Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն

24.02.2022 - 25.02.2022

ևս 40 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:

Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը:

Վարչապետը մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Փետրվարի 24-ին տեղի է ունենալու խորհրդի նեղ կազմով, իսկ փետրվարի 25-ին՝ ընդլայնված կազմով նիստը: 

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Այսօր տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Նիստում քննարկվել են Եվրասիական տարածքում տարբեր ոլորտներում ինտեգրացիոն մեխանիզմների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, դրանք վերաբերել են արդյունաբերության ոլորտին, մաքսային գործընթացներին, տեղեկատվական համակարգերին, էլեկտրոնային առևտրի կազմակերպմանը, տրանսպորտային հաղորդակցությանը և այլ թեմաների:

Փետրվարի 25-ին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ղազախստանի նախագահը ողջունել է ԵԱՏՄ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ Նուր-Սուլթանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի արդյունավետ:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ Ղազախստանի նախագահը ճիշտ է նկատել` այսօրվա նիստը, հանդիպումը համընկնում է աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հետ: «Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում, և այս համատեքստում, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը կարևոր ֆորմատ է, որպեսզի զարգացնենք մեր երկրների տնտեսությունները:

Իհարկե, ակնհայտ է, որ պատժամիջոցների գործողություններն ակնհայտ ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա, և այս առումով, մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն և եթե հնարավոր է, շրջանցել դրանք, իրականացնելով համապատասխան քայլեր:

Դուք ճիշտ ասացիք` 2021 թվականի արդյունքները Եվրասիական տնտեսական միության համար բավականին դրական են, որովհետև սկզբունքորեն նախորդ տարին արդեն ճգնաժամային էր, բայց առևտրատնտեսական կապերի ընդհանուր ծավալը ԵԱՏՄ-ի ներսում, առևտրաշրջանառությունն աճել է, ինչը բավականին դրական ազդակ է բոլորիս համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առկա է Եվրասիական տնտեսական տարածաշրջանի ընդլայնման ներուժ: «Կան դիտորդ պետություններ, որոնց հետ բավականին արդյունավետ համագործակցում ենք: Առկա է նաև որոշակի հետաքրքրություն այլ երկրների կողմից` սերտացնելու կապերը Եվրասիական տնտեսական միության հետ: Կարծում եմ` սա ընդհանուր առմամբ դրական գործընթաց է և հույս ունեմ, որ Եվրասիական տնտեսական միությանը, մեզ բոլորիս կհաջողվի իրականացնել այնպիսի քաղաքականություն, որպեսզի ընթացիկ իրավիճակներում ԵԱՏՄ-ն որպես տնտեսական հարթակ ամրապնդվի և շարունակի ազդակ հաղորդել մեր երկրների տնտեսությունների զարգացմանը»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

* * *

Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ողջունելով Վարչապետ Փաշինյանին` Ղազախստանի նախագահը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ, Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են կայուն կերպով: Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, շատ կարևոր տարեթիվ է: Բարձրագույն և բարձր մակարդակներում մեր միջև հաստատվել է բաց քաղաքական երկխոսություն, զարգանում են խորհրդարանական, մշակութային-հումանիտար կապերը: Գիտեք, որ մենք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ տածում ենք ամենաջերմ զգացմունքները, ես անձամբ Ձեզ և հայ ժողովրդին մեծ հարգանքով եմ վերաբերվում: Կարծում եմ` վատ չեմ տիրապետում Ձեր ժողովրդի պատմությանը, բարձր եմ գնահատում մշակույթի և մյուս ոլորտներում ձեռքբերումները:

Գործնականում մենք հանդիսանում ենք դաշնակիցներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Եվրասիական տնտեսական միությունում, դրա համար կարծում եմ, որ մեր երկրների միջև հենց այսպիսի փոխհարաբերություններն են համարվում ամենաօպտիմալը: Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»:

Իր հերթին, Վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելի, ուրախ եմ հանդիպել Ձեզ: Սա այս տարի դեմ առ դեմ մեր առաջին հանդիպումն է, սակայն մենք բազմիցս ենք խոսել հեռախոսով: Շատ ուրախ եմ, որ այն իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցան Ղազախստանում, բնականոն կյանքը լիարժեք վերականգնվել է: Արդեն Եվրասիական տնտեսական միությունում մենք քննարկում ենք մեր տնտեսական հետագա համագործակցությունը և Եվրասիական տնտեսական տարածքի հետագա զարգացումը:

Ցանկանում եմ ընդգծել, որ ուրախ եմ, որ վերջապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային մեխանիզմներն աշխատեցին: Գիտեք, որ դա եղել է Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնահերթությունը: Մենք միշտ կարծել ենք և կարծում ենք, որ ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմները պետք է նորմալ աշխատեն: Ցավոք Հայաստանը եղել է մի իրավիճակում, երբ մենք կարծում էինք, որ մեխանզիմը պետք է գործի, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Դրանից հետո մենք դարձանք ՀԱՊԿ-ում նախագահող երկիր և հայտարարեցինք, որ դա մեր առաջնահերթություններից մեկն է: Շատ ուրախ եմ, որ երբ անհրաժեշտ եղավ` այդ մեխանիզմը կարողացանք գործարկել: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ջերմ խոսքերի և հյուրընկալության համար»:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն գործընթացներին առնչվող մի շարք թեմաների:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետության` Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:

Իր ելույթում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,
Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր ղազախ գործընկերներին հյուրընկալության և այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Օգտվելով առիթից, հարգելի Ալիխան Ասխանի, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը զգալի ներդրում կունենա ինչպես Ղազախստանի զարգացման, այնպես էլ մեր ինտեգրացիոն միավորման խորացման գործում։

Անկեղծորեն ողջունում եմ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովին ու ևս մեկ անգամ հաստատում դիտորդ երկրների հետ համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման շրջանակներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության առանձին նախաձեռնությունների առումով։

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ գոհունակությամբ նշել 2021 թ.-ին մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ոլորտում արձանագրված դրական արդյունքներն ու միտումները։ Կարևոր է, որ համաճարակաբանական սահմանափակումների և համաշխարհային տնտեսական ցնցումների պայմաններում Միության շրջանակում աշխատանքը շարունակվի համակարգված կերպով։

Ավելին, 2020 թ.-ին այնպիսի արտաքին գործոններով, ինչպիսիք են համաշխարհային առևտրի և արդյունաբերական արտադրության աճի տեմպերի դանդաղումը, պայմանավորված փոխադարձ առևտրի նվազման ֆոնին Հայաստանի տնտեսությունն ապահովեց ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրի ծավալների զգալի աճ։ Առևտրաշրջանառությունը 2021 թ.-ին նախորդ տարվա համեմատ աճել է 20,6%-ով և կազմել 2,7 մլրդ ԱՄՆ դոլար։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 25,2%-ով։ Ընդ որում՝ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան դեպի երրորդ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը։ Աճի լավագույն ցուցանիշներն ապահովել են թարմ և վերամշակված գյուղատնտեսական արտադրանքը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, տեքստիլի և կոշիկի արդյունաբերության արտադրանքը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներում պահանջարկ ունեցող մի շարք այլ ճյուղերի արտադրանքները։

Արտահանման ծավալների աճին զուգընթաց աճել են նաև Միության երկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները։ Այսպիսով, ծագման երկրի հատկանիշով ներմուծումն աճել է 18,5%-ով։

Հուսով ենք, որ այս տարի համագործակցությունը կլինի ոչ պակաս արդյունավետ, այդ թվում՝ Միության ինտեգրման հիմնական ոլորտներում առաջընթացի և նոր նախաձեռնությունների իրականացման հաշվին։

Չափազանցություն չի լինի, եթե նշեմ, որ նման արդյունքները հնարավոր են դարձել նաև ազգային կառավարությունների և Միության մարմինների համակարգված ջանքերի շնորհիվ։ Մենք բոլորս վերաֆորմատավորել ենք մեր աշխատանքը՝ ի նպաստ ավելի գործնական գործողությունների և արագ որոշումներ կայացնելու՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների և բիզնեսի: Այս փուլում չափազանց կարևոր է պահպանել հավաքած տեմպը և շարունակել տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմների մշակումը։

Գործընկերներ,

Այսօր թվային տեխնոլոգիաների զարգացման մակարդակը որոշիչ դեր է խաղում երկրների և տնտեսական միությունների մրցունակության հարցում։ Հայաստանի Հանրապետությունը համարում է թվային տնտեսության անցումը որպես տնտեսական աճի առանցքային շարժիչ ուժ, ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է Միության թվային օրակարգի ձևավորմանն ու իրականացմանը։

Այս համատեքստում, կցանկանայի ընդգծել արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի նախագծի իրականացման կարևորությունը։ Միության երկրների միջև արդյունաբերական համագործակցությունը պետք է ուղղված լինի առաջնահերթ ոլորտներում համագործակցության խորացմանը և փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացմանը, ներմուծման փոխարինման զարգացմանը, նորարարությունների ներդրմանը և բարձր տեխնոլոգիական նոր ճյուղերի ստեղծմանը:

Նշեմ, որ Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ունի կարողություններ, որոնք հնարավորություն են տալիս արտադրել բարդ էլեկտրոնային արտադրանք, ինչը ևս մեկ կարևոր քայլ կարող է լինել մեր Միության շրջանակում միկրոէլեկտրոնիկայի ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման գործում։

Բացի այդ, կարևոր ենք համարում նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը։ Այս ուղղության զարգացումը թույլ կտա արդյունաբերողներին կենտրոնացնել իրենց ուժերը` ամենապահանջված ապրանքների սեփական արտադրության վրա։

Այս առումով, անհրաժեշտ է ընդլայնել Միության երկրներում արդյունաբերության պետական աջակցության գործիքները և դրանց առաջանցիկ մերձեցման հնարավոր ուղղությունները։

Բացահայտելով Միության թվային ներուժը՝ չեմ կարող չնշել «ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների հետագծի նավիգացիոն կնիքների կիրառման մասին» և «Ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրերի ստորագրումը։ Համաձայնագրերի դրույթների կիրառումը նպատակաուղղված է ապրանքների անդրսահմանային փոխադրումների համար հեռահար թվային ուղեկցման տրամադրմանը և սահմանին դրանց մաքսազերծման ընթացակարգի պարզեցմանը և, ի վերջո, ուղղված է փոխադրումների թափանցիկության բարձրացմանը, ինչը նույնպես դրական ազդեցություն կունենա ընդհանրապես տրանսպորտային ծառայությունների ոլորտի զարգացման վրա։ Տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացիան կխթանի Միության ներսում առևտրի աճը և ապրանքների արտահանումն արտաքին շուկաներ, ինչպես նաև տարանցիկ տրանսպորտային միջանցքների զարգացումը։

Պակաս կարևոր ոլորտ չէ նաև էլեկտրոնային առևտրի զարգացումը, որը ոչ միայն արագ թափ է հավաքում, փոխելով համաշխարհային շուկայի սպառողական վարքագիծը, այլ նաև ընդլայնում է նրա անդրսահմանային հնարավորությունները։ Միաժամանակ անհրաժեշտ է արագացնել Միության շրջանակում գործող էլեկտրոնային առևտրի հարկման մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ աշխատանքը՝ հարկային վարչարարության լավագույն համաշխարհային փորձին համապատասխան։

Վերջում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թ-ին Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունն անցել է Ղրղզստանի Հանրապետությանը, ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր գործընկերներին և հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ համագործակցելու նախագահող երկրի և անդամ պետությունների հետ՝ ի նպաստ եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը։

Վստահ եմ, մեր համատեղ ջանքերը հաջողությամբ կպսակվեն ինչպես Միության ներսում, այնպես էլ ազգային մակարդակում՝ ի շահ մեր քաղաքացիների։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում առանձին նախաձեռնություններին Ուզբեկստանի մասնակցությանը, ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական իրավիճակին և տնտեսությունների զարգացմանն ուղղված առաջարկություններին, Միության շրջանակում ապրանքների հետագծելիությանը, արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Որոշում է կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Բելառուսում` այս տարվա հունիսին:

Վարչապետի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն ավարտվել է:

← Վերադառնալ