանման արարողությունից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների լայն օրակարգը:

Շառլ Միշելը ողջունել է վարչապետի այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Վարչապետը կարևորել է ԵՄ-ի կողմից Հայաստանի բարեփոխումներին աջակցությունը և վստահություն հայտնել, որ պարոն Միշելի` Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ևս ՀՀ-ԵՄ գործակցությունը կշարունակի զարգանալ արդյունավետ: «Եվրոպական միությունը մեր բարեփոխումների իրականացման հիմնական գործընկերն է, դրանց իրականացման գործում մենք ամեն պահի զգացել ենք ԵՄ-ի օգտակար աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը:

Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարևորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը և հավելել, որ Եվրոպական միությունը շարունակելու է ակտիվորեն համագործակցել և աջակցել մեր երկրին` ժողովրդավարական, այդ թվում` դատաիրավական ոլորտում բարեփոխումները կյանքի կոչելու համար:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել հունիս ամսին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից իրենց սպասելիքների շուրջ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է` Հայաստանը հետևողականորեն առաջ է շարժվելու ժողովրդավարության զարգացման ու այն ամրապնդելու ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու նպատակով:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական ժողովրդական կուսակցության գրասենյակում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Ողջունելով վարչապետին` Դոնալդ Տուսկը նշել է. «Պարոն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ: Եվ խոսքը ոչ միայն Ձեր, այլև Հայաստանի հետ մեր ավանդական բարեկամության մասին է: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում»: Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ Եվրոպայում, այդ թվում տեղի հանրության և քաղաքական գործիչների շրջանում ՀՀ նոր իշխանությունների և անձամբ ՀՀ վարչապետի նկատմամբ առկա է բարձր վստահություն, ինչը քաղաքական կարևորագույն կապիտալ է:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար` նշելով. «Բարձր ենք գնահատում Ձեր դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Վստահ ենք, որ ԵԺԿ նախագահի պաշտոնում ևս կնպաստեք համագործակցության հետագա զարգացմանն ու առաջընթացին»:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ` կարևորելով Եվրոպական խորհրդարանում հայ խորհրդարանականների և ԵԺԿ խմբակցության պատգամավորների միջև սերտ ու ակտիվ համագործակցությունը:

Վարչապետն անդրադարձել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող հետևողական գործընթացների շուրջ:

ԵԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել նպաստել Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինտենսիվ զարգացումը և քննարկել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր: Ժոզեֆ Բորելը հաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու բարեփոխումների իրականացմանը: Պարոն Բորելը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և այլ ոլորտներում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և ՀՀ կառավարության հաստատակամ ու հետևողական քայլերն այդ ուղղութամբ:

Որպես ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր բաղադրիչ ՀՀ վարչապետը և Ժոզեֆ Բորելն անհրաժեշտ են համարել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` ԵՄ պետությունների կողմից հնարավորինս արագ վավերացումն ու դրա լիարժեք կիրարկումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորություններին:

Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ: Ժոզեֆ Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

← Վերադառնալ