Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում

19.08.2021 - 20.08.2021

ևս 37 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։

Հայաստանի վարչապետի այցը մեկնարկել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպմամբ։

«Չոլպոն-Ատա» պետական համալիրում դիմավորումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո կայացել է Հայաստանի վարչապետի և Ղրղզստանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում նրանք հանդես են եկել ողջույնի խոսքերով։

Ղրղզստանի նախագահն իր խոսքում նշել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Բարի գալուստ Ղրղզստան։ Ուրախ եմ ողջունել Ձեզ մեր հյուրընկալ հողում։

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք անկեղծ շնորհավորանքներ հայտնել Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Ընթացիկ տարում Հայաստանը, ինչպես և Ղրղզստանը, նշում են անկախության 30-ամյա հոբելյանը։ Ուրախ եմ այս հնարավորության համար՝ շնորհավորելու Ձեզ և ի դեմս Ձեզ ողջ հայ ժողովրդին այդ կարևոր տոնի առիթով»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Սադիր Նուրգոժոևի,

Շատ ուրախ եմ անձամբ հանդիպել Ձեզ։ Սա մեր առաջին դեմ առ դեմ հանդիպումն է Ղրղզստանի նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելուց հետո։ Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ այդ առիթով և մաղթել հաջողություններ ի բարօրություն բարեկամ Ղրղզստանի և ղրղզ ժողովրդի։

Այո, Դուք ճիշտ նշեցիք, այս տարի մեր երկրները նշում են անկախության 30-ամյակը, և ես նույնպես շնորհավորում եմ Ձեզ այդ հոբելյանի առիթով։ Պետք է մտածենք և աշխատենք մեր երկրների հետագա զարգացման ուղղությամբ։ Հատկապես որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։

Իհարկե, ցավոք, մեր երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը մեծ չէ։ Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Վստահ եմ՝ Դուք նույնպես տրամադրված եք այդ աշխատանքին, և շատ ուրախ եմ այսօրվա հնարավորության համար, որպեսզի քննարկենք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը»։

Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և վերահաստատել փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Երկուստեք կարևորվել են բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը, միջխորհրդարանական գործընկերության ակտիվացումը։ Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության չիրացված ներուժ կա, և պետք է նոր ազդակ հաղորդել տնտեսական կապերին։ Այս համատեքստում կարևորվել է Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի՝ այս տարի աշնանը նախատեսված նիստի անցկացումը։

ՀՀ վարչապետը և Ղրղզստանի նախագահը երկու կողմերի համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել են՝ ակտիվ աշխատել նիստի շրջանակում հայ-ղրղզական բիզնես համաժողով կազմակերպելու և էներգետիկայի, ջրային ռեսուրսների, թվայնացման, բիզնեսի, զբոսաշրջության ոլորտներում հեռանկարային ծրագրերի փաթեթ մշակելու ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի և մարտահրավերների շուրջ։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հակամարտությունները, առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։

«Չոլպոն-Ատա» պետական համալիրում ՀՀ վարչապետին և ԵԱՏՄ անդամ երկրների մյուս վարչապետերին դիմավորել է Ղրղզստանի նախարարների գրասենյակի նախագահ (վարչապետ) Ուլուկբեկ Մարիպովը։ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների ձեռքսեղմման և համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է նեղ կազմով նիստը։

Նիստում քննարկվել են Միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին և այլն։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն վաղը՝ օգոստոսի 20-ին, ընդլայնված կազմով հանդիպման շրջանակում, որտեղ նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում։

Հայաստանի վարչապետը օգոստոսի 20-ին մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։

Նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերին հյուրընկալել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը՝ ողջունելով նրանց Չոլպոն-Ատայում և արդյունավետ ընթացք մաղթելով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Վարչապետ Փաշինյանն ընդլայնված կազմով հանդիպմանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Կցանկանայի ելույթս սկսել Ուլուկբեկ Ասամիդինիին ուղղված շնորհակալական խոսքով` Ղրղզստանի այս գեղատեսիլ անկյունում մեզ ցուցաբերված ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:

Սրտանց ողջունում եմ Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Նիգմատիին, ինչպես նաև Կուբայի կառավարության լիազոր ներկայացուցչին:

Երեկ՝ նեղ ձևաչափով նիստի ընթացքում, մենք արդեն փոխանակվել ենք մտքերով այսօրվա օրակարգի հայեցակարգային հարցերի շուրջ: Այժմ կցանկանայի կանգ առնել մեր քննարկած հարցերի որոշ ասպեկտների վրա, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր երկրների համար:

Սկսեմ տրանսպորտային ոլորտի կարգավորման միասնական սկզբունքների մշակման հարցից: Կարծում ենք, որ անդամ պետությունների՝ 2021-2023թթ․ Տրանսպորտային համակարգված քաղաքականության իրագործման ճանապարհային քարտեզը ոլորտի զարգացման հավասարակշռված ծրագիր է: Փաստաթուղթը նախատեսում է եվրասիական տրանսպորտային միջանցքների համալիր զարգացում և հետևողական աշխատանք այս ոլորտում մեր երկրների օրենսդրությունները ներդաշնակեցնելու ուղղությամբ:

Նախորդ տարի մենք համոզվեցինք, որ ԵԱՏՄ ներսում տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության պահանջարկ կա: Համավարակի ընթացքում Միության շրջանակում ձևավորվեցին «կանաչ միջանցքներ» առանցքային ապրանքների համար: Մեծամասամբ այս միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվեց կանխել Միության շուկայում պարենի դեֆիցիտի և փոխադարձ առևտրում ընդհատումների առաջացումը:

Կցանկանայի նշել նաև «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզի» իրականացման արդիականությունը: Ակնհայտ է, որ սույն փաստաթղթով նախատեսված միջոցառումները կնպաստեն Միության ագրոարդյունաբերական համալիրի և ագրարային շուկայի կայուն զարգացմանը:

Հաջորդ հարցը, որի վրա կցանկանայի կանգ առնել, ներքին և արտաքին շուկաներում ԵԱՏՄ-ում արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացումն է: Այս նպատակին հասնելու միջոցառումների համատեքստում ցանկանում եմ ընդգծել արտահանման համար համատեղ ապահովագրական աջակցության համակարգի ձևավորման կարևորությունը: Մենք աջակցում ենք Եվրասիական ընկերության ստեղծմանը, որը թույլ կտա, ապահովագրական լրացուցիչ կարողությունների ստեղծմամբ, ավելացնել ապահովագրական աջակցության ծավալները Միության ներսում առևտրի և երրորդ երկրներ արտահանման համար:

Հարգելի գործընկերներ,

Մենք համոզված ենք, որ մեր միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ստեղծման ուղղությամբ հետևողական և թափանցիկ աշխատանքը: Միության էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է դառնալ բազմաթիվ մարտահրավերների պատասխան՝ նպաստելով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը:

Հայաստանի Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից՝ Միության գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ուղղությամբ կատարված նշանակալի աշխատանքի կապակցությամբ, ինչն արտացոլված է ներկայացված զեկույցներում:

Այս տարի անդամ երկրները, Հանձնաժողովի հետ միասին, սկսեցին Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի քննարկումը: Ակնկալում ենք շարունակական կառուցողական աշխատանք՝ հիմնված փոխըմբռնման վրա և հաշվի առնելով Միության բոլոր անդամ երկրների շահերը:

Գոհունակությամբ կցանկանայի նաև նշել, որ մեզ հաջողվեց համաձայնեցնել նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը՝ Միության բոլոր պետությունների կողմից հավանության արժանացած հինգ սկզբունքների հիման վրա:

Որպես եզրափակում՝ կցանկանայի անդրադառնալ բնապահպանության և կլիմայի հարցերին: Սա այն ուղղությունն է, որը պահանջում է լրացուցիչ ջանքեր և բազմակողմանի համագործակցություն: Մենք կարծում ենք, որ մեր Միության շրջանակում անհրաժեշտ է լուրջ բազմաշերտ երկխոսություն, որը թույլ կտա կրճատել կլիմայի փոփոխության վրա ազդող բացասական գործոնները՝ միևնույն ժամանակ ապահովելով տնտեսական աճի և զարգացման պայմաններ: Մենք աջակցում ենք ջերմոցային գազերի արտանետումների և բնապահպանական վճարների համակարգի կարգավորման մեխանիզմների ներդաշնակեցման ուղղությամբ բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծման գաղափարին՝ ԵԱՏՄ-ում բնապահպանական գործունեությունը խթանելու նպատակով:

Եվս մեկ անգամ ողջունում եմ նիստի բոլոր մասնակիցներին և բոլորիս մաղթում արգասաբեր աշխատանք:

Շնորհակալություն ուշադրության համար»։

ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը նիստի ընթացքում անդրադարձել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի։

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ ներքին շուկայում՝ 2021-2022թթ. վերացման ենթակա բացառությունների և սահմանափակումների ցանկը, ԵԱՏՄ անդամ երկրների՝ 2021-2023թթ․ տրանսպորտային համակարգված քաղաքականության ճանապարհային քարտեզի իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի միջոցառումների ծրագիրը, ԵԱՏՄ շրջանակում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության, ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։

Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների բյուջեների միջև 2020թ. ներմուծվող մաքսատուրքերի գումարների հաշվառման և բաշխման հարցին, ԵԱՏՄ երկաթուղային տրանսպորտի տարանցիկ ներուժի զարգացման ուղղությամբ ինտեգրացիոն փոխգործակցության հնարավորություններին։ Որոշվել է ձևավորել Միությունում թվային փոխակերպման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ։

Ներկայացվել են 2020թ. ԵԱՏՄ գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքի մասին զեկույցները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը՝ Հանձնաժողովի 2020թ. որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ։

Փոփոխություններ են կատարվել ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի, ԵԱՏՄ և երրորդ երկրների, ինտեգրացիոն միավորումների, միջազգային կազմակերպությունների միջև ստորագրվող միջազգային պայմանագրերի, ԵԱՏՄ մարմինների որոշումների պաշտոնական հրապարակման կարգում և Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019թ. ապրիլի 30-ի որոշման մեջ։

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա հոկտեմբերին, Երևանում։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմով հանդիպումների արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

← Վերադառնալ