Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն

25.08.2022 - 26.08.2022

ևս 40 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն:

Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ 

***

Աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցող կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Պատվիրակությունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և նրանց ուղեկցել հանդիպման սրահ:

Ղրղզստանի նախագահը ողջունել է կառավարությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ Չոլպոն-Ատայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի արդյունավետ` ի նպաստ հետագա համագործակցության զարգացման:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի նախագահին ջերմ ընդունելության համար և նշել. «Սպասվում է կարևոր նիստ, ունենք մեծ և հագեցած օրակարգ` կարևոր հարցերի շուրջ: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հանգել կոնկրետ որոշումների և հնարավորինս քիչ աշխատանք թողնել Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին:

Կարող եմ նշել, որ Եվրասիական տնտեսական տարածքում բացասական կանխատեսումներն իրականություն չդարձան, հակառակը` հաստատվեց իրավիճակի մեր ընկալումը, քանի որ մենք հստակ ֆիքսել էինք, որ պանդեմիայից հետո ստեղծված իրավիճակը, իհարկե, իր հետ բերում է նոր մարտահրավերներ, սակայն նաև ստեղծում է նոր հնարավորություններ:

Ուրախ եմ, որ մենք կենտրոնացել ենք այդ օրակարգի վրա, որի նպատակն է` կառավարել մարտահրավերները և օգտագործել այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են: Երբ նայում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրաշրջանառության թվերին` տեսնում ենք, որ կան աճի մեծ ցուցանիշներ` համեմատ 2021 թվականի հետ: Իհարկե, սա պետք է արձանագրել, բայց չպետք է հանգստանալ, քանի որ դժվար ժամանակները, ցավոք, չեն ավարտվել: Անհրաժեշտ է կենտրոնանալ` փորձելով պահպանել ԵԱՏՄ երկրների միջև առկա առևտրաշրջանառության տեմպը: Վստահ եմ, որ արդյունավետ կաշխատենք և ընդունվելիք որոշումներն օգտակար կլինեն մեր քաղաքացիներին, երկրներին և Միությանը»:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին, թվային օրակարգի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին:

                                                             ***

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

Միխայիլ Միշուստինը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել. «Վերջերս Դուք միմյանց հետ քննարկել եք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների օրակարգային հարցերը: Մենք Ձեզ հետ ևս վերջերս հանդիպել ենք Մինսկում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում:

Իհարկե, անհրաժեշտ է շարունակել երկխոսությունն արդիական թեմաների` ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հարաբերությունների շուրջ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ բարձր ենք գնահատում մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների պատմական և հոգևոր խորը կապերի վրա: Հաջորդ շաբաթ` օգոստոսի 29-ին, մենք կնշենք նշանակալի տարեդարձ` Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ինչը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հիմքերն է դրել:

Հայ գործընկերների հետ համատեղ մենք ընդունում ենք օպերատիվ որոշումներ, որոնք ուղղված են մեր առևտրատնտեսական համագործակցության պաշտպանությանը, այդ թվում` ՌԴ-ի դեմ անօրինական պատժամիջոցների պայմաններում: Մենք ունենք կոնկրետ արդյունքներ. ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: Բացարձակ թվերով` այն հասել է 1 մլրդ 600 մլն դոլարի: Սա, ի դեպ, ռեկորդային ցուցանիշ է մեր փոխադարձ առևտրաշրջանառության մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական կապիտալի ներդրմանը` այն հասնում է 2 մլրդ դոլարի:

Իհարկե, մենք ցանկանում ենք արագացնել աշխատանքն առաջնահերթություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ` և՛ տրանսպորտի, և՛ արդյունաբերության, և՛ էներգետիկայի ոլորտներում: Կարևոր է հարմարավետ պայմաններ ստեղծել բիզնեսի գործունեության համար` փոքր և միջին բիզնեսի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով: Ի դեպ, դա Հայաստանը ռուսական ընկերությունների պարագայում անում է շատ արդյունավետ, հույս ունեմ նաև, որ Ռուսաստանն է հայկական ընկերությունների համար նույնն անում: Այս առումով, լավ հարթակ կդառնա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջոցառումը` ռուսական ընկերությունների մասնակցությամբ: Պատվիրակությունը կգլխավորի ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը:

Մենք նաև մեծ աշխատանք ենք տանում երկկողմ առևտրում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման ուղղությամբ: Վստահ եմ` դա կնպաստի մեր առևտրաշրջանառության աճին, ինչպես նաև վերջինիս կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, ինչը շատ կարևոր է: Առաջնային ուշադրություն ենք ցուցաբերում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության:

Այսօրվա մեր հանդիպումն անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում: Միության շրջանակում մենք հաջողությամբ հաղթահարում ենք համաշխարհային տնտեսական անկայունության հետևանքները: Դուք ևս այդ մասին այսօր նշեցիք: Վստահ եմ, որ համատեղ կկարողանանք առաջին հերթին ապահովել ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունությունը և, որ ամենակարևորն է` բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակը:

Շնորհակալություն»:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալություն հարգելի Միխայիլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման կապակցությամբ: Այս հանդիպումները մեզ համար կարևոր են այն իրավիճակների կառավարման համատեքստում, որոնք, ցավոք, հաճախ են առաջանում:

Սակայն կան նաև լավ լուրեր. թվերը, որոնց մասին Դուք խոսեցիք` մեր աշխատանքի շատ կոնկրետ արդյունքն է: Հիշում եմ` ապրիլին ՌԴ կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում, երբ հանդիպեցինք և քննարկեցինք, թե ինչ պետք է միասին անենք, որպեսզի այն մարտահրավերները, որոնք առաջացել են մեր տնտեսությունների առաջ, ինչ-որ կերպ կառավարել: Շատ ուրախ եմ, որ այսօր, այս խոսակցությունն արդեն ցույց է տալիս կոնկրետ արդյունքներ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության համար: Դուք ընդգծեցիք, թե որքան է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, դա ես համարում եմ մեր խոսակցությունների, մեր համատեղ ջանքերի կոնկրետ արդյունք:

Ես վերջերս զանգահարեցի Ձեզ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այն օպերատիվ լուծումների համար, որոնք ընդունվել են, մասնավորապես, Վերին Լարսի անցակետում ճգնաժամային իրավիճակների համատեքստում: Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Վրաստանի գործընկերների հետ շատ օպերատիվ լուծումներ գտան, որոնց արդյունքում կարողացանք հաղթահարել այդ իրավիճակը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է, դա արդյունավետ երկխոսություն է: Երկու օր առաջ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ հեռախոսազրույցում ևս ընդգծեցինք Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25-ամյա հոբելյանի կարևորությունը: Ընդհանրապես, այս տարին մեզ համար հոբելյանական է: Ապրիլին մենք նշեցինք Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Այս օրերին նոր հոբելյան ևս ունենք, և վստահ եմ, որ այս հոբելյաններն արտացոլում են մեր հարաբերությունների մթնոլորտը: Համոզված եմ, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` միասին կհաղթահարենք իրավիճակները, որոնք խնդիրներ են ստեղծում մեր տնտեսությունների, համագործակցության համար: Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հնարավորություն ունենք քննարկել մեր երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա մենք նեղ կազմով շատ մանրամասն ամեն ինչ քննարկեցինք, և կարծում եմ` եկանք կառուցողական լուծումների»:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

Մինչ նիստի մեկնարկը` ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմավորման 10-ամյակին նվիրված նամականիշերի թողարկման արարողությանը:

Վարչապետ Փաշինյանը ընդլայնված կազմով նիստին հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,
նիստի հարգելի մասնակիցներ,

նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ղրղզստանցի գործընկերներին և անձամբ Ակիլբեկ Ժապարովին ավանդական ջերմ հյուրընկալության և այսօրվա միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Անկեղծորեն ողջունում եմ Եվրասիական տնտեսական միության անդամ և դիտորդ երկրների կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև այսօրվա հանդիպման մասնակիցներին և հյուրերին։

Անկասկած, միջկառավարական խորհրդի նիստը լավ հնարավորություն է մի շարք առանցքային հարցերի շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու և համաշխարհային տնտեսության՝ վերջին ամիսներին աննախադեպ մասշտաբներ և խորություն ստացած մարտահրավերները նվազագույնի հասցնելու նպատակով փոխընդունելի լուծումներ մշակելու համար:

Չնայած համաշխարհային տնտեսական փոխակերպումներին և ֆինանսական համակարգերի զգալի ցնցումներին, եվրասիական ինտեգրացիայի առավելությունների շնորհիվ առևտրատնտեսական հարաբերություններում որոշակի դրական միտում է նկատվում:

Այս համատեքստում նշեմ, որ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ։ Այդ ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52,5 տոկոսով և կազմել 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտահանումն աճել է 48,9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 54,2 տոկոսով։

Նշեմ, որ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը երրորդ երկրներ։ Վստահ եմ, որ հետագա համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի, այդ թվում՝ նոր նախաձեռնությունների իրականացման շնորհիվ:

Եվս մեկ հարց կա, որի վրա կցանկանայի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրել։ Վերջին ամիսներին Միության արտաքին առևտրի կառուցվածքի փոփոխությունների պատճառով մաքսատուրքերի բաշխման հարցում զգալի շեղումներ են եղել։ Ելնելով դրանից՝ անհրաժեշտ ենք համարում առաջիկայում վերադառնալ բաժնեմասերի բաշխման միասնական մեթոդաբանության հաստատման հարցի քննարկմանը։

Հարգելի գործընկերներ,

որպես երեկ՝ նեղ կազմով հանդիպմանը սկսված օրակարգային առանցքային հարցերի քննարկման շարունակություն, կցանկանայի կանգ առնել մեր Միության համար արդիական որոշ ասպեկտների վրա։

Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միության ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար։

Ապրանքների և ծառայությունների ամբողջական միասնական շուկայի հասնելու տեսանկյունից կարևոր ենք համարում տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում ինտեգրացիան։ Ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը կարող է ԵԱՏՄ-ի զարգացման հիմնական շարժիչներից մեկը և միավորման համար մրցակցային առավելություն դառնալ՝ ստեղծելով տարանցիկ փոխադրումների բարենպաստ կազմակերպչական և տնտեսական պայմաններ։

ԵԱՏՄ-ի տրանսպորտային-լոգիստիկ համալիրի կառուցման համար անհրաժեշտ է համաժամանակացնել տնտեսական քաղաքականությունն ազգային և վերազգային մակարդակներում և ապահովել ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի նախագծման ու շահագործման մոտեցումների ընդհանրությունը:

Այս համատեքստում, ցանկանում եմ առանձնահատուկ նշել Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ ակտիվ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ կոոպերացիոն էֆեկտով ինտեգրացիոն նախագծերի խթանման հարցում։ Նոր կոոպերատիվ շղթաների ստեղծումն ու ֆինանսական ինստիտուտների գործիքակազմի օգտագործումն արդյունավետ խթան կծառայեն արդյունաբերական կոոպերացիայի զարգացման համար։

Առաջադրված խնդիրների լուծման ոչ պակաս կարևոր գործոն է թվայնացման առավելությունների օգտագործումը, որն իր հերթին ամուր հիմք է ստեղծում անդամ երկրների՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում արդյունավետ ինտեգրման և փոխգործակցության համար։ Համաշխարհային փորձը հստակ ցույց է տվել, թե որքան նշանակալի կարող է լինել դրա ներդրման տնտեսական ազդեցությունը։

Տնտեսության և առևտրի ոլորտում թվային տեխնոլոգիաների առաջխաղացումը կխթանի առկա խոչընդոտների նվազագույնի հասցնելը և նույնիսկ ամբողջական վերացումը, ինչն իր հերթին կբարձրացնի տնտեսական կապերի արդյունավետությունը և կկրճատի ծախսերը առևտրում և կոոպերացիոն շղթաներում։

Մեկ այլ կարևոր ոլորտ եմ համարում էլեկտրոնային առևտրի զարգացումը։ ԵԱՏՄ երկրների համար էլեկտրոնային առևտրի ոլորտում պետական կարգավորումն ու վերահսկողությունը գնալով ավելի արդիական են դառնում՝ թելադրելով հարկային վարչարարության լավագույն միջազգային փորձին համապատասխան հարկային մեխանիզմների ապահովմամբ հուսալի վերահսկողության համակարգի կառուցման անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ անհրաժեշտ է համատեղ ջանքերով օպերատիվ շարժվել էլեկտրոնային առևտրի նորմատիվ-իրավական միջավայրի բարելավման ուղղությամբ։

Ակնհայտ է, որ տնտեսական աճի բարձրացմանն ուղղված միջոցառումները կապված են կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ոլորտների մի շարք խնդիրների լուծման հետ, և այս կապակցությամբ առաջնային է դառնում ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական բաղադրիչը սոցիալական և հումանիտար նախագծերով ամրապնդելու անհրաժեշտությունը։

Այս տեսանկյունից մենք ողջունում ենք ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումի անցկացումը։ Հուսով ենք, որ երիտասարդների հետ աշխատանքը հաստատապես կմտնի մեր կազմակերպության օրակարգ, իսկ ֆորումը կդառնա երիտասարդ մասնագետներին ինտեգրացիոն գործընթացների զարգացման ներկա փուլում որոշումների կայացման գործընթացներում ներգրավելու արդիական ձևաչափ: Համոզված եմ, որ ֆորումի այսօրվա մասնակիցներից դուրս կգան նոր առաջնորդներ, որոնք կձևավորեն մեր երկրների պետական քաղաքականությունը։

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,

վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար։ Հայկական կողմը ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու մեր ընդհանուր օրակարգի առաջմղման գործում՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու նպատակով։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են Միության շրջանակում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը, տրանսպորտային ինտեգրացիոն նախագծերի զարգացմանը, ալկոհոլային շուկայի կարգավորումներին և էլեկտրոնային առևտրի հարկային վարչարարության առանձին ասպեկտներին վերաբերող հարցեր:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել Եվրասիական միջկառավարակն խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին` Երևանում:

 

← Վերադառնալ