- 1670x1113px - 494 Կբ
- 1670x1113px - 373 Կբ
- 1670x1113px - 475 Կբ
- 1670x1113px - 349 Կբ
- 1670x1113px - 380 Կբ
- 1670x1113px - 505 Կբ
- 1670x1113px - 891 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 388 Կբ
- 1670x1113px - 598 Կբ
- 1670x1113px - 381 Կբ
- 1670x1113px - 512 Կբ
- 1670x1113px - 829 Կբ
- 1670x1113px - 959 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 439 Կբ
- 1670x1113px - 380 Կբ
- 1670x1113px - 382 Կբ
- 1670x1113px - 498 Կբ
- 1670x1113px - 426 Կբ
- 1670x1113px - 568 Կբ
- 1670x1113px - 943 Կբ
- 1670x1113px - 893 Կբ
- 1670x1113px - 786 Կբ
- 1670x1113px - 900 Կբ
- 1670x1113px - 732 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 2 Մբ
- 1670x1113px - 718 Կբ
- 1670x1113px - 658 Կբ
- 1670x1113px - 704 Կբ
- 1670x1113px - 666 Կբ
- 1670x1113px - 885 Կբ
- 1670x1113px - 623 Կբ
- 1670x1113px - 660 Կբ
- 1670x1113px - 798 Կբ
ևս 34 լուսանկար
Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը կարևորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, ինչը կնպաստի Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ։
Հայաստանի և Տաջիկստանի ղեկավարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստի օրակարգի, ՀԱՊԿ տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շուրջ։
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստին մասնակցել է հեռավար կարգով:
Օրակարգում ընդգրկված հարցերը ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են նախ նեղ կազմով նիստում, որում ունեցած իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ հավաքական պատասխանատվության գոտու պարագծով մենք արձանագրում ենք մարտահրավերների և սպառնալիքների նոր դրսևորումներ: Մեր տարածաշրջանն այսօր կանգնած է շատ կարևոր փոխակերպումների շեմին:
Քաղաքական կամքի և իմաստության դրսևորման պարագայում դրանք կարող են փոխել ներկայիս պատկերը և բերել տարածաշրջանում իրական խաղաղության պայմանների ձևավորմանը: Մեր կառավարությունն իր գործունեության ծրագրում նպատակ է դրել բացել երկրի և տարածաշրջանի խաղաղ զարգացման նոր դարաշրջան: Եվ մենք, հաղթելով այս տարվա հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ստացանք այս հիմնարար նպատակին հասնելու մանդատ:
Ի՞նչպես ենք մենք պատրեկացնում այդ նպատակին հասնելը. Երկխոսության ճանապարհով, թշնամության մթնոլորտի արստիճանապարաբար հաղթահարման ճանապարհով, ինչը ցավոք գոյություն ունի մեր տարածաշրջանում, տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման ճանապարհով: Այս համատեքստում շատ կարևոր է այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ամրագրվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:
Պետությունների հարգելի ղեկավարներ,
Ձեր ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել մի շատ կարևոր նրբերանգի վրա. տնտեսական և քաղաքական հարցերի լուծման համար խիստ կարևոր է մթնոլորտը, որում դրանք քննարկվում են: Ցավոք պետք է տեղեկացնեմ, որ Ադրբեջանը մինչ այժմ չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին, ձերբակալվածներին և պահվող այլ անձանց` չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի և չնայած մեր գործընկերների ջանքերին, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության և նախագահ Պուտինի ջանքերին: Այդ զուտ մարդասիրական հարցը պետք է լուծվի առանց հետաձգման և այդ հարցում ես ակնկալում եմ ձեր աջակցությունը»:
Այնուհետև ընդլայնված կազմով նիստում ՀԱՊԿ երկրների առաջնորդները ներկայացրել են ՀԱՊԿ առաջնահերթություններն ու ստորագրել ընդունված փաստաթղթերը: ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը, ՀԱՊԿ հետագա զարգացմանը, Աֆղանստանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:
Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին` ավանդական ջերմ ընդունելության և Տաջիկստանի կողմից ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում կատարված աշխատանքի համար:
«Հարգելի գործընկերներ,
ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվում է Հայաստանին, ինչի կապակցությամբ հայկական կողմը կցանկանար գործընկերներին առաջարկել կենտրոնանալ կազմակերպության դինամիկ զարգացմանն ու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ հետևողական աշխատանքի վրա:
Մեր կարծիքով, անհրաժեշտ է շարունակել աշխատանքն արտաքին քաղաքական համակարգման և փոխօգնության խորացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը շոշափող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համակարգված մոտեցումների մշակման համար: Այդ նպատակով մենք մեծ նշանակություն ենք տալիս բազմամակարդակ խորհրդակցությունների պարբերաբար անցկացմանը, այդ թվում` «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով, որի անդամ են արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների տեղակալները: Մեր կարծիքով, համատեղ հայտարարություններ ընդունելու պրակտիկան իրեն արդարացրել է, և այն պետք է շարունակվի:
Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը: Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով:
Հայաստանը մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ` ՀԱՊԿ ուժերի մարտունակության, մարտական պատրաստության, ներդաշնակության և շարժունակության մակարդակը բարձրացնելու նպատակով: Կասկած չկա, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել և զարգացնել, համալրել ժամանակակից և նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով, վերազինել ժամանակակից միջոցներով և կատարելագործել դրանց ղեկավարումը:
Մեր կազմակերպության համար մեծ նշանակություն կունենա ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, տեղեկատվական անվտանգության ապահովման, թմրամիջոցների դեմ պայքարի և անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների ու մեխանիզմների հետագա կատարելագործումը:
Մենք նաև առաջարկում ենք քայլեր ձեռնարկել միջազգային ասպարեզում ՀԱՊԿ հեղինակության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ շահագրգիռ այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնման միջոցով: Այս առումով կարևոր է առավելագույնս օգտագործել և զարգացնել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային փորձը:
Մեր կարծիքով, նման հարցեր լուծելիս մենք կարող ենք հույս դնել նաև մեր խորհրդարանականների աջակցության վրա:
Հայաստանի նախագահության ընթացքում մենք մտադիր ենք վերսկսել Երևանում անվտանգության հարցերով համաժողովներ անցկացնելու պրակտիկան, այդ թվում` հաշվի առնելով ՀԱՊԿ, ԵԱՀԿ և ՄԱԿ աշխատանքային մարմինների հետ արդեն ձևավորված երկխոսությունը: Մենք արդեն լսել ենք մեր ղազախ ընկերներից համահունչ դիրքորոշում և պատրաստ ենք սերտ համատեղ աշխատանքի:
Առաջարկում ենք շարունակել իրավանորմատիվային և կազմակերպչական փաստաթղթերի մշակումը, ինչը թույլ կտա ունենալ այսօրվա իրողություններին համապատասխան իրավապայմանագրային բազա:
Ակնկալում եմ ստանալ ձեր աջակցությունը երիտասարդ սերնդի հետ աշխատանքի հաստատման գործում` Հայաստանում ՀԱՊԿ անդամ երկրների ուսանողների համար անվտանգության հարցերով ամառային դպրոցներ անցկացնելու միջոցով:
Հարգելի գործընկերներ,
Մեր առաջնահերթություններն ավելի մանրամասն՝ կոնկրետ քայլերի և միջոցառումների ցանկով, կարտացոլվեն նախագահության առաջնահերթությունների և Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի որոշումների՝ ավանդաբար հաստատվող ծրագրում։
Հաջորդ տարի մենք միասին կնշենք Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը: Համաձայնեցվել է մանրամասն պլան, որը նախատեսում է համապատասխան միջոցառումների իրականացում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում:
Սպասում ենք Կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին Երևանում:
Եվ վերջում ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել մեր տաջիկ բարեկամներին ՀԱՊԿ նախագահության հաջող ավարտի կապակցությամբ:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Այսօրվա նիստի արդյունքներում ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Որոշում է կայացվել ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում` 2022 թվականի չորրորդ եռամսյակում: Որոշում է կայացվել նաև առաջիկայում Տաջիկստանում անցկացնել ՀԱՊԿ լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրվված կլինեն ՀԱՊԿ անդամ-պետությունների Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ:
* * *
Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական քայլեր կիրականացվեն:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունից Հայաստան է վերադարձել լավ տպավորություններով: «Մեր երկու կառավարությունների գործունեությունը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ դա շատ լավ նրբերանգ է, որը հնարավորություն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողությունները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում հատուկ ընդգծվել է տարածաշրջանային հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի` Իրանի համար ևս կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին, որին տեղում կամ հեռավար ձևաչափով մասնակցել են երկու կազմակերպությունների անդամ-պետությունների ղեկավարները: Նիստի ընթացքում քննարկվել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը:
Իր ելույթի սկզբում վարչապետ Փաշինյանը ողջունել է պետությունների և պատվիրակությունների ղեկավարներին և նշել. «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել բոլոր ներկաներին Շանհայի համագործակցության կազմակերպության 20- ամյակի կապակցությամբ:
Անցած տարիների ընթացքում ՇՀԿ-ն կայացավ որպես տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ոլորտում փոխգործակցության կարևոր հարթակ:
Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տաջիկստանի նախագահին՝ մեծարգո Էմոմալի Ռահմոնին, ջերմ ընդունելության և այսօրվա հանդիպման կազմակերպման համար:
Մեր հանդիպումը տեղի է ունենում ժամանակահատվածում, երբ Աֆղանստանում արմատական փոփոխությունները երկրում բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել: Նրանց բնույթը զգալի ազդեցություն ունի ոչ միայն երկրում և տարածաշրջանում զարգացումների, այլև ամբողջ աշխարհում իրավիճակի և իրադարձությունների հետագա զարգացման վրա:
Մենք ուշադիր հետևում ենք Աֆղանստանում և նրա շուրջ զարգացումներին:
Ռազմական գործողությունների ավարտի, պետական պաշտոնյաների համընդհանուր համաներման, ներառական կոալիցիոն կառավարություն ստեղծելու մտադրությունների, իսլամական իրավական համակարգում կանանց իրավունքների հարգման և երկրում թմրամիջոցների արտադրությունն արմատախիլ անելու ցանկության մասին նախնական փուլում արված հայտարարությունները լավատեսությամբ ընդունվեցին միջազգային հանրության կողմից: Նման միջոցառումների արագ և լիարժեք իրականացումը կնպաստեր երկրում խաղաղության, կարգուկանոնի և կայունության հաստատմանը:
Սակայն ստիպված ենք արձանագրել, որ այս փուլում այդ մտադրությունները դեռևս կոնկրետ արտացոլում չեն գտել թալիբների ձեռնարկած քայլերում:
Վստահ ենք, որ Աֆղանստանում իրավիճակի երկարաժամկետ կարգավորման երաշխիքն արդար քաղաքական գործընթացն է` բոլոր աֆղանցիների ներգրավմամբ և երկրում բոլոր էթնիկ և կրոնական համայնքների ներկայացվածությամբ:
Դրա համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և վերահաստատեն իրենց` տարաձայնությունները բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը:
Որպես ՀԱՊԿ անդամ երկիր, մենք ցանկանում էինք, որպեսզի ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծում՝ հավաքական անվտանգության բոլոր շրջաններում խաղաղությունն ու հանգստությունը տիրեր:
Հայաստանը խիստ շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ: Պատեհ պահին համարժեք արձագանքի բացակայության դեպքում դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա արմատականացմանը և ահաբեկչական ցանցերի՝ հարևան երկրներ և հատկապես հակամարտության գոտիներ ներթափանցմանը:
Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով: Հատկապես անընդունելի է առանձին երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը՝ որոշակի ռազմաքաղաքական նպատակների հասնելու համար:
Այս առումով ավելի սերտ երկխոսության և փոխգործակցության կոչ ենք անում, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների մակարդակով՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև մեր Կազմակերպության գործող մեխանիզմների շրջանակներում ահաբեկչության սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ արդյունավետ համատեղ գործողությունների իրականացման նպատակով:
Շնորհակալություն ուշադրության համար»։